Կ.-Ն ԸՆԴԴԵՄ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԳՈՐԾԸ
CASE OF K. v. AUSTRIA
(Գանգատ թիվ 47/1992/392/470)
Դատարանի 1993թ. մայիսի 26-ի վճիռը
Ստրասբուրգ
Կ.-ն ընդդեմ Ավստրիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 43-րդ հոդվածի և Դատարանի կանոնակարգի համապատասխան դրույթների համաձայն` նիստ գումարելով որպես Պալատ, հետևյալ դատավորների կազմով` պրն Ռ. Ռիսդալ, Նախագահ
պրն Ռ. Բերնհարդտ, պրն Ֆ. Մաթշեր, պրն Ջ. դե Մայեր, պրն Ջ. Մ. Մորենիլա, պրն Ֆ. Բիգի,
սըր Ջոն Ֆրիլենդ, պրն Ջ. Միֆսուդ Բոնիչի, պրն Ջ. Մակարչիկ,
նաև պրն Մ.-Ա. Էյսեն, Քարտուղար,
1993թ. մայիսի 26-ի դռնփակ խորհրդակցությունից հետո ընդունել է հետևյալ վճիռը:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործը Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի («Հանձնաժողով») կողմից Դատարան է հանձնվել 1992թ. դեկտեմբերի 11-ին՝ Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին կետով և 47-րդ հոդվածով նախատեսված եռամսյա ժամկետում: Գործի համար առիթ է հանդիսացել, Կոնվենցիայի 25-րդ հոդվածի համաձայն Ավստրիայի քաղաքացի պրն. Կ.-ի կողմից 1989թ. նոյեմբերի 27-ին ընդդեմ Ավստրիայի Հանրապետության Հանձնաժողով ներկայացված գանգատը (թիվ 16002/90): Դիմողը դատարանին խնդրել է իր ինքնությունը չհրապարակել:
Հանձնաժողովի առաջարկը հիմնվում էր 44-րդ և 48-րդ հոդվածների և այն հայտարարության վրա, որով Ավստրիան ճանաչում էր Դատարանի պարտադիր իրավազորությունը (46-րդ հոդված): Առաջարկվում էր որոշել` թե արդյո՞ք գործի հանգամանքները վկայում են պատասխանող պետության կողմից 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով և 6-րդ ու 10-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունների խախտման մասին:
2. Ի պատասխան Դատարանի կանոնակարգի 33-րդ կանոնի 3(d) կետի համաձայն կատարված հարցման՝ դիմողը հայտարարել է, որ ինքը ցանկություն ունի մասնակցելու դատավարությանը, և նշանակել է իր շահերը ներկայացնող փաստաբանին (30-րդ կանոն), որին Դատարանի նախագահը թույլ է տվել օգտագործել գերմաներենը (27-րդ կանոնի 3-րդ կետ):
3. Պալատը կազմավորվել է՝ ներառելով ex officio պրն Ֆ. Մաթշերին՝ Ավստրիայից ընտրված դատավոր (Կոնվենցիայի 43-րդ հոդված), և պրն Ռ. Ռիսդալին` Դատարանի նախագահ (21-րդ կանոն, կետ 3(b)): 1993 թ. հունվարի 29-ին Դատարանի նախագահ պրն Ռ. Ռիսդալը՝ Քարտուղարի ներկայությամբ, վիճակահանությամբ որոշել է մյուս 7 անդամներին, մասնավորապես` իրեն, պրն Ջ. դե Մայերին, պրն Ջ. Մ. Մորենիլային, պրն Ֆ. Բիգիին, սըր Ջոն Ֆրիլենդին, պրն Ջ. Միֆսուդ Բոնիչիին և պրն Ջ. Մակարչիկին (Կոնվենցիայի 43-րդ հոդված և Կանոնակարգի 21-րդ կանոն, 4-րդ կետ):
4. Պրն Ռիսդալն ստանձնել է Պալատի նախագահի պաշտոնը (21-րդ կանոն, 5-րդ կետ) և Քարտուղարի միջոցով խորհրդակցել Ավստրիական կառավարության («Կառավարություն») ներկայացուցչի, Հանձնաժողովի պատվիրակի և դիմողի փաստաբանի հետ՝ դատավարության կազմակերպման հարցով (37-րդ կանոն, 1-ին և 38-րդ կետեր):
5. Ապրիլի 27-ին՝ Կառավարությունը և մայիսի 5-ին՝ պրն Կ.-ի փաստաբանը Քարտուղարին են հանձնել իրենց միջև կնքված համաձայնագրի տեքստը:
Նրանց հետ խորհրդակցելուց հետո (49-րդ կանոն, 2-րդ կետ) Հանձնաժողովի պատվիրակը 1993թ. մայիսի 14-ին հանձնել է իր բացատրությունները:
6. Մայիսի 25-ին Քարտուղարը Կառավարության կողմից տեղեկություն է ստացել Ավստրիայի քրեական դատավարության օրենսգրքի վիճելի հոդվածների փոփոխությունների մասին օրինագծի վերաբերյալ: Սույն տեղեկությունն ստանալու համար նա դիմել էր նրանց մայիսի 17-ին:
7. Մայիսի 26-ին Դատարանը որոշել է գործի քննությունը կազմակերպել առանց լսումների՝ ելնելով նրանից, որ առկա են սովորական ընթացակարգից շեղվելու պայմանները (26-րդ և 38-րդ կանոններ):
ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
8. 1989թ. դիմողը մեղադրվել է մի զույգից՝ պրն և տկն Ու.-եր, հերոին գնելու մեջ, որոնք իրենց հերթին հետապնդվում էին թմրանյութերի անօրինական վաճառքի համար: Նա իրեն մեղավոր չի ճանաչել Լինցի շրջանային դատարանում (Bezirksgericht), որը 1989թ. մայիսի 19-ին հետաձգել է դատը: 1989թ. մայիսի 30-ին Լինցի մարզային դատարանը (Landesgericht) դատակոչել է նրան ցուցմունք՝ տալու պրն և տկն Ու.-երի դատաքննության ընթացքում: Իր դեմ հարուցված գործի անավարտ լինելու պատճառով նիստի ժամանակ պրն Կ.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց: Այնուհետև դատարանը որոշել է, որ նա լռելու իրավունք չունի (Քրեական դատավարության օրենսգրքի 153 հոդված): Իսկ երբ նա շարունակել է հրաժարվել ցուցմունք տալուց, դատարանը նախ 3,000 շիլլինգի չափով տուգանք է նշանակել, այնուհետև նրան հնգօրյա բանտարկության է դատապարտել:
Դիմողը գտնվել է բանտում 1989թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը և տուգանքը վճարել է 1990թ. մարտի 6-ին: 1989թ. հունիսի 2-ին Լինցի վերաքննիչ դատարանը (Oberlandesgericht) մերժել է նրա գանգատի ընդունումը (Beschwerde): 1990թ. հունվարի 25-ին, երբ դիմողը նորից է հարցաքննվել պրն և տկն Ու.-երի դատավարության կապակցությամբ, նա ընդունել է, որ երկու անգամ հերոին է գնել նրանցից:
9. Միջնորդությունների համար նախատեսված ժամանակահատվածում Գլխավոր դատախազությունը (Generalprocuratur), ելնելով օրենքի շահերից (Nichtigkeitsbeschwerde zur Wahrung des Gezetzes), բողոք է ներկայացրել դիմողի բանտարկության կարգադրության դեմ: Գերագույն դատարանը (Oberster Gerichtshov) 1990թ. դեկտեմբերի 19-ին մերժել է այդ դիմումը՝ գտնելով, որ, ըստ էության, մարզային դատարանը չէր գերազանցել իր լիազորությունները:
ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
10. Պրն Կ.-ն դիմել է Հանձնաժողովին 1989թ. նոյեմբերի 27-ին: Նա հայտարարել է, որ դատավարությունը, որի արդյունքում տուգանք է նշանակվել, խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մասնավորապես 3-րդ կետի «a»-«c» ենթակետերը, և որ այնպիսի հայտարարություններ անելու պարտավորությունը, որոնք կարող են հանգեցնել իր քրեական պատասխանատվությանը, հակասում է 6-րդ հոդվածի 1-ին կետին: Նա բողոքել է նաև իրեն կալանավորելու, ինչպես նաև դատական կարգով այդ հարցը վերանայելու որևէ հնարավորություն չլինելու դեմ (5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետեր):
11. 1992թ. փետրվարի 18-ին Հանձնաժողովը դիմողի գանգատը (թիվ 16002/90) ընդունելի է հայտարարել: Այն որոշել է քննել վկայություն տալու պարտավորության վերաբերյալ գանգատը նաև 10-րդ հոդվածի հիման վրա: 1992թ. հոկտեմբերի 13-ին իր (հիմնված 31-րդ հոդվածի վրա) զեկույցում հանձնաժողովը հետևյալ կարծիքն է արտահայտել.
ա) յոթ ձայնով՝ ընդդեմ հինգի, ընդունվել է, որ 6-րդ հոդվածը կիրառելի չէր այն դատավարության նկատմամբ, որի արդյունքում տուգանք է նշանակվել,
բ) տասը ձայնով՝ ընդդեմ երկուսի, ընդունվել է, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում՝ դիմողին լուռ մնալու թույլտվությունը մերժելու մասով,
գ) տասնմեկ ձայնով՝ ընդդեմ մեկի, ընդունվել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետով նույն մասի կապակցությամբ խախտում տեղի չի ունեցել,
դ) տասը ձայնով՝ ընդդեմ երկուսի, ընդունվել է, որ 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ
12. 1993թ. ապրիլի 27-ին Դատարանն Ավստրիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացել է Կառավարության ներկայացուցչի և պրն Կ.-ի փաստաբանի կողմից ստորագրված՝ ստորև բերված համաձայնագրի տեքստի պատճենը.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայումս անավարտ դատավարությանը մասնակցող կողմերը եկել են հետևյալ հաշտության համաձայնության.
1. Ավստրիայի Հանրապետությունը պարտավորվում է ի բավարարումն տվյալ գանգատից ելնող բոլոր հնարավոր պահանջների` դիմողին վճարել 18,000 շիլլինգ գումար՝ իբրև կալանքի համար փոխհատուցում. հավելյալ 103,460.40 շիլլինգ՝ որպես դատական ծախսեր:
2. Դիմողը հայտարարում է, որ ինքը լիովին բավարարված է վերոհիշյալ գանգատի ելքով:
3. Դիմողը հրաժարվում է վերոհիշյալ գանգատի առարկայից բխող՝ Ավստրիայի դեմ որևէ հետագա պահանջ ներկայացնելու իր իրավունքից»:
Դիմողի փաստաբանն այս համաձայնագիրը հաստատել է Քարտուղարին ուղղված 1993թ. ապրիլի 28-ի նամակով:
13. Դատարանի կանոնակարգի 49-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն խորհրդակցություն է անցկացվել Հանձնաժողովի պատվիրակի հետ: 1993թ. մայիսի 14-ին, Հանձնաժողովի կարծիքին տեղեկանալուց հետո, նա Քարտուղարին է ուղարկել հետևյալ դիտողությունները.
«…
Իր զեկույցում Հանձնաժողովը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում, որը Ավստրիայի քրեական դատավարության օրենսգրքի 153 և 160 [հոդվածների] կիրառման հետևանք է:
Կողմերի առաջարկած հաշտության համաձայնությունն ընդհանրապես չի վերաբերում այդ խնդրին, հետևաբար, կարող էին նորից տեղի ունենալ Կոնվենցիայի նմանատիպ խախտումներ:
Պատվիրակը կասկած է արտահայտել այն կապակցությամբ, թե արդյոք համաձայնությունը կարո՞ղ է համարվել որպես «մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա» արված (տես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 1985թ. սեպտեմբերի 30-ի Կանի վճիռ, Շարք Ա, թիվ 96, էջ 10-11, կետեր 17 և 18): Հետևաբար, նա գտնում է, որ Ավստրիայի կառավարության կողմից ձեռնարկված՝ ընդհանուրի շահին առնչվող որևէ միջոցառման բացակայության պայմաններում գործը չպետք է հանվի ցուցակից, քանի որ այն սկզբունքային կարևոր հարցեր է բարձրացնում»:
14. Նախատեսված օրենսդրական բարեփոխումների կապակցությամբ մայիսի 25-ին Կառավարությունը հայտնել է հետևյալ տեղեկությունը (տես վերը՝ 6-րդ կետ).
«…
Եվրոպական հանձնաժողովի կասկածները, թե արդյո՞ք կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը կարող է համարվել որպես «մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա» արված, և Հանձնաժողովի կարծիքը, թե գործը չպետք է հանվի ցուցակից՝ Ավստրիայի կառավարության ձեռնարկած՝ ընդհանուրի շահին առնչվող որևէ միջոցառման բացակայության պայմաններում, հիմնավորված չեն:
Հաշտության համաձայնության հիմքում ընկած էր այն հետևությունը, որ Եվրոպական դատարանում դատավարությունը շարունակելը ոչ մի նպատակ չունի, քանի որ գանգատի համար առիթ հանդիսացած ներպետական իրավական դիրքորոշումը, միևնույն է, ենթակա է փոփոխման: Ինչ վերաբերում է Հանձնաժողովի արձանագրած՝ 10-րդ հոդվածի խախտմանը, պետք է նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելու մասին 1993թ. օրինագիծը, որը փոփոխում է Քրեական դատավարության օրենսգրքի՝ վկայություն տալուց ազատելու հիմքերը սահմանող 152 (1) հոդվածը, նախատեսում է, որ անձինք, որոնց կողմից կատարված հանցագործության կապակցությամբ հետաքննություն է իրականացվում, կամ որոնց հայտարարությունները կարող են նրանց համար հետապնդման վտանգ հանդիսանալ, պետք է ազատվեն վկայություն տալու պարտավորությունից: Վկան, որի դեմ նույն փաստերի հիման վրա դեռ անավարտ դատավարություն է ընթանում, և որը կարող է իր իսկ՝ որպես վկա արած հայտարարություններով հանգեցնել իր քրեական պատասխանատվությանը, հետևաբար, անվերապահ իրավունք կունենա հրաժարվելու վկայություն տալուց: Սա երաշխավորում է, որ Կոնվենցիայի նույնանման խախտումներ այլևս տեղի չեն ունենա:
Նույնը վերաբերում է Հանձնաժողովի արձանագրած՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտմանը: Բացի այն փաստից, որ հարկադիր պատժամիջոցների [Beugemittel] կիրառումը (տուգանք կամ բանտարկություն) համաձայն փոփոխությունների մասին … օրինագծի՝ այլևս հնարավոր չի լինի նմանատիպ մեկ այլ գործով վկայություն տալուց հրաժարվելու անվերապահ իրավունքի տեսակետից, այդ նախագիծն առաջարկում է նաև այսպիսի պատիժների կիրառումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի 160 հոդվածին հավելել հետևյալ նախադասությունը.
«Այսպիսի հարկադիր պատժամիջոցները պետք է կիրառվեն միայն այն դեպքում, եթե դրանք անհամաչափ չեն քրեական գործի ծանրությանը, վկայի հայտարարությունների կարևորությանը կամ նրա անձնական հանգամանքներին»:
Ավելին, 1993թ. հունվարի 1-ից սկսած ազատազրկման դատապարտումը կարող է բողոքարկվել Գերագույն դատարան՝ անձի ազատության հիմնարար իրավունքի խախտման հիմքով…, եթե պաշտպանության որևէ այլ իրավական միջոց (դեռ) գոյություն չունի: (Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ազատազրկումը կիրառվում է առաջին ատյանի կամ մարզային դատարանում, կամ վերաքննիչ դատարանում դատավարությունների ընթացքում):
… Օրինագիծը պետք է խորհրդարանում քննարկվի 1993թ. հուլիսին, որից հետո հնարավոր է, որ այն ուժի մեջ մտնի 1994թ. հունվարի 1-ին:
…»
Կառավարությունը ներկայացրել է նաև առաջարկված նոր դրույթի տեքստը.
«19. 152 հոդվածը կունենա հետևյալ բովանդակությունը.
«Հոդված 152 (1). Վկայություն տալու պարտավորությունից ազատվում են հետևյալ անձինք.
1. Անձինք, որոնք կասկածվում են հանցագործության կատարման մեջ, որի առնչությամբ նրանց նկատմամբ հետաքննություն է իրականացվում, կամ որոնց հայտարարություններն իրենց են ենթարկում քրեական հետապնդման վտանգի:
2. Անձինք, որոնք դատակոչված են՝ վկայելու իրենց հարազատների դեմ (Քրեական օրենսգրքի 27 հոդված), կամ որոնց վկայությունն իրենց հարազատին ենթարկում է քրեական հետապնդման վտանգի. այս դեպքում, եթե անձի կարգավիճակը՝ որպես հարազատ, հիմնված է ամուսնական կապի վրա, նա պահպանում է այդ կարգավիճակը նույնիսկ ամուսնալուծությունից հետո:
3. Անձինք, որոնց 14 տարին լրացած չէ այն ժամանակ, երբ նրանց դատակոչում են վկայություն տալու, եթե հիմքեր կան ենթադրելու, որ նրանք տուժել են այն հանցանքի հետևանքով, որում մեղադրյալի մեղադրվում է:
4. Դատապաշտպանները, փաստաբանները, նոտարները, խնամակալները, հոգեբույժները, հոգեթերապևտները, հոգեբանները, հասարակական աշխատողները և անձինք, որոնք աշխատում են հոգեբանահասարակական խորհրդատվություն տրամադրող և խնամք իրականացնող պաշտոնապես ճանաչված հաստատություններում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնց նրանք տեղեկացել են գործի բերումով:
5. Յուրաքանչյուր անձ` այն հարցի կապակցությամբ, թե ինչ կարգով է նա իրականացրել քվեարկելու իր իրավունքը, քանի որ այդ իրավունքի իրականացումն ըստ օրենքի գաղտնի է:
(2) Այն անձանց հետ, որոնք մասնակցել են (1) 4-րդ կետում նշված անձանց գործունեությանը` իրենց մասնագիտական ուսուցման շրջանակներում, կամ հանդես են եկել իբրև նրանց օգնականներ, պետք է վարվել նույն կերպ:
(3) (1) 4 և (2) կետերում նշված անձանց՝ վկայություն չտալու իրավունքի մերժումը կճանաչվի անվավեր:
(4) Եթե որպես վկա կանչված անձը վերը նշված կապերից մեկի մեջ է մի քանի մեղադրյալներից միայն մեկի հետ, նա կարող է հրաժարվել մյուսների մասին վկայություն տալուց, եթե միայն իր ցուցմունքը հնարավոր չէ առանձնացնել մյուսներին վերաբերող հայտարարություններից: Նույնը կիրառվում է այն դեպքում, երբ ցուցմունք տալուց հրաժարվելու հիմքը վերաբերում է նշված մի շարք փաստերից միայն մեկին:
(5) Քննող դատավորը պարտավոր է մինչև (1) և (2) կետերում նշված անձանց հարցաքննումը, կամ երբ հայտնի է դառնում նրանց՝ վկայություն տալու պարտավորությունից ազատելու որևէ հիմքի մասին, տեղեկացնել նրանց իրենց՝ վկայություն տալուց հրաժարվելու իրավունքի մասին և քննության արձանագրության մեջ գրառել դրա վերաբերյալ նրանց հայտարարությունները: Վկայի հայտարարություններն անընդունելի կլինեն, եթե միայն նա հստակ կերպով չի հրաժարվել վկայություն տալուց հրաժարվելու իր իրավունքից»:
20. 153 (1) հոդվածի՝ փակագծերի մեջ առնված արտահայտությունը պետք է լինի. «(հոդված 152 (1) 2)». «քրեական հետապնդում» բառերը պետք է հանվեն:
21. 160 հոդվածին պետք է հավելվի հետևյալ նախադասությունը.
«Այսպիսի հարկադիր պատժամիջոցները պետք է կիրառվեն միայն այն դեպքում, եթե դրանք անհամաչափ չեն քրեական գործի ծանրությանը, վկայի հայտարարությունների կարևորությանը կամ նրա անձնական հանգամանքներին»:
15. Դատարանը նշում է, որ խախտման հնարավորությունը, որն առաջանում է ոչ թե ինքնին ներպետական օրենքից, այլ նրանից, թե ինչպես են պետական պաշտոնյաները կիրառում կամ կարող են կիրառել դրանք կոնկրետ դեպքում, չի կարող ինքնին արդարացնել գործը ցուցակից հանելու մերժումը: Ավելին, դա հաստատվում է այս կապակցությամբ Դատարանի ունեցած փորձով:
Բացի դրանից, պետք է նշել, որ Ավստրիական կառավարությունն օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, որը նախատեսում է, inter alia, փոփոխություն մտցնել Քրեական դատավարության օրենսգրքի (Strafprozebanderungsgesetz 1993) 152, 153 և 160 հոդվածներում: (im Sinne) սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ նոր նախագծի դրույթները կապահովեն վկայություն տալուց հրաժարվելու իրավունքն այն դեպքում, երբ հարցաքննվող անձն իրեն քրեական պատասխանատվության վտանգի է ենթարկում: Այս դրույթների ընդունումը կբացառի հասարակական քաղաքականության որևէ պատճառաբանությամբ գործի վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու հնարավորությունը:
Համապատասխանաբար, Դատարանը, հաշվի առնելով Կառավարության և պրն Կ.-ի միջև կնքված հաշտության համաձայնագիրը, տեղին է համարում գործը հանել ցուցակից:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Վճռել է գործը հանել ցուցակից:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով, ծանուցված է գրավոր կարգով 1993թ. հունիսի 2-ին՝ Դատարանի կանոնակարգի 55-րդ կանոնի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
Մարկ-Անդրե Էյսեն |
Ռոլֆ Ռիսդալ | |
Քարտուղար |
Նախագահ |
