ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԱԼԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001374 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչական գործ`
թիվ ՎԴ 6/0106/05/11
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
29 նոյեմբերի 2013 թ. | ք. Վանաձոր |
ՀՀ վարչական դատարանը, հետևյալ կազմով՝ նախագահությամբ դատավոր՝ քարտուղարությամբ` |
|
|
2013թ. նոյեմբերի 14-ին, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի` ՀՀ առողջապահության նախարարության /հասցեն` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3/, ընդդեմ` «ԱՐԱԼԻԱ» ՍՊԸ-ի /հասցեն` ք. Ալավերդի, Կախոյան 5, վկայական` 01 Ա 025774, ՀՎՀՀ` 06600423/` «Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիան դադարեցնելու պահանջի մասին».
ՊԱՐԶԵՑ`
1. Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ առողջապահության նախարարությունը /այսուհետ նաև` Նախարարություն/ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ընդդեմ` «ԱՐԱԼԻԱ» ՍՊԸ-ի /այսուհետ նաև` Ընկերություն/, խնդրելով դադարեցնել Ընկերությանը` 13.08.2010թ. տրված դեղատնային գործունեության` թիվ Կ-XX-001374 լիցենզիայի /այսուհետ նաև` Լիցենզիա/ գործողությունը` Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով:
ՀՀ վարչական դատարանի` 02.05.2011թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ գլխի կարգով, գործը նախապատրաստվել է դատաքննության:
Ընկերությունը հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան է ներկայացրել:
2. Հայցվորի դիրքորոշումը.
Նախարարությունը ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել է, որ Ընկերությունը դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար` 15.07.2010թ. Նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ և 13.08.2010թ. ստացել է Լիցենզիան:
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից Նախարարությանը ներկայացված տվյալների համաձայն, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից 2010թ. նոյեմբերին Նախարարությունում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում ստուգվել են նախկինում լիցենզավորման համար ներկայացված հայտեր, այդ թվում` Ընկերության կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, որի արդյունքում հայտնաբերվել են որոշակի անհամապատասխանություններ: Արդյունքում որոշակի կասկածներ են առաջացել կապված հայտատուի կողմից ներկայացված տվյալների իսկության հետ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար»:
Ղեկավարվելով նշված դրույթով, ինչպես նաև նույն օրենքի 15-րդ հոդվածով, Նախարարությունը հարցում է կատարել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանում` ներկայացված սեփականության իրավունքի գրանցման վկայականի իսկությունը պարզելու նպատակով:
Հարցմանն ի պատասխան Նախարարությունը` 28.03.2011 թ-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման կողմից ստացել է` N ԴԹ-0498 գրությունը /կից ներկայացվել է նաև հատակագծի իսկական օրինակը/, որում նշվել է, որ հայտատուի կողմից անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում կատարվել են շենքի տարածքների ընդհանուր մակերեսների չափերի վերաբերյալ լրացումներ: Նշված գրությունից հնարավոր չի եղել պարզել՝ արդյոք Ընկերության կողմից դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար կեղծ և խեղաթյուրված տվյալներ ներկայացվել են, թե ոչ: Միաժամանակ, նշված գրությանը կից ներկայացված հատակագծի ուսումնասիրության արդյունքում որոշակի կասկածներ էին առաջացել, որ ոչ միայն շենքի տարածքների ընդհանուր մակերեսների չափերի վերաբերյալ տվյալների լրացումներ են կատարվել, այլև կան նաև շենքի ներքին չափերի ուղղումներ, ինչը պարզելու նպատակով Նախարարության կողմից կատարված լրացուցիչ հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման կողմից ի լրումն նախորդ գրության` 07.04.2011 թ-ին ստացել է` N ԴԹ-0588 գրությունը, որում նշվում է. «... որ «Արալիա» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզ, գ. Շնող, 3-րդ փող. 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» վկայականում բացի մակերեսների լրացումներից, կատարվել են նաև ներքին չափերի ուղղումներ և արտաքին չափերի գրառումներ» և կրկին ներկայացվել է նաև սեփականության վկայականի իսկական օրինակի լուսապատճենը:
Արդյունքում պարզվել է, որ Ընկերության կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում կադաստրային գործում առկա տվյալներին:
Փաստորեն, Ընկերությունը հայտ ներկայացնելիս չի պահպանել ՀՀ կառավարության` 29.06.2002թ. «ՀՀ-ում դեղերի արտադրության դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով» սահմանված լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները: Մասնավորապես, դեղատնային կրպակի սանհանգույցի տարածքը նշել է` 2,01 քմ, սակայն համաձայն արխիվային գործում առկա տարբերակի, նշված տարածքի մակերեսը համաձայն ներքին մակերեսների չափերի գումարի, կազմում է` 1,69 քմ: Մինչդեռ, նվազագույն չափերով սանհանգույցի առկայության պահանջը լիցենզիա ստանալու համար հանդիսանում է պարտադիր պայման, և դրա չպահպանման դեպքում լիցենզիայի տրամադրումը մերժվում է, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին»:
Այսպիսով, Ընկերությունը չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները և պայմանները և լիցենզիա ստանալու համար` 15.07.2010թ. ներկայացրած լիցենզիա ստանալու մասին հայտում /կից փաստաթղթերում/ ներկայացրել է ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ և արդյունքում` 13.08.2010թ. ստացել է Լիցենզիան:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն. «Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում»:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի հիման վրա»: Իսկ համաձայն ՀՀ կառավարության` 24.09.2001թ. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշման 1-ին կետի «գ» ենթակետի` դեղատնային գործունեության լիցենզավորող մարմին է հանդիսանում Նախարարությունը:
Նախարարությունը ՀՀ վարչական դատարանին խնդրել է` հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 5-րդ մասը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներով, դադարեցնել Ընկերությանը` 13.08.2010թ. տրված Լիցենզիայի գործողությունը` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով:
Նախարարությունը պատշաճ ծանուցվել է` 14.11.2013թ. դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Դատարանը ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, դատական նիստը շարունակել է Նախարարության ներկայացուցչի բացակայությամբ:
3. Պատասխանողի դիրքորոշումը.
Ընկերությունը գրավոր պատասխան է ներկայացրել հայցադիմումի վերաբերյալ դատարանին հայտնելով, որ որպես ներկայացված հայցապահանջի հիմնավորում, հայցվորը փաստարկում է այն, որ Ընկերությունը հայտ ներկայացնելիս իբր չի պահպանել ՀՀ կառավարության` 29.06.2002թ. թիվ 867 որոշմամբ հաստատված` «ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով» սահմանված լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները, մասնավորապես, դեղատնային կրպակի սանհանգույցի տարածքը նշել է` 2,01 քմ, սակայն արխիվային գործում սանհանգույցի ներքին մակերեսի չափը կազմում է 1,69 քմ:
Վերոնշյալ պատճառաբանությամբ էլ հայցվորը ցանկանում է դատական կարգով դադարեցնել Ընկերությանը տրամադրված Լիցենզիայի գործունեությունը:
Գտնում են, որ ներկայացված հայցապահանջն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով:
1. Իրապես շինարարների կողմից սանհանգույցը կառուցվել է թույլատրելի նորմերից` 0,30 քմ պակաս, այն է` 1,63 քմ և այդ չափով էլ չափագրվել և կադաստրի ստորաբաժանման կողմից տրվել է պետական գրանցում:
Լիցենզիա ստանալու համար պահանջվող այլ փաստաթղթերի հետ մեկտեղ, իրենք Նախարարություն են ներկայացրել նաև կադաստրի ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականը /դրա լուսապատճենները/, որում սանհանգույցի չափերը նշված են իրականությանը համապատասխան, այն է` 1,69 քմ և ուսումնասիրության արդյունքում Ընկերությանը տրամադրվել է վիճարկվող Լիցենզիան, որի հիման վրա էլ Ընկերությունը ծավալել է գործունեություն: Հետագայում իրենք նույնպես տեղեկացել են, որ Նախարարությանը հանձնված կադաստրի վկայականի պատճենի մեջ սանհանգույցի չափերում ինչ-որ փոփոխություններ /ավելացումներ/ են կատարվել, իսկ թե դրանք, երբ, ինչպես կամ ում կողմից են կատարվել, իրենք նույնպես տեղյակ չեն: Այնինչ, հայցվորը հայցադիմումում, գալով եզրահանգման, նշում է` «Այսպիսով «Արալիա» ՍՊԸ-ն լիցենզիա ստանալու համար 2010թ. հուլիսի 15-ին լիցենզիա ստանալու հայտում /կից փաստաթղթերում/ ներկայացրել է ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ և արդյունքում 13.08.2010թ. ստացել դեղատնային գործունեության թիվ կ-XX-001374 լիցենզիան:»:
Որքանով որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը /պաշտոնատար անձը/, որն ընդունել է վիճարկվող վարչական ակտը, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը», ուստի հայցվորն ինքն է պարտավոր ապացուցելու, որ իր մոտ վարվող և պահպանվող փաստաթղթերում սանհանգույցի չափերի հետ կապված տվյալներում փոփոխությունները կատարվել են Ընկերության /կամ նրա ներկայացուցչի/ կողմից:
2. Տեղեկացվելուց հետո, այսինքն այն, որ սանհանգույցի ներքին չափերը թույլատրելի նորմայից պակաս է կառուցվել` 0,30 քմ-ով, իրենց կողմից վերակառուցման միջոցով, շտկվել է խախտումը, սանհանգույցի չափերը համապատասխանացվել են թույլատրելի նորմաներին, որի հիման վրա էլ կադաստրի ստորաբաժանումում կատարվել են համապատասխան նոր գրանցումներ:
Այնպես որ, եթե նույնիսկ ընդունենք, որ սանհանգույցի չափերը միտումնավոր փոքր /զավեշտական 30 սմ քառակուսի/ է կառուցվել, ապա այժմ շտկված է իրավիճակը և սանհանգույցը լիովին բավարարում է իր նպատակային և գործառնական նշանակության օգտագործման պայմաններին:
3. Ի վերջո, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, լիցենզիայի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե ներկայացված փաստաթղթերում լիցենզիա ստանալու համար էական նշանակության ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ են հայտնաբերվում:
Եվ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ սանհանգույցի չափերում «խեղաթյուրված» տեղեկությունները մտցվել /կատարվել/ են Ընկերության որևէ ներկայացուցչի կամ մասնակցի կողմից, ապա միևնույն է, այդ 30 սմ քառակուսին այն էականը չէ, ինչի մասին նշել է օրենսդիրը վերոնշյալ դրույթում:
Ընկերությունը ՀՀ վարչական դատարանին խնդրել է` հայցը մերժել:
Ընկերությունը պատշաճ ծանուցվել է` 14.11.2013թ. դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Դատարանը ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, դատական նիստը շարունակել է Ընկերության ներկայացուցչի բացակայությամբ:
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը:
4.1 Ընկերությունը 15.07.2010թ. հայտ է ներկայացրել Նախարարություն` դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար:
Հայտին կից ներկայացրել է տեղեկանք` դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին, որի 3-րդ տողում նշված է սանհանգույց` 2,01 քմ:
Հայտին կից ներկայացվել է` ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի 3-րդ փողոցի 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ` 31.05.2010թ. կատարված Ընկերության սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2261694 վկայականի լուսապատճենը, որի «Շենքի հատակագիծը» էջում, շենքի հատակագծում առկա է գրառում` շենքում` 2,01 քմ մակերեսով հատվածի առկայության մասին:
4.2 Նախարարության կողմից 13.08.2010թ. Ընկերությանը տրվել է «Դեղատնային գործունեության»` թիվ Կ-XX-001374 լիցենզիան:
4.3 ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման` 17.03.2011թ. գրությանը կից Նախարարությանը տրամադրված` ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի 3-րդ փողոցի 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ` 31.05.2010թ. կատարված Ընկերության սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2261694 վկայականի լուսապատճենում, «Շենքի հատակագիծը» էջում, շենքի հատակագծում առկա է գրառում` շենքում` 1,3X1,3 չափերով հատվածի առկայության մասին, իսկ այդ հատվածի` 2,01 քմ մակերեսի վերաբերյալ նշում առկա չէ:
5. Դատարանի պատճառաբանությունները.
Դատարանը գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, եկավ այն եզրահանգման, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:
Նույն հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում:
Սույն վարչական գործի ապացույցների հետազոտմամբ ՀՀ վարչական դատարանը պարզեց, որ Ընկերությունը` 15.07.2010թ. հայտ է ներկայացրել Նախարարություն` դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար:
Հայտին կից ներկայացրել է տեղեկանք` դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին, որի 3-րդ տողում նշված է սանհանգույց` 2,01 քմ:
Հայտին կից ներկայացվել է` ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի 3-րդ փողոցի 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ` 31.05.2010թ. կատարված Ընկերության սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2261694 վկայականի լուսապատճենը, որի «Շենքի հատակագիծը» էջում, շենքի հատակագծում առկա է գրառում` շենքում` 2,01 քմ մակերեսով հատվածի առկայության մասին:
Նախարարության կողմից 13.08.2010թ. Ընկերությանը տրվել է «Դեղատնային գործունեության»` թիվ Կ-XX-001374 լիցենզիան:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման` 17.03.2011թ. գրությանը կից Նախարարությանը տրամադրված` ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի 3-րդ փողոցի 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ` 31.05.2010թ. կատարված Ընկերության սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2261694 վկայականի լուսապատճենում, «Շենքի հատակագիծը» էջում, շենքի հատակագծում առկա է գրառում` շենքում` 1,3X1,3 չափերով հատվածի առկայության մասին, իսկ այդ հատվածի` 2,01 քմ մակերեսի վերաբերյալ նշում առկա չէ:
ՀՀ կառավարության` 29.06.2002թ. թիվ 867 որոշմամբ հաստատվել է` «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը»:
Նշված կարգի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիան տալիս /մերժում/ է, լիցենզիայի գործողությունը կասեցնում կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում դադարեցնում է Նախարարությունը:
Նշված կարգի 9-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն` հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է` լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները, տեղեկանք` համաձայն նույն կարգի N 3 ձևի, դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին:
Նշված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դեղատան և դեղատնային կրպակի տարածքների թույլատրելի նվազագույն չափերն են` դեղատնային կրպակ` ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր, բ. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր, գ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր:
Նշված կարգի 45-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը թերի են և չեն լրացվել նույն կարգի 10-րդ կետով նախատեսված ժամկետում կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և նույն կարգի պահանջներին կամ, նույն կարգի 12-29-րդ, 31-րդ կետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում:
Վերը նշված ապացույցների հետազոտմամբ և իրավանորմերի հաշվառմամբ, ՀՀ վարչական դատարանը եզրակացնում է, որ դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար, Ընկերությունը` 15.07.2010թ. Նախարարությանը ներկայացրել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ և խեղաթյուրված տեղեկատվություն, այն է` ներկայացրել է տեղեկանք` դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին, որի 3-րդ տողում նշված է սանհանգույց` 2,01 քմ, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի 3-րդ փողոցի 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ` 31.05.2010թ. կատարված Ընկերության սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2261694 վկայականի լուսապատճենը, որի «Շենքի հատակագիծը» էջում, շենքի հատակագծում առկա է գրառում` շենքում` 2,01 քմ մակերեսով հատվածի առկայության մասին, այնինչ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման` 17.03.2011թ. գրությանը կից Նախարարությանը տրամադրված` ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի 3-րդ փողոցի 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ` 31.05.2010թ. կատարված Ընկերության սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2261694 վկայականի լուսապատճենում, «Շենքի հատակագիծը» էջում, շենքի հատակագծում առկա է գրառում` շենքում` 1,3X1,3 չափերով առանձնացված հատվածի առկայության մասին, իսկ այդ հատվածի` 2,01 քմ մակերեսի վերաբերյալ նշում առկա չէ:
Վերը նշված` կեղծ և խեղաթյուրված տեղեկատվությունը ՀՀ վարչական դատարանի գնահատմամբ համարվում է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող, քանի որ նշված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված` դեղատան և դեղատնային կրպակի տարածքների թույլատրելի նվազագույն չափերում, սանհանգույցը` լվացարանով պետք է լինի 2 քառ. մետր, ինչը տվյալ պահին առկա չի եղել, որի պարագայում, նշված կարգի 45-րդ կետի համաձայն, հայտը ենթակա է եղել մերժման:
Ընկերության վկայակոչած այն փաստը, որ Նախարարությանը հանձնված կադաստրի վկայականի պատճենի մեջ սանհանգույցի չափերում ինչ-որ փոփոխություններ /ավելացումներ/ են կատարվել, իսկ թե դրանք երբ, ինչպես կամ ում կողմից են կատարվել, իրենք նույնպես տեղյակ չեն, ՀՀ վարչական դատարանը հիմնավոր չի համարում, քանի որ, ինչպես դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին տեղեկանքը, որի 3-րդ տողում նշված է սանհանգույց` 2,01 քմ, այնպես էլ` ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի 3-րդ փողոցի 1/1 հասցեում գտնվող հասարակական օբյեկտի նկատմամբ` 31.05.2010թ. կատարված Ընկերության սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2261694 վկայականի լուսապատճենը, որի «Շենքի հատակագիծը» էջում, շենքի հատակագծում առկա է գրառում` շենքում` 2,01 քմ մակերեսով հատվածի առկայության մասին, Նախարարությանն են ներկայացվել Ընկերության տնօրենի կողմից: Ավելին, վերը նշված տեղեկանքում գրառված է, որ ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում է Ընկերության տնօրեն Ա. Մուրադյանը:
Ընկերության վկայակոչած այն փաստը, որ տեղեկացվելուց հետո, որ սանհանգույցի ներքին չափերը թույլատրելի նորմայից պակաս է կառուցվել` 0,30 քմ-ով, իրենց կողմից վերակառուցման միջոցով, շտկվել է խախտումը, սանհանգույցի չափերը համապատասխանացվել են թույլատրելի նորմաներին, որի հիման վրա էլ կադաստրի ստորաբաժանումում կատարվել են համապատասխան նոր գրանցումներ, ՀՀ վարչական դատարանի գնահատմամբ նշանակություն չունի սույն գործի լուծման համար, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում: Տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար Ընկերությունը 15.07.2010թ. Նախարարությանը ներկայացրել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ և խեղաթյուրված տեղեկատվություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
Վերը նշված փաստերի և իրավանորմերի հիման վրա ՀՀ վարչական դատարանը եզրակացնում է, որ Նախարարության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցի վերաբերյալ դատարանն արձանագրում է, որ Նախարարությունը ներկայացրել է 1 ոչ գույքային պահանջ, որի համար ներկայացրել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը վճարելու մասին փաստաթուղթ: Հայցը բավարարելու պարագայում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի կարգով, պատասխանողից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման` 4 000 դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար, իսկ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը
ՎՃՌԵՑ`
1. ՀՀ առողջապահության նախարարության հայցը բավարարել:
Դադարեցնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից` 13.08.2010թ. «ԱՐԱԼԻԱ» ՍՊԸ-ին տրված` «Դեղատնային գործունեության»` թիվ Կ-XX-001374 լիցենզիայի գործողությունը և ճանաչել լիցենզիան ուժը կորցրած:
2. «ԱՐԱԼԻԱ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության բռնագանձել 4 000 /չորս հազար/ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար:
3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
4. Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
5. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
6. Սույն վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` մինչև օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավոր` ____________________ Ա. Ալավերդյան
