ԿՈՐՈԳՈԴԻՆԱՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. դեկտեմբերի 30-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1931թ. և ապրում է Օրյոլում:
A. Քրեական վարույթը
6. 2000թ. հոկտեմբերի 21-ին դիմողը շտապօգնություն է կանչել իր որդու համար, ով այդ ժամանակ քառասուներկու տարեկան էր: Նա ջերմում էր և գանգատվում կրծքավանդակի շրջանում ցավերից: Զննումից հետո բուժքույրը հաստատել է, որ նա տառապում է միջկողային նյարդացավով (նևրալգիայով), որը սարսափելի ցավ է առաջացնում:
7. 2000թ. հոկտեմբերի 22-ին պրն Կորոգոդինը քննվել է գլխավոր բժշկի կողմից, ով եզրակացրել է, որ նա տառապում է պիելոնեֆրիտով և խորհուրդ տվել նրան գնալ հիվանդանոց: Հիվանդանոցում պրն Կորոգոդինը ենթարկվել է բժշկական հետազոտության, այդ թվում ԷԿԳ-ի, երիկամների, լյարդի և թոքերի ռենտգենի: Բժիշկները, ովքեր զննել են նրան, հաստատել են միջկողային նյարդացավի ախտորոշումը: Պրն Կորոգոդինը դուրս է գրվել հիվանդանոցից:
8. 2000թ. հոկտեմբերի 23-ին գլխավոր բժիշկը կրկին զննել է պրն Կորոգոդինին և ախտորոշել օստեոխոնդրոզ: Հետագայում, Մ.-ն` դիմողի ընտանիքին ծանոթ բժիշկը, զննելով պրն Կորոգոդինին` նրա մոտ ախտորոշել է թոքաբորբ և խորհուրդ է տվել նրան գնալ հիվանդանոց: Օրյոլի Ժելեզնոդորոժնի հիվանդանոց ժամանելուն պես պրն Կորոգոդինին տեղափոխել են ինտենսիվ խնամքի բաժանմունք:
9. 2000թ. հոկտեմբերի 27-ին պրն Կորոգոդինը մահացել է հիվանդանոցում: Համաձայն դիահերձման եզրակացության` նրա մահվան պատճառը սրտանոթային անբավարարությամբ առաջացած թոքերի բորբոքումը և թարախային պլևրիտն էին:
B. Պրն Կորոգոդինի մահվան կապակցությամբ քննությունը
10. 2000թ. նոյեմբերի 24-ին և 2001թ. հունվարի 10-ին դիմողը խնդրել է տեղական դատախազությանը քննություն անցկացնել` պնդելով, որ իր որդու հիվանդության սկզբնական շրջանում բժիշկների` ճշգրիտ ախտորոշում չկատարելը դարձել է նրա մահվան պատճառը:
11. Ի պատասխան դիմողի բողոքների` Օրյոլ քաղաքի դատախազի օգնականն անցկացրել է հարցաքննություն: Այդ ընթացքում հասարակական առողջապահության տարածքային վարչությունն ստեղծել է հանձնաժողով, որի կազմում էին մասնագետներ այն բժշկական հաստատություններից, որտեղ դիմողի որդին բուժման էր ենթարկվել: Հանձնաժողովը հարցաքննել է այն բժիշկներին, որոնք առնչություն են ունեցել պրն Կորոգոդինի բուժման հետ, և եզրակացրել, որ բժիշկներն ապահովել են պատշաճ բժշկական ծառայություն:
12. 2001թ. հունվարի 21-ին դիմողը ներկայացրել է պրն Կորոգոդինի հիվանդության պատմությունը և ռենտգենյան փորձաքննության արդյունքները: Անցկացվել է լրացուցիչ քննություն: 2001թ. հունվարի 24-ին դիմողը դատախազությանը ներկայացրել է մեկ այլ բողոք:
13. 2001թ. մարտի 6-ին դատախազի օգնականը հրաժարվել է քննություն սկսել բժիշկների դեմ` հանցակազմի բացակայության պատճառով: Նա նշել է, որ դիմողի որդու մահն առաջացել է թոքաբորբի արագ զարգացման և թուլացած իմունիտետի արդյունքում: Դատախազի օգնականն անդրադարձել է հասարակական առողջապահության տարածքային վարչության ստեղծած Հանձնաժողովի կողմից արված եզրակացություններին: Դիմողը դիմել է վերադաս դատախազին:
14. 2001թ. ապրիլի 16-ին տարածքային դատախազը կարճել է 2001թ. մարտի 6-ի որոշումը և հրամայել է քննություն անցկացնել: Դատախազը նշել է, որ, ըստ էության, Հանձնաժողովն անկողմնակալ չի եղել: Նա բնորոշել է Հանձնաժողովի եզրակացությունը որպես ոչ վերջնական և հակասական:
15. 2001թ. մայիսի 7-ին դիմողը քննությամբ ճանաչվել է հանցանքի զոհ: Նրան ծանուցվել է իր իրավունքների, այդ թվում` հիվանդանոցի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքի մասին:
16. 2001թ. հունիսի 19-ին քննիչը հանձնարարել է դատաբժշկական փորձագետին` պարզել` թե արդյոք պրն Կորոգոդինն ստացել է համապատասխան բուժում:
17. 2001թ. հուլիսի 16-ին քննիչն անհնարին է համարել բոլոր պատասխանատու անձանց բացահայտումը և կասեցրել է քննությունը: 2002թ. փետրվարի 4-ին տարածքային դատախազը հուլիսի 16-ի որոշումը հայտարարել է ապօրինի և կարճել այն:
18. Անհայտ ամսաթվի դատաբժշկական փորձագետներն ավարտել են փորձաքննությունը և ներկայացրել իրենց եզրակացությունները դատախազությանը: Փորձագետները գտել են, որ առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ պրն Կորոգոդինի մահվան և իրականացված բուժման միջև:
19. 2002թ. մարտի 11-ին քննիչը կարճել է քրեական վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով: Իր եզրակացությունը նա հիմնավորել է բժշկական փորձագիտական եզրակացությամբ և բժիշկների հայտարարություններով, ովքեր բուժում էին պրն Կորոգոդինին: Դիմողը դիմել է վերադաս դատախազին:
20. 2002թ. մարտի 29-ին Քաղաքային դատախազի տեղակալը կարճել է 2002թ. մարտի 11-ի որոշումը: Դատախազի տեղակալը գտել է, որ փորձագետներին չէր հաջողվել ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք բուժումը, որն ստացել էր պրն Կորոգոդինը, եղել էր համապատասխան: Նա անդրադարձել է փորձագետների հայտարարությանը, որ սկզբնական փուլում ծանր հիվանդության ախտորոշումը կարող էր կանխել հիվանդի մահը: Նա նաև նշել է, որ Փ.-ն` բժշկական փորձագետը, կարծիք է հայտնել, որ ռենտգենյան հետազոտությունը պատշաճ կերպով չի իրականացվել: Ի վերջո, դատախազը նշել է, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի քննիչը ռենտգենյան հետազոտության հանգամանքները քննելու համար, որոնց ենթարկվել էր պրն Կորոգոդինը:
21. 2002թ. մայիսի 7-ին քննիչը կրկին կարճել է քրեական վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով:
22. 2002թ. հունիսի 19-ին շրջանային դատախազը կարճել է 2002թ. մայիսի 7-ի որոշումը: Մասնավորապես դատախազը նշել է, որ քննիչին չի հաջողվել պատշաճ ցուցումներ տալ ռենտգենյան հետազոտության հանգամանքներն ուսումնասիրելու համար: Դատախազը կարծիք է հայտնել, որ բժշկական նոր փորձագետի բազմակողմանի գնահատականն անհրաժեշտ է գործի հանգամանքները պարզաբանելու համար:
23. 2002թ. օգոստոսի 7-ին Կուրսկի դատաբժշկական փորձագետների բյուրոն նոր եզրակացություն էր պատրաստել: Փորձագետները որոշակի սխալներ էին նշել, որոնք կատարվել էին բժիշկների կողմից նախքան պրն Կորոգոդինի հիվանդանոցում գտնվելը: Նրանք հետագայում հայտնել էին, որ նա հիվանդանոցում ստացել է համապատասխան բուժում, թեև որոշակի լրացուցիչ միջոցառումներ ևս կարող էին ձեռնարկվել հիվանդանոցի անձնակազմի կողմից:
24. 2003թ. հունվարի 14-ին քննիչը գտել է, որ անհնարին է բացահայտել դրա պատասխանատուներին և կասեցրել է քննությունը:
25. 2003թ. ապրիլի 21-ին միջշրջանային դատախազը որպես անհիմն կարճել է 2003թ. հունվարի 14-ի որոշումը: Քննությունը վերսկսվել է հաջորդ օրը:
26. 2003թ. մայիսի 21-ին միջշրջանային դատախազը կարճել է քրեական վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով: Նրա եզրակացությունները հիմնված էին վկաների, այդ թվում` դիմողի, և պրն Կորոգոդինին բուժող բժիշկների կողմից տրված ցուցմունքների և բժշկական փորձագիտական զեկույցների արդյունքների վրա: Դատախազը եզրակացրել է, որ պրն Կորոգոդինը չէր վերականգնվել նախորդ հիվանդություններից, որոնք բացասաբար էին ազդել նրա իմունային համակարգի վրա և տվյալ հանգամանքներում թոքաբորբի արագ զարգացումը չէր կարող կանխվել:
27. 2003թ. հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը նամակ է ուղարկել Օրյոլի շրջանային դատախազին` նշելով, որ պրն Կորոգոդինի մահվան քննությունը չի եղել ամբողջական: Հետագայում հանձնարարվել է կատարել դատաբժշկական նոր փորձաքննություն բժշկական փորձագետի երկու նախորդ եզրակացություններում պարունակվող կարծիքների միջև առկա տարբերությունը պարզելու նպատակով:
28. 2003թ. նոյեմբերի 18-ին շրջանային դատախազի տեղակալը կարճել է 2003թ. մայիսի 21-ի որոշումը:
29. 2003թ. դեկտեմբերի 24-ին քննիչը հանձնարարել է կատարել դատաբժշկական փորձագետի նոր փորձաքննություն:
30. 2005թ. ապրիլի 25-ին Ռուսաստանի հասարակական առողջապահության և Սոցիալական զարգացածության դաշնային գործակալության դատաբժշկական փորձագիտական գնահատման կենտրոնը կատարել են ամբողջական դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետները նշել են, որ պրն Կորոգոդինի նկատմամբ կատարվել է սխալ ախտորոշում նախքան նրա հիվանդանոց գնալը: Նրանց կարծիքով, այնուամենայնիվ, թույլ տրված սխալները չեն հանդիսացել նրա մահվան պատճառը: Պրն Կորոգոդինը մահացել է «հիվանդության սրման, ուժգնացման և արագ զարգացման» հետևանքով: Վերջապես, նրանք գտել են, որ բժշկական հաստատությունների բժիշկների կողմից պրն Կորոգոդինի բուժումն կատարվել է իրենց մասնագիտական պարտականություններին համապատասխան:
31. 2005թ. հուլիսի 6-ին քննիչը կարճել է քրեական վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով, վկաների ցուցմունքների և բժշկական փորձագիտական եզրակացությունների հիման վրա: Դիմողն այն բողոքարկել է:
32. 2005թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն ընդունել է դիմողի բողոքը և հանձնարարել տեղական դատախազությանը վերսկսել քննությունը:
33. 2005թ. դեկտեմբերի 12-ին տարածաշրջանային դատախազի տեղակալը գտել է, որ քննությունը թերի է և կարճել է 2005թ. հուլիսի 6-ի որոշումը:
34. 2006թ. հունվարի 11-ին քննիչը կարճել է վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով: Քննիչի եզրակացությունը հիմնված էր տասներկու վկաների, այդ թվում` դիմողի, պրն Կորոգոդինին բուժող բժիշկների, նրանց վերադասների և բժշկական փորձագետների ցուցմունքների, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի և դատաբժշկական փորձագիտական եզրակացությունների վրա: Դիմողն այն բողոքարկել է:
35. Նրա բողոքները մերժվել են Օրյոլի տարածաշրջանային դատախազության և Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից համապատասխանաբար` 2006թ. հունվարի 20-ին և հոկտեմբերի 11-ին:
C. Դիմողի կողմից ներկայացված քաղաքացիական պահանջները
1. Վնասի փոխհատուցման պահանջ բժշկական հաստատությունների դեմ
36. 2004թ. մարտի 4-ին դիմողը քաղաքացիական հայց է ներկայացրել այն բժշկական հաստատությունների դեմ, որտեղ բուժվում էր իր որդին: Նա պնդել է, որ, inter alia, իր որդին մահացել է բժիշկների` ճշգրիտ ախտորոշում չկատարելու պատճառով:
37. 2004թ. սեպտեմբերի 21-ին դատարանը հանձնարարել է կատարել դատաբժշկական փորձաքննություն: Եզրակացությունը պատրաստվել է 2006թ. հունիսի 28-ին: Փորձագետները եզրակացրել են, որ պրն Կորոգոդինի բուժման թերությունների և նրա մահվան միջև առկա չէ պատճառահետևանքային կապ: Հետագայում նրանք հայտնել են, որ բուժումը չի վնասել պրն Կարոգոդինին: Նրա մահը եղել է թոքաբորբի պաթոլոգիական զարգացման արդյունք:
38. 2006թ. ապրիլի 17-ին Օրյոլի Սովետսկի շրջանային դատարանը մերժել է դիմողի պնդումները: Դատարանը գտել է, որ 2000թ. հոկտեմբերի 22-ին բժիշկների կողմից պրն Կորոգոդինի վիճակի վերաբերյալ ճշգրիտ ախտորոշում չկատարելը և նրա հիվանդանոցում մնալը հետաձգելը բացասական ազդեցություն չեն ունեցել նրա առողջական վիճակի վրա: Բժիշկների կիրառած ախտորոշման մեթոդները և բուժումը համապատասխան էին, սակայն դրանք չէին կարող կանխել պրն Կորոգոդինի մահը: Դատարանի եզրակացությունը հիմնված էր դիմողի, նրա որդուն բուժող բժշկական անձնակազմի կողմից տրված վկայությունների, չորս դատաբժշկական փորձագիտական եզրակացությունների և քրեական գործի նյութերի վրա:
39. 2006թ. հունիսի 14-ին Օրյոլի շրջանային դատարանն անփոփոխ է թողել 2006թ. ապրիլի 17-ի վճիռը:
2. Վնասի փոխհատուցման պահանջ դատախազության դեմ
40. 2004թ. հունվարի 27-ին դիմողը դատի է տվել Օրյոլի շրջանային դատախազությանը նրա որդու մահվան վերաբերյալ ոչ համարժեք և երկարատև քննության կապակցությամբ պատճառված վնասի համար:
41. 2004թ. մայիսի 20-ին Օրյոլի Սովետսկի շրջանային դատարանը մերժել է դիմողի բողոքները:
42. 2004թ. հուլիսի 7-ին Օրյոլի շրջանային դատարանը անփոփոխ է թողել 2004թ. մայիսի 20-ի վճիռը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
A. Հանրային առողջության պահպանման մասին հիմնարար սկզբունքների օրենսդրություն
43. Պարտավորությունների մասին համապատասխան դրույթներն ապահովում են հետևյալը.
Հոդված 66. Առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման համար հիմքերը
Նրանք, ովքեր պատասխանատու են անձի առողջությանը վնաս պատճառելու համար, պարտավոր են վճարել վերջինիս վնասի փոխհատուցումը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն...
Հոդված 68. Բժիշկների և դեղագործների պարտավորությունները առողջապահության բնագավառում անձանց իրավունքները խախտելու համար
Առողջապահության բնագավառում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս բժշկի կամ դեղագործի կողմից անձանց իրավունքները խախտելու կամ մահ պատճառելու դեպքում վնասի փոխհատուցումը պետք է կատարվի 66-րդ հոդվածին համապատասխան...
Վնասի փոխհատուցումը չպետք է ազատի բժիշկներին և դեղագործներին կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելուց, ինչպես նախատեսում է [դաշնային և տարածաշրջանային] օրենսդրությունը:
B. Քաղաքացիական օրենսգիրք
44. Պատասխանատվության վերաբերյալ ընդհանուր դրույթները հետևյալն են.
Հոդված 1064. Վնաս պատճառելու պատասխանատվության համար ընդհանուր հիմքերը
«1. Անձին կամ անհատի գույքին վնաս պատճառելու դեպքում ... այն պետք է հատուցվի ամբողջովին` վնաս պատճառողի կողմից...
2. Վնաս պատճառողն ազատվում է վնասի փոխհատուցման պատասխանատվությունից, եթե նա ապացուցում է, որ վնասը հասցվել է ոչ իր մեղքով...»:
C. Քրեական օրենսգիրք
45. Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է, որ անձը, ով առաջացրել է այլ անձի մահ` իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և կարող է նաև դատապարտվել առավելագույնը մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման` մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:
D. Քրեական դատավարության օրենսգիրք
46. Եթե քննության փուլում քրեական գործը կարճվել է, տուժողը, ով վարույթին մասնակցում է որպես քաղաքացիական կողմ, կարող է առանձին քաղաքացիական հայց ներկայացնել, եթե վարույթը կարճվել է այն հիմքով, որ` (a) ենթադրյալ հանցանքը չի կատարվել (отсутсвие события преступления) կամ (b) կասկածյալը ներգրավված չի եղել դրա կատարմանը (213-րդ հոդվածի 4-րդ կետ, 24-րդ հոդվածի 1(1) -ին կետ և 27-րդ հոդվածի 1(1) -ին կետ):
47. Եթե մեղադրյալն արդարացվել է դատարանի կողմից այն հիմքով, որ` (a) ենթադրյալ հանցանքը չի կատարվել կամ (b) մեղադրյալը չի մասնակցել դրա կատարմանը, ապա դատարանը մերժում է քաղաքացիական հայցը: Եթե մեղադրյալն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով (24-րդ հոդվածի 1 (2)-րդ կետ), ապա դատարանը մերժում է քաղաքացիական հայցը, սակայն այն կարող է կրկին ներկայացվել քաղաքացիական վարույթների ընթացքում (306-րդ հոդվածի 2-րդ կետ):
ՕՐԵՆՔ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
48. Դիմողը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո բողոքել է, որ նրա որդու մահվան հետ կապված գործի դատաքննության և անհիմն երկարաձգվել է: Դատարանը գանգատը քննում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի տեսանկյունից, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով ...»:
49. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը: Այն ներկայացրել է, որ Ռուսաստանի քննչական և դատական իշխանություններն իրականացրել են մանրակրկիտ, համապարփակ և օբյեկտիվ քննություն դիմողի` իր որդու մահվան պատճառը բացահայտելու բողոքի վերաբերյալ: Դատաբժշկական փորձագետները, որոնց եզրակացությունների վրա էլ հիմնվել են իշխանություններն, եղել են անկախ ու անաչառ, և ներկայացրել են իրենց կարծիքները բոլոր առնչվող նյութերը վերանայելուց հետո: Ինչպես նշվել է, դիմողի որդին ստացել է պատշաճ և համապատասխան բուժում իրավասու բժիշկների կողմից և նրա մահը բժշկական անփութության արդյունք չէ: Քննությունը եղել է արդյունավետ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով:
50. Դիմողը հաստատել է իր բողոքը: Նա պնդել է, որ տվյալ գործը չի եղել խիստ բարդ և, որ ոչինչ չէր խանգարում պաշտոնատար անձանց քննություն իրականացնել:
A. Ընդունելիություն
51. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այն հետագայում նշել է, որ այն անթույլատրելի չէ ցանկացած այլ հիմքով: Հետևաբար` այն պետք է ընդունելի լինի:
B. Արդյունքները
52. Պետության ընթացակարգային (պրոցեսուալ) պարտավորության վերաբերյալ ընդհանուր սկզբունքները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո հանրային առողջության բնագավառում սահմանված են Դատարանի նախադեպային իրավունքում և շարադրված է հետևյալ կերպ (տե՛ս Սիլին ընդդեմ Սլովենիայի [GC], no. 71463 / 01, 2009թ. ապրիլի 9):
«192. Ինչպես նշել է Դատարանը մի քանի առիթներով, 2-րդ հոդվածի դատավարական պարտավորությունը պահանջում է, որպեսզի պետությունները ստեղծեն արդյունավետ, անկախ դատական համակարգ, այնպես, որպեսզի բժշկական խնամքի տակ գտնվող հիվանդների մահվան պատճառը թե՛ հանրային և թե՛ մասնավոր հատվածում հնարավոր լինի բացահայտել և դրա պատասխանատուներին որոշել (տե՛ս Կալվելլին և Ցիգլիոն ընդդեմ Իտալիայի [GC], no. 32967/96, կետ 49, ՄԻԵԴ 2002-I], և Փոուելն ընդդեմ Միացյալ Թագավորության, (dec), no. 45305/99, ՄԻԵԴ 2000-V):
193. Դատարանը կրկնում է, որ այս դատավարական պարտավորությունն արդյունքի պարտավորություն չէ, այլ միայն նշանակության (տե՛ս Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46477/99, կետ 71, ՄԻԵԴ 2002-II):
194. Նույնիսկ եթե Կոնվենցիան չունի երրորդ անձանց դեմ քրեական վարույթ սկսելու իրավունքի երաշխիք, Դատարանը բազմիցս նշել է, որ 2-րդ հոդվածով սահմանված արդյունավետ դատական համակարգը կարող է և, որոշակի պայմաններում, պետք է իր մեջ ներառի քրեական օրենքին դիմելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, եթե կյանքի իրավունքը կամ անձնական ամբողջականությունը խախտվել է ոչ միտումնավոր կերպով, 2-րդ հոդվածով պարտադրված դատավարական պարտավորությունը արդյունավետ դատական համակարգ ստեղծելու վերաբերյալ չի պարտադրում կիրառել քրեական օրենքի միջոցները յուրաքանչյուր գործում (տե՛ս Մաստրոմատեոն ընդդեմ Իտալիայի [GC], no. 37703/97, կետ 90, ՄԻԵԴ 2002-VIII): Բժշկական անփութությանը բնորոշ ոլորտում պարտավորությունը կարող է նույնպես բավարարվել, եթե իրավական համակարգը միջոցներ է ընձեռում տուժողներին քաղաքացիական դատարաններում, քրեական դատարաններում կիրառվող միջոցների հետ մեկտեղ կան առանց դրանց, հնարավորություն տալով պատասխանատվության ենթարկել մեղավոր բժիշկներին և համապատասխան քաղաքացիական փոխհատուցում նշանակել, ինչպես, օրինակ, վնասների փոխհատուցման կարգը: Կարգապահական միջոցները նույնպես կարող են նախատեսված լինել (վերը նշված Կալվելլիի և Ցիգլիոյի գործը կետ 51 և Վո.-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], no. 53924/00, կետ 90, ՄԻԵԴ 2004-VIII]):
195. Ճշգրիտ և արդյունավետ քննության պահանջը ենթադրված է այս համատեքստում: Նույնիսկ այնտեղ, որտեղ կարող են լինել խոչընդոտներ կամ դժվարություններ, որոնք խոչընդոտում են քննության առաջընթացին կոնկրետ իրավիճակում, իշխանությունների կողմից անհապաղ պատասխանը էական նշանակություն ունի իրենց կողմից անօրինական գործողությունները չհանդուրժելու և օրենքի գերակայությունը պահպանելու նկատմամբ հանրության վստահության բարձրացման գործում (տե՛ս վերը նշված Փոլ և Էնդրյու Էդվարդսների գործը, կետ 72): Նույնը վերաբերում է 2-րդ հոդվածին` բժշկական անփութության առումով: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո պետության պարտավորությունը չի կարող բավարարվել, եթե ներպետական օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը գոյություն ունի միայն տեսականորեն. առաջին հերթին, այն պետք է նաև արդյունավետորեն կիրառվի գործնականում և պահանջի գործի անհապաղ քննություն առանց ոչ անհրաժեշտ ձգձգումների (տե՛ս վերը նշված Կալվելլիի և Ցիգլիոյի գործը, կետ 53, Լազարինին և Ղիաչին ընդդեմ Իտալիայի (dec), no. 53749/00, 2002թ. նոյեմբերի 7, և [Բիրզիկովսկին ընդդեմ Լեհաստանի, no. 11562/05, կետ 117, 2006թ. հունիսի 27]):
196. Վերջապես, յուրաքանչյուր առանձին գործում Կոնվենցիայի 2-րդ հոդվածում առկա իրավունքներից բացի, առավել ընդհանուր դրույթները պարտավորեցնում են հիվանդանոցում մահվան վերաբերյալ գործի անհապաղ քննություն անցկացնել: Այս փաստերի և բժշկական միջամտության ընթացքում հնարավոր սխալների կատարման իմացությունը էական է հաստատություններին և բժշկական անձնակազմին հնարավորություն տալու համար վերացնել հնարավոր թերությունները և թույլ չտալու նման սխալները: Նման գործերի արագ քննությունը, հետևաբար, կարևոր է բժշկական ծառայություններից օգտվողների համար (տե՛ս վերը նշված Բիրզիկովսկիի գործը, կետ 117)»:
53. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ Ռուսաստանի իրավական համակարգը հնարավորություն է ընձեռում սկսել քննության, նախաքննության և/կամ վնասների փոխհատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնել քաղաքացիական դատարան` որոշելու համար բժշկական խնամքի տակ գտնվող հիվանդի մահվան պատճառը և դրա պատասխանատուներին: Ավելին, օրենքը նախատեսում է բժիշկներին կարգապահական և վարչական պատասխանատվության ենթարկելը (տե՛ս վերը` կետեր 43-47): Դատարանը, հետևաբար, բավարարված է Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված բավարար իրավական հիմքերով, որոնք նախատեսում են այնպիսի միջոցներ, որոնք, տեսականորեն, համապատասխանում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին: Այնուամենայնիվ, դիմողի բողոքը պատշաճ գնահատելու անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այդ միջոցներն արդյունավետորեն են կիրառվում գործնականում:
54. Այդ կապակցությամբ, Դատարանը նկատում է, որ դիմողն օգտագործել է երկու իրավական միջոց, հիվանդանոցում իր որդու մահվան հանգամանքները պարզաբանելու նպատակով: Նա պահանջել է տեղական դատախազությունից քննություն անցկացնել: Այնուհետև նա քաղաքացիական հայց է ներկայացրել վնասի փոխհատուցման համար:
55. Ինչ վերաբերում է քրեական վարույթին, դիմողը նախնական բողոքը ներկայացրել է դատախազությանը 2000թ. նոյեմբերի 24-ին: Քննության ընթացքում վարույթը կարճվել է 2001թ. մարտի 6-ին: Համապատասխան որոշումը նույնպես, կարճվել է, և քրեական հետապնդումը վերսկսվել է 2001թ. ապրիլի 16-ին: Այն դադարեցվել է գլխավոր դատախազության որոշմամբ` 2006թ. հոկտեմբերի 11-ին` հանցակազմի բացակայության հիմքով:
56. Դատարանն սկզբում նշել է, որ դատախազության աշխատակիցները չափազանց դանդաղ են աշխատել պրն Կորոգոդինի մահվան հանգամանքները քննելու առումով: Շրջանային դատախազը քրեական գործ է բացել միայն 2001թ. ապրիլի 16-ին, այսինքն` դիմողի առաջին բողոքը ներկայացնելուց մոտավորապես հինգ ամիս հետո: Ընդունում ենք, որ իշխանությունների համար որոշակի ժամանակ էր անհրաժեշտ դիմողի պնդումները պարզաբանելու համար: Նրանք հարցաքննել են բժիշկներին և ուսումնասիրել պրն Կորոգոդինի բժշկական փաստաթղթերը (հիվանդության պատմությունը): Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ նախնական քննությունը չի կարող արդարացնել ձգձգումը: Համապատասխանաբար` դրանից հետևում է, որ քննության սկիզբը երկարաձգված է:.
57. Դատարանն ընդունում է, որ քննությունն ունի որոշակի բարդություն և պահանջում է էական ուսումնասիրություն: Դատարանը չի անտեսում այն փաստը, որ դատախազության աշխատակիցները պահանջել են երեք դատաբժշկական փորձագետների եզրակացությունները` որոշելու համար գործի հանգամանքները: Փորձագետների կարծիքները որոշակիորեն տարբերվում են միմյանցից, և պաշտոնյաներն ստիպված էին համաձայնեցնել իրենց ձեռքբերումները: Նրանց հարցաքննել են դիմողին և բոլոր բժիշկներին, ովքեր բժշկական ծառայություն են մատուցել պրն Կորոգոդինին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով առկա նյութերը` Դատարանը չի կարող հաստատել, որ իշխանությունները ողջամիտ քննություն են անցկացրել, և որ միայն գործի բարդությունը բավական է արդարացնելու համար այդպիսի երկարաձգումը:
58. Մասնավորապես, Դատարանը նկատում է, որ քրեական գործը բացելուց հետո դատախազության աշխատակիցները կարճել են դրա քննությունը վեց անգամ: Յուրաքանչյուր անգամ դիմողը բողոքարկել է և հսկողություն իրականացնող դատախազը կարճել է համապատասխան որոշումը և վերսկսել քննությունը` նշելով, որ քննիչը կամ ստորադաս դատախազը լիովին չեն պարզել գործի հանգամանքները: Դատարանը գտնում է, որ գործի նման վերաքննությունը վկայում է քննության լուրջ թերությունների մասին, որոնք անդառնալիորեն երկարաձգել են վարույթը:
59. Վերջապես, Դատարանը նշում է, որ իր որդու մահվանից և քննությունից մոտ երեքուկես տարի անց դիմողը նաև վնասների փոխհատուցում է պահանջել բժշկական հաստատություններից: Համապատասխան քաղաքացիական վարույթը տևել է 2004թ. մարտի 4-ից մինչև 2006թ. հունիսի 14-ը, և գործը վերանայվել է դատարանների կողմից իրավասության երկու ատյաններում: Չնայած Դատարանը չի նկատում քաղաքացիական դատարանների կողմից սույն գործի առնչությամբ էական պասիվություն, այն չի գտնում, որ հարուցված քրեական վարույթը համապատասխան է կամ ունի որևէ որոշիչ ազդեցություն առաջընթացի բացակայության հարցում: Ցանկացած դեպքում դիմողը պետք է ընտրեր իրավական պաշտպանությունը, հետևաբար, եթե նույնիսկ ճիշտ էր այն, որ նրա ընտրությունը կանգ էր առել մի միջոցի վրա, որը պակաս արդյունավետ է, քան մյուսները, դա որևէ կարևորություն չունի (տե՛ս, mutatis mutandis, Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործը, 1979թ. հոկտեմբերի 9, կետ 23, Series A no. 32):
60. Հիշեցնելով, որ քննությունը տևել է գրեթե վեց տարի, վերոհիշյալ եզրակացությունները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ ներպետական մարմինները չեն կարողացել պատասխանել դիմողի բողոքին` բժշկական անփութության հետևանքով նրա որդու մահվան վերաբերյալ: Համապատասխանաբար, այս պարագայում առկա է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
61. Վերջապես, դիմողը բողոքել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո, որ դատախազության դեմ վնասների փոխհատուցման վերաբերյալ իր պահանջի հետ կապված քաղաքացիական վարույթը եղել է անհիմն երկարաձգված: Նա հետագայում գանգատ է ներկայացրել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն, որ ինքը անընդհատ ստիպված է եղել ներկայացնել բողոքներ իր որդու մահվան կապակցությամբ քրեական քննության ընթացքում պաշտոնյաների կողմից կատարված ենթադրյալ անօրինական գործողությունների և բացթողումների վերաբերյալ:
62. Այնուամենայնիվ, հաշվի առնելով բոլոր առկա նյութերը` Դատարանը գտնում է, որ առկա չէ Կոնվենցիայում կամ դրա Արձանագրությունում ամրագրված իրավունքների ու ազատությունների խախտում: Հետևաբար, դիմումի այս մասը պետք է մերժվի որպես ակնհայտ անհիմն` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
63. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
«Եթե Դատարանը գտնում է, որ եղել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
64. Դիմողը պահանջել է 400 եվրո և 67000 եվրո որպես կրած նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում:
65. Կառավարությունը հայտնել է, որ դիմողի նկատմամբ Կոնվենցիայում ամրագրված իրավունքների խախտում տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, այն դիմողի պնդումները համարել է չափազանց և չհիմնավորված:
66. Դատարանը չի նկատում որևէ պատճառահետևանքային կապ հայտնաբերված խախտման և պահանջվող նյութական վնասի միջև, և այդ պատճառով մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, Դատարանը նկատում է, որ նրա որդու մահվան քննությունը համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին: Այս պայմաններում, Դատարանը գտնում է, որ դիմողի տառապանքը և ճնշվածությունը չեն կարող փոխհատուցվել միայն խախտում հայտնաբերելով: Արդարացի հիմքերով գնահատելով` Դատարանը դիմողին տրամադրում է 18000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` գումարած հարկերը:
B. Ծախքեր և ծախսեր
67. Դիմողը նաև պահանջել է 620 եվրո (EUR)` որպես Դատարան դիմելու հետևանքով առաջացած ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Նա ներկայացրել է ստացականների, փոստային և թաղման ծախսերի, գրքերի և իրավական ակտերի գնումը հաստատող լուսապատճենները, իր բժշկական ծախսերի, այդ թվում` բժշկական և ընթերցանության համար ակնոցները և իրավաբանական վճարների ու ծախսերի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:
68. Կառավարությունն առարկել է դիմողի պահանջները:
69. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն իրավունք ունի կատարված ծախսերի փոխհատուցում պահանջել միայն այն դեպքում, երբ դրանք եղել են փաստացի և անհրաժեշտ: Ներկայիս գործում հաշվի առնելով առկա փաստաթղթերը և վերը նշված չափանիշները` Դատարանը ողջամիտ է համարում դիմողին տրամադրել 220 եվրո (EUR) բոլոր ծախսերի համար:
C. Տուգանային տոկոսներ
70. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ դիմողի դիմումը` իր որդու մահվան արդյունավետ քննության չկատարման մասով ընդունելի է, իսկ դիմումի մնացած մասն ընդունելի չէ:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
3. Վճռում է, որ
(a) պատասխանող պետությունը վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարը ռուսական ռուբլով` վճարման օրվա դրությամբ փոխարժեքին համապատասխան.
(i) 18.000 եվրո (EUR) (տասնութ հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած բոլոր հարկերը,
(ii) 220 եվրո (EUR) (երկու հարյուր քսան եվրո)` դատական ծախսերի համար, գումարած բոլոր հարկերը:
(b) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալու պահից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս` պարտավորությունը չկատարելու ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս,
4. Միաձայն մերժում է դիմողի՝ արդարացի բավարարման վերաբերյալ պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2010թ. սեպտեմբերի 30-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Նախագահող |
Սյորեն Նիլսեն Քրիսթս Ռոզակիս |
