ՕՅԱ ԱՏԱՄԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԸ
2006թ. դեկտեմբերի 5-ի վճիռը
CASE OF OYA ATAMAN v. TURKEY
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմողը ծնվել է 1970 թվականին և ապրում է Ստամբուլում:
5. 2000թ. ապրիլի 22-ին դիմողը, մասնագիտությամբ` իրավաբան, Մարդու իրավունքների ընկերակցության ղեկավար խորհրդի անդամ, երթի ձևով ցույց էր կազմակերպել Ստամբուլի Սուլթան Ահմեդի հրապարակում, որին հաջորդել էր ուղերձը մամուլին բողոքելով «F» տեսակի բանտերի հետ կապված ծրագրերի դեմ:
6. Կեսօրին մոտ, 40-50 անձից կազմված խումբը, պաստառներ ու ցուցանակներ ծածանելով, դիմողի և իրավաբան, Ստամբուլի Մարդու իրավունքների ընկերակցության ղեկավար Էրեն Քեսքինի առաջնորդությամբ հավաքվել էր հրապարակում: Ոստիկանությունը նրանց խնդրել էր ցրվել ու դադարեցնել հավաքը և բարձրախոսով հայտարարել, որ ցույցն անօրինական է, քանի որ դրա մասին նախապես իրազեկում չի ներկայացվել, և որ օրվա ծանրաբեռնված ժամին կարող է հասարակական կարգի հետ կապված խնդիրներ առաջացնել:
7. Ցուցարարները չէին ենթարկվել և փորձել էին շարունակել երթը` շարժվելով ոստիկանության դեմ հանդիման. ոստիկանությունը ցրել էր խումբը` կիրառելով, այսպես կոչված, «փեփփըր սփրեյ» տեսակի արցունքաբեր գազ:
8. Դիմողի ինքնությունը ստուգելուց հետո, ինչպես նաև հաշվի առնելով նրա մասնագիտությունը, ցերեկվա ժամը 12.45-ին ազատ էր արձակվել:
9. 2000թ. ապրիլի 26-ին դիմողը Ստամբուլի ոստիկանության և համապատասխան ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու հարցով դիմել էր Բեյօղլուի դատախազություն` հայտնելով, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել` «փեփփըր սփրեյ» օգտագործելու, անօրինական ձերբակալվելու և նախատեսված` ցույցի ավարտին հրապարակային հայտարարություն անելու հնարավորությունից զրկվելու ձևով:
10. 2000թ. հունիսի 29-ին դատախազությունը կարճել էր վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով:
11. 2000թ. հուլիսի 25-ին դիմողը դիմել էր Բեյօղլու Ասսիզի դատարան` այդ որոշումը բեկանելու խնդրանքով:
12. 2000թ. սեպտեմբերի 25-ին Ասսիզի դատարանն անփոփոխ էր թողել որոշումը` հիմքերի բացակայության պատճառով:
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
A. Հանրահավաքների ազատության մասին ներպետական օրենսդրություն
1. Սահմանադրական երաշխիքներ
13. Սահմանադրության 34-րդ հոդվածը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անցկացնելու անզեն և խաղաղ հանրահավաքներ, ցույցեր և երթեր` առանց նախնական թույլտվության:
...
Հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացնելու իրավունքի իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով»:
2. Ցույցերի մասին օրենքը
14. Տվյալ ժամանակ գործող «Հանրահավաքների և երթերի մասին» օրենքի (Օրենք թիվ 2911) 10-րդ բաժինը սահմանում էր հետևյալը.
«Ցույց անցկացնելու մասին պետք է աշխատանքային ժամերին, ցույցից առնվազն յոթանասուներկու ժամ առաջ, միջոցառման ղեկավար խորհրդի բոլոր անդամների ստորագրությամբ, գրավոր իրազեկել այն տարածքի ղեկավարությանը կամ իշխանություններին, որտեղ այն նախատեսվում է անցկացնել...»:
15. Նույն օրենքի 22-րդ բաժինն արգելում էր ցույցերն ու երթերը բանուկ փողոցներում, պուրակներում, սրբավայրերում և հանրային ծառայությունների տեղակայման վայրերում: Հանրային հրապարակներում կազմակերպված ցույցերը պետք է համապատասխանեին անվտանգության չափանիշներին և չխանգարեին անհատների կամ հանրային տրանսպորտի երթևեկությանը: Եվ վերջապես, 24-րդ բաժինը սահմանում էր, որ այդ օրենքի դրույթներին չհամապատասխանող ցույցերն ու երթերը տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հրամանով հարկադրաբար կցրվեն` ցուցարարներին այդ մասին զգուշացնելուց հետո:
B. Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը
16. «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր 64-րդ լիագումար նիստում (2005թ. հոկտեմբերի 21-22) եզրակացություն էր ընդունել, որում մեկնաբանվում էր հանրահավաքների ազատության բնագավառում օրինաստեղծ աշխատանքի` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուղեցույցները` հրապարակային ցույցերի մասով: Հանձնաժողովն այդ եզրակացությամբ ներկայացրել էր իր մոտեցումն այս հարցի վերաբերյալ մասնավորապես` հանրային վայրերում ցույցեր անցկացնելու մասին նախնական իրազեկման առումով:
«29. Խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մասին նախապես իրազեկելու պահանջի սահմանումն ամեն դեպքում չէ, որ հանգեցնում է իրավունքի խախտման: Իրականում, մի շարք եվրոպական երկրներում նման պահանջ գոյություն ունի: Նախնական իրազեկման պահանջ դնելու անհրաժեշտությունը, որպես կանոն, առաջանում է որոշակի ցույցերի ու հանրահավաքների կապակցությամբ, օրինակ, երբ նախատեսված է երթ անցկացնել մայրուղով կամ հանրահավաք` հրապարակում, որոնց դեպքում ոստիկանությունից կամ իշխանության այլ մարմիններից պահանջվում է ապահովել դրանց անցկացումը` չխոչընդոտելով միջոցառման անցկացումն այնպիսի լիազորությունների միջոցով, որոնց իրավունքը նրանք օրենքով ունեն (օրինակ` երթևեկության կարգավորումը)»:
Այդուհանդերձ, Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ նախնական իրազեկման պահանջը պետք է որևէ կերպ անուղղակի չսահմանափակի խաղաղ հանրահավաքների իրավունքը, ասենք` խիստ մանրամասն և բարդ պահանջներ սահմանելով կամ խիստ դժվար ընթացակարգային պայմաններ դնելով (եզրակացության կետ 30):
C. Արցունքաբեր գազ կիրառելու վերաբերյալ միջազգային կանոնակարգերը
17. 1993թ. հունվարի 13-ի «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մաuին» կոնվենցիայի (այսուհետ` ՔԶԿ) I (5) հոդվածով մասնակից պետություններից յուրաքանչյուրը պարտավորվում է չգործածել քիմիական նյութեր` զանգվածային անկարգությունները զսպելու նպատակով: Արցունքաբեր գազը կամ, այսպես կոչված, «փեփփըր սփրեյը» չեն համարվում որպես քիմիական զենք (ՔԶԿ-ի հավելվածը պարունակում է արգելված քիմիական նյութերի անվանացանկ): Նման մեթոդների կիրառումը թույլատրված է իրավապահպան նպատակներով, այդ թվում` երկրի ներսում զանգվածային անկարգությունները զսպելիս (հոդված II (9) (d)): ՔԶԿ-ն չի սահմանում, թե պետական որ մարմինը կարող է ներգրավվել հասարակական կարգի պահպանման գործում: Դա տվյալ պետության իրավասությունն է:
ՔԶԿ-ն Թուրքիայի համար ուժի մեջ է մտել 1997թ. հունիսի 11-ին:
18. Այնուամենայնիվ, հայտնի իրողություն է, որ այդ նյութերը կարող են առաջացնել այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են` շնչառական խնդիրներ, սրտխառնոց, փսխումներ, շնչափողի, արցունքագեղձերի և աչքերի բորբոքումներ, ջղակծկումներ, կրծքավանդակի ցավեր, մաշկաբորբ կամ ալերգիա: Մեծ չափաբաժինների դեպքում դրանք կարող են հանգեցնել շնչափողի կամ կերակրափողի հյուսվածքների նեկրոզի, թոքերի այտուցի կամ ներքին արյունահոսության (մակերիկամային գեղձի արյունազեղման):
ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԸՆԴՈւՆԵԼԻՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19. Կողմերի ներկայացրած փաստարկների հիման վրա Դատարանը գտնում է, որ դիմումը փաստերի և օրենքի հետ կապված խնդիրներ է հարուցում, որոնք ըստ էության քննություն են պահանջում, հետևաբար, այն չի կարող ակնհայտ անհիմն համարվել` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Անընդունելիության այլ հիմքերի բացակայության արդյունքում Դատարանը դիմումի մնացած մասն ընդունելի է հայտարարում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈւՄ
20. Դիմողը բողոքել է, որ «փեփփըր սփրեյ» անունով հայտնի արցունքաբեր գազը գործածվել էր ցուցարարներին ֆիզիկական անհարմարություններ` արցունքներ և շնչառական դժվարություններ, պատճառելու միջոցով նրանց ցրելու նպատակով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որը սահմանում է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
21. Կառավարությունը նշել է, որ ցուցարարներին ցրելու համար գործածված գազը համապատասխանել է առողջության հետ կապված պահանջներին և միջազգային կոնվենցիաներին: Կառավարությունը պարզաբանել է, որ օգտագործված գազը «օլեո-ռետին կապսիկում» տեսակի էր (ՕԿ), որը հայտնի է «փեփփըր սփրեյ» անվանումով, և փորձագիտական եզրակացություն էր ներկայացրել նյութի վերաբերյալ: Նշել է նաև, որ դիմողը չի ներկայացրել գազի վնասակար հետևանքների մասին վկայող բժշկական եզրակացություն:
22. Դիմողն առարկել է Կառավարության այդ փաստարկի դեմ:
23. Դատարանը կրկնում է, որ համաձայն իր նախադեպային իրավունքի` վատ վերաբերմունքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում ընդգրկելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի խստության նվազագույն աստիճան: Վերաբերմունքը համարվում է «անմարդկային», եթե, ի թիվս այլ հանգամանքների, այն դրսևորվել է դիտավորությամբ, տևել է անընդմեջ մի քանի ժամ և պատճառել է կամ փաստացի մարմնական վնասվածք, կամ էական ֆիզիկական կամ հոգեկան տառապանք: Բացի դրանից, վերաբերմունքը 3-րդ հոդվածի իմաստով «նվաստացնող» որակելու համար Դատարանը կփորձի պարզել` արդյոք վերաբերմունքի նպատակը տվյալ անձին նվաստացնելն ու նսեմացնե՞լն է եղել, և այդ վերաբերմունքը 3-րդ հոդվածին անհարիր կերպով բացասաբար է ազդել է, արդյոք, անձի վրա` հաշվի առնելով վրա հասած հետևանքները (տե՜ս, ի թիվս այլ գործերի, Kudła v. Poland [GC], թիվ 30210/96, կետ 92, ECHR 2000-XI գործը):
24. Դատարանը փաստերը քննության կառնի իր նշանակալի նախադեպային իրավունքի լույսի ներքո (տե՜ս, ի թիվս մի շարք այլ օրինակների, Assenov and Others v. Bulgaria, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1998-VIII, էջ 3288, կետ 93, Selmouni v. France [GC], no. 25803/94, կետ 95, ECHR 1999-V, Raninen v. Finland, 1997թ. դեկտեմբերի 16-ի վճիռ, Reports 1997-VIII, էջեր 2821‑2822, կետ 55, V. v. the United Kingdom [GC], no. 24888/94, կետ 71, ECHR 1999-IX, Chahal v. the United Kingdom, 1996թ. նոյեմբերի 15-ի վճիռ, Reports 1996-V, էջ 1855, կետ 79, Klaas v. Germany, 1993թ. սեպտեմբերի 22-ի վճիռ, Series A no. 269, էջեր 17‑18, կետ 30, և Labita v. Italy [GC], no. 26772/95, կետ 120, ECHR 1999‑IV գործերը):
25. Դատարանն ամենից առաջ կքննի «փեփփըր սփրեյի» օգտագործման հարցը: Դատարանը նշում է, որ գազի այդ տեսակը, որը Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներում գործածվում է ցույցերը վերահսկողության տակ պահելու կամ դրանց վերահսկողությունից դուրս գալու դեպքում` դրանք ցրելու նպատակով, ՔԶԿ-ի հավելվածում թվարկված թունավոր գազերի ցանկում ընդգրկված չէ: Այնուամենայնիվ, գազի այս տեսակի գործածությունը կարող է առաջացնել այնպիսի կողմնակի հետևանքներ, ինչպիսիք են` շնչառական խնդիրներ, սրտխառնոց, փսխումներ, շնչափողի, արցունքագեղձերի և աչքերի բորբոքումներ, ջղակծկումներ, կրծքավանդակի ցավեր, մաշկաբորբ կամ ալերգիա (տե՜ս վերը` կետ 18):
26. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ դիմողը չի ներկայացրել բժշկական որևէ եզրակացություն` ապացուցելու համար այն վնասակար հետևանքները, որ առաջացել էին գազի գործածման արդյունքում: Դիմողը, որ ձերբակալվելուց քիչ անց ազատ էր արձակվել, բժշկական հետազոտման խնդրանք նույնպես չէր ներկայացրել (տե՜ս Kılıջgedik v. Turkey (dec.), no. 55982/00, 1-ը հունիսի, 2004թ.): Հակիրճ` իր նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ դրսևորված վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի գանգատները հիմնավորող չնչին ապացույցներն անգամ բացակայում են:
27. Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈւՄ
28. Դիմողը գանգատվել է, որ խախտվել է ազատ արտահայտվելու և հանրահավաքների իր իրավունքը` նախատեսված` ցույցի ավարտին հրապարակային հայտարարություն անելու հնարավորությունից ոստիկանության կողմից զրկվելու արդյունքում:
Դատարանը շեշտում է, որ գանգատի մասնակի ընդունելիության իր որոշման մեջ այդ բողոքները Կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում քննելու մտադրություն է արտահայտել, որի համապատասխան մասերը սահմանում են.
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք...։
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ... անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու ... կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
29. Կառավարությունը հայտարարել է, որ խնդրո առարկա ցույցը կազմակերպվել էր ապօրինաբար, քանի որ համապատասխան իշխանություններին իրազեկում չէր ուղարկվել: Կառավարությունը նշել է նաև, որ 11-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանափակումներ է նախատեսում խաղաղ հանրահավաքների իրավունքի համար` անկարգությունները կանխելու նպատակով:
30. Դատարանն ի սկզբանե նշել էր, որ կասկածից վեր է, որ առկա է միջամտություն դիմողի` հանրահավաքների իրավունքին: Միջամտությունն ունեցել է իրավական հիմք, մասնավորապես` «Հանրահավաքների և երթերի մասին» օրենքի 22-րդ բաժինը (Օրենք թիվ 2911), հետևաբար` «նախատեսված է եղել օրենքով»` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով: Մնում էր պարզել` միջամտությունն իրավաչափ նպատակ հետապնդե՞լ է, արդյոք, և այն անհրաժե՞շտ է եղել ժողովրդավարական հասարակությունում:
1. Իրավաչափ նպատակի հարցը
31. Կառավարությունը հայտարարել է, որ միջամտությունն իրավաչափ նպատակներ է հետապնդել, ներառյալ` անկարգությունների կանխումը և այլոց իրավունքների պաշտպանությունը:
32. Դատարանը գտնում է` կարելի է համարել, որ վիճարկվող միջոցը հետապնդել է 11-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված իրավաչափ նպատակներից առնվազն երկուսը, մասնավորապես` անկարգությունների կանխումը և այլոց իրավունքների պաշտպանությունը, ավելի ստույգ` հասարակական վայրերում առանց սահմանափակման ազատ տեղաշարժվելու իրավունքը:
2. Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության հարցը
33. Կառավարության կարծիքով` դիմողը հանրային հրապարակում մասնակցել է ցույցի` առանց նախնական իրազեկման և ի խախտումն ներպետական օրենսդրության: Կառավարությունը նաև նշել է, որ այլ ցուցարարների հետ մեկտեղ, դիմողը հրաժարվել էր ենթարկվել ցրվելու հրամանին: Նման հանգամանքներում, ինչպես նաև հաշվի առնելով այսպիսի հարցերում պետություններին տրամադրվող հայեցողության շրջանակը, Կառավարությունը գտել է, որ օրվա ծանրաբեռնված ժամին պուրակում գտնվող քաղաքացիական անձանց սպառնացող վտանգը և ցուցարարների դիմադրությունն արդարացնում են խնդրո առարկա միջոցառման մասնակիցներին ցրելու հանգամանքը: Կառավարության կարծիքով` ոստիկանության միջամտությունն անհրաժեշտ միջոց էր` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի իմաստով:
34. Դիմողն առարկել է` նշելով, որ ոստիկանությունը միջամտել է` առանց սպասելու, որպեսզի հայտարարությունն ընթերցվի` պատճառաբանելով, թե խախտվում է հասարակական կարգը:
35. Դատարանն առաջին հերթին հղում է կատարում 11-րդ հոդվածի վերաբերյալ կայացրած վճիռների հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին (տե՜ս հետևյալ գործերը. Djavit An v. Turkey, no. 20652/92, կետեր 56‑57, ECHR 2003‑III, Piermont v. France, 1995թ. ապրիլի 27-ի վճիռ, Series A no. 314, կետեր 76‑77, և Plattform “Ժrzte fՖr das Leben” v. Austria, 1988թ. հունիսի 21-ի վճիռ, Series A no. 139, էջ 12, կետ 32): Այս նախադեպերից պարզ է դառնում, որ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ խաղաղ հանրահավաքների կապակցությամբ` երաշխավորելու ցուցարարների խաղաղ պահվածքը և բոլոր քաղաքացիների անվտանգությունը:
36. Դատարանը նաև նշում է, որ պետությունները պետք է ոչ միայն երաշխավորեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, այլև պետք է ձեռնպահ մնան այդ իրավունքի նկատմամբ անհիմն և անուղղակի սահմանափակումներ կիրառելուց: Եվ վերջապես, Դատարանը գտնում է, որ թեպետ 11-րդ հոդվածի կարևորագույն առարկան պաշտպանության ենթակա իրավունքներին հանրային իշխանությունների կամայական միջամտությունից անհատին պաշտպանելն է, կարող են նաև դրական պարտավորություններ սահմանվել` երաշխավորելու համար այդ իրավունքներից արդյունավետ օգտվելու հնարավորությունը (տե՜ս վերոհիշյալ Djavit An գործը, կետ 57):
37. Նախևառաջ, Դատարանը գտնում է, որ այս սկզբունքները կիրառելի են նաև հանրային վայրերում կազմակերպված ցույցերին ու երթերին: Սակայն միաժամանակ նշում է, որ 11-րդ հոդվածի ոգուն հակառակ չէ, եթե Բարձր պայմանավորվող կողմը, ելնելով հասարակական կարգի և ազգային անվտանգությանն սպառնացող ենթադրյալ վտանգը կանխելու նկատառումներից, որոշում է, որ ցույցերի անցկացումը պետք է նախապես թույլատրվի, և կանոնակարգում է միավորումների գործողությունները (տե՜ս վերոհիշյալ Djavit An գործը, կետեր 66‑67):
38. Ներպետական օրենսդրության առումով Դատարանը նկատում է, որ հանրային ցույցեր անցկացնելու համար թույլտվություն չի պահանջվում. տվյալ ժամանակ, այնուամենայնիվ, սահմանված է միջոցառումից առնվազն յոթանասուներկու ժամ առաջ իրազեկելու պահանջ: Սկզբունքորեն, նման կարգի պահանջները պետք է չպարունակեն խաղաղ հանրահավաքների ազատության քողարկված սահմանափակումներ, քանի որ այդ ազատությունը պաշտպանվում է Կոնվենցիայով: Անշուշտ, հանրային վայրում անցկացվող ցանկացած ցույց կարող է առօրյա կյանքի որոշակի խաթարում առաջ բերել և հակադրությունների հանգեցնել: Այդ պատճառով, կարևոր է, որպեսզի միավորումները և ցույցերի այլ կազմակերպիչները, որպես ժողովրդավարական գործընթացի դերակատարներ, հարգեն այդ գործընթացը կարգավորող կանոնները` ենթարկվելով գործող պահանջներին:
39. Իրազեկման բացակայությունը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ ցույցն անօրինական էր. փաստ, որը դիմողը ևս չէր ժխտում: Սակայն Դատարանը նշում է, որ իրադրության անօրինականությունը չի արդարացնում հավաքների ազատության իրավունքի ոտնահարումը (տե՜ս Cisse v. France գործը, no. 51346/99, կետ 50, ECHR 2002‑III (հատվածներ)): Տվյալ դեպքում, սակայն իրազեկումն իշխանություններին հնարավորություն կտար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նվազագույնի հասցվեր օրվա ծանրաբեռնված ժամին ցույցի պատճառով առաջացած երթևեկության խաթարումը: Դատարանի կարծիքով, կարևոր է ձեռնարկել անվտանգության կանխարգելիչ միջոցներ, ինչպես, ասենք, ցույցի վայրում շտապօգնության ծառայությունների ներկայության ապահովումը` ցանկացած միջոցառման, ցույցի կամ այլ հանրահավաքի սահուն ընթացքն ապահովելու համար, անկախ նրանից` միջոցառումը քաղաքակա՞ն է, մշակութայի՞ն, թե` այլ բնույթի:
40. Դատարանին ներկայացված ապացույցներից պարզ է դառնում, որ ցուցարարների խմբին քանիցս տեղեկացրել են, որ իրենց երթն անօրինական է և օրվա ծանրաբեռնված ժամին այն կարող է խաթարել հասարակական կարգը, և կարգադրել են ցրվել: Դիմողը և մյուս ցուցարարները չեն ենթարկվել անվտանգության ուժերի հրամաններին և փորձել են ուժով ճանապարհ հարթել:
41. Այդքանով հանդերձ, չկան ապացույցներ, որ խնդրո առարկա խումբը վտանգ է ներկայացրել հասարակական կարգի համար, չհաշված երթևեկության խաթարման հանգամանքը: Խմբում եղել է առավելագույնը հիսուն մարդ, ովքեր ցանկացել են ուշադրություն հրավիրել կարևոր խնդրի վրա: Դատարանը գտնում է, որ երթն սկսվել է կեսօրին մոտ և ավարտվել կես ժամ անց` խմբի ձերբակալմամբ: Դատարանին հատկապես զարմացնում է Մարդու իրավունքների ընկերակցության կազմակերպած ցույցը դադարեցնելու հարցում իշխանությունների դրսևորած շտապողականությունը:
42. Դատարանի կարծիքով` այն դեպքերում, երբ ցույցերը զուգորդված չեն բռնարարքներով, հանրային իշխանությունների համար կարևոր է որոշակի հանդուրժողականություն հանդես բերել խաղաղ հավաքների նկատմամբ, այլապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության սկզբունքը կիմաստազրկվի:
43. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով ոստիկանության հարկադրական միջամտությունը` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի երկրորդ մասի իմաստով, եղել է ոչ համարժեք և ոչ անհրաժեշտ` անկարգությունները կանխելու համար:
44. Հետևաբար, տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈւՄԸ
45. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
46. Դիմողը որպես նյութական վնասի փոխհատուցում պահանջել է 1,190.83 եվրո` ցույցի օրը վեց ժամ շարունակ աշխատելու հնարավորությունից զրկված լինելու համար, և 20.000 եվրո` ըստ նրա` իր կրած բարոյական վնասի փոխհատուցման համար:
47. Կառավարությունն առարկել է այդ պահանջների դեմ:
48. Դատարանը չի տեսնում պատճառական կապ ճանաչված խախտման և ներկայացված նյութական վնասի միջև, և մերժում է այդ պահանջը: Բացի դրանից, բարոյական վնասի առնչությամբ Դատարանը գտնում է, որ դիմողը բավարար չափով փոխհատուցվել է` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտումը ճանաչելու արդյունքում:
B. Ծախքեր և ծախսեր
49. Դիմողը պահանջել է նաև 8,051.77 եվրո` որպես Դատարանում գործը ներկայացնելու հետ կապված ծախքերի ու ծախսերի փոխհատուցում:
50. Կառավարությունն այդ գումարը չափազանցված է համարել:
51. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` ծախքերի և ծախսերի փոխհատուցում կարող է սահմանվել միայն այն դեպքերում, երբ դրանք փաստացի և անհրաժեշտաբար կատարվել են դիմողի կողմից և չափի առումով ողջամիտ են (տե՜ս Nikolova v. Bulgaria [GC], no. 31195/96 գործը, կետ 79, ECHR 1999‑II): Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմողը կատարված ծախքերը և ծախսերը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել: Այնուամենայնիվ, փաստ է, որ սույն գործով նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ որոշակի ծախքեր կատարվել են: Հետևաբար, գործելով անկողմնակալորեն, Դատարանը որոշում է, որ դիմողին պետք է վճարվի 1.000 եվրո` որպես ծախքերի և ծախսերի փոխհատուցում:
C. Տուգանային տոկոսներ
52. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է հայտարարում գանգատի մնացած մասը,
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում,
4. Վճռում է, որ խախտման ճանաչումն ինքնին հանդիսանում է բավարար արդարացի փոխհատուցում դիմողի կրած ոչ նյութական վնասների համար:
5. Վճռում է, որ.
(a) Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին որպես ծախքերի և ծախսերի փոխհատուցում պետք է վճարի 1.000 (մեկ հազար) եվրո, գումարած այդ գումարից գանձման ենթակա բոլոր տեսակի հարկային պարտավորությունների գումարը, որոնք պետք է հաշվվեն թուրքական լիրայով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան,
(b) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,
6. Մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է ֆրանսերենով և գրավոր հրապարակված 2006թ. դեկտեմբերի 5-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
