Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԴՆԳԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 66328/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
15 հունիսի 2017թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ալեշ Պեյհալ [Aleš Pejchal]` Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Յովան Իլիևսկի [Jovan Ilievski]` դատավորներ
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2017 թվականի մայիսի 23-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացի պրն Գևորգ Դնգիկյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 66328/12) հիման վրա։
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Աթանեսյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2014 թվականի ապրիլի 17-ին դիմումատուի օգտին կայացված վճիռները չկատարելու մասով բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն ծնվել է 1951 թվականին և բնակվում է Լոս Անջելեսում։
Ա. Գործի նախապատմությունը
5. Դիմումատուն ծնվել է Հայաստանում և մեծացել Երևանում գտնվող տանը, որը նրա պապը կառուցել էր 1940-ականներին։ Պապի մահվանից հետո դիմումատուի հորեղբայրն իր ընտանիքի հետ բնակվել է տան առաջին հարկում, իսկ դիմումատուի ընտանիքը բնակվել է երկրորդ հարկում։ Տան մուտքն ընդհանուր է առաջին և երկրորդ հարկում բնակվողների համար, ինչպես նաև առկա է դրան կից ընդհանուր հողամաս։
6. 1970-ականներին դիմումատուի հորեղբայրը տան առաջին հարկը վաճառել է Մ. Գ.-ին։
7. Հետագայում դիմումատուն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ հոր հետ, որը մահացել է 1993 թվականին՝ իր ամբողջ գույքը թողնելով դիմումատուին։
8. 1997 թվականին դիմումատուն իր հոր կտակը ներկայացրել է Հայաստանում գործող նոտարին։ Այնուհետև նոտարը նրան ժառանգության վկայական է տրամադրել, իսկ Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեն] գրանցել է նրա իրավունքը տան երկրորդ հարկի նկատմամբ։
9. 2003 թվականին Մ. Գ.-ն վաճառել է տան առաջին հարկը Է. Թ.-ին, որը գրանցել է իր իրավունքն առաջին հարկի նկատմամբ։ Նա նաև ընդհանուր սեփականության իրավունք է ձեռք բերել դրան կից հողամասի նկատմամբ։
10. Պարզվում է, որ Է. Թ.-ն և նրա ընտանիքն իրականացրել են շինարարական աշխատանքներ տանը և դրան կից հողամասի վրա՝ ձևափոխելով ինչպես տունը, այնպես էլ դրա շրջակա տարածքը։ Նրանց կողմից այնտեղ կառուցվել և շահագործվում է ռեստորան։
Բ. Առաջին փուլի քաղաքացիական գործով վարույթները
11. Չպարզված օրը դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Է. Թ.-ի, Մ. Գ.-ի և Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] դեմ՝ առաջին հարկի և դրան կից հողամասի նկատմամբ Է. Թ.-ի համապատասխան իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և Է. Թ.-ին՝ առանց իրավասու մարմինների թույլտվության կառուցված շենքերը քանդելուն պարտավորեցնելու, ինչպես նաև նրա կողմից ոչնչացված քարե պատը վերականգնելու պահանջի մասին։ Իր հերթին Է. Թ.-ն հակընդդեմ հայց է ներկայացրել դիմումատուի դեմ՝ կտակը և տան կից հողամասի նկատմամբ դիմումատուի իրավունքի հետագա գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
12. 2003 թվականի հուլիսի 1-ի վճռով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (Առաջին ատյանի դատարանը) մասամբ բավարարել է դիմումատուի հայցը և մերժել է Է. Թ.-ի հակընդդեմ հայցը։
13. 2003 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իրականացրել է գործի՝ ըստ էության վերաքննություն։ Դատարանն ամբողջությամբ բավարարել է դիմումատուի հայցը և մերժել Է. Թ.-ի հակընդդեմ հայցը։
14. Է. Թ.-ն հետագայում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։
15. 2003 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը մերժել է Է. Թ.-ի վճռաբեկ բողոքը և անփոփոխ է թողել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը։ Այսպիսով, 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռն ուժի մեջ է մտել և դարձել է կատարման համար պարտադիր, ու այդ մասով տրվել է կատարողական թերթ։
16. 2003 թվականի դեկտեմբերի 4-ին Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը կատարողական վարույթ է հարուցել։
17. Այնուհետև Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավարը պահանջել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը պարզաբանի 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռը։
18. 2004 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերոնշյալ վճռի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։ Դրանում, մասնավորապես, նշվել է, որ տան կից հողամասի նկատմամբ իրավունքը պետք է գրանցվի դիմումատուի անունով։ Այդ որոշումն ուժի մեջ է մտել և նույնպես ներկայացվել է կատարման։
Գ. Երկրորդ փուլի քաղաքացիական գործով վարույթները
19. 2006 թվականի ապրիլի 11-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանման, ԴԱՀԿ-ի և Է. Թ.-ի դեմ՝ Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռի և դրա կողմից ներկայացված՝ 2004 թվականի հոկտեմբերի 22-ի պարզաբանման վերաբերյալ որոշման պահանջները կատարել պարտավորեցնելու, Է. Թ.-ին և իր գույքն ապօրինի զբաղեցրած այլ անձանց վտարելու, ինչպես նաև այնտեղ գտնվող ռեստորանի գործունեությունը դադարեցնելու պահանջի մասին։
20. 2006 թվականի օգոստոսի 28-ի վճռով Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ բավարարել է դիմումատուի հայցը։ Դրանում, մասնավորապես, նշվել է, որ տան կից հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ պետք է գրանցվի դիմումատուի իրավունքը, որ Է. Թ.-ն և դիմումատուի գույքը զբաղեցրած այլ անձինք պետք է վտարվեն, և որ այդ անձինք պետք է դադարեցնեն ռեստորանի գործունեությունը։
21. Է. Թ.-ի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ներկայացված վերաքննիչ բողոքից հետո ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննել է գործը և բավարարել դիմումատուի հայցը։ Այդպիսով, այն նշել է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռը և 2004 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը դեռևս չեն կատարվել, քանի որ դիմումատուի իրավունքը չի գրանցվել, և շինությունները չեն քանդվել։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն այնուհետև նշել է, որ վերոնշյալ դատական ակտերը չկատարելը համարվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այնքանով, որ դիմումատուի՝ իր ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքը խախտվել է՝ Է. Թ.-ի կողմից դիմումատուի գույքն առանց վերջինիս թույլտվության ապօրինի զբաղեցնելու հիմքով։ Այդ վճիռն ուժի մեջ է մտել և դարձել է կատարման համար պարտադիր այն կայացնելու օրը, իսկ 2007 թվականի հունվարի 26-ին դրա մասով հարուցվել է կատարողական վարույթ։
Դ. Կատարողական վարույթը
22. 2003 թվականից ի վեր Է. Թ.-ին՝ դիմումատուի օգտին կայացված վճռի պահանջները որոշակի ժամկետներում կատարելուն պարտավորեցնելու մասով հարկադիր կատարողների կողմից մի շարք որոշումներ են կայացվել։ Այնուամենայնիվ, Է. Թ.-ն ամեն անգամ չի կատարել այդ որոշումները, ինչի համար հարկադիր կատարողներն ամեն անգամ տուգանք են նշանակել։ Պարզվում է, որ նա նաև չի վճարել տուգանքները։
23. 2005 թվականին կատարողական գործողությունները հետաձգվել են այն հիմքով, որ Է. Թ.-ի նկատմամբ կիրառված տարբեր միջոցները եղել են անարդյունավետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԴԱՀԿ-ն պետք է կասեցներ վարույթը շինարարական ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով՝ պարտադիր շինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների բացակայության պայմաններում։ Պարզվում է, որ վարույթն ինչ-որ պահի վերսկսվել է։
24. Արդարադատության նախարարը 2008 թվականի դեկտեմբերի 25-ի գրությամբ տեղեկացրել է դիմումատուին ներկայացնող իրավաբանին, որ Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանումը գույքի նկատմամբ դիմումատուի իրավունքը չգրանցելը հիմնավորել է այն հանգամանքով, որ այնտեղ գտնվող շինությունները չեն քանդվել, քանի որ ԴԱՀԿ-ն իր տրամադրության տակ համապատասխան տեխնիկական սարքավորումներ և աշխատուժ չի ունեցել։
25. Պարզվում է, որ մինչև 2010 թվականը ԴԱՀԿ-ի կողմից ձեռնարկվել են այլ միջոցներ, ինչպիսիք են՝ Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը դիմումատուի իրավունքը գրանցելուն պարտավորեցնելը՝ դիմումատուի օգտին կայացված վճիռներին համապատասխան, և Է. Թ.-ի համար նոր ժամկետներ սահմանելը՝ սեփական պարտավորությունը կատարելու նպատակով։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ այդ միջոցները չեն հանգեցրել տվյալ դատական ակտերի լիարժեք կատարմանը։
Ե. Քրեական գործով վարույթը
26. Չպարզված օրը դիմումատուն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված դատական ակտերը չկատարելու համար պատասխանատու անձանց նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելու պահանջով։ Նրա պահանջը մերժվել է։
27. Դիմումատուի կողմից 2007 թվականի հուլիսի 3-ին ներկայացված բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազության՝ քրեական գործով վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումն այն հիմքով, որ քննիչը պատշաճ գործողություններ չի կատարել պարզելու, թե արդյոք հարկադիր կատարողները պատշաճ ձևով են իրականացրել՝ դիմումատուի օգտին կայացված վերոնշյալ դատական ակտերի կատարումն ապահովելուն ուղղված իրենց պարտավորությունները։ Արդյունքում, հարկադիր կատարողների և Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանման ծառայողների նկատմամբ քրեական գործով վարույթ է հարուցվել։
28. 2007 թվականի դեկտեմբերի 26-ին քննիչը վարույթը դադարեցրել է այն հիմքով, որ տվյալ դատական ակտերը չեն կատարվել օբյեկտիվորեն հարգելի պատճառներով։
29. 2008 թվականի փետրվարի 25-ին Առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել քննիչի՝ 2007 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը, որում նշվել է, inter alia (ի թիվս այլնի), որ քննիչը չի սահմանել, թե ինչու ավելի քան չորս տարի Է. Թ.-ն և մյուսները չեն վտարվել, դիմումատուի գույքի վրա առկա շինությունները չեն քանդվել, և ռեստորանի գործունեությունը չի դադարեցվել անգամ տվյալ դատական ակտերի պահանջները չկատարելու համար Է. Թ.-ի նկատմամբ տուգանք նշանակելուց հետո։
30. Դատախազը բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի՝ վերը նշված որոշումը։
31. 2008 թվականի ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի փետրվարի 25-ի որոշումն անփոփոխ է թողել։ Արդյունքում, 2008 թվականի մայիսի 14-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է։
32. Այնուհետև, քրեական գործով վարույթը դադարեցվել է երեք անգամ, մասնավորապես՝ 2008 թվականի հունիսի 14-ին, 2009 թվականի հուլիսի 17-ին և 2010 թվականի ապրիլի 23-ին։ Դիմումատուն դատական երկու ատյանների մակարդակով հաջողությամբ վիճարկել է վարույթը դադարեցնելու մասին առաջին երկու որոշումները, որից հետո քրեական գործով վարույթը վերսկսվել է այդ դատարանների որոշմամբ։ Ինչ վերաբերում է այն ուժի մեջ մտած որոշմանը, որով վարույթը ևս մեկ անգամ դադարեցվել է, ապա դիմումատուն բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն նրա բողոքը մերժվել է՝ վերահսկողության կարգով վերանայման մասին դիմումը ներկայացնելու ժամկետները չպահպանելու համար։ Ըստ դիմումատուի, ինքն իր վերջին բողոքին այլևս հետամուտ չի եղել։
33. Ըստ դիմումատուի կողմից ստացված վերջին տեղեկատվության՝ կատարողական վարույթը 2016 թվականի սեպտեմբերի 5-ին ավարտվել է վճիռների կատարման անհնարինության պատճառով։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2003 թվականի օգոստոսի 22-ի և 2006 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռները, ինչպես նաև 2004 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը, ներկայումս մնում են չկատարված։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (գործում է 1999 թվականից)
34. 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Բ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենք (գործում է 1999 թվականի հունվարի 1-ից)
35. 62-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:
36. Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
37. Դիմումատուն 2003 թվականի օգոստոսի 22-ի և 2006 թվականի դեկտեմբերի 22-ի՝ ուժի մեջ մտած վճիռները շարունակաբար չկատարելու մասով բողոք է ներկայացրել։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա, որոնք, որքանով վերաբերելի են գործին, շարադրված են հետևյալ կերպ՝
Հոդված 6
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»։
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։
38. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
Ա. Ընդունելիությունը
39. Դատարանը նշում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, վերջինս պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
40. Դիմումատուն վիճարկել է Կառավարության հայտարարությունն այն մասին, որ կատարմանն ուղղված միջոցներն իրականացվել են մասամբ՝ նշելով, որ Է. Թ.-ն երբևէ չի հեռացվել համապատասխան շինությունից և որ տվյալ ռեստորանը դեռ գործում է։ Նրանց կողմից աշխատուժի և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների բացակայության մասին արված հիշատակումները միայն չկատարման համար արդարացումներ են։ Նա նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ դատարանի՝ կատարման մասին որոշումը պետք է կատարվի պարտապանի հաշվին։ Դիմումատուն ԴԱՀԿ-ին արդեն իսկ 17 000 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար) է վճարել։ Նա ԴԱՀԿ-ին աշխատուժով և (կամ) անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ապահովելու կամ ԴԱՀԿ-ի կատարման պարտավորություններն իր կողմից ստանձնելու իրավական պարտականություն չի ունեցել։
41. Դիմումատուն պնդել է, որ Հայաստանի օրենսդրությամբ ինքնակամ կառույցը քանդել չի պահանջվում` նախքան գույքի նկատմամբ համապատասխան իրավունքի պատշաճ կարգով գրանցումը. ամեն դեպքում, ինքնակամ կառույց ներառող հողամասերը միևնույն է, կարող են որպես հողամաս գրանցվել։ Այնքանով, որքանով հողամասի գրանցումը վերաբերելի է գործին, դիմումատուի մասով երբևէ անփութություն թույլ չի տրվել։ Գրանցման պարտավորությունը պատկանում է ԴԱՀԿ-ին։ Դիմումատուն մի քանի անգամ պահանջ է ներկայացրել, որպեսզի քրեական գործով վարույթ հարուցվի համապատասխան քաղաքացիական ծառայողների նկատմամբ, սակայն քննչական մարմինները չորս անգամ դադարեցրել են քրեական հետապնդումը, դատարաններն անվավեր են ճանաչել դադարեցնելու մասին այդ որոշումներից երեքը։
բ) Կառավարությունը
42. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի օգտին կայացված վճիռները մասամբ են կատարվել. Է. Թ.-ի սեփականության իրավունքի, ինչպես նաև սեփականության վկայականի գրանցումն անվավեր են ճանաչվել, դիմումատուից բռնագանձվել է 17 000 ԱՄՆ դոլար և փոխանցվել ԴԱՀԿ-ի բանկային հաշվին, Է. Թ.-ն վտարվել է հողամասից, և ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ Կատարողական վարույթի ամբողջ ընթացքում ԴԱՀԿ-ն Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռները կատարելու համար ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը, սակայն օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով դրանց կատարումը եղել է անհնարին։
43. Տվյալ հողամասի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը կարող էր գրանցվել միայն առկա շինությունները քանդելուց և նրա կողմից՝ այդպիսի գրանցման փաստացի պահանջ ներկայացնելուց հետո։ ԴԱՀԿ-ն պարտադիր քանդման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանից պահանջել է տրամադրել տեխնիկական սարքավորումներ, ընդ որում համանման պահանջ է ներկայացվել նաև մասնավոր շինարարական ընկերությունների, սակայն՝ ապարդյուն։ Դիմումատուից նույնիսկ պահանջել են քանդման աշխատանքների համար տրամադրել աշխատուժ և տեխնիկական սարքավորումներ կամ, որպես այլընտրանք՝ նախավճար տրամադրել ԴԱՀԿ-ին քանդման ամբողջ ծախսերի համար, սակայն նա հրաժարվել է։ Ավելին, հարկադիր կատարողները մի քանի անգամ տուգանք են նշանակել Է. Թ.-ի նկատմամբ։ Այսպիսով, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ փորձելու համար ապահովել ուժի մեջ մտած վճիռների կատարումը։ Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
2. Դատարանի գնահատականը
44. 6-րդ հոդվածով պաշտպանված՝ դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգով թույլատրվեր, որ ուժի մեջ մտած, պարտադիր դատական որոշումը շարունակեր լինել չգործող՝ ի վնաս մի կողմի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II): Դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքը ներառում է նաև դատարանի որոշման՝ առանց չհիմնավորված ձգձգելու կատարումը։
45. Նույն համատեքստում դիմումատուի՝ իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն՝ ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետի առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Ուստի պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումը ոչ ողջամտորեն երկար ժամանակահատվածով ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002‑III, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):
46. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռով Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է դիմումատուի պահանջները: Այն նաև նկատում է, որ 2003 թվականի հոկտեմբերի 24-ին 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռն ուժի մեջ է մտել, և դրա առնչությամբ տրվել է կատարողական թերթ, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին ԴԱՀԿ-ի կողմից հարուցվել է կատարողական վարույթ: 2004 թվականի հոկտեմբերի 22-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դիմումատուի օգտին կայացված՝ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանում, և այդ որոշումը նույնպես ներկայացվել է կատարման համար:
47. Քանի որ նշված կատարման համար որևէ արդյունավետ միջոց ձեռնարկված չի եղել, 2006 թվականի ապրիլին դիմումատուն Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի], ԴԱՀԿ-ի և Է. Թ.-ի դեմ նոր փուլով քաղաքացիական վարույթներ է հարուցել՝ պահանջելով. i) պարտավորեցնել Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեին] կատարելու Վերաքննիչ դատարանի 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռով սահմանված պահանջները, ii) վտարել Է. Թ.-ին, և iii) դադարեցնել համապատասխան գույքի վրա տեղակայված ռեստորանի գործունեությունը: Նրա պահանջն ամբողջությամբ բավարարվել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ իր 2006 թվականի դեկտեմբերի 22-ի վճռով, որն այնուհետև ուժի մեջ է մտել: Դատարանը հաստատել է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռը դեռ չի կատարվել՝ գտնելով, որ այդ չկատարումը համարվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները):
48. 2003 թվականի դեկտեմբերից սկսած ԴԱՀԿ-ի կողմից ձեռնարկվել են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, որոնք բոլորն էլ եղել են անարդյունավետ: 2016 թվականի սեպտեմբերի 5-ին կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ ուժի մեջ մտած վճռի կատարումը շարունակել է լինել անհնարին (տե՛ս վերևում՝ 22-րդ և 33-րդ պարբերությունները):
49. Հետևաբար, 2003 թվականի օգոստոսի 22-ի և 2006 թվականի դեկտեմբերի 22-ի ուժի մեջ մտած վճիռները, ինչպես նաև 2004 թվականի հոկտեմբերի 22-ի ուժի մեջ մտած որոշումը՝ բոլորը կայացված հօգուտ դիմումատուի, ներկայումս մնում են չկատարված: Ուստի այդ ներպետական վճիռները չկատարելը տևել է շուրջ տասներեք տարի և չորս ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ այդ ձգձգումը հիմնավորելու համար: Ուստի Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ ուժի մեջ մտած վճիռները կատարելու համար, չեն թույլատրել 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների՝ սույն գործով իրենց ողջ արդյունավետ գործողությունը, և, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ դիմումատուի գույքային պահանջը չհիմնավորված երկար ժամանակահատվածով մնացել է չբավարարված, նրանք չեն հարգել նրա՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 40450/04, §§ 56-57, 2009 թվականի հոկտեմբերի 15, և Մեմիշայն ընդդեմ Ալբանիայի [Memishaj v. Albania], թիվ 40430/08, § 33, 2014 թվականի մարտի 25):
50. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
51. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:
Ա. Վնասը
52. Դիմումատուն պահանջել է 107 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 150 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
53. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր կրած նյութական վնասի չափը հաստատող որևէ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և, հետևաբար, նրա պահանջը պետք է մերժվեր: Ամեն դեպքում, ենթադրյալ խախտման և նյութական վնասի հետ կապված պահանջի միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չի եղել: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը համարել է, որ այդ պահանջը չի հիմնավորվել որևէ համապատասխան փաստաթղթով: Ամեն դեպքում, ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարը եղել է չափազանց մեծ և պետք է մերժվեր:
54. Դատարանը համաձայնում է Կառավարության հետ այն մասով, որ դիմումատուն չի ներկայացրել նյութական վնասի հետ կապված պահանջը հիմնավորող որևէ փաստաթուղթ: Ուստի այն մերժում է տվյալ պահանջը։ Մյուս կողմից, այն գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի գումարի չափով ոչ նյութական վնաս է կրել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
55. Դիմումատուն նաև պահանջել է 26 000 եվրո՝ ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։
56. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել՝ փաստաբանի ծառայությունների դիմաց իր կատարած վճարումները հաստատող և իր պահանջը հիմնավորող որևէ համապատասխան փաստաթուղթ՝ Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնին համապատասխան: Հետևաբար, ծախսերի և ծախքերի մասով նրա պահանջը պետք է մերժվեր:
57. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և համապատասխան նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի մասով պահանջը` հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
58. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ
ա) պատասխանող Պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`
ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի հունիսի 15-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ |
Ալեշ Պեյխալ Նախագահ |
