ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2026 թվականի N 640-Լ
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
08.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 8-ի N 640-Լ որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է հանրապետության մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին։
2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2․ Միջոցառումը նախատեսված է իրականացնել 2026 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
3. Միջոցառման մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետների աշխատակազմեր).
3) Հայաստանի Հանրապետության համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ համայնք կամ բնակավայր).
4) կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները (այսուհետ՝ շահառու)։
4. Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
1) միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ «ԱՆԻ ՊԱՍ») և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում.
2) սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 20 գլուխը ներառյալ (առավելագույնը 18 գլուխ) կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։
5. Միջոցառման համաձայն, շահառու են համարվում սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները բավարարող՝ Հայաստանի Հանրապետության մարզերում կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը։
6. Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որը սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։
7. Դիմումին կից շահառուն ներկայացնում է նաև՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումներում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ.
3) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմիններին փոխանցելու մասին։
8. Բնակավայրի վարչական ղեկավարը դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք փոխանցում է համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը բնակավայրի վարչական ղեկավարից ստացված, ինչպես նաև իրեն ներկայացված դիմումները 20 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով փոխանցում է համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով), յուրաքանչյուր շահառուի կողմից ներկայացված կովերի գլխաքանակի տվյալները համադրում է նախ՝ համայնքների (բնակավայրերի) տնտեսությունների գրքերի, ապա ականջապիտակի գույքային համարները՝ «ԱՆԻ ՊԱՍ»-ի տվյալների հետ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև կազմակերպության՝ տվյալ տարածաշրջանի համաճարակաբանը։
9. Կովերի գլխաքանակի անհամապատասխանության դեպքում հանձնաժողովի կողմից համապատասխան փոփոխություններ են կատարվում «ԱՆի ՊԱՍ»-ում, և ելակետային են համարվում համակարգում առկա կենդանիների ճշգրտված տվյալները։ Սույն ծրագրի շրջանակում կովերի շարքին են դասվում «ԱՆԻ ՊԱՍ»-ում ներառված՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված էգ կենդանիները։
10. Տվյալների համադրման արդյունքում հանձնաժողովը կազմում է հաշվետվություն, որտեղ նշվում են յուրաքանչյուր շահառուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, բնակության վայրը և հասցեն, «ԱՆԻ ՊԱՍ»-ում գրանցված և սուբսիդավորման ենթակա կովերի գլխաքանակը, կովերի ականջապիտակների գույքային համարները և սուբսիդավորման ընդհանուր գումարը։ Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված ամփոփ հաշվետվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ներկայացնում է մարզպետի աշխատակազմ։
11. Մարզպետի աշխատակազմը, յուրաքանչյուր համայնքի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ՝ «ԱՆԻ ՊԱՍ»-ի հետ համադրելով համայնքի շահառուների առնվազն 10%-ի տվյալները։ Անճշտությունների առկայության դեպքում հաշվետվությունը վերադարձվում է համայնք՝ նշելով անճշտությունները, և 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում են համապատասխան ճշգրտումներ, որից հետո ամփոփ հաշվետվությունը ներկայացվում է նախարարություն։
12. Նախարարությունը մարզպետի աշխատակազմից ամփոփ հաշվետվությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է կազմակերպությանը՝ «ԱՆԻ ՊԱՍ»-ի տվյալների հիման վրա կովերի գլխաքանակի վերաբերյալ տեղեկության ստուգման համար։
13. Կազմակերպությունը նախարարությունից ստացված ամփոփ հաշվետվության հիման վրա 4 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է տվյալների համադրում «ԱՆԻ ՊԱՍ»-ում առկա տվյալների հետ և նախարարություն է ներկայացնում եզրակացություն։
14. Տվյալների համապատասխանության դեպքում կազմակերպությունը ներկայացնում է դրական եզրակացություն, իսկ անհամապատասխանության դեպքում՝ բացասական եզրակացություն՝ նշելով անհամապատասխանությունները։
15. Կազմակերպության կողմից ներկայացված դրական եզրակացության դեպքում նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմին տրամադրում է դրական եզրակացություն։
16. Կազմակերպության կողմից ներկայացված բացասական եզրակացության դեպքում նախարարությունը ճշգրտման նպատակով ամփոփ հաշվետվությունը վերադարձնում է մարզպետի աշխատակազմ, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ճշգրտում է և վերադարձնում նախարարություն։
17. Միջոցառման 16-րդ կետով սահմանված՝ ճշգրտված հաշվետվությունը նախարարությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է կազմակերպությանը, իսկ վերջինս 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դրական կամ բացասական եզրակացություն, որի հիման վրա նախարարությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված տեղեկատվության վերաբերյալ դրական եզրակացությունը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ։
18. Մարզպետի աշխատակազմը, սույն միջոցառման շրջանակում նախատեսված և փոխանցման ենթակա ֆինանսական միջոցները, 10 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի կամ բնակավայրի միջոցով, փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա։
19. Փոխհատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց։
20. Ֆինանսական միջոցների փոխանցումից հետո մարզպետի աշխատակազմը 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։
21. Շահառուները, սուբսիդավորում ստանալու նպատակով, դիմումները ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ, իսկ մարզպետի աշխատակազմից համայնքի ամփոփ հաշվետվությունը նախարարություն է ներկայացվում մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։
22. Միջոցառման շրջանակներում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները մարզպետների աշխատակազմերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը վերադարձնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով նախարարությանը։
23. Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 1 մլրդ 350 մլն դրամ՝ համաձայն աղյուսակի։
Աղյուսակ
Միջոցառման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝
ըստ մարզերի
|
Մարզը |
Միջոցառման շրջանակում սուբսիդավորման ենթակա կովերի գլխաքանակը, հազար գլուխ |
Սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը, հազար դրամ |
|
Արագածոտն |
10,9 |
163 500․0 |
|
Արարատ |
5,4 |
81 000․0 |
|
Արմավիր |
6,7 |
100 500․0 |
|
Գեղարքունիք |
14,5 |
217 500․0 |
|
Լոռի |
15,8 |
237 000․0 |
|
Կոտայք |
7,2 |
108 000․0 |
|
Շիրակ |
13,9 |
208 500․0 |
|
Սյունիք |
6,8 |
102 000․0 |
|
Վայոց ձոր |
2,4 |
36 000․0 |
|
Տավուշ |
6,4 |
96 000․0 |
|
Ընդամենը |
90 000 |
1 350 000․0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
08.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |