ԼԵՎՈՆ ԱԼԻԽԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 6818/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
14 փետրվարի 2019թ.
Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2019 թվականի հունվարի 22-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Լևոն Ալիխանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի դեկտեմբերի 15-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 6818/10) հիման վրա:
2.Դիմումատուին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3.2014 թվականի մարտի 18-ին գույքից զրկելու և արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ բողոքների մասին ծանուցումն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։
ՓԱՍՏԵՐԸ
I.ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4.Դիմումատուն բնակվում է Շնող գյուղում:
Ա. Գործի նախապատմությունը
5. 1970-ական թվականներին Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերից համապատասխանաբար մոտ չորս և վեց կմ հեռավորության վրա հայտնաբերվել է պղնձամոլիբդենային հանքավայր (Թեղուտ):
6. 2001 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ մասնավոր ընկերությունն ստացել է քսանհինգ տարի ժամկետով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար ընդերքօգտագործման լիցենզիա:
7. 2007 թվականի նոյեմբերի 1-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշումը: Որոշման համաձայն՝ դրա հավելվածներում թվարկված հողատարածքների ձեռք բերող է համարվում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի իրականացման նպատակով դրա կողմից հիմնադրված «Թեղուտ» ՓԲԸ-ն։
8.Դիմումատուին պատկանող հողամասը թվարկված էր այն հողատարածքների շարքում, որոնք համարվում էին օտարման ենթակա գոտիներ։
Բ. Դիմումատուի գույքի օտարման առնչությամբ վարույթները
9. Դիմումատուն ապրում է Շնող գյուղում և իր ապրուստը վաստակում է գյուղատնտեսությամբ և հացաբուլկեղենի արտադրությամբ: Նրան սեփականության իրավունքով պատկանել են գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության ութ հողամասեր, որոնց չափսերն էին՝ 0.420հա, 0.890 հա, 0.904 հա, 1.206 հա, 0.780 հա, 0.900, 0.974 և 0.354 հա: Հողն օգտագործվել է ընտանիքի համար մշակաբույսեր աճեցնելու, այգեգործության, մեղվապահության և անասուններին կերակրելու նպատակով:
10. Չպարզված օրը «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուին ուղարկել է նամակ, որով առաջարկվել է գնել նրա ութ հողամասերը՝ համապատասխանաբար 194000 ՀՀ դրամով (մոտավորապես 422 եվրո), 422000 ՀՀ դրամով (մոտավորապես 917 եվրո), 417000 ՀՀ դրամով (մոտավորապես 907 եվրո), 555000 ՀՀ դրամով (մոտավորապես 1207 եվրո), 328000 ՀՀ դրամով (մոտավորապես 713 եվրո), 426000 ՀՀ դրամով (մոտավորապես 990 եվրո), 409000 ՀՀ դրամով (մոտավորապես 890 եվրո) և 240000 ՀՀ դրամով (մոտավորապես 522 եվրո)՝ առաջարկվող յուրաքանչյուր գումարին գումարած լրացուցիչ 15%, ինչպես պահանջվում է օրենքով՝ վերջնական առաջարկի ընդհանուր գումարը դարձնելով 3439650 ՀՀ դրամ (մոտավորապես 7478 եվրո)։
11. Դիմումատուն չի արձագանքել առաջարկին, քանի որ նրան չի գոհացրել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը։ Պարզվել է, որ դիմումատուն փորձել է ձեռք բերել այլ ընկերությունների կողմից իր գույքի այլընտրանքային գնահատում, սակայն չի հաջողել: Նա պնդում է, որ ոչ մի այլ գնահատող ընկերություն չի ցանկացել իրականացնել իր հողի շուկայական արժեքի անկախ գնահատում:
12. 2008 թվականի մայիսի 13-ին «Թեղուտ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դիմումատուի դեմ՝ պահանջելով նրան պարտավորեցնել ստորագրել իր գույքը պետության կարիքների համար վերցնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Ընկերությունն իր հայցը հիմնավորել է, inter alia (ի թիվս այլնի), «Օլիվեր գրուպ» ՍՊԸ լիցենզավորված գնահատման ընկերության կողմից իր պահանջով պատրաստված գնահատման եզրակացություններով։ Եզրակացությունների համաձայն՝ դիմումատուի հողամասերի շուկայական արժեքն ընդհանուր կազմել է 3439650 ՀՀ դրամ (մոտավորապես 7478 եվրո):
13. Լոռու մարզային դատարանի վարույթի ընթացքում դիմումատուն պնդել է, որ իր հողի շուկայական արժեքը սխալ է հաշվարկվել: Այնուհետև նա նշել է, որ իր գույքի գնահատումը ճիշտ չի իրականացվել, քանի որ հաշվի չեն առնվել տվյալ հողամասի համար նրա կողմից վճարված գումարները և կատարված մեծ ներդրումները: Նա նաև պնդել է, որ իրեն գույքից զրկելը չի բխել հանրային շահերից, քանի որ դա ուղղված է եղել մի քանի անհատների համար մեծ շահույթներ ապահովելուն:
14. Վարույթի ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրել է դիմումատուի գույքի գնահատման այլ եզրակացություններ՝ նշելով, որ վարույթը սկսվելուց հետո «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն պատրաստել է ուղղված եզրակացություններ, որոնց համաձայն՝ դիմումատուի ութ հողամասերի շուկայական արժեքը գնահատվել է՝ համապատասխանաբար 187000 ՀՀ դրամ (մոտավորապես 407 եվրո), 456000ՀՀ դրամ (մոտավորապես 991 եվրո), 437000 ՀՀ դրամ (մոտավորապես 950 եվրո), 535000 ՀՀ դրամ (մոտավորապես 1163 եվրո), 343000 ՀՀ դրամ (մոտավորապես 746 եվրո), 411000 ՀՀ դրամ (մոտավորապես 893 եվրո), 427000 ՀՀ դրամ (մոտավորապես 928 եվրո) և 268000 ՀՀ դրամ (մոտավորապես 583 եվրո): «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը պահանջել է դատարանից հաշվի առնել նախնական գնահատման ժամանակ համեմատաբար ավելի բարձր գնահատված գումարներն այն հողամասերի մասով, որոնք նոր գնահատման արդյունքում գնահատվել են ավելի ցածր: Հետևաբար փոխհատուցման վերջնական գումարները հավասար կլինեն ուղղված եզրակացություններում նշված գումարներին այն հողամասերի մասով, որոնք նախկինում գնահատվել են ավելի բարձր, իսկ մնացածի դեպքում կմնան նույնը՝ գումարած լրացուցիչ 15%, ինչպես պահանջվում է օրենքով:
15. 2008 թվականի նոյեմբերի 7-ին Մարզային դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի հայցը՝ դիմումատուին տրամադրելով համապատասխանաբար 223100 ՀՀ դրամ (մոտավորապես 485 եվրո), 524400 ՀՀ դրամ (մոտավորապես 1140 եվրո), 502550 ՀՀ դրամ (մոտավորապես 1093 եվրո), 638250 ՀՀ դրամ (մոտավորապես 1388 եվրո), 394450 ՀՀ դրամ (մոտավորապես 858 եվրո), 489900 ՀՀ դրամ (մոտավորապես 1065 եվրո), 491050 ՀՀ դրամ (մոտավորապես 1068 եվրո) և 308200 ՀՀ դրամ (մոտավորապես 670 եվրո)՝ որպես իր ութ հողամասերի դիմաց փոխհատուցում:
16. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հիմնվելով, inter alia, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա, նա բողոքել է, որ Մարզային դատարանը իրեն զրկել է իր սեփականությունից:
17.2009 թվականի մարտի 18-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել Մարզային դատարանի վճիռը՝ գտնելով, interalia, որ վերջինս «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված՝ ուղղված եզրակացության հիման վրա ճիշտ է որոշել գույքի շուկայական արժեքը:
18. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ բերելով իր նախկին բողոքում ներկայացված փաստարկներին նման փաստարկներ:
19. 2009 թվականի հունիսի 18-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. 1995 թվականի Սահմանադրություն (ուժի մեջ է 2005 թվականի դեկտեմբերի 6–ից՝ 2005 թվականի նոյեմբերի 27–ին ընդունված փոփոխություններից հետո)
20. 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
21. 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Բ. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականից)
22. 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
23. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի:
24.60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
25.Օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին:
26.61-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա գտնվելու փորձաքննությանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին:
Գ. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենք (ուժի մեջ է 2006 թվականի դեկտեմբերի 30-ից)
27. 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է:
28. 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝
ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով.
բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում):
29.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, և գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման:
30.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գերակա հանրային շահը կարող է հետապնդել, inter alia, ընդերքօգտագործման բնագավառում համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովման նպատակ։ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե լրացուցիչ եկամուտների ապահովման նպատակն ինքնին չի հանդիսանում բացառիկ՝ գերակա հանրային շահ:
31.11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
32. 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դ. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենք (տվյալ ժամանակահատվածում գործող)
33. 8-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի գնահատումը պարտադիր է անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում։
34.15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն կիրառելու անշարժ գույքի գնահատման ինքնուրույն մեթոդներ` գնահատման ստանդարտին համապատասխան:
Ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշում
35.Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի իրականացման նպատակով և հաշվի առնելով հանքահարստացուցիչ համալիրի կառուցման ու գործարկման հեռանկարները` Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող 81,483 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Որոշման համաձայն՝ տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հանրային շահը, ինչպես նաև ավելի բարձր մակարդակներում արտադրության և արտահանման հետ կապված շահերը գերակայում են օտարվող սեփականության սեփականատերերի անձնական շահերի նկատմամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
36. Դիմումատուն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով բողոքել է, որ իրեն գույքից զրկելը չի համապատասխանել օրինականության պահանջին, չի բխել որևէ հանրային շահից, և որ տրամադրված փոխհատուցման գումարը եղել է ոչ բավարար։ Մասնավորապես, նա բողոքել է, որ օրենքն այդ առնչությամբ բավարար կանխատեսելի չէր, քանի որ դրանում նշված չէին պետության կարիքների համար վերցման ենթակա գույքի շուկայական արժեքը որոշելու չափորոշիչները։
37.Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը շարադրված է հետևյալ կերպ.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։
Ա. Ընդունելիությունը
38. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1.Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
39. Դիմումատուն պնդել է, որ իր օտարված հողը իր եկամտի միակ աղբյուրն է եղել: Նա պնդել է, որ իրեն գույքից զրկելը չի համապատասխանել օրինականության պահանջին, չի բխել որևէ հանրային շահից, և որ փոխհատուցման գումարը եղել է ոչ բավարար։ Ինչ վերաբերում է օրինականության պահանջին, ապա նա պնդել է, որ օրենքն այդ առնչությամբ բավարար կանխատեսելի չէր, քանի որ դրանում նշված չէին պետության կարիքների համար վերցման ենթակա գույքի շուկայական արժեքը որոշելու չափորոշիչները։ Դիմումատուն հերքել է, որ իր հողի օտարումն իրականացվել է «հանրային շահի» հիմքերով։ Նա պնդել է, որ սույն գործում ակնհայտ անհիմն է հիմնվել «հանրային շահի» վրա այն դեպքում, երբ այդ միջոցառումն ունի բացառապես կոմերցիոն նպատակ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդերքօգտագործման ծրագիրն իրականացվում էր պետական որևէ մասնակցություն չունեցող մասնավոր ընկերության կողմից։
40.Դիմումատուն այնուհետև պնդել է, որ իր հողի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է համեմատական մեթոդի հիման վրա, որը չէր կարող պատշաճ ձևով արտացոլել դրա իրական շուկայական արժեքը։ Ավելին, որպես փոխհատուցում իր ստացած գումարը եղել է օտարման գործընթացն սկսելու ժամանակահատվածում օտարված հողի կադաստրային արժեքից շատ ավելի ցածր և ակնհայտորեն չի համապատասխանել նշված հողի իրական արժեքին։
բ) Կառավարությունը
41. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին գույքից զրկելը «նախատեսված է եղել օրենքով» և «միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներով»: Ներպետական օրենսդրության համաձայն՝ անշարժ գույքի միավորի շուկայական արժեքը որոշելը պետք է իրականացվեր «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքին համապատասխան, որը գույքի օտարման համար տրվող փոխհատուցման չափը սահմանելու և հաշվարկելու մասով բավականաչափ հստակ էր: Քանի որ այդ օրենքն ուժի մեջ էր մտել 2005 թվականին, դիմումատուի համար այն կանխատեսելի էր: Ավելին, դիմումատուի հողի օտարումն իրականացվել էր՝ ելնելով հանրային շահերից, և այն հետապնդում էր տնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված իրավաչափ նպատակ, ինչպես նաև բխում էր ավելի բարձր մակարդակներում արտադրության և արտահանման հետ կապված շահերից: Հանրային շահի այս հայեցակետերը գերակա են եղել դիմումատուի մասնավոր շահի նկատմամբ: Այն փաստը, որ դիմումատուի հողի օտարումն իրականացվել է մասնավոր ընկերության կողմից, ոչ մի կերպ չի բացառում սույն գործում հանրային շահի առկայությունը:
42.Ինչ վերաբերում է արդարացի հավասարակշռությանը, ապա Կառավարությունն ընդգծել է, որ դիմումատուի հողի օտարումն արդարացի հավասարակշռություն է հաստատել հանրային ընդհանուր շահերի պահանջների և դիմումատուի գույքային իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Դիմումատուին վճարված փոխհատուցումը համաչափ է եղել հետապնդվող նպատակին: Տվյալ հողամասի շուկայական արժեքը հաշվարկվել է եկամտային և համեմատական մեթոդների կիրառմամբ: Համեմատական մեթոդի կիրառմամբ հաշվի է առնվել գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական արժեքի վրա ազդող մի քանի գործոններ, ինչպես օրինակ՝ գույքային իրավունքները և սահմանափակումները, հողամասի արտաքին տեսքը, ջրամատակարարման համակարգի առկայությունը, հողամասի չափսերը, տեղակայությունը և դրան մոտենալու ճանապարհը, տրանսպորտային միջոցի հասանելիության առկայությունը, հողամասի թեքության աստիճանը և քարի պարունակությունը: Եկամտային մեթոդի կիրառմամբ հաշվի է առնվել գյուղատնտեսական նշանակության քննարկվող հողերում աճեցվող մշակաբույսերի համար անհրաժեշտ ծախսերը և դրանցից ակնկալվող եկամուտները: Քննարկվող հողամասի շուկայական արժեքը հաշվարկելու համար կիրառվել են բերրիության միջին ցուցանիշները: Շուկայական արժեքի գնահատման համար օգտագործվել են պետության կարիքների համար օտարման ոչ ենթակա՝ հարևանությամբ գտնվող և համեմատելի հողամասերի տվյալներ:
43. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի վրա որևէ կերպ չի դրվել «առանձին և լրացուցիչ բեռ»: Դիմումատուին տրվել են բոլոր հնարավորությունները, inter alia, ներկայացնելու գնահատման այլ եզրակացություններ, դիմումներ և պահանջներ, ինչպես նաև բերելու բողոքներ: Նրան նույնիսկ ազատել են Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան դիմելու համար պետական տուրքերի վճարումներից: Նրա իրավունքներն ամբողջությամբ երաշխավորված են եղել, իսկ ներպետական վարույթներն ու հողի օտարումն իրականացվել են ազգային օրենսդրությանը և Կոնվենցիային համապատասխան: Հետևաբար Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
2. Դատարանի գնահատականը
44. Սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով։ Հետևաբար Դատարանը պետք է պարզի, թե արդյոք վիճարկվող գույքից զրկելն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել։
45.Դատարանը կրկին նշում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղելի լինելու համար օտարմանն ուղղված միջոցառումը պետք է բավարարի հետևյալ երեք պայմանները. այն պետք է իրականացվի ազգային իշխանությունների կողմից ցանկացած կամայական գործողություն բացառող՝ «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան», պետք է բխի «հանրային շահից», ինչպես նաև դրանով պետք է հաստատվի արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների և համայնքային շահերի միջև (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վիստինշը և Պերեպյոլկինսն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Vistiņš and Perepjolkins v. Latvia [GC]], թիվ 71243/01, § 94, 2012թվականի հոկտեմբերի 25)։ Հետևաբար Դատարանն անցնում է այն հարցի ուսումնասիրությանը, թե արդյոք սույն գործում բավարարվել են այդ երեք պայմանները։
ա) «Օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան»
46.Սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ դիմումատուի գույքի օտարումն իրականացվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի հիման վրա։ Այդ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում հղում է արվում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքին, որը սահմանում է անշարժ գույքի արժեքի գնահատման մեթոդները (տե՛ս վերևում՝ 32-34-րդ պարբերությունները):
47. Դատարանը, իր ավելի վաղ հաստատված նախադեպային իրավունքում արդեն գտել է, որ վերը նշված իրավական դրույթները բավականաչափ հստակ են եղել, որպեսզի դիմումատուն ընդհանուր առմամբ կարողանա կանխատեսել, թե ինչպես էր գնահատվելու իր գույքի շուկայական արժեքը (տե՛ս Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի [Osmanyan and Amiraghyan v. Armenia], թիվ 71306/11, § 58, 2018 թվականի հոկտեմբերի 11): Դատարանի համար անհիմն չէր, որ արժեքի գնահատման մեթոդն ընտրելու հարցը դրվում է գնահատողի վրա, որը կոնկրետ իրավիճակի համար ընտրում է համապատասխան մեթոդ՝ կախված տվյալ անշարժ գույքի առանձնահատկություններից (նույն տեղում, § 57): Քանի որ դիմումատուն կարող էր վիճարկել իր գույքը ձեռք բերողի կողմից վարձված գնահատողի պատրաստած եզրակացությունը, Դատարանը գտնում է, որ դիմումատուի համար ապահովված են եղել կամայականությունների դեմ բավարար երաշխիքներ: Հետևաբար կարելի է համարել, որ վիճարկվող օտարումն իրականացվել է «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան»։
բ) «Բխում է հանրային շահից»
48.Դատարանը կրկին նշում է, որ քանի որ ազգային իշխանություններն անմիջականորեն տեղեկացված են իրենց հասարակության ու դրա կարիքների մասին, ընդհանուր առմամբ, նրանք միջազգային դատավորներից ավելի լավ կարող են գնահատել, թե ինչն է «բխում հանրային շահից»: Հետևաբար Կոնվենցիայով սահմանված պաշտպանության համակարգի համաձայն՝ ազգային իշխանությունները պետք է իրականացնեն հանրությանը մտահոգող խնդրի առկայության նախնական գնահատում՝ հիմնավորելով գույքից զրկելու միջոցառումները։ Այստեղ, ինչպես մյուս այն ոլորտներում, որոնց վրա տարածվում են Կոնվենցիայի երաշխիքները, ազգային իշխանությունները համապատասխանաբար ունեն հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ։ Ավելին, «հանրային շահը» միանշանակ լայն հասկացություն է։ Մասնավորապես, գույքի օտարման մասին օրենքներ ընդունելու որոշումն ընդհանուր առմամբ կներառի քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի քննարկում։ Դատարանը, բնական համարելով այն փաստը, որ սոցիալական և տնտեսական քաղաքականությունների իրականացման համար օրենսդրի հայեցողական լիազորությունների շրջանակը պետք է լինի լայն, կհարգի օրենսդրի որոշումն այն մասով, թե ինչն է «բխում հանրային շահից», եթե այդ որոշումն ակնհայտ անհիմն չէ (տե՛ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Beyeler v. Italy [GC]], թիվ 33202/96, § 112, ՄԻԵԴ 2000-I և վերևում հիշատակված՝ Վիստինշի և Պերեպյոլկինսի գործը, § 106):
49.Կառավարությունը պնդել է, որ պետության համար անհրաժեշտ է եղել օտարել դիմումատուի հողը՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի իրականացման արդյունքում տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման համար։ Դատարանը չունի որևէ համոզիչ ապացույց, որի հիման վրա կարելի է եզրակացնել, որ այդ պատճառներն ակնհայտորեն զերծ են եղել որևէ ողջամիտ հիմքից (տես, ի հակադրություն դրա, Տկաչևն ընդդեմ Ռուսաստանի [Tkachevy v. Russia], թիվ 35430/05, § 50, 2012 թվականի փետրվարի 14):
գ) Վիճարկվող միջոցառման համաչափությունը
50.Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պահանջվում է, որ ցանկացած միջամտություն պետք է ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին (տե՛ս Յահնը և այլք ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jahn and Others v.Germany [GC]], թիվ 46720/99 և մյուս 2-ը, §§ 81-94, ՄԻԵԴ 2005-VI)։ Անհրաժեշտ արդարացի հավասարակշռություն չի հաստատվի, եթե տվյալ անձը կրում է առանձին և ավելորդ բեռ (տե՛ս Ստեֆանետին և այլք ընդդեմ Իտալիայի [Stefanetti and Others v. Italy], թիվ 21838/10 և մյուս 7-ը, § 66, 2014 թվականի ապրիլի 15):
51.Համապատասխան օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պայմանները հատուկ նշանակություն ունեն գնահատելու համար, թե արդյոք վիճարկվող միջոցառմամբ ապահովվում է անհրաժեշտ արդարացի հավասարակշռությունը, և մասնավորապես՝ արդյոք այն անհամաչափ բեռ է առաջացնում դիմումատուի համար (տե՛ս համապատասխան սկզբունքների ամփոփումը վերևում հիշատակված՝ Վիստինշի և Պերեպյոլկինսի գործում, §§110-114)։
52.Սույն գործով չի վիճարկվում այն, որ ներպետական օրենսդրության համաձայն դիմումատուն ունեցել է լրիվ փոխհատուցում ստանալու իրավունք՝ կազմված նրա գույքի գնահատված շուկայական արժեքից և այդ գումարի լրացուցիչ տասնհինգ տոկոսից: Այնուամենայնիվ, դատարանները դիմումատուին վճարման ենթակա փոխհատուցման գումարի չափը որոշել են՝ բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված գնահատման եզրակացության վրա, որն իր սկզբնական գնահատման մեջ կատարել է փոփոխություններ՝ վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություն: Չնայած այն փաստին, որ դիմումատուն ունեցել է այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու՝ օրենքով նախատեսված հնարավորություն, ըստ երևույթին, գործնականում նա զրկված է եղել այդ հնարավորությունից, քանի որ լիցենզավորված այլ գնահատողներ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց հայեցողական լիազորությունը՝ որոշելու համար դիմումատուի գույքի իրական շուկայական արժեքը, որը, ըստ վերջիններիս պնդման, շատ ցածր էր գնահատվել:
53.Դատարանը նկատում է, որ օգտագործելով անշարժ գույքի գնահատման համեմատական մեթոդը՝ փորձագետները դիմումատուի հողի արժեքը որոշել են օտարման նույն գոտում գտնվող այլ հողամասերի վաճառքի գների հետ համեմատությամբ։ Դատարանը հաշվի է առնում իր վերոնշյալ եզրահանգումն այն մասին, որ համապատասխան ներպետական դրույթները բավականաչափ կանխատեսելի են եղել այն մասով, որ պրոֆեսիոնալ փորձագետը պետք է օրինականորեն ազատ լինի անշարժ գույքի գնահատման համապատասխան մեթոդն ընտրելու հարցում (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, այնպիսի իրավիճակում, երբ դիմումատուի հողի շուկայական արժեքը որոշվել է նույն տարածքում գտնվող հողամասերի վաճառքի գների հիման վրա, չի կարելի բացառել, որ դիմումատուն ստացված փոխհատուցման գումարով չէր կարողանա ձեռք բերել օտարման ոչ ենթակա մեկ այլ տարածքում գտնվող համարժեք հող կամ այն գտնելու հետ կապված առնվազն լուրջ դժվարություններ կունենար:
54.Չսահմանափակելով համապատասխան ներպետական դրույթները և այս հարցերով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը՝ Դատարանը համարում է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով նախատեսված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չի համարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց։ Դատարանի կարծիքով նման իրավիճակ կարող է առաջանալ, մասնավորապես այն դեպքում, երբ այն գույքը, որից զրկվում է անձը, եղել է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրը, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանել այդ կորստին (տե՛ս Լալեմենթն ընդդեմ Ֆրանսիայի [Lallement v. France], թիվ 46044/99, § 18, 2002 թվականի ապրիլի 11. տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Օսմանյանի և Ամիրաղյանի գործը, § 69):
55.Սույն գործում դիմումատուն նշել է, որ ինքը տնտեսապես կախված է եղել նշված հողից, որը եղել է իր եկամտի միակ աղբյուրը (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Այս փաստարկը չի հերքվել պատասխանող Կառավարության կողմից (տե՛ս վերևում՝ 41-43-րդ պարբերությունները)։ Այս հիմնական հայեցակետը, մասնավորապես այն, որ օտարման հետևանքով դիմումատուն կորցրել է իր եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից՝ հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում։ Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների և ակնկալվող եկամուտների հիման վրա։ Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուի՝ իր ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որպեսզի նա ձեռք բերեր համարժեք հող այն տարածքում, որտեղ նա ապրում էր:
56.Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուն ստիպված է եղել ավելորդ առանձին բեռ կրել։ Հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
57. Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի մասով բողոքել է, որ արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է, քանի որ հակառակորդի կողմից ներկայացված գնահատման եզրակացությունը դատարաններն ընդունել են որպես իր գույքի շուկայական արժեքի հաստատված ապացույց, և որ ինքը հնարավորություն չի ունեցել արդյունավետորեն վիճարկելու այն: Նա,մասնավորապես, պնդել է, որ դատարանները չեն իրականացրել գույքի իրական շուկայական արժեքը որոշելու համար դատական փորձաքննություն նշանակելու՝ օրենքով նախատեսված իրենց հայեցողական լիազորությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուն չի մասնակցել գնահատման գործընթացին և չի կարողացել ներկայացնել իր առարկությունները:
58.6-րդ հոդվածի համապատասխան հատվածն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի արդարացի ... լսումների իրավունք»։
59. Հաշվի առնելով գործի փաստերը, կողմերի դիտողություններն ու դիմումատուին գույքից զրկելու առնչությամբ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում հայտնաբերելու մասին որոշումը՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը։ Հետևաբար այն եզրակացնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առնչությամբ դիմումատուի բողոքների մասով առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
60.Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
61.Դիմումատուն պահանջել է 371954 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում: Ըստ դիմումատուի՝ պահանջվող գումարն արտահայտել է նույն ժամանակահատվածում նույն համայնքի տարածքում հողի վաճառքի ու վարձակալության գները։ Նրա հաշվարկի հիմքում ընկած էր մեկ քառակուսի մետր հողի համար 3000 ՀՀ դրամը։ Դիմումատուն նաև պահանջել է 3000 եվրո (6-րդ հոդվածի խախտման համար) և 7000 եվրո (Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման համար)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
62.Կառավարությունը համարել է, որ դիմումատուն չի ներկայացրել իր նյութական վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող որևէ ապացույց, և որ այդ պահանջը չափազանցված է: Հետևաբար այդ պահանջը պետք է ամբողջությամբ մերժվեր: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, ապա Կառավարությունը համարել է , որ պահանջված գումարները չափազանց մեծ են և որևէ փաստաթղթային ապացույցով հիմնավորված չեն:
63.Հաշվի առնելով հայտնաբերված խախտման բնույթը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուն, անկասկած, կրել է նյութական և ոչ նյութական որոշ վնասներ (տե՛ս, mutatis mutandis, Մոսկալն ընդդեմ Լեհաստանի [Moskal v.Poland], թիվ 10373/05, § 105, 2009 թվականի սեպտեմբերի 15, և վերևում հիշատակված՝ Օսմանյանի և Ամիրաղյանի գործը, § 75)։ Հաշվի առնելով սույն գործի հատուկ հանգամանքները՝ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածով, դիմումատուին շնորհում է 17200 եվրո՝ վնասի բոլոր մասերով։
Բ. Ծախսերը և ծախքերը
64.Դիմումատուն նաև պահանջել է 9800 եվրո՝ որպես հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։
65.Կառավարությունը նշել է, որ դիմումատուն որևէ մանրամասն փաստաթուղթ չի ներկայացրել, ինչպես պահանջվում է Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնով, և ուստի սույն պահանջը պետք է մերժվի: Ամեն դեպքում, գումարը պետք է նվազեցվի։
66.Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի մասով պահանջը` համապատասխան հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
67.Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1.Հայտարարում է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով բողոքն ընդունելի.
2.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
3.Վճռում է, որ Կոնվենցիայի 6–րդ հոդվածի մասով բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա, և գանգատը մնացած մասով հայտարարում է անընդունելի.
4.Վճռում է, որ՝
ա)պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում նյութական և ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 17200 եվրո (տասնյոթ հազար երկու հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ)վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5.Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի փետրվարի 14-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ Քսենյա Տուրկովիչ Նախագահ
