Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՖԻԴԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 62904/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
11 հունվարի 2018 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ֆիդանյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2017 թվականի դեկտեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 62904/12) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ե. Նիկողոսյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2016 թվականի մայիսի 24-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն ծնվել է 1950 թվականին և ապրում է Երևանում։
5. Դիմումատուն աշխատել է Հարկային պետական ծառայությունում [ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե] (Կոմիտե)՝ 2-րդ վարչությունում: 2009 թվականի փետրվարի 23-ին Կոմիտեի նախագահը որոշել է լուծել դիմումատուի աշխատանքային պայմանագիրը:
6. Դիմումատուն 2009 թվականի ապրիլի 2-ին Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով 1) անվավեր ճանաչել 2009 թվականի փետրվարի 23-ի հրամանը, 2) վերականգնել իր նախկին պաշտոնում և 3) բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ սկսած իրեն աշխատանքից ազատելու պահից մինչև նախկին պաշտոնում իրեն վերականգնելը:
7. 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Մասնավորապես, այն անվավեր է ճանաչել 2009 թվականի փետրվարի 23-ի հրամանը, Կոմիտեին կարգադրել է դիմումատուին վերականգնել իր նախկին պաշտոնում և վճարել նրա միջին ամսական աշխատավարձը՝ սկսած 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նրա վերականգնումը: Վարչական դատարանն իր որոշումը պատճառաբանել է, inter alia (ի թիվս այլնի)՝ հայտարարելով, որ թեև Կոմիտեն նախքան դիմումատուին աշխատանքից ազատելու մասին որոշում կայացնելը կրել է նրան Կոմիտեում այլ պաշտոն առաջարկելու պարտավորություն, դա չի արել՝ չնայած այն հանգամանքին, որ տվյալ ժամանակահատվածում Կոմիտեում այդպիսի պաշտոն առկա է եղել:
8. Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական:
9. Կոմիտեն 2009 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուին վճարել է 1 197 748 ՀՀ դրամ (մոտավորապես 2 131 եվրո՝ տվյալ ժամանակահատվածում գործող փոխարժեքով)՝ որպես հատուցում 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում նրա գործազրկության դիմաց:
10. 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Վարչական դատարանը տրամադրել է կատարողական թերթ:
11. 2010 թվականի փետրվարի 25-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ) կատարողական վարույթ է հարուցել: Նույն օրը ԴԱՀԿ-ն որոշում է կայացրել, որով Կոմիտեն պարտավորեցվել է երկու շաբաթվա ընթացքում կատարել 2009 թվականի դեկտեմբերի 11-ի կատարողական թերթը:
12. Պարզվում է, որ 2010 թվականի փետրվարի 25-ից 2011 թվականի հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀԿ-ն և Կոմիտեն 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռի կատարման առնչությամբ հետագա գործողություններ չեն ձեռնարկել:
13. 2011 թվականի հուլիսի 18-ին հարկադիր կատարողը որոշել է ավարտել կատարողական վարույթը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: Հարկադիր կատարողը պատճառաբանել է, որ Կոմիտեն դիմումատուին արդեն վճարել է 1 197 748 ՀՀ դրամ, մինչդեռ դիմումատուին իր նախկին պաշտոնում վերականգնելն անհնար էր, քանի որ այդ պաշտոնն այլևս թափուր չէր:
14. 2012 թվականի մայիսի 29-ին դիմումատուն ԴԱՀԿ-ից պահանջել է վերսկսել կատարողական վարույթը:
15. 2012 թվականի հունիսի 1-ին հարկադիր կատարողը բավարարել է դիմումատուի պահանջը և որոշել է վերսկսել կատարողական վարույթը: Նույն օրը հարկադիր կատարողը Կոմիտեին որոշակի քայլեր ձեռնարկելուն պարտավորեցնելու մասին որոշում է կայացրել: Մասնավորապես, հարկադիր կատարողը Կոմիտեին պարտավորեցրել է 1) անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 2009 թվականի փետրվարի 23-ի հրամանը, 2) դիմումատուին վերականգնել իր նախկին պաշտոնում և 3) նրան վճարել միջին ամսական աշխատավարձ՝ նրան աշխատանքից ազատելու և նախկին պաշտոնում վերականգնելու միջև ընկած ժամանակահատվածի համար:
16. 2012 թվականի հուլիսի 2-ին հարկադիր կատարողը կրկին որոշել է ավարտել կատարողական վարույթը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: Մասնավորապես, հարկադիր կատարողը պատճառաբանել է, որ Կոմիտեն, ինչպես կարգադրվել է 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռով, դիմումատուին արդեն վճարել է 1 197 748 ՀՀ դրամ, մինչդեռ դիմումատուին Կոմիտեում իր նախկին պաշտոնում վերականգնելն անհնար էր, քանի որ 2-րդ վարչությունը, որտեղ դիմումատուն նախկինում աշխատել էր, այլևս գոյություն չուներ:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենք
17. Օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթն ավարտելու հիմքերը: Համաձայն 1-ին մասի 8-րդ կետի՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
18. Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով բողոքել է Վարչական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը չկատարելու մասով: Այդ դրույթներն այնքանով, որքանով վերաբերելի են, շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 6
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»։
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում, ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»։
19. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
Ա. Ընդունելիությունը
1. Կառավարության նախնական առարկությունը
20. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները։ Նա պետք է Վարչական դատարանում վիճարկեր հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին 2012 թվականի հուլիսի 2-ի որոշումը. իրավական պաշտպանության միջոց, որը և՛ հասանելի էր, և՛ արդյունավետ: Քանի որ նա դա չի արել, ապա նրա գանգատը պետք է հայտարարվի անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով։
21. Դիմումատուն պնդել է, որ ինքը սպառել է բոլոր այն հնարավոր իրավական պաշտպանության միջոցները, որոնց միջոցով ինքը կարող էր փոխհատուցում ստանալ. մասնավորապես, նա դիմել է ԴԱՀԿ՝ վարույթ սկսելու համար, որը վճիռների կատարումն ապահովելու լիազորություն ունեցող միակ պետական մարմինն էր: Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես կարող էր հարկադիր կատարողի 2012 թվականի հուլիսի 2-ի որոշումը վիճարկելու միջոցով տրամադրվել փոխհատուցում՝ չկատարման հետ կապված հարցի մասով: Նույնիսկ եթե իր օգտին այլ վճիռ կայացվեր, դա միայն կնշանակեր ունենալ մեկ այլ կատարողական թերթ՝ կատարման համար: Այդպիսի գործողությունը կտար միայն կրկնվող արդյունքներ:
2. Դատարանի գնահատականը
22. Դատարանը նշում է, որ դիմումատուն ԴԱՀԿ-ից երկու անգամ պահանջել է ապահովել Վարչական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռի կատարումը: Երկու անգամ էլ հարկադիր կատարողը որոշել է ավարտել կատարողական վարույթը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով, քանի որ անհնար էր դիմումատուին վերականգնել Կոմիտեում իր նախկին պաշտոնում, քանի որ նրա պաշտոնն այլևս գոյություն չուներ (տե՛ս 13-րդ և 16-րդ պարբերությունները): Քանի որ ԴԱՀԿ-ն դատական ակտերի կատարումն ապահովելու լիազորություն ունեցող միակ պետական մարմինն է և արդեն մասնակիորեն կատարել է վճիռը՝ կարգադրելով դիմումատուի հարկադիր պարապուրդի համար վճարել 1 197 748 ՀՀ դրամ, իրավական պաշտպանության այդ միջոցը պետք է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով համարվի «արդյունավետ»: Այն փաստը, որ կարող էին լինել հարկադիր կատարողի` կատարողական վարույթը ավարտելու մասին կրկնվող արդյունքների հանգեցնող որոշումը վիճարկելու իրավական պաշտպանության մի քանի այլ միջոցներ, չի նշանակում, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Հետևաբար Կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի։
23. Դատարանը, հետևաբար, նշում է, որ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
24. Դիմումատուն պնդել է, որ ներպետական մարմինները Վարչական դատարանի վճիռը կատարելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները չեն ձեռնարկել, քանի որ մինչ այդ պահը նա չէր վերականգնվել իր նախկին պաշտոնում, և նրա հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման մի մասը դեռևս մնում էր չվճարված: Հարկադիր կատարողը կարող էր ձեռնարկել մի շարք այլ միջոցներ, որոնք կարող էին հանգեցնել վճռի կատարմանը: 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը 2009 թվականի նոյեմբերի 4-ին վերջնական դառնալուց հետո Կոմիտեն դիմումատուին իր նախկին պաշտոնում վերականգնելու հնարավորություն է ունեցել: Նույնիսկ եթե նա չէր կարող վերականգնվել իր նախկին պաշտոնում, կամ եթե ոչ մի այլ հաստիք թափուր չէր, Կոմիտեն պարտավոր էր նրան առաջարկել նմանատիպ պաշտոն, սակայն դա դիտավորյալ չի արել: Նրա վերականգնումը երբեք անհնարին չի եղել, քանի որ առկա են եղել թափուր հաստիքներ, և ոչ էլ վճիռը կատարելու համար նոր պաշտոն ստեղծելու անհրաժեշտություն է եղել: Ընդհակառակը, հարկադիր կատարողը կարող էր, inter alia, Կոմիտեին պարտավորեցնել կատարել վճիռը և դա անելու համար այլ վերջնաժամկետ սահմանել կամ կարող էր հարկադրանքի միջոցները չկատարելու համար Կոմիտեի նկատմամբ տուգանք նշանակել:
25. Ինչ վերաբերում է հատուցմանը, ապա դիմումատուն պնդել է, որ իրեն պետք է իր հարկադիր պարապուրդի համար հատուցում տրամադրեին 2009 թվականի փետրվարի 23-ին իրեն պաշտոնից ազատելու օրվանից մինչև պաշտոնում իրեն վերականգնելու օրը: Նրան փոխհատուցում է տրամադրվել միայն մինչև 2009 թվականի նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի համար: Այսպիսով, տեղի է ունեցել իր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում:
բ) Կառավարությունը
26. Կառավարությունը պնդել է, որ ներպետական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադիր ուժ ունեցող վճիռը կատարելու համար: Դիմումատուն ազատվել է իր աշխատանքից՝ կազմակերպության կարիքներով պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատման անհրաժեշտությունից ելնելով, ինչը ներպետական օրենսդրությամբ համարվել է աշխատանքային պայմանագրի լուծման համար իրավաչափ հիմք: Կատարողական թերթը ԴԱՀԿ՝ դատական ակտերի կատարումն ապահովելու լիազորություն ունեցող միակ պետական մարմին ներկայացնելուց հետո հարկադիր կատարողն անմիջապես կատարողական վարույթ է հարուցել և պահանջել, որ Կոմիտեն կատարի վճռի պահանջները: Այնուամենայնիվ, հնարավոր չէր դիմումատուին վերականգնել իր նախկին աշխատանքում, քանի որ Կոմիտեի կառուցվածքը փոփոխվել էր, և դիմումատուի պաշտոնն այլևս գոյություն չուներ: Վարչական դատարանը կարգադրել էր դիմումատուին վերականգնել իր նախկին աշխատանքում, և հետևաբար նա չէր կարող Կոմիտեում վերականգնվել նմանատիպ պաշտոնում: Ավելին, դիմումատուին կատարողական վարույթի ընթացքում վճարվել է 1 197 748 ՀՀ դրամ՝ որպես հատուցում 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն իր հարկադիր պարապուրդի համար՝ չնայած, որ իր նախկին պաշտոնում նրա վերականգնումն անհնար էր դարձել այդ օրվանից էլ առաջ:
27. Կառավարությունը պնդել է, որ դատարանները չպետք է գործատուների նկատմամբ սահմանեն պարտավորության այնպիսի փաստացի կատարում, որն օբյեկտիվորեն անհնար է: Հակառակ դեպքում գործատուները ստիպված կլինեն ստանձնել լրացուցիչ հանձնառություններ, այն է՝ ստեղծել նոր կառուցվածքային միավորներ և նոր պաշտոններ: Այդպիսի պարտավորությունների ստեղծումը կխախտի գործատուների սահմանադրական իրավունքներն ու կհանգեցնի նրանց օրինական իրավունքների սահմանափակման: Կատարողական վարույթի տևողությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել սույն գործի հանգամանքները, քանի որ այդ վարույթի ընթացքում ԴԱՀԿ-ն ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը՝ Վարչական դատարանի վճռի կատարումն ապահովելու համար: Վճռի կատարումն անհնար է եղել միայն օբյեկտիվ և էական փաստերի առկայության պատճառով: Ուստի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում տեղի չի ունեցել:
2. Դատարանի գնահատականը
28. 6-րդ հոդվածով պաշտպանվող՝ դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող՝ ի վնաս կողմերից մեկի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II): Դատարանի արդյունավետ մատչելիությունը ներառում է դատարանի որոշման՝ առանց անհարկի ձգձգումների կատարման իրավունքը:
29. Նույն համատեքստում դիմումատուի՝ իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Հետևաբար պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումն անհիմն երկար ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002-III. Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 թվական և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):
30. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռով, որը վերջնական է դարձել 2009 թվականի նոյեմբերի 4-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել դիմումատուի օգտին: 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Վարչական դատարանն այդ վճռի կապակցությամբ տվել է կատարողական թերթ: 2010 թվականի փետրվարի 25-ին հարկադիր կատարողը հարուցել է համապատասխան կատարողական վարույթ՝ Կոմիտեին կարգադրելով երկու շաբաթվա ընթացքում կատարել կատարողական թերթի պահանջները: Դիմումատուին հարկադիր պարապուրդի համար վճարվել է 1 197 748 ՀՀ դրամ՝ հաշվարկված 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ը (տե՛ս վերևում՝ 7-11-րդ պարբերությունները): 2011 թվականի հուլիսի 18-ին հարկադիր կատարողը կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել, քանի որ անհնար էր դիմումատուին վերականգնել իր նախկին պաշտոնում այն փաստի պատճառով, որ նրա նախկին պաշտոնն այլևս թափուր չէր: Այնուամենայնիվ, դիմումատուն պահանջել է, որ ԴԱՀԿ-ն վերսկսի կատարողական վարույթը: 2012 թվականի հուլիսի 2-ին հարկադիր կատարողը երկրորդ անգամ է որոշում կայացրել կատարողական վարույթն ավարտելու մասին՝ դիմումատուին իր նախկին պաշտոնում վերականգնելու անհնարինության պատճառով, քանի որ 2-րդ վարչությունը, որտեղ դիմումատուն նախկինում աշխատում էր, այլևս գոյություն չուներ (տե՛ս վերևում՝ 13-16-րդ պարբերությունները):
31. Դատարանը նշում է, որ կողմերը, կարծես թե, համաձայն են, որ Վարչական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը մի քանի տարի մնացել է մասնակիորեն չկատարված, և այն դեռևս կատարված չէ. դիմումատուն վճարվել է մինչև 2009 թվականի նոյեմբերի 29-ն իր հարկադիր պարապուրդի համար, սակայն նա մինչ օրս չի վերականգնվել իր նախկին պաշտոնում կամ իր նախկին պաշտոնին նման որևէ այլ պաշտոնում: Ոչ էլ նրան հատուցում է տրամադրվել մինչև աշխատանքում իրեն վերականգնելու օրն իր հարկադիր պարապուրդի համար:
32. 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, որը կայացվել է ի օգուտ դիմումատուի, մնացել է մասնակիորեն չկատարված 2009 թվականի նոյեմբերից մինչ օրս, այսինքն՝ գրեթե յոթ տարի և ութ ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ այդ ուշացումը հիմնավորելու համար: Հետևաբար Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ վերջնական վճիռը կատարելու համար, 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկել են սույն գործով իրենց արդյունավետ ողջ ուժից:
33. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
34. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
Ա. Վնասը
35. Դիմումատուն պահանջել է 26 535 233 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
36. Կառավարությունը համարել է, որ դիմումատուի՝ նյութական վնասի և տոկոսի մասով պահանջը հիմնավորված չէ և պետք է մերժվի: Եթե Դատարանն այլ կարծիքի լիներ, 2009 թվականի դեկտեմբերից մինչ օրս ընկած ժամանակահատվածի համար պահանջվող գումարը՝ 13 858 285 ՀՀ դրամը, ամեն դեպքում չափազանց մեծ կլիներ: Դիմումատուին պետք է տրամադրվի հատուցում միայն մինչև իր կենսաթոշակային տարիքն ընկած ժամանակահատվածի, այսինքն՝ մինչև 2013 թվականի նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածի համար: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, ապա Կառավարությունը համարել է, որ դիմումատուի պահանջած գումարը չափազանց մեծ է և պետք է նվազեցվի:
37. Դատարանն ընդունում է, որ հայտնաբերված խախտման և պահանջված ենթադրյալ նյութական վնասի միջև կա պատճառահետևանքային կապ։ Հաշվի առնելով դիմումատուի մանրամասն հաշվարկները և այն փաստը, որ Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի կողմից կիրառված հաշվարկման մեթոդը կամ նրա հաշվարկների ճշգրտությունը (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովի գործը՝ վերևում հիշատակված, § 106), Դատարանը նրան շնորհում է 14 165 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, որն ընդգրկում է 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածը: Ավելին, Դատարանը գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի ոչ նյութական վնաս է կրել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
38. Դիմումատուն նաև պահանջել է 800 000 ՀՀ դրամ՝ որպես ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում։
39. Կառավարությունը համարել է, որ դիմումատուի պահանջը հիմնավորված չէ և պետք է մերժվի: Ներպետական դատարաններում կրած ծախսերի մասով որևէ ապացույց չի տրամադրվել: Ամեն դեպքում դիմումատուին արդեն շնորհվել է հատուցում՝ ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար: Ավելին, Դատարանում կրած ծախսերը և ծախքերը կազմել են ընդամենը 702 970 ՀՀ դրամ, ներառյալ՝ փոստային ծախքերը: Այնուամենայնիվ, դիմումատուն չի նշել տվյալ աշխատաժամանակի քանակը։
40. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը, մերժում է ներպետական վարույթներում կրած ծախսերի և ծախքերի մասով պահանջը, իսկ Դատարանի վարույթի համար ողջամիտ է համարում շնորհել 1 300 եվրո գումար:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
41. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) նյութական վնասի դիմաց՝ 14 165 եվրո (տասնչորս հազար հարյուր վաթսունհինգ եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
iii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 300 եվրո (հազար երեք հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի հունվարի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ |
Ալեշ Պեյխալ |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
