ՊԱՎԼԵՆԿՈՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. ապրիլի 1-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1971 թվականին և ազատազրկման ձևով պատիժ է կրում Իրկուտսկի շրջանում:
A. Դիմողի դեմ քրեական գործի քննությունը
6. 1999 թվականի նոյեմբերին, 2000 թվականի հուլիսին և 2000 թվականի սեպտեմբերին հարուցվել են քրեական գործեր անհայտ կանանց մարմիններ հայտնաբերելու կապակցությամբ (տուժողներ Կ., Օկ. և Ա., Օս.):
1. Դիմողի ձերբակալումն ու հարցաքննությունը
(a) 2000 թվականի հարցաքննությունը
7. 2000 թվականի օգոստոսի 22-ին դիմողը հարցաքննվել է փաստաբանի ներկայությամբ` տուժող Գ.-ի բռնաբարության կասկածանքի հիման վրա: 2000 թվականի սեպտեմբերի 15-ին գործը կարճվել է corpus delicti բացակայության հիմքով` հաշվի առնելով հարաբերությունների ակնհայտ երկկողմ համաձայնեցված բնույթը:
(b) 2001 թվականի փետրվարի 3-ի հարցաքննությունը
8. Այնուհետև 2001 թվականի փետրվարի 3-ին տիկին Ֆ.-ն մեղադրել է դիմողին բռնաբարության և ապօրինի կերպով ազատությունից զրկելու մեջ: 2001 թվականի փետրվարի 3-ին դիմողը կամ եկել է Բառնաուլի ոստիկանություն կամ ձերբակալվել է այդ բողոքի հիման վրա: Դիմողը բացատրել է, որ ինքը ալկոհոլ է օգտագործել նախորդ երեկո իր տանը` տուժողի հետ մեկտեղ, սակայն հերքել է, որ որևէ սեռական բռնություն է տեղի ունեցել: Ստացվում է, որ տեղեկացված լինելով իր դատավարական իրավունքների մասին, ներառյալ փաստաբանի օգնությունից օգտվելու իրավունքը, նա հրաժարվել է այդ իրավունքից: Ապա նա հարցաքննվել է, սակայն չի արել որևէ հայտարարություն: Քննիչը կայացրել է նրան ձերբակալելու մասին որոշում և կարգադրել է նախնական կալանքի կենտրոնի վարչակազմին ապահովել, որպեսզի դիմողը և մի պետական աշխատող (վարորդ) պահվեն մնացած կալանավորներից մեկուսի (տես նաև ստորև` կետեր 43 և 44): Ըստ դիմողի` նույն օրը նրան թույլ չեն տվել տեսակցել իր ընտանիքի անդամների հետ` փաստաբան ներգրավելու նպատակով: Դիմողի նկատմամբ հարուցված գործը հանձնարարվել է չորս քննիչների` հաշվի առնելով «գործի բարդությունը և մեծությունը»: Նույն օրը քննիչը լսել է տիկին Ս.-ին` դիմողի դեմ մեղադրանքների առնչությամբ:
9. Քննիչներից բացի, 2001 թվականի փետրվարի 4-ին Ալթայի շրջանի դատախազության քննիչ Պ.-ն խնդրել է ոստիկանությանը տրամադրելու ոստիկաններ «մի շարք օպերատիվ և հետախուզական միջոցառումներ» կատարելու համար, որպեսզի ստուգվի, թե արդյոք դիմողը կապ ունի մասնավոր համալսարանի ուսանողուհիների անհետացման հետ (տես նաև ստորև` կետեր 14 և 25):
10. Ըստ դիմողի` իր ձերբակալումից հետո նա պահանջել է, որպեսզի իրեն պաշտպանի պարոն Կ.-ն` մի մասնավոր փաստաբանական գրասենյակի փաստաբան: Ստացվում է, որ քննիչը որոշել է, որ Կ.-ն չի կարող ներկայացնել դիմողին, քանի որ եղել է շահերի հակասություն այն փաստի առթիվ, որ այդ ժամանակ Կ.-ն արդեն ներկայացնում էր ոմն պարոն Պ.-ի: Ըստ դիմողի` այդուհանդերձ, Պ.-ն ընտրել է Կ.-ին որպես իր փաստաբան 2001 թվականի փետրվարի 19-ից ոչ շուտ:
(c) Հետագա հարցաքննությունը և դիմողի խոստովանությունները
11. 2001 թվականի փետրվարի 6-ին քննիչ Ա.-ն մեղադրանքներ է ներկայացրել դիմողին` կապված տուժող Ֆ.-ի հետ: Դիմողը տեղեկացել է լռելու և իրավաբանական օգնությունից օգտվելու իր իրավունքի մասին և մասնակի ընդունել է իր մեղքը: Նա չի ցանկացել, որպեսզի իրեն ներկայացնի հերթապահ փաստաբանը, և, այդպիսով, պահանջել է, որպեսզի գործի քննությունը հետաձգվի մինչև հաջորդ օրը` իր ծնողների կողմից ներգրավված փաստաբանի կողմից ներկայացվելու նպատակով:
12. Ըստ դիմողի` իր մայրն առաջին անգամ տեղեկացել է իր ձերբակալության մասին 2001 թվականի փետրվարի 6-ին` իր ընկերուհու միջոցով, որը իր հերթին, իմացել էր այդ մասին մի նախկին իրավապահ մարմնի աշխատող բարեկամից: Երբ դիմողի մայրը եկել է քննիչի մոտ, նրան համոզել են, թե դիմողը չի կամեցել ունենալ այլ փաստաբան: Նրան այնուհետև ասել են, որ դիմողը գոհ է եղել փաստաբան Դ.-ի ծառայություններից: Ըստ Կառավարության` դիմողի մայրն առաջին անգամ իմացել է դիմողի ձերբակալության մասին 2001 թվականի փետրվարի 4-ին:
13. 2001 թվականի փետրվարի 7-ին քննիչը որպես նրա պաշտպան նշանակել է Դ.-ին` անտեսելով դիմողի առարկությունը: Դիմողը կրկնել է, որ ցանկանում է ներկայացված լինել իր ծնողների կողմից ներգրավված փաստաբանի միջոցով և պահպանել է լռություն: Նրան որոշ ժամանակ արգելել են տեսակցել նրա հետ կամ կապ հաստատել ընտանիքի հետ` այն հիմքով, որ դա կարող է վատ անդրադառնալ քննության վրա: Ինչպես երևում է հարցաքննության արձանագրությունից, քննիչի կողմից այդ հարցաքննությունը կատարվել է երեկոյան ժամը 3:15-3:20: Այդուհանդերձ, այցելուների գրանցամատյանի համաձայն` քննիչը տեսել է դիմողին այդ օրը երեկոյան ժամը 2:44-5:06:
14. Ըստ դիմողի` նա ամեն օր մինչև տասներկու ժամ տևողությամբ հարցաքննվել է քննիչների և ոստիկանների կողմից նախնական կալանքի վայրում` մինչև 2001 թվականի մարտի 2-ը: Գործը վարող ոստիկանի անունն է միայն արձանագրվել այցելուների գրանցամատյանում: Ըստ դիմողի` նրան ծեծի են ենթարկել ոստիկանները, որոնք կիրառել են հետք չթողնող միջոցներ: Խոստովանություն ստանալու համար ոստիկանները նաև սպառնացել են վնասել նրա հարազատներին, ասելով, որ, օրինակ, նրանք տեղական թերթում կտպագրվեն հոդված, որում կնշեն դիմողի եղբոր և ընկերուհու անունները, որ կխուզարկեն նրանց բնակարանները, որ կկազմակերպեն նրա ինքնասպանությունը բանտախցում գտնվող մյուս անձանց միջոցով: Չճշտված օրերի դիմողը ենթադրաբար ծեծի է ենթարկվել իր հետ նույն բանտախցում գտնվող անձանց կողմից, որոնք կարգադրություններ ունեին ստիպելու նրան խոստովանություններ անել: Համապատասխանաբար` դիմողը մեղադրել է ոստիկաններին վատ վերաբերմունքի համար (տես ստորև` կետեր 33 և 42):
15. Այդպիսով, տեղի են ունեցել հետևյալ հարցաքննությունները.
Ոստիկանների կողմից` 2001 թվականի փետրվարի 8-ին, երեկոյան ժամը 4.10-ից մինչև 5.15-ը:
Ոստիկանների կողմից` 2001 թվականի փետրվարի 9-ին, առավոտյան ժամը 11.50-ից մինչև երեկոյան ժամը 1.35-ը և երեկոյան ժամը 5.20-ից մինչև 7.40-ը: Նույն օրը իշխանությունները վերսկսել են Գ.-ի բռնաբարության գործով քննությունը (տես վերը` կետ 7):
Ոստիկանների կողմից` 2001 թվականի փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11.15-ից մինչև երեկոյան ժամը 3:20-ը:
Քննիչի կողմից` 2001 թվականի փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 3-ից մինչև 4.10-ը:
16. 2001 թվականի փետրվարի 13-ին քննիչներ Ա.-ն և Շ.-ն դիմողին հարցաքննել են առավոտյան ժամը 10.25-ից մինչև երեկոյան 12.25-ը և երեկոյան ժամը 3.05-ից մինչև 7.35-ը: Իր գրավոր ցուցմունքում դիմողն ընդունել է իր մեղքը Ֆ.-ի նկատմամբ սեռական բռնության և 2000 թվականին Ա.-ի ու Օկ.-ի սպանությունների կատարման մեջ: Դիմողը հարցաքննվել է երեկոյան ժամը 5.30-ից մինչև 7.25-ը` պաշտպան Դ.-ի ներկայությամբ: Այդ հարցաքննության ընթացքում դիմողին պարզաբանվել է Կոնվենցիայի 51-րդ հոդվածը, և նրա հաստատել է, որ հասկացել է այն: Նա նաև հաստատել է, որ ցանկացել է ցուցմունք տալ, և նույն օրը հաստատել է իր նախկին խոստովանությունները` հայտարարելով, որ իր խոստովանությունները եղել են կամավոր և կապված են եղել այն փաստի հետ, որ «ինքն այլևս չի կարողացել դիմանալ ճնշմանը»: Ըստ դիմողի` պաշտպան Դ.-ն ներկա է եղել միայն երեկոյան ժամը 7.30-ից մինչև 7.35-ը:
17. Դիմողը հարցաքննվել է քննիչի կողմից 2001 թվականի փետրվարի 15-ին, երեկոյան ժամը 5.27-ից մինչև 6.57-ը: Ըստ Կառավարության` այս հարցաքննության ընթացքում դիմողը հաստատել է տուժող Ֆ.-ի առնչությամբ իր խոստովանությունները` պաշտպան Դ.-ի ներկայությամբ:
18. 2001 թվականի փետրվարի 17-ին դիմողը ոստիկանների կողմից հարցաքննվել է երեկոյան ժամը 10.20-ից մինչև 1-ը:
19. 2001 թվականի փետրվարի 10-ին, 18-ին, և 26-ին դիմողն ընդունել է իր մեղքը մի շարք հանցագործությունների կատարման մեջ: Ըստ դիմողի` ամեն անգամ, ոստիկանների կողմից հարցաքննվելուց հետո նրան տարել են ավագ քննիչի մոտ, ապա նա ստորագրել է արձանագրությունը: Այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները կարող են բնորոշվել հետևյալ կերպ.
2001 թվականի փետրվարի 18-ին քննիչ Ա.-ն դիմողին այցելել է երեկոյան ժամը 12.30-ից մինչև 2.10-ը: Դիմողը պաշտպան Դ.-ի ներկայությամբ հարցաքննվել է երեկոյան ժամը 12.30-ից մինչև 12.50-ը` կրկնակի սպանության կապակցությամբ: Ի պատասխան քննիչի հարցերի` դիմողը հայտնել է, որ ինքը չի կատարել որևէ այլ սպանություն:
2001 թվականի փետրվարի 19-ին դիմողը ոստիկանների կողմից հարցաքննվել է երեկոյան ժամը 2.35-ից մինչև 4.13-ը:
2001 թվականի փետրվարի 20-ին դիմողը ոստիկանների կողմից հարցաքննվել է առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 3.30-ը: Դիմողը տվել է գրավոր ցուցմունք Կ.-ի սպանության վերաբերյալ, նշելով, որ «խոստովանությունը եղել է կամավոր, առանց ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումների գործադրման»:
20. Տեղի են ունեցել հետևյալ հարցաքննությունները (առանց պաշտպանի ներկայության).
2001 թվականի փետրվարի 21-ին դիմողը քննիչի կողմից հարցաքննվել է երեկոյան ժամը 3.30-ից և ոստիկան(ներ)ի կողմից` երեկոյան ժամը 3.15-ից մինչև 5.25-ը:
2001 թվականի փետրվարի 22-ին` ոստիկան(ներ)ի կողմից` առավոտյան ժամը 11.43-ից մինչև երեկոյան ժամը 2.35-ը:
2001 թվականի փետրվարի 23-ին` քննիչի կողմից` առավոտյան ժամը 11.43-ից մինչև երեկոյան ժամը 2.35-ը:
2001 թվականի փետրվարի 24-ին` ոստիկանների կողմից` երեկոյան ժամը 12.15-ից մինչև 1-ը:
2001 թվականի փետրվարի 26-ին դիմողը ոստիկան(ներ)ի կողմից հարցաքննվել է առավոտյան ժամը 9.50-ից մինչև երեկո, և քննիչի կողմից` երեկոյան ժամը 5-ից մինչև 6.40-ը: Դիմողը տվել է գրավոր ցուցմունք` խոստովանելով, որ ինքն է սպանել տուժող Օս.-ին:
21. Ինչպես պարզ է դառնում այցելուների գրանցամատյանից` 2001 թվականի փետրվարի 27-ին քննիչը տեսել է դիմողին առավոտյան ժամը 11.33-ից մինչև երեկոյան ժամը 1.07-ը, մինչդեռ ոստիկան Ս.-ն տեսել է նրան նույն օրը` երեկոյան ժամը 5.05-ից մինչև 5.55-ը: Լուսանկարով ճանաչումը տևել է երեկոյան ժամը 1.10-ից մինչև 1.15-ը` պաշտպան Դ.-ի ներկայությամբ:
22. Այցելությունները շարունակվել են դրանից հետո` 2001 թվականի մարտին և ապրիլին (տես նաև ստորև` կետ 28):
23. Ըստ դիմողի` այն բանից հետո, երբ իր մայրը տեղական թերթում կարդացել է այն մասին, թե ինքը խոստովանել է ծանր հանցագործությունների կատարումը, նա հասկացել է, որ քննիչ Ա.-ն իրեն թյուրիմացության մեջ էր գցել և դիմել է պաշտպան Ս.-ին (տես` ստորև):
(d) Պաշտպան Ս.-ի նշանակումը և հետագա քննությունը
24. 2001 թվականի մարտի 6-ին դիմողին առաջին անգամ թույլ են տվել տեսնելու մասնավոր պաշտպան պարոն Ս.-ին: Դիմողը հրաժարվել է իր ցուցմունքներից և պահանջել է, որպեսզի հանվեն նախկինում ձեռք բերված ապացույցները, ներառյալ` իր խոստովանությունը, քանի որ դրանք կորզվել են ճնշման ներքո և առանց արդյունավետ իրավական խորհրդատվության:
25. 2001 թվականի ապրիլի 11-ին ոստիկան Ս.-ն հայտնել է քննիչ Պ.-ին, որ համաձայն 2001 թվականի փետրվարի 4-ի որոշման` «մի շարք օպերատիվ միջոցառումներով» բացահայտվել են դիմողի ներգրավվածությունը Օկ.-ի, Ա.-ի, Կ.-ի և Օս.-ի սպանությունների մեջ: Միևնույն ժամանակ, չի բացահայտվել որևէ կապ կորած ուսանողուհիների առնչությամբ: Հայտնվել է, որ դիմողը դեռևս հարցաքննվում է:
26. 2001 թվականի ապրիլի 23-ին դիմողը տեղափոխվել է առանձնախուց` բանտախցում իր հետ մեկտեղ գտնվող անձանց հետ ընդհարվելու պատճառով:
27. Նախնական քննության ընթացքում կազմվել են մեծ թվով դատաբժշկական եզրակացություններ և ավելի քան հիսուն անձ հարցաքննվել է որպես վկա. նրանցից շատերը տվել են բանավոր ցուցմունք դատական քննության ընթացքում: Խուզարկվել է դիմողի բնակարանը և առգրավվել են մի շարք փաստաթղթեր:
28. Պաշտպան Ս.-ն բողոքել է, որ դիմողին շարունակել են այցելել ոստիկաններ, որոնք, իր կարծիքով, իրավասու չեն եղել վարելու քրեական գործը: 2005 թվականի մայիսի 31-ին քննիչը կայացրել է որոշում, ըստ որի` միայն չորս քննիչներ, ներառյալ ինքը, իրավասու էին հարցաքննելու դիմողին: Իրենց գործողությունների առնչությամբ հարցաքննվելիս վերը նշված ոստիկանները բացատրել են քննիչին, որ իրենք առաջադրանք են ունեցել ստուգելու` արդյոք կարող էր կապ լինել դիմողի և ուսանողուհիների անհետացման միջև:
29. Պաշտպանի բողոքի հիման վրա 2001 թվականի հունիսին քննիչը կարգադրել է պարզել, թե ինչպես են դիմողի դեմքին 2001 թվականի ապրիլի 23-ին առաջացել վնասվածքներ, և պարզել` արդյոք նա ներկայացրել է բողոքներ վատ վերաբերմունքի վերաբերյալ: Քննիչ Պ.-ն նույնպես տեղեկացրել է դիմողին, որ քննիչները չեն իմացել, որ տարբեր ոստիկաններ այցելել են դիմողին նախնական կալանքի վայրում կամ կալանավայրում:
30. 2001 թվականի հոկտեմբերին քննիչը տեղեկացրել է դատախազին, որ ոստիկանների կողմից կատարված գործողությունները թույլ չեն տվել եզրակացնելու, որ դիմողը ներգրավված է եղել այլ հանցագործությունների կատարման մեջ:
2. Դատական քննություն
31. Դիմողի դեմ հարուցված գործի դատաքննությունն իրականացվում էր Ալթայի շրջանային դատարանի կողմից: Դիմողը, ըստ էության, ընդունել էր մեղադրանքները` կապված տիկին Ֆ.-ի հետ: Նա առարկել էր, որ իր կապը Գ.-ի հետ եղել է փոխհամաձայնեցված, որ ինքը կապ չի ունեցել մյուս չորս անձանց հետ (տուժողներ Կ.-ն Օկ.-ն, Օս.-ն և Ա.-ն), և որ այդ առթիվ իր մինչդատական խոստովանություններն կորզվել են ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի և հոգեբանական ճնշման միջոցով: Ի հիմնավորումն իր նկատմամբ ճնշում գործադրված լինելու վերաբերյալ իր հայտարարությունների` դիմողը դատարանին ներկայացրել է նախնական կալանքի կենտրոնի այցելուների գրանցամատյանից հատվածներ` գրառված 2001 թվականի փետրվարի 4-ից մինչև մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում դիմողին այցելել են տարբեր ոստիկաններ և քննիչներ:
32. Դատարանն անդրադարձել է վատ վերաբերմունքի, ճնշման միջոցով դիմողից ստացված խոստովանության, նախնական քննության ընթացքում պաշտպան ունենալու նրա իրավունքի խախտման վերաբերյալ դիմողի հայտարարություններին: Դատարանը լսել է քննիչ Ա.-ին, ով հաստատել է, որ դիմողը չի կարողացել ներկայացված լինել իր «ցանկացած» պաշտպանի միջոցով (հավանաբար, նկատի է ունեցել պարոն Կ.-ին), քանի որ այդ ժամանակ վերջինս ներկայացրել է պարոն Պ.-ի շահերը: Քննիչը նաև հաստատել է, որ դիմողին թույլ չեն տվել տեսակցել իր մոր հետ` ապացույցները կեղծելուց և քննության ընթացը խոչընդոտելուց խուսափելու նկատառումներով: Դատարանն ընդունել է այդ փաստարկը` հիմնվելով դիմողի մոր այն քայլի վրա, որով վերջինս նպատակ ուներ դիմողին ցուցում տալու` լռել և ձևանալ, թե ունի ժամանակավոր հոգեկան խախտում:
33. Դատարանը մերժել է վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունը` հիմնվելով 2001 թվականի փետրվարի 14-ի բժշկական եզրակացությունների վրա, և որոշելով, որ այդպիսով խոստովանությունները եղել են «ճշմարտացի»: Դատարանը լսել է մի քանի ոստիկանների, որոնք դիմողին հարցաքննել են կալանավայրում` այն գործերի կապակցությամբ, որոնցով նրա նկատմամբ իրականացվում էր քննություն, ինչպես նաև այլ գործերով: Դատարանը լսել է նաև պարոն Մ.-ին, որը կալանավորված է եղել դիմողի հետ 2001 թվականի մարտին: Պարոն Մ.-ն հայտարարել է, որ դիմողի հարցաքննություններն իրականացվել են ամբողջ օրվա ընթացքում, և դիմողը բանտախուց է վերադարձել «ուժասպառ» վիճակում, նրա վրա չեն եղել բռնության հետքեր:
34. 2001 թվականի նոյեմբերի 22-ին Շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել դիմողին մի շարք բռնաբարությունների և սպանությունների համար և նրան դատապարտել է 24 տարվա ազատազրկման:
35. Գ.-ի բռնաբարության գործով դիմողին առաջադրված մեղադրանքի առնչությամբ դատարանը վճռել է, որ «չնայած դիմողի կողմից արված նախորդ հայտարարությանը, նրա մեղքն ապացուցված է տուժողի հայտարարությամբ»: Դատարանը նաև վկայակոչել է մի շարք վկաների և բժշկական ապացույցներ:
36. Դիմողին մեղավոր ճանաչելով տուժող Ֆ.-ի բռնաբարության և ազատությունից ապօրինի զրկելու մեջ` դատարանը հիմնվել է դիմողի սեփական խոստովանության վրա, որը նա արել է դատական քննության ժամանակ, տուժողի հայտարարությունների, վկաների ցուցմունքների վրա, որոնք տեսել են, թե ինչպես է տուժողը փախել դիմողի բնակարանից, ինչպես նաև բժշկական եզրակացության վրա:
37. Տուժող Կ.-ի սպանության մեջ դիմողին մեղավոր ճանաչելիս դատարանը հիմնվել է դիմողի մինչդատական խոստովանության վրա, պաշտպան Դ.-ի ներկայությամբ քննիչի կողմից կատարված հարցաքննության, ինչպես նաև տուժողին նկարով ճանաչելու վրա: Դատարանը որոշել է, որ վերը նշված հայտարարությունները հաստատվել են երեք վկաների ցուցմունքներով` կապված սպանության օրը տուժողի զգեստի հետ, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, ինչպես նաև փորձագետների եզրակացությամբ:
38. Դատարանը մեղավոր է ճանաչել դիմողին Օկ.-ի սպանության մեջ` դիմողի մինչդատական խոստովանության, պաշտպան Դ.-ի ներկայությամբ քննիչի կողմից կատարված հարցաքննության և տուժողին դիմողի կողմից նկարով ճանաչելու հիման վրա: Դատարանը որոշել է, որ վերը նշված հանգամանքները հաստատվել են նաև այլ թույլատրելի ապացույցներով:
39. Օս.-ի սպանության համար դիմողի դատապարտումը հիմնված է եղել դիմողի մինչդատական խոստովանության վրա, որը դատարանը համարել է «ճշմարտացի»` չնայած նրա առարկությանը: Դատարանը որոշել է, որ դիմողը չէր կարող այդ հանցագործության մանրամասներին տեղեկանալ:
40. Լսելով մեղադրանքի կողմին և պաշտպան Ս.-ին` Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը 2002 թվականի մայիսի 2-ի որոշմամբ դատավճիռը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը որոշել է, որ տեղի չի ունեցել պաշտպանության իրավունքի խախտում, քանի որ 2001 թվականի փետրվարի 3-ից դիմողը տեղյակ է եղել լռելու և իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքի մասին: Դիմողն ստորագրել է արձանագրությունը և հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից: 2001 թվականի փետրվարի 7-ից դիմողը ներկայացվել է պաշտպան Դ.-ի կողմից, որը ձեռնարկել է բոլոր պաշտպանական միջոցառումները, որոնք ընդունվել են դատարանի կողմից: Վերաքննիչ դատարանը նկատել է, որ դիմողի մինչդատական խոստովանությունները բացահայտել են հանգամանքներ, որոնք արդեն հայտնի են եղել քննչական մարմիններին: Օրինակ` տուժող Կ.-ի առնչությամբ դիմողը նկարագրել է տուժողին և նրա զգեստը, նկարագրել է նրա բնավորությունը և կենսաոճը: Դիմողի կողմից ներկայացված տեղեկությունն այնուհետև հաստատվել է տարբեր անձանց ցուցմունքներով, որոնք հարցաքննվել են դատարանում` որպես վկա: Այդպիսով, ինչ վերաբերում է տուժող Օկ.-ին, նրա մայրը հաստատել է, որ դիմողի տնից առգրավված ծամկալը պատկանել է իր հանգուցյալ դստերը: Մեկ այլ ֆիզիկական ապացույց նույնպես ժխտել է այն հայտարարությունը, թե դիմողը կապ չի ունեցել սպանության հետ:
B. Այլ քննություններ
41. Դատական քննությունից հետո դիմողը պահանջել է քրեական գործ հարուցել իր քրեական գործով ավագ քննիչի դեմ` ցուցմունք կորզելու համար: 2004 թվականի դեկտեմբերի 27-ին և 2005 թվականի հունվարի 17-ին շրջանային դատախազն այդ պահանջը մերժել է: Դիմողն ապարդյուն բողոքարկել է այդ մերժումը դատարաններում:
42. Դիմողը պահանջել է նաև քրեական գործ հարուցել այն ոստիկանների դեմ, որոնք հարցաքննել են իրեն 2001 թվականի փետրվարին` մեղադրելով նրանց վատ վերաբերմունքի համար: 2004 թվականի դեկտեմբերի 14-ին շրջանային դատախազության քննիչները մերժել են ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը: Որոշումը կայացվել է վերադաս դատախազի կողմից` 2005 թվականի հունվարի 31-ին: 2005 թվականի մայիսի 19-ին և հունիսի 23-ին շրջանային դատարանը կայացրել է վերջնական որոշումներ, որոնցով շրջանային դատարանի որոշումները թողել է անփոփոխ: Առանձին քննությամբ, որը կատարվել է 2005 թվականի հուլիսի 7-ին և հոկտեմբերի 13-ին, շրջանային դատարանը որոշել է, որ 2005 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ներկայացված բողոքը ենթակա չէ դատական կարգով վերանայման:
C. Կալանքի պայմանները
1. Նախնական կալանքի կենտրոն
(a) Դիմողի դիրքորոշումը
43. Դիմողը պահվել է Բառնաուլի ներքին գործերի բաժանմունքում 2001 թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 2-ը և 2001 թվականի մարտի 13-ից մինչև 23-ը: Մյուս չորս կալանավորների հետ մեկտեղ նա պահվել է վեց մետր չափով բանտախցում: Դիմողը քնել է գետնին, քանի որ չեն եղել մահճակալ, ներքնակ կամ անկողնային պարագաներ: Բանտախուցը չի ջեռուցվել, օդափոխումը և լուսավորությունը եղել են թույլ: Զուգարանն առանձնացված չի եղել հիմնական կեցատեղից: Սնունդ տրվել է օրական մեկ անգամ: Դիմողը ամբողջ ժամանակ մնացել է բանտախցում, քանի որ չի թույլատրվել որևէ զբոսանք: Դիմողին թույլ չի տրվել տեսակցել կամ այլ կերպ կապ ունենալ իր բարեկամների հետ:
44. Համապատասխանաբար` դիմողը նշել է, որ բանտախցում ջեռուցման և խոնավության պայմանները եղել են անընդունելի, նրան տրվել է մեկ բաժակ թեյ և մի կտոր հաց` առավոտյան, ապուր և շիլա` կեսօրից հետո, նա չի ունեցել ցնցուղից օգտվելու հնարավորություն, չի ունեցել անձնական հիգիենայի պարագաներ:
(b) Կառավարության դիրքորոշումը
45. Նախնական կալանքի կենտրոնում դիմողը պահվել է թիվ 15 բանտախցում, որն ունեցել է ութ մետր տարածք, այլ բանտակիցների հետ մեկտեղ: Զուգարանն առանձնացված է եղել հիմնական տարածքից: Դիմողը, ինչպես և մյուս կալանավորները, ունեցել է մահճակալ և ներքնակ: Թեև չեն տրամադրվել անկողնային պարագաներ, կալանավորներին թույլատրվել է օգտագործել իրենց անձնական անկողնային պարագաները: Դիմողին տրվել են նաև անձնական հիգիենայի տարբեր պարագաներ և թույլ է տրվել օգտվել ցնցուղից շաբաթական մեկ անգամ: Բանտախցում եղել է համապատասխան ջեռուցում, օդափոխություն և լուսավորություն: Դիմողն ունեցել է օրական մեկ ժամ զբոսնելու իրավունք, նրան պատշաճ կերակրել են և թույլ են տվել, որպեսզի ուտելիք բերեն հարազատները կամ ընտանիքի անդամները: Նա ունեցել է ջուր խմելու հնարավորություն: Դիմողը չի ներկայացրել նախնական կալանքի կենտրոնի պայմանների վերաբերյալ որևէ բողոք մինչև 2004 թվականի դեկտեմբեր:
2. Բառնաուլի կալանավայրը
(a) Դիմողի դիրքորոշումը
46. Դիմողի կողմից Բառնաուլի թիվ 22/1 կալանավայրի պայմանների նկարագրությունը հետևյալն է: Դիմողին տեղավորել են շենքի ներքնահարկում գտնվող մի բանտախցում: Բանտակիցների թիվն էապես գերազանցել է այդ տարածքի համար նախատեսված նորման: Բանտախուցն ունեցել է փոքր պատուհան` առանց ապակու, որը սակայն ունեցել է երկաթյա փականներ, որոնք խանգարել են բնական լույսի ներթափանցմանը: Արհեստական լուսավորությունը եղել է թույլ: Զուգարանն առանձնացված չի եղել հիմնական կեցատեղից: Բանտախցում եղել են խավարասերներ: Դիմողը քնել է գետնին: Չջեռուցվող բանտախուցը եղել է ծայրահեղ խոնավ: Սննդի որակը եղել է ոչ բավարար: Ընտանիքի անդամների հետ տեսակցելիս և դրսում զբոսնելիս դիմողը եղել է ձեռնաշղթայված:
47. Համապատասխանաբար` դիմողը նշել է, որ կալանավայրում մնացել է 2001 թվականի մարտի 3-12-ը և 2001 թվականի մարտի 24-ից 2002 թվականի հունիսի 27-ը: Իր կալանքի վերջին շրջանում նա պահվել է մենակ` թիվ 122 բանտախցում, որն ունեցել է 4.1 մետր տարածք և գտնվել է կալանավայրի ներքնահարկում: Այդ ընթացքում բանտախուցը չի ջեռուցվել, ինչպես նաև չի օդափոխվել: Սննդի որակը եղել է անբավարար: Չեն տրամադրվել նաև անկողնային պարագաներ: Բանտախցի պատուհանները չեն ունեցել ապակիներ: Դրանք ծածկված են եղել երկաթյա փականներով, որոնք կանխել են բնական լույսի մուտքը: Արհեստական լուսավորությունը եղել է թույլ: Զուգարանն առանձնացված չի եղել հիմնական տարածքից:
(b) Կառավարության դիրքորոշումը
48. Ըստ Կառավարության` դիմողին պահել են Բառնաուլի թիվ 22/1 կալանավայրում 2002 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 6-ը և 2002 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 27-ը: 2002 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում դիմողը գտնվել է Չելյաբինսկի կալանավայրում:
49. Կառավարությունը բացատրել է, որ համապատասխան գրանցամատյանները ոչնչացվել են պահպանման համար սահմանված ժամկետը լրանալու պատճառով: Այդպիսով, հիմնվելով պարոն Մ.-ի` կալանավայրի ղեկավարի գրավոր ցուցմունքների վրա` կառավարությունը պնդել է, թե 2001 թվականի մարտի 3-23-ը դիմողը գտնվել է թիվ 212 բանտախցում, որն ունեցել է 16,9 մետր տարածք, 2001 թվականի մարտի 24-ից մինչև ապրիլի 25-ը` թիվ 190 բանտախցում, որն ունեցել է 16 մետր տարածք, 2001 թվականի ապրիլի 25-ից մինչև 2002 թվականի ապրիլի 6-ը` թիվ 122 բանտախցում, որն ունեցել է 4.5 մետր տարածք և 2002 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 27-ը` թիվ 118 բանտախցում, որն ունեցել է 4.3 մետր տարածք: Դիմողը թիվ 190 և 212 բանտախցերում մնացել է երկու կամ երեք այլ կալանավորների հետ մեկտեղ, իր միջնորդության հիման վրա նա մենակ է մնացել թիվ 122 և 118 բանտախցերում: Վերջին բանտախցերը գտնվել են ներքնահարկում և ունեցել են 0,36 մետր չափսի պատուհաններ: Այդ ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան պատուհանները ծածկված են եղել երկաթյա փականներով, որոնք, այդուհանդերձ, չեն կանխել օդի և լույսի մուտքը բանտախուց:
50. Պարոն Մ.-ն հաստատել է, որ 2007 թվականի հուլիսի 24-ին վերոհիշյալ բանտախցերն ունեցել են պատշաճ լուսավորություն, օդափոխվել և ջեռուցվել են, եղել են ջրամատակարարում և զուգարանային պարագաներ: Կառավարությունը ներկայացրել է լուսանկարներ, որոնցում պատկերված է եղել վերը նշված բանտախցերի ներքին հարդարանքը:
3. Դիմողի` ներպետական իշխանություններին ուղղված բողոքները
51. 2002 թվականի հունվարի 30-ին ի պատասխան դիմողի բողոքի, Ալթայի շրջանի գլխավոր դատախազությունն ընդունել է, որ մեկ անգամ նրա ձեռքերը ձեռնակապերով կապված լինելն ապօրինի է եղել:
52. 2004 թվականի դեկտեմբերին դիմողն իր կալանքի պայմանների վերաբերյալ բողոք է ներկայացրել տարբեր հանրային իշխանությունների: 2005 թվականի հունվարի 19-ին գլխավոր դատախազությունն ընդունել է, որ Բառնաուլի կալանավայրի բանտախցի պատուհանները ծածկված են եղել երկաթյա փականներով, սակայն ժխտել է մյուս բողոքները` սուտ լինելու պատճառով:
53. 2005 թվականի փետրվարի 1-ին Ներքին գործերի նախարարության շրջանային բաժինն ընդունել է, որ նախնական կալանավայրում դիմողի` կալանքի վերաբերյալ որոշ (չկոնկրետացված) բողոքներ «հաստատվել են»: 2005 թվականի հուլիսի 14-ին Ցենտրալնի շրջանային դատախազությունը դիմողի փոփոխված բողոքը հասցեագրվել է Ներքին գործերի նախարարության շրջանային բաժնին` այն քննելու համար:
54. Դիմողը բողոք է ներկայացրել Ցենտրալնի շրջանային դատախազությանն այն հիմքով, inter alia, որ այն չի քննել իր բողոքը և չի նպաստել, որ իր կալանքի պայմանները համապատասխանեցվեն օրենքի պահանջներին: Քննելով գործը Քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի հիմքով (տես ստորև` կետ 59) Բառնաուլի Ցենտրալնի շրջանային դատարանը մերժել է նրա բողոքը: 2006 թվականի մարտի 16-ին Ալթայի շրջանային դատարանը բեկանել է այդ որոշումը և գործն ուղարկել է շրջանային դատարան: Դատարանը որոշել է, որ առաջին ատյանի դատարանը պետք է քններ, թե ինչու է դիմողը նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահվել մեկ ամիս շարունակ: 2006 թվականի մարտի 29-ին Շրջանային դատարանը որոշել է, որ դատախազը չի քննել դիմողի բողոքը նախնական կալանքի վայրում իր կալանքի տևողության վերաբերյալ:
55. Այդ ընթացքում 2006 թվականի փետրվարի 27-ից շրջանային դատախազությունը տեղեկացրել է դիմողին, որ նախնական կալանքի վայրում բանտախցերն ունեցել են տախտակից պատրաստված մահճակալներ, զուգարանային հարմարանքներ և նախատեսված են եղել չորսից հինգ անձի համար, կալանավորներին չեն տրամադրվել անկողնային պարագաներ: Պարզ չէ, թե վերը նշված պատասխանը վերաբերել է 2006 թվականին, թե` դիմողի կողմից վիճարկվող ժամանակահատվածին:
56. Պարզվում է, որ քննելով կալանքի պայմանների վերաբերյալ դիմողի բողոքները` շրջանային դատախազությունը 2006 թվականի սեպտեմբերի 5-ին մերժել է քրեական գործի հարուցումը Քրեական օրենսգրքի 285 և 286-րդ հոդվածների հիմքով` կապված հանրային իշխանությունների կողմից լիազորությունների չարաշահման հետ:
II. Համապատասխան ներպետական օրենսդրություն և պրակտիկա
A. ԽՍՀՄ քրեական դատավարության օրենսգիրք
57. Քննարկվող ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պաշտպանը պետք է ներգրավվի մեղադրանք առաջադրելու պահից կամ ձերբակալված կամ կալանավորված կասկածյալին իր ձերբակալման կամ կալանքի մասին որոշումը տրամադրելու պահից: Եթե սեփական նախաձեռնությամբ նշանակված պաշտպանը չի ներկայանում քսանչորս ժամվա ընթացքում, համապատասխան իշխանությունը , որն զբաղվում է գործով, կարող է առաջարկել, որպեսզի անձը ներգրավի այլ պաշտպանի կամ կարող էր ինքը նշանակել պաշտպան (47-րդ հոդվածի 2-րդ կետ): Գործով որպես պաշտպան ներգրավվելու համար փաստաբանը պետք է լինի փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչ (կետ 4): Առանձին պաշտպանը չէր կարող ներկայացնել հակասող շահեր ունեցող անձանց (կետ 5): 2000 թվականի հունիսի 27-ին Սահմանադրական դատարանը 47-րդ հոդվածի 1-ին կետով պաշտպան ունենալու իրավունքի համար նախատեսված ժամկետը ճանաչել է հակասահմանադրական: 2001 թվականի հոկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարանը նշել է, որ 47-րդ հոդվածի 1-ին կետը չպետք է պահանջի պաշտպանին տեսակցելու որևէ հատուկ թույլտվություն: Այդուհանդերձ, նույն այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը ուժը կորցրած է ճանաչել 1995 թվականի Կալանքի մասին օրենքի դրույթներից մեկը, քանի որ իշխանությունները կիրառել են այն` հետապնդելով այն նպատակը, որպեսզի պաշտպանը, որը ցանկացել է տեսակցել իր պաշտպանյալին, հատուկ թույլտվություն ստանա քրեական գործը վարող մարմնից:
58. ԽՍՀՄ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` ոստիկանը կամ քրեական գործը վարող մարմինը պետք է անհապաղ ձերբակալվածի կամ կալանավորված կասկածյալի կամ մեղադրյալի հարազատներին տեղեկացներ նրա կալանքի վայրի մասին:
B . 2001 թվականի քրեական դատավարության օրենսգիրք
59. Օրենսգրքի 123 և 125-րդ հոդվածները վերաբերում են հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի գործողությունների նկատմամբ վերահսկողությանը, եթե այդ գործողություններն ազդում էին բողոքողի իրավունքների վրա կամ խոչընդոտում էին նրա` դատարան դիմելու իրավունքին: Դատարանը կամ վերացնում է վիճարկվող գործողությունը կամ անգործությունը` որպես անօրինական կամ իրավասությունից դուրս կամ պահանջում է, որպեսզի պատասխանող մարմինը վերացնի խախտումը, կամ մերժում է բողոքը:
60. 2001 թվականի Քրեական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածը նախատեսում է, որ քրեական գործով քննությունը կարող է վերսկսվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է Կոնվենցիայի խախտում:
III. Համապատասխան միջազգային փաստաթղթեր
61. Անդամ պետություններին ուղղված Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Rec (2006)2 հանձնարարականի համաձայն (ընդունված Նախարարների կոմիտեի կողմից 2006 թվականի հունվարի 11-ին` Նախարարների տեղակալների 952-րդ նիստում)` բանտարկյալները պետք է հնարավորություն ունենան անհապաղ տեղեկացնելու իրենց հարազատներին իրենց ձերբակալման մասին (Կանոն 24.8): Կալանավայր բերվելու պահից իշխանությունները պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնեն ձերբակալվածի ամուսնուն կամ զուգընկերոջը կամ եթե նա միայնակ է` մերձավոր ազգականին և ձերբակալվածի կողմից նախապես նշված անձին, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալվածն ինքն է խնդրել, որ այդպես չանեն (Կանոն 24.9):
62. 1955 թվականին Ժնևում կայացած` Հանցագործությունների կանխարգելման և Հանցագործների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ Միացյալ ազգերի առաջին կոնգրեսի կողմից ընդունված և Տնտեսագիտական և սոցիալական խորհրդի 1957 թվականի հուլիսի 31-ի 663 C (XXIV) և 1977 թվականի մայիսի 13-ի 2076 (LXII) որոշումներով հաստատված Ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքի մասին ստանդարտ նվազագույն կանոնների 44-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ձերբակալված անձ պետք է իրավունք ունենա անմիջապես տեղեկացնելու իր ընտանիքին իր ձերբակալման կամ այլ հաստատություն իրեն տեղափոխելու մասին:
ՕՐԵՆՔ
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում
63. Դիմողը բողոքել է առ այն, որ նախնական կալանքի վայրում և Բառնաուլի կալանավայրում իր կալանքի պայմանները հակասել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, համաձայն որի`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Ընդունելիություն
1. Կողմերի փաստարկները
(a) Կառավարություն
64. Կառավարությունը հայտարարել է, որ նախնական կալանքի պայմանների վերաբերյալ գանգատը ներկայացվել է ժամկետների խախտմամբ: Այն փաստը, որ դիմողը բարձրացրել է այդ հարցն իշխանությունների առջև 2004 թվականին, չի ազդել վեցամսյա վաղեմության ժամկետի հաշվարկման վրա, այլ փոխարենը ցույց է տվել, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները մինչև Դատարանի առջև բողոք ներկայացնելը: Նա չի սպառել նաև ներպետական միջոցները կալանավայրի պայմանների առնչությամբ: Կառավարությունը նշել է, որ այդ ժամանակ դիմողը տեղյակ է եղել տարբեր ներպետական միջոցների մասին:
65. Ապա Կառավարությունը նշել է, որ դիմողին հասու միջոցները եղել են արդյունավետ, ինչը հաստատվել է 2004 թվականին իր բողոքի առնչությամբ ձեռնարկված քննությամբ (տես վերը` կետեր 52-56): Դիմողից ստացված բոլոր բողոքները գրանցվել են և բազմակողմանիորեն քննվել կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Դիմողը չի ներկայացրել որևէ բողոք կալանավայրի դեմ` այնտեղ գտնվելու ընթացքում: Նա բողոք է ներկայացրել միայն 2004 թվականին: Այդ բողոքը քննվել է և մերժվել անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դիմողը որոշել է իր բողոքների հետ կապված դատախազի անգործությունը բողոքարկել դատարան: Այդ բողոքը բավարարվել է, և նոր քննությունից հետո դիմողի բողոքը կրկին մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Բողոքարկվող կալանքի ժամկետն ավարտվելուց հետո դիմողը պետք է քաղաքացիական հայց ներկայացներ Դաշնային ուղղիչ ծառայությանը և Ֆինանսների նախարարությանը` պահանջելով որևէ ակնհայտ առողջական վնասի և ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում: Եթե դիմողը ներկայացներ քաղաքացիական հայց, նա, «անկասկած», կկարողանար հավաքել անհրաժեշտ փաստերը` իր բողոքներն ապացուցելու համար:
(b) Դիմողը
66. Դիմողը նշել է, որ նա պահպանել է վեցամսյա վաղեմության ժամկետը: Նախնական կալանքի պայմանների վերաբերյալ իր բողոքը նա ներկայացրել է դատական քննության ժամանակ, որն ավարտվել էր Վերաքննիչ դատարանի` 2002 թվականի մայիսի 22-ի որոշմամբ, այն է` վեցամսյա ժամկետում: Դիմողն առարկել է, որ Կառավարության կողմից առաջարկվող միջոցները եղել են անարդյունավետ և չպետք է սպառված լինեին:
2. Դատարանի գնահատականը
67. Քննելով կողմերի դիրքորոշումները և հասու նյութերը` Դատարանը նկատում է, որ դիմողի դժգոհությունն առնչվում է կալանքի հինգ ժամկետներին, այն է`
- 2001 թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 2-ը` նախնական կալանքի վայրում,
- 2001 թվականի մարտի 2-3-ը կալանավայրում,
- 2001 թվականի մարտի 13-23-ը` նախնական կալանքի վայրում,
- 2001 թվականի մարտի 24-ից մինչև 2002 թվականի ապրիլի 6-ը կալանավայրում, և
- 2002 թվականի հունիսի 7-27-ը կալանավայրում:
68. Դատարանը նկատում է, որ Դատարանին ուղղված առաջին նամակագրությունը, որում ներկայացված էր 2002 թվականի հունիսի 25-ի դիմումը, ուղարկվել է դիմողի ներկայացուցչի կողմից միայն 2002 թվականի նոյեմբերի 6-ին: Դիմողը չի ներկայացրել որևէ դիրքորոշում դրա վերաբերյալ և չի տրամադրել որևէ բացատրություն այդ ուշացման առնչությամբ: Այդպիսով, Դատարանը 2002 թվականի նոյեմբերի 6-ը կդիտի որպես տվյալ գանգատի ներկայացման տարեթիվ, ներառյալ երկու կալանավայրերում կալանքի պայմանների վերաբերյալ գանգատները և այդ առթիվ միջոցների ենթադրյալ բացակայությունը:
69. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի ներքո վեցամսյա ժամկետի պահանջը նպատակ ունի ապահովելու իրավական որոշակիություն և նպաստելու, որպեսզի Կոնվենցիայի ներքո ներկայացված հարցերը լուծվեն ողջամիտ ժամկետներում: Ավելին, այն պետք է պաշտպանի իշխանություններին և այլ ներգրավված անձանց երկարատև անորոշությունից: Կանոնը նաև ապագա դիմողին ժամանակ է տալիս որոշելու դիմում ներկայացնելու հարցը և ներկայացնելու դեպքում` որոշելու, թե ինչ կոնկրետ բողոք և փաստարկներ պետք է բարձրացվեն (տես, օրինակ` Ուորնն ընդդեմ Ավստրիայի, 1997թ. օգոստոսի 29, կետեր 32 և 33, Վճիռների և Որոշումների Ժողովածու 1997‑V): Կանոնը պետք է ապահովի, որպեսզի հնարավոր լինի փաստերը ներկայացնել մինչև այդ հնարավորության վերանալը` արդարացի քննություն ապահովելու համար (տես` Քելլին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 10626/83, 1985թ. մայիսի 7, Վճիռների և Որոշումների Ժողովածու (DR) 42, էջ 205 և Բայբորան և այլոք ընդդեմ Կիպրոսի (dec.), թիվ 77116/01, 2002թ. հոկտեմբերի 22):
70. Սովորաբար, վեցամսյա ժամկետն սկսվում է ներպետական միջոցների սպառման ընթացքում վերջնական որոշման ընդունման պահից: Երբ վերջում պարզվում է, այդուհանդերձ, որ դիմողը չի ունեցել որևէ արդյունավետ միջոցի հնարավորություն, ժամանակահատվածն սկսվում է վիճարկվող գործողությունների կամ միջոցների օրվանից: 35-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող, այդուհանդերձ, մեկնաբանվել այնպես, որ դիմողից պահանջվի Դատարան գանգատ ներկայացնել մինչև ներպետական մակարդակում հարցի վերաբերյալ իր դրության կապակցությամբ վերջնական որոշումը: Այդ պատճառով, երբ դիմողն օգտվում է ակնհայտորեն գոյություն ունեցող միջոցից և միայն դրա հետևանքով տեղյակ է դառնում միջոցն անարդյունավետ դարձնող հանգամանքների մասին, ապա 35-րդ հոդված 1-ին կետի դրույթներով կարող է պատշաճ լինել վեցամսյա ժամկետը հաշվարկել այն օրվանից, երբ դիմողն առաջին անգամ իմացել է կամ պետք է իմանար այդ հանգամանքների մասին (տես, այլոց շարքում` Զենինն ընդդեմ Ռուսաստանի (dec.), թիվ 15413/03,2009թ. սեպտեմբերի 24):
71. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամյա ժամկետի ավարտին, պետք է նշել, որ սերտ կապ կա նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և սպառման կանոնի միջև: Վերջինիս նպատակն է Պայմանավորվող կողմին հնարավորություն տալ կանխելու կամ շտկելու դիմողների նկատմամբ խախտումները մինչև Դատարանի կողմից գանգատներն ընդունելը (տես, այլոց շարքում` (Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետ 74, ՄԻԵԴ 1999-V): 35-րդ հոդվածի 1-ին կետի կանոնը հիմնված է 13-րդ հոդվածի այն դրույթի վրա, որ առկա է հասանելի արդյունավետ ներպետական միջոց անձի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ենթադրյալ խախտման առնչությամբ (տես` Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 30210/96, կետ 152, ՄԻԵԴ 2000‑XI): Այն միջոցները, որոնք Կոնվենցիայի 35-րդ հոդվածի պահանջով պետք է սպառված լինեն, նրանք են, որոնք վերաբերում են ենթադրյալ խախտմանը, ինչպես նաև հասանելի են և բավարար: Նման միջոցների առկայությունը պետք է լինի բավականաչափ որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև` գործնականորեն, որի խախտումը կհանգեցնի նրան, որ դրանք չեն ունենա պահանջվող հասանելիությունը և արդյունավետությունը (տես` Սկորդինոն ընդդեմ Իտալիայի, (թիվ 1) [GC], թիվ 36813/97, կետ 142, ՄԻԵԴ 2006-...):
72. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը կքննի` արդյոք դիմողի գանգատը, որը վերաբերում է երկու կալանավայրերին, համապատասխանում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդունելիության պահանջին, թե` ոչ:
(a) Նախնական կալանքի վայրը
73. Դատարանը չի գտնում, որ դիմողի կալանքը նախնական կալանքի վայրում և կալանավայրում 2001 թվականի փետրվարի 3-ից մինչև 2002 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջացրել է «շարունակվող իրավիճակ», որը պահանջում է ընդհանրական գնահատական (տես` Մալթաբարն և Մալթաբարն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 6954/02, կետ 83, 2009թ. հունվարի 29): Այդպիսով, Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքը նախնական կալանքի վայրում` ավարտվել է 2001 թվականի մարտի 23-ին, ինչը մինչև Դատարան դիմում ներկայացնելը (2002 թվականի նոյեմբերի 6) վեց ամսից ավելի է:
74. Ինչ վերաբերում է դիմողի այն դիրքորոշմանը, թե Վերաքննիչ դատարանի` 2002 թվականի մայիսի 22-ի որոշումը` իր քրեական գործով, պետք է դիտվի որպես «վերջնական որոշում», քանի որ նա ներկայացրել էր իր կալանքի պայմանների վերաբերյալ բողոքները դատարանին: Դատարանը նկատում է, որ դատարանում դիմողի դժգոհությունները մեծ մասամբ վերաբերել են խոստովանություն կորզելու նպատակով գործադրված վատ վերաբերմունքին և նախնական կալանքի վայրում կալանքի ժամկետի ապօրինի երկարացմանը: Ցանկացած պարագայում, չի երևում, թե դատարանը, որի ուղղակի դերն է դիմողի դեմ քրեական մեղադրանքների պարզումը, իրավունք ուներ քննելու դիմողի բողոքնեը կալանքի պայմանների վերաբերյալ, մասնավորապես` կապված բանտախցի գերբնակեցվածության հարցի հետ, և տրամադրելու նրան փոխհատուցում: Դատարանը կրկնում է այդ առթիվ, որ եթե դիմողը դիմել է Դատարանի կողմից ոչ պատշաճ ճանաչված միջոցի, դրան դիմելու ժամկետը սովորաբար չի ընդմիջում վեցամսյա ժամկետը, որը կարող է հանգեցնել նրան, որ դիմումը կմերժվի ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառով (տես` Րեզգին ընդդեմ Ֆրանսիայի (dec.), թիվ 49859/99, ՄԻԵԴ 2000‑XI և Զենինի գործը): Այդպիսով, Դատարանը մերժում է դիմողի փաստարկը:
75. 2004 թվականի դեկտեմբերից, այն է տվյալ գանգատը ներկայացնելուց հետո, դիմողի գանգատների վերաբերյալ ազգային իշխանությունների պատասխանները նույնպես չպետք է համարվի որպես «վերջնական որոշում»: Այս իշխանություններից ոչ մեկը (Ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունը, շրջանային դատախազությունը կամ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատարանը) այդ ժամանակ չէին կարող դիտվել որպես միջոցներ, որոնք կարող էին 2001 թվականին կալանքի պայմանների առթիվ բողոքների առնչությամբ տրամադրել պատշաճ փոխհատուցում (տես`վերը կետեր 53-56): Փաստորեն, երբ տվյալ գանգատը 2002 թվականի նոյեմբերին ներկայացվել է Դատարանին` դիմողն ինքը չի կարծել, թե ըստ այդ գանգատի` կարող էր տրամադրվել որևէ փոխհատուցում:
76. Հետևաբար, համապատասխան օրը, որից պետք է հաշվարկվի վեցամսյա ժամկետը, 2001 թվականի մարտի 23-ն է, մինչդեռ դիմումը ներկայացվել է միայն 2002 թվականի նոյեմբերի 6-ին: Այդպիսով, դիմողը չի պահպանել նախնական կալանքի վայրում կալանքի պայմանների վերաբերյալ իր գանգատը ներկայացնելու վեցամսյա ժամկետը:
(b) Բառնաուլի կալանավայրը
77. Դատարանը կրկնում է, որ դիմողը Բառնաուլի կալանավայրում կալանավորված է եղել երեք ժամանակահատվածների ընթացքում: Այն է` 2001 թվականի մարտի 2-ից կամ 3-ից մինչև 12-ը, 2001 թվականի մարտի 24-ից մինչև 2002 թվականի ապրիլի 6-ը և 2002 թվականի հունիսի 7-ից մինչև 27-ը: Դատարանը չի գտնում, որ վերը նշված ժամանակահատվածներն առաջացրել են շարունակվող իրավիճակ: Այդպիսով, քանի որ հարցը վերաբերում է առաջին երկու ժամանակահատվածներին, բողոքը ներկայացվել է Դատարան ավելի քան վեց ամիս անց: Վերը նշված պատճառաբանությամբ Դատարանը գտնում է, որ դիմողի` ազգային իշխանությունների ուշադրությունը իր կալանքի պայմանների վրա հրավիրելու փորձը, չի ընդմիջել վեցամսյա ժամկետի ընթացքը (տես վերը` կետեր 51 և 8): Հետևաբար, դիմումի այս հատվածը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն:
78. Ինչ վերաբերում է 2002 թվականի հունիսի 7-27-ին կալանքի ժամանակահատվածին` վեցամսյա ժամկետի առումով որևէ հարց չկա: Այդուհանդերձ, Կառավարությունը նշել է, որ կալանքի ժամկետի ավարտից հետո դիմողը պետք է ներկայացներ քաղաքացիական հայց ընդդեմ Պետության` պահանջելով փոխհատուցում որևէ հնարավոր առողջական վնասի և ոչ նյութական վնասի դիմաց: Այդուհանդերձ, Կառավարությունը չի առանձնացրել գործողությունների ընթացքը և չի ներկայացրել որևէ հետագա մանրամասն իր նման գնահատման վերաբերյալ: Այդպիսով, Կառավարության առարկությունը պետք է մերժվի: Ավելին, Դատարանը չի գտնում, որ վնասներին առնչվող գործողություններն ունեցել են հաջողության ինչ-որ հեռանկար, հատկապես դիմողի 2002 թվականի հունիսի կալանքի առնչությամբ, որը չէր առնչվում բանտախցի գերբնակեցվածության խնդրին, այլ ավելի շուտ առնչվում էր այլ նյութական պայմանների, հատկապես` բնական օդի և լույսի պակասությանը` բանտախցում պատուհաններին երկաթյա փականներ լինելու պատճառով: Ուշագրավ է, որ նման փականների առկայությունն այդ ժամանակ համարվել է օրինական (տես` վերը նշված Ալեքսանդր Մակարովի գործը, կետեր 76-81 և կետեր 86-89): Հաշվի առնելով վերը նշվածը` համարվում է, դիմողը պահպանել է սպառման պայմանը:
79. Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով կողմերի փաստարկներն առ այն, որ դիմողի` 2002 թվականի հունիսի 7-27-ն իր կալանքի պայմանների վերաբերյալ գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Չի հաստատվել այն անընդունելի ճանաչելու որևէ այլ հիմք:
80. Դատարանը նկատում է, որ կողմերը հիմնականում համաձայն են, որ` (I) 2002 թվականի հունիսին դիմողը մոտ քսան օր պահվել է գրեթե 4 մետր տարածք ունեցող մի բանտախցում` մենակ, և` (ii) 0.36 չափսի պատուհանը ծածկված է եղել երկաթյա փականներով (տես վերը` կետեր 46-49): Մյուս հանգամանքների կողմերը տարակարծիք են:
81. Դատարանը բազմիցս գտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կալանավորներին անձնական տարածություն չտրամադրելու առթիվ (Փիրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, կետեր 69 et seq., ՄԻԵԴ 2001-III, Խուդոյորովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 6847/02, կետեր 104 et seq., ՄԻԵԴ 2005-X, Լաբզովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 62208/00, կետեր 44 et seq., 2005թ. հունիսի 16, Նովոսելովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 66460/01, կետեր 41 et seq., 2005թ. հունիսի 2, Մեյզիթն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 63378/00, կետեր 39 et seq., 2005թ. հունվարի 20 և Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 47095/99, կետեր 97 et seq., ՄԻԵԴ 2002-VI): Այդուհանդերձ, ուշագրավ է, որ համապատասխան բանտախցի տարածքի չափսի փոխարեն դիմողի դժգոհությունը հիմնականում վերաբերում է բանտախցում բնական լույսի և օդի ոչ բավարար լինելուն: Դատարանն ընդունում է, որ դիմողը կարող էր ունենալ որոշակի անհարմարություն պատուհանի փոքր չափսերի և դրա վրա փականների առկայության պատճառով: Միևնույն ժամանակ Դատարանը չի կարողացել որոշել` արդյոք բնական լույսի ոչ բավարար լինելը որևէ կերպ ազդել է նրա վրա, թե` ոչ: Չկա ապացույց նաև առ այն, որ թույլ է եղել արհեստական լուսավորությունը կամ օդափոխումը: Ավելին, նշվել է, որ դիմողը մյուս կալանավորների հետ մեկտեղ ունեցել է զբոսնելու և արտաքին աշխարհի հետ, ներառյալ` իր պաշտպանի ու ընտանիքի հետ այդ ընթացքում հաղորդակցվելու իրավունք: Վերջապես, Դատարանն իրեն հասու նյութերի հիման վրա չի գտնում, որ դիմողի կողմից նշված մյուս պայմանները եղել են այնպիսին, որ կարող էին համարվել նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորում:
82. Այդպիսով, Դատարանին ներկայացված նյութերի հիման վրա Դատարանը գտնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` 2002 թվականի հունիսի 7-27-ը դիմողի կալանքի պայմանների առնչությամբ:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ մեկտեղ 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
83. Դիմողը նաև բողոքել է առ այն, որ ինքը չի ունեցել որևէ արդյունավետ միջոց իր վերը նշված բողոքների լուծման համար` կապված նախնական կալանքի վայրում և Բառնաուլի կալանավայրում առկա պայմանների հետ: Դատարանը կքննի այդ գանգատը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո, համաձայն որի`
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
84. Կողմերի դիրքորոշումները ներկայացված են վերը` կետեր 64-66:
A. Ընդունելիություն
85. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների ապահովման միջոցների առկայությունը ներպետական մակարդակով, անկախ նրանից թե ինչպես դրանք պետք է պաշտպանվեն ներպետական իրավական համակարգում: 13-րդ հոդվածի պահանջը ներպետական արդյունավետ միջոցի առկայությունն է Կոնվենցիայի ներքո «վիճելի բողոքը» լուծելու և պատշաճ փոխհատուցում ապահովելու համար (տես` վերը նշված Կուդլայի գործը կետ 157): 13-րդ հոդվածի ներքո պարտականությունը տարբեր է լինում` կախված Կոնվենցիայի ներքո դիմողի գանգատի բնույթից: Այդուհանդերձ, 13-րդ հոդվածով պահանջվող միջոցը պետք է լինի արդյունավետ ինչպես գործնականում, այնպես էլ օրենքով:
86. Դատարանը նկատում է, որ 2001 թվականի փետրվարի 3-ից մինչև 2002 թվականի հունիսի 7-ը կալանքի պայմանների վերաբերյալ դիմողի բողոքները հայտարարվել են անընդունելի: Այդպիսով, դիմողի գանգատն այս մասով չի կարող լինեն «վիճելի» (տես Ռ.Կ.-ն և Ա.Կ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 38000/05, կետ 44, 2008թ. սեպտեմբերի 30):
87. Այդուհանդերձ, 2002 թվականի հունիսի 7-27-ը դիմողի կալանքի պայմանների առումով արդյունավետ միջոցների վիճելի բացակայությունն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Չկա որևէ այլ հիմք այն անընդունելի ճանաչելու համար:
B. Գործի հանգամանքները
88. Դատարանը կրկնում է, որ վիճարկվող կալանքի ժամկետն ավարտվելուց հետո դիմողը նամակ է ուղարկել շրջանային դատախազություն կալանավայրում առկա պայմանների վերաբերյալ: 2005 թվականի հունվարին դատախազությունը քննել է այդ բողոքը և ընդունել, որ բանտախցի պատուհաններին դրված են եղել մետաղյա փականներ, սակայն մերժել է մյուս բողոքները` ոչ ճշմարիտ լինելու պատճառաբանությամբ: Դատարանի կարծիքով, չնայած դիմողի համար որոշ դրական հետևանքներին, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի առումով միջոցի արդյունավետությունը գնահատելու վճռորոշ հարցն այն է, թե արդյոք դիմողը կարողացել է բարձրացնել այդ բողոքը դատախազի առջև` ուղղակի ժամանակին փոխհատուցում ստանալու, այլ ոչ թե պարզապես Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների անուղղակի պաշտպանություն ունենալու նպատակով (տես` Կովալն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 65550/01, կետ 94, 2006թ. հոկտեմբերի 19): Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի պարզաբանել, թե ինչպես դատախազի կողմից արված որևէ հետևություն կարող էր հանգեցնել նշված կանխարգելիչ կամ փոխհատուցող կամ կալանքի պայմանների հետ կապված միջոցառումների (տես` Օստրովարն ընդդեմ Մոլդովայի), թիվ 35207/03, 2005թ. մարտի 22): Համոզիչ կերպով ցույց չի տրվել, թե դատախազին ուղղված բողոքը կարող էր հանգեցնել փոխհատուցման` կապված դիմողի` Կոնվենցիայի ներքո ներկայացված բողոքի հետ:
89. Դատարանն արդեն նշել է, որ Ռուսաստանի իրավական համակարգում դատախազին ուղղված բողոքն այն ներկայացնող անձին չէր տալիս անձնական իրավունք հասնելու նրան, որ Պետությունն իրականացնի իր վերահսկողական իրավազորությունը, ուստի նման բողոքով, չի ապահովվել արդյունավետ միջոց Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով (տես` Ալեքսանդր Մակարովի գործը, կետ 86 և Բենեդիկտովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 106/02, կետ 29, 2007թ. մայիսի 10):
90. Այդպիսով, նշված հետևությունները` 75-րդ և 78-րդ կետերում նշված համապատասխան հետևությունների հետ մեկտեղ հանգեցրել են Դատարանի այն եզրակացությանը, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում` կապված ներպետական օրենսդրության ներքո արդյունավետ միջոցի բացակայության հետ, որով դիմողը կկարողանար բողոք ներկայացնել 2002 թվականի հունիսին կալանավայրի բանտախցում բնական լույսի և օդի ոչ բավարար լինելու վերաբերյալ:
III. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
91. Դիմողը բողոքել է առ այն, որ իր նկատմամբ չի իրականացվել արդարացի դատաքննություն: Մասնավորապես, նա բողոքել է, որ իրեն ձերբակալելուց հետո թույլ չեն տվել, որպեսզի գործը ներկայացնի իր ընտրած պաշտպանը, որ պաշտպան Դ.-ի կողմից ցուցաբերված իրավաբանական օգնությունը չի եղել բավարար, որ իրեն հարցաքննել են բռնություն գործադրելով և որ իրեն ստիպել են տալու ինքնախոստովանություն` առանց ապահովելու արդյունավետ իրավաբանական խորհրդատվություն: Նա ընդհանուր առմամբ բողոքել է նաև այն մասին, որ դատախազությունը չի ապացուցել իր մեղքը, իսկ դատարանը սխալ է գնահատել թույլատրելի ապացույցները: 6-րդ հոդվածի համապատասխան մասերի համաձայն.
«1. … Յուրաքանչյուր ոք նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի… արդարացի… դատաքննության իրավունք:
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
…
(c) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարության շահերը…»:
92. 2004-2007 թվականների միջև ընկած ժամանակահատվածում դիմողը վեր է հանել մի շարք նոր բողոքներ` կապված իր դեմ հարուցված քրեական գործի քննության հետ: Հատկապես նա բողոքել է, որ տիկին Ս.-ն չի ունեցել պաշտպան, երբ ոստիկաններն ստիպել են նրան մեղադրական ցուցմունքներ տալ իր դեմ մինչդատական քննության փուլում, որ քննիչների որոշ մինչդատական որոշումների տեքստերը խախտել են անմեղության կանխավարկածը, որ 2001 թվականի մայիսից-հուլիս ընկած ժամանակահատվածում ինքը կարողացել է տեսակցել իր պաշտպան Ս.-ին առանձին, սակայն միայն քննիչի ներկայությամբ, և որ իրեն չեն տրամադրել բավարար ժամանակ և միջոցներ գործի նյութերն ուսումնասիրելու համար:
A. Գործի ընդունելիությունը և ծավալը
93. Ինչ վերաբերում է մինչդատական փուլին և դատական քննության արդարացիությանն առնչվող գանգատներին` Դատարանը գտնում է, որ կողմերի դիրքորոշումների լույսի ներքո գանգատի այս հատվածը վեր է հանում Կոնվենցիայի ներքո փաստին և իրավունքին առնչվող լուրջ խնդիրներ, որոնց բնորոշումը պահանջում է գործի հանգամանքների քննություն: Դատարանը եզրակացնում է, որ այդ պատճառով գանգատի այդ հատվածն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Չկան նաև այլ հիմքեր այն անընդունելի ճանաչելու համար:
94. Առաջին անգամ 2004-2007 թվականներին բարձրացված գանգատների առթիվ Դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող դիտվել որպես նախկինում բարձրացված գանգատների լրացում: Դատարանը կրկնում է, որ գանգատների ներկայացման համար վեցամսյա վաղեմության ժամկետի ընթացքը, որը չի ներառվել սկզբնական գանգատում, չի ընդհատվում մինչև այն օրը, երբ գանգատն առաջին անգամ ներկայացվում է Դատարանին (տես` Մայսկին ընդդեմ Խորվաթիայի, թիվ 33593/03, կետ 33, 2006թ. հունիսի 1, Ալանն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 48539/99, 28 August 2001): Հետևաբար, գանգատի այս հատվածը ներկայացվել է վաղեմության ժամկետի խախտմամբ, և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան:
B. Գործի հանգամանքները
1. Կողմերի դիրքորոշումները
(a) Դիմողը
95. Դիմողը հայտնել է, որ իրեն ձերբակալելուց հետո պահել են այնպիսի պայմաններում, որոնք խոչընդոտել են արդյունավետ իրավաբանական խորհրդատվություն ունենալը և ստիպել են իրեն խոստովանելու իր մեղավորությունը տարբեր հանցագործությունների կատարման մեջ: Դիմողը հայտնել է, որ քննիչն ապօրինաբար թույլ չի տվել, որպեսզի Կ.-ն նշանակվի իր պաշտպան: Դիմողը նաև բողոքել է, որ իր մայրն առաջին անգամ լսել է իր ձերբակալման մասին երրորդ անձից` 2001 թվականի փետրվարի 6-ին: Անվտանգության նկատառումներով իրեն թույլ չեն տվել տեսակցելու իր մոր հետ 2001 թվականի փետրվարին և մարտին: Քննիչ Ա.-ն իր մորը դրել է թյուրիմացության մեջ` ասելով, որ դիմողը գոհ է եղել պաշտպան Դ.-ից և չի ունեցել այլ պաշտպանի կարիք: Չնայած դիմողի առարկությանը` Դ.-ն շարունակել է մնալ նրա պաշտպանը, սակայն հրաժարվել է ունենալ որևէ մասնավոր զրույց դիմողի հետ: Դիմողին ծեծել են և ահաբեկել ոստիկանների հետ «զրույցների» ընթացքում, որոնք փոխարինել են միմյանց: Պաշտպանը ներկա չի եղել քննիչների կողմից իրականացվող հարցաքննություններին: Կալանքն ընթացել է կալանավայրում` քննիչների կամ ոստիկանների ներկա գտնվելու ժամերի և պաշտպանի ներկայությամբ իրականացվող հարցաքննության ժամերի միջև ընկած ժամանակահատվածում: Չստանալով որևէ խորհրդատվություն և լինելով ահաբեկված, ինչպես նաև ենթարկվելով վատ վերաբերմունքի` դիմողը չի ունեցել այլ ելք` խոստովանությունից բացի: Ամեն անգամ դիմողին բերել են քննիչի մոտ, որն արձանագրել է խոստովանությունը: Կալանավայրում չափազանց երկար ժամանակ գտնվելը նպատակ է հետապնդել հնարավորություն ընձեռելու ոստիկաններին խոստովանություններ կորզել: Ոստիկաններից ոչ մեկն իրավասու չի եղել վարելու գործը, և նրանց այցելությունների միակ նպատակն է եղել դիմողի վրա ճնշում գործադրելը:
(b) Կառավարությունը
96. Կառավարությունը հայտնել է, որ 2001 թվականի փետրվարի 3-ին դիմողին տեղեկացրել են իր դատավարական իրավունքների մասին, ներառյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Դիմողը կամավոր հրաժարվել է այդ իրավունքից: Քննիչը տեղեկացրել է դիմողի մորը 2001 թվականի փետրվարի 4-ին իր որդու ձերբակալման մասին, սակայն նա չի ընտրել պաշտպան մինչև 2001 թվականի մարտի 6-ը: Դիմողին չեն մերժել իր մոր հետ տեսակցելու հարցում: Դիմողն անձամբ չի ընտրել որևէ պաշտպանի: Քննությունը շարունակելու նպատակով քննիչը նշանակել է պաշտպան Դ.-ին: 2001 թվականի փետրվարի 13-ին, 20-ին և 26-ին դիմողին մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցանք կատարելու համար: Նրա խոստովանությունները գրի են առնվել քննիչի կողմից: Որևէ պաշտպան ներկա չի գտնվել, քանի որ խոստովանությունը չի համարվել իրավաբանական օգնություն պահանջող քննչական միջոց: Ցանկացած դեպքում դիմողն ազգային իշխանություններին չի բողոքել առ այն, թե այդ օրերին պաշտպանին թույլ չեն տվել ներկա գտնվել հարցաքննություններին: Դիմողը հաստատել է իր խոստովանությունները 2001 թվականի փետրվարի 13-ի, 15-ի, 18-ի, 21-ի և 27-ի հարցաքննությունների ընթացքում` պաշտպան Դ.-ի ներկայությամբ: Չկար որևէ հանգամանք, որը մատնացույց կաներ, թե պաշտպանությունը եղել է ոչ բավարար: 2001 թվականի փետրվարին չի արձանագրվել որևէ վնասվածք: 2001 թվականի մարտի 6-ից դիմողին ներկայացրել է մասնավոր նշանակված պաշտպան Ս.-ն: Դիմողը նախընտրել է լռել: Այդուհանդերձ, 2001 թվականի մարտի 15-ին դիմողն ակտիվորեն մասնակցել է դեպքի վայր ժամանելիս քննչական փորձարարությանը` կապված կրկնակի սպանության հետ, պաշտպան Ս.-ի մասնակցությամբ: 2001 թվականի մարտի 23-ին դիմողը պաշտոնապես հրաժարվել է պաշտպան Դ.-ից: 2001 թվականի ապրիլի 21-ին արձանագրված վնասվածքները կապ չունեին 2001 թվականի փետրվարին կատարած խոստովանությունների հետ, և պատճառվել էին բանտակիցների կողմից այն ժամանակ, երբ դիմողն արդեն ուներ պաշտպան: Ցանկացած դեպքում դիմողը հրաժարվել է բողոքել այդ միջադեպի առթիվ: Դիմողի` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները քննվել են դատարանի կողմից և մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը հաշվի է առել խոստովանությունները պատիժը մեղմացնելիս:
2. Դատարանի գնահատականը
(a) Ընդհանուր սկզբունքներ
(i) Իրավաբանական օգնությունը և ինքնախոստովանության դեմ իրավունքը
97. Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որպես կանոն, պահանջում է, որպեսզի պաշտպան ներգրավվի ոստիկանության կողմից կասկածյալի առաջին հարցաքննության պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո հիմնավորվում է, որ առկա են լուրջ պատճառներ այդ իրավունքը սահմանափակելու համար (տես` Սալդուզն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 36391/02, կետ 55, 2008թ. նոյեմբերի 27, տես նաև Դայանանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 7377/03, կետեր 29-34, 2009թ. հոկտեմբերի 13): Երբ նույնիսկ լուրջ պատճառներ կարող են բացառիկ դեպքերում արդարացնել պաշտպան ունենալու արգելքը, նման արգելքը, անկախ դրա արդարացումից, չպետք է չափից ավելի խոչընդոտի 6-րդ հոդվածով նախատեսված կասկածյալի իրավունքները: Պաշտպանության իրավունքները, ըստ էության, ապօրինաբար կխոչընդոտվեն, եթե առանց պաշտպանի ներկայության ոստիկանության կողմից իրականացվող հարցաքննության ժամանակ տրված ինքնախոստովանական ցուցմունքները դրվեն դատապարտման հիմքում:
98. Դատարանը կրկնում է, որ քրեական հանցագործության մեջ մեղադրվող անձը, որը չի կամենում պաշտպանել ինքն իրեն, պետք է իրավունք ունենա հայցելու, որպեսզի մեկ այլ անձի կողմից նշանակվի պաշտպան (տես` Քեմբելն Ֆիլն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1984թ. հունիսի 2, կետ 99, Series A, թիվ 80 և Պակելին ընդդեմ Գերմանիայի, 1983թ. ապրիլի 25, կետ 31, Series A, թիվ 640): Ազգային դատարանը կարող է մերժել մեղադրյալի միջնորդությունը իրավաբանական օգնության վերաբերյալ, եթե առկա են համապատասխան և բավարար հիմքեր եզրակացնելու, որ դա անհրաժեշտ է, ելնելով արդարադատության շահերից (տես` Կրուսանն ընդդեմ Գերմանիայի, 1992թ. սեպտեմբերի 25, կետեր 29 և 30, Series A, թիվ 237-B):
99. Պաշտպան նշանակելն ինքնին չի ապահովում պաշտպանյալին տրամադրվող օգնության արդյունավետությունը (տես` Զեկալան ընդդեմ Պորտուգալիայի, թիվ 38830/97, կետ 60, ՄԻԵԴ 2002‑VIII): Այդուհանդերձ, Պետությունը չի կարող պատասխանատու լինել իրավաբանական օգնության նպատակով նշանակված իրավաբանի պատճառով առաջացած ցանկացած հետևանքի համար: Պետությունից իրավաբանական մասնագիտության անկախությունից հետևում է, որ պաշտպանի վարքագիծը, ըստ էության պաշտպանյալի և պաշտպանի միջև առկա խնդիր է, անկախ նրանից պաշտպանը նշանակված է իրավաբանական օգնության շրջանակներում, թե մասնավոր է ֆինանսավորվում: Իրավասու ազգային մարմինները 6-րդ հոդվածի 3(c) կետի ներքո պետք է միջամտեն, եթե միայն պաշտպանի կողմից արդյունավետ ներկայացուցչություն չապահովելն ակնհայտ է, հավուր պատշաճի գրավել է նրանց ուշադրությունը մեկ այլ ճանապարհով:
100. Ինչ վերաբերում է ինքնախոստովանության դեմ իրավունքին, ինչպես նաև լռելու իրավունքին, Դատարանը կրկնում է, որ դրանք հանրաճանաչ միջազգային երաշխիքներ են, որոնք ընկած են արդարացի դատավարության հիմքում: Դրանց նպատակն է կասկածյալին իշխանությունների կողմից անհիմն ճնշումներից պաշտպանելը, այդպիսով` արդարադատության ձախողումից խուսափելը և 6-րդ հոդվածի նպատակներին հասնելը (տես` Կիկովն ընդդեմ Ռուսաստանի [GC], թիվ 4378/02, կետ 92): Չմեղադրելու իրավունքն ուղղակիորեն կապված է կասկածյալի` լռելու իրավունքը հարգելու հետ, և ենթադրում է, որ քրեական գործով մեղադրող կողմը կասկածյալի նկատմամբ գործը վարում է առանց հիմնվելու այն ապացույցների վրա, որոնք ստացվել են ցուցմունք կորզելու կամ կասկածյալի իրավունքների ոտնահարման միջոցով: Քննելով, արդյոք դատավարությունը ոտնահարել է ինքնախոստովանության դեմ իրավունքի բուն էությունը` Դատարանը պետք է քննի ճնշման բնույթը և աստիճանը, դատավարությունում որևէ համապատասխան երաշխիքների առկայությունը և ձեռք բերված նյութերի նկատմամբ դրանց կիրառումը:
101. Դատարանն ընդգծում է քննության փուլի կարևորությունը քրեական գործի քննության նախապատրաստման համար, քանի որ այդ փուլում հավաքված ապացույցները կանխորոշում են այն սահմանները, որոնցում համապատասխան հանցանքի հետ գործ է ունենալու դատարանը (տես վերը` կետ 54): Միևնույն ժամանակ, կասկածյալը հաճախ հայտնվում է խոցելի վիճակում քննության ընթացքում, որի արդյունքն ուժեղանում է այն փաստով, որ քրեական դատավարությանն առնչվող օրենսդրությունը հակված է դառնալու ավելի ու ավելի բարդ` հատկապես հաշվի առնելով այն կանոնները, որոնք վերաբերում են ապացույցներ հավաքելուն և օգտագործելուն: Շատ գործերում այս հատուկ խոցելիությունը միայն կարող է պատշաճորեն փոխհատուցվել պաշտպանի օգնությամբ, որի նպատակն է, ի թիվս այլնի ինքնախոստովանական ցուցմունք չտալու կասկածյալի իրավունքը: Այս իրավունքն իսկապես ենթադրում է, որ քրեական գործով մեղադրող կողմը նպատակ է հետապնդում գործը վարել կասկածյալի դեմ, առանց հիմնվելու այնպիսի ապացույցների վրա, որոնք ստացվել են խոստովանությունների կորզման կամ կասկածյալի իրավունքների ոտնահարման միջոցներով (տես` Յալոհն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ 54810/00, կետ 100, ՄԻԵԴ 2006-..., և Քոլուն ընդդեմ Թուրքիայի, թիվ 35811/97, կետ 51, 2005թ. օգոստոսի 2): Պաշտպանի շուտ նշանակումը դատավարական երաշխիքների մաս է կազմում, որոնց Դատարանը հատուկ ուշադրություն է դարձնում, երբ քննում է` արդյոք դատավարությունը ոտնահարել է ինքնախոստովանության դեմ իրավունքի բուն էությունը (տես` mutatis mutandis, Jalloh, cited above, կետ 101):
(ii) Հրաժարում
102. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայով նախատեսված իրավունքից հրաժարվելը, այն չափով, որ չափով այն թույլատրելի է, չպետք է հակասի հանրային շահին, պետք է հաստատվի հստակ կերպով և պետք է իրականացվի հրաժարվելու կարևորությանը համապատասխանող նվազագույն երաշխիքների առկայության դեպքում (տես` Sejdovic v. Italy [GC], թիվ 56581/00, կետ 86, ՄԻԵԴ 2006‑...): Ավելին, մինչ կարելի կլինի ասել, որ կասկածյալն իր վարքագծին համապատասխան կերպով հրաժարվել է 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, պետք է ցույց տալ, որ նա կարողացել է հիմնավորապես կանխատեսել, թե ինչպիսին կլինեն իր վարքագծի հետևանքները (տես` Թալաթ Թանջն ընդդեմ Թուրքիայի, թիվ 32432/96, կետ 59, 2007թ. մարտի 27 և Ջոնսն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 30900/02, 2003թ. սեպտեմբերի 9):
(b) Տվյալ գործով ընդհանուր սկզբունքների կիրառումը
(i) Իրավաբանական օգնությունը մինչդատական վարույթում
103. Դատարանը նկատում է, որ մինչդատական վարույթին առնչվող դիմողի գանգատի հիմնական կետերը հետևյալներն են.
- դիմողին չի տրվել հնարավորություն իր կամքով ընտրելու պաշտպան (պարոն Կ.-ն` մեկ այլ պաշտպան` նշանակված իր ընտանիքի կողմից),
- պաշտպան Դ.-ի կողմից տրամադրված օգնությունը չի եղել բավարար,
- վերոնշյալի արդյունքում դիմողը խոստովանել է` առանց արդյունավետ իրավաբանական խորհրդատվություն ստանալու:
104. Դատարանը գտնում է, որ դիմողի գործով առաջացած հիմնական հարցն է նրա հայտարարությունը, որ իր նկատմամբ ճնշում գործադրելով բերման են ենթարկել, որ ինքը տվել է ինքնախոստովանական ցուցմունք` առանց արդյունավետ իրավաբանական խորհրդատվություն ստանալու:
105. Դատարանը նախ նկատում է, որ համապատասխան փաստերը վիճելի են կողմերի միջև, հատկապես` կապված սպանության մեղադրանքներին առնչվող դիմողի խոստովանությունների վերաբերյալ:
106. Նախևառաջ, հակառակի վերաբերյալ որևէ այլ ապացույցի բացակայության պայմաններում Դատարանը կշիռ է տալիս դիմողի այն փաստարկին, որ ձերբակալությունից հետո իրեն թույլ չեն տվել կապվելու իր հարազատների հետ: Չկա որևէ ապացույց առ այն, որ քննիչն անմիջապես տեղեկացրել է դիմողի ընտանիքին վերջինիս ձերբակալության մասին, կամ որ դիմողը խնդրել է իրեն դա չանել: Դատարանը գտնում է, որ կասկածյալին տալով հնարավորություն տեղեկացնելու իր ընտանիքին իր ձերբակալության մասին կարևոր երաշխիք է կամայական կալանքի դեմ և նպատակ ունի նպաստելու անձի որոշմանը` կապված իրավաբանական օգնության իրավունքի իրականացման հետ, ինչպես նաև ինքնախոստովանության դեմ իրավունքի և լռելու իրավունքի հետ (տես վերը` նաև կետեր 61 և 62): Դատարանը գտնում է, որ արդեն իսկ 2001 թվականի փետրվարի 3-ից 6-ը դիմողը գտնվել է խոցելի վիճակում:
107. Կառավարությունն առարկել է, թե դիմողը չի արտահայտել իր ցանկությունը Կ.-ի կողմից ներկայացված լինելու առնչությամբ: Դատարանը կարիք չունի որոշելու` արդյոք դիմողն անվանել է պարոն Կ.-ին այդ ընթացքում, և արդյոք շահերի բախումն օրենսդրորեն արգելել են Կ.-ին ներկայացնելու նրան (տես վերը` կետ 10): Փաստ է, որ ինչպես հաստատվել է քննիչի կողմից դատական քննության ընթացքում (տես վերևում` կետ 32-ը), դիմողը չի կամեցել ինքն իրականացնել իր պաշտպանությունը և հաստատել է պաշտպան ունենալու իր իրավունքը: Այդ պատճառով, իշխանությունների պարտականությունն էր ապահովել, որպեսզի նա կարողանա իրականացնել այդ իրավունքը, օրինակ, կապվելով իրավաբանի հետ հեռախոսով կամ որևէ այլ հասու միջոցով: Դիմողը բավականին հստակ է արտահայտել իր ցանկությունը, որպեսզի իրեն ներկայացնի պաշտպանը, ինչը պարտավորեցնում էր իշխանություններին տալ նրան իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորություն բացառությամբ այն դեպքերի, երբ կան հակասող շահեր, որոնք և արդարացնում են պաշտպան ունենալու իրավունքից զրկելը (տես` Պանովիցն ընդդեմ Կիպրոսի, թիվ 4268/04, կետ 66, 2008թ. դեկտեմբերի 11 և Պիսչալնիկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 7025/04, կետ 73, 2009թ. սեպտեմբերի 24):
108. Դատարանը նկատում է այդ առթիվ, որ դիմողին չի տրամադրվել իրավաբանական օգնություն մինչև 2001 թվականի փետրվարի 6-ը, այն է` իր ձերբակալությունից մի քանի օր անց: Դատարանն ընդունում է, որ արդարադատության շահերը պահանջել է, որպեսզի դիմողին տրամադրվի անվճար իրավաբանական օգնություն: Հաշվի առնելով, որ Կառավարությունը նպատակ է ունեցել երաշխավորելու այն իրավունքները, որոնք պրակտիկ են և արդյունավետ, Դատարանը պետք է գնահատի պաշտպան Դ.-ի օգնության արդյունավետությունը: Այլ կերպ ասած` Դատարանը պետք է որոշի` արդյոք քննիչի նշանակած պաշտպանի կողմից իրավաբանական օգնությունը համապատասխանել է 6-րդ հոդվածի երաշխիքներին` ելնելով գործի հանգամանքներից, հատկապես` ինքնախոստովանության դեմ իրավունքի որևէ խախտման արգելման և լռելու իրավունքի արդյունավետ իրականացման նպատակով:
109. 2001 թվականի փետրվարի 6-ին և 7-ին դիմողը հրաժարվել է պաշտպան Դ.-ի ծառայություններից, քանի որ նա սպասում էր, որ կնշանակվի իր մոր կողմից ընտրված պաշտպանը ինչպես նաև ակնհայտ է, որ ինքը չէր վստահում Դ.-ին: Դիմողը նախընտրել է լռել: Այդուհանդերձ, ստորև թվարկված հանգամանքներում 2001 թվականի փետրվարի 13-ին, 20-ին և 26-ին դիմողը խոստովանել է մի շարք լուրջ հանցանքների մեղավորությունը: Պարոն Դ.-ն համարվել է դիմողի պաշտպանը, ուստի նրանից պահանջվել է ստորագրել արձանագրությունը: Այդուհանդերձ, քննելով տրամադրված նյութերը, Դատարանը գտնում է, որ առկա են լուրջ հիմքեր հավատալու, որ որոշակի ժամանակահատվածում դիմողը բազմիցս հարցաքննվել է առանց արդյունավետ իրավաբանական խորհրդատվություն ստանալու:
110. Իրոք, այն բանից հետո, երբ դիմողն առաջին անգամ ցուցմունք է տվել տուժող Ֆ.-ի առթիվ, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել քննչական խումբ ձևավորելու ուղղությամբ` «գործի բարդության և աշխատանքների մեծ ծավալի» հիմքով: Ավելին, ոստիկանության բաժանմունքը նշանակել է մի քանի ոստիկանների «մի շարք օպերատիվ և հետախուզական միջոցառումների» միջոցով ստուգել` արդյոք դիմողը կապ է ունեցել տեղի համալսարանից վերջերս ուսանողուհիների տեղի ունեցած անհետացման հետ: Դատարանը չի բացառում, որ կարող էին առկա լինել որոշ հանգամանքներ Ֆ.-ի և Գ.-ի գործերով, օրինակ` համընդհանուր modus operandi, որոնք առաջ կքաշեին հիմնավոր կասկած դիմողի դեմ` զոհերին առնչվող իրադարձություններից դուրս:
111. Ինչպես կարող է երևալ ներպետական դատարաններում և Դատարանին դիմողի կողմից ներկայացված այցելուների գրանցամատյանից, որ կալանավայրում գրեթե ամեն օր տարբեր ոստիկաններ են այցելել դիմողին: Կարևորն այն է, որ, մի կողմից, չի ներկայացվել որևէ հիմնավոր բացատրություն առ այն, թե ինչու է առկա ժամանակային տարբերություն ոստիկանների և քննիչների այցելությունների միջև, կալանավայրում պաշտպան Դ.-ի ներկայության կամ բացակայության առնչությամբ` մյուս կողմից: Պաշտպանը ներկա է եղել միայն քննիչի կողմից հարցաքննությանը կամ երբ կատարվել են որոշակի քննչական միջոցառումներ, օրինակ` ֆոտոնույնացում: Չկա ցուցում առ այն, որ դիմողն իսկապես հրաժարվել է պաշտպանի օգնությունից ոստիկանների հետ «զրույցների» նպատակով: Դատարանին չի տրվել հնարավորություն ստուգելու այն, որ «զրույցները» չեն վերաբերել այն հանցագործություններին, որոնք դիմողն ի վերջո ընդունել է: Իրականում, Պատասխանող պետությունը ջանք չի գործադրել պարզաբանելու այդ «զրույցների» բնույթը` դրանց ոչ պատշաճ լինելու հանգամանքը հերքելու նպատակով (Իբինգն ընդդեմ Նիդեռլանդների (dec.), թիվ 47240/99, ՄԻԵԴ 2000‑IV):
112. Բացի իրավիճակի բարդությունից, որում դիմողը հայտնվել էր քննության այդ փուլում, Դատարանը չի գտել որևէ տեղեկություն առ այն, որ պաշտպան Դ.-ն ձեռնարկել է որևէ միջոց իր վստահորդի համար, բացի ուղղակի մի քանի անգամ արձանագրությունը ստորագրելուց (տես` ի հակադրություն Կուրալիչն ընդդեմ Խորվաթիայի, թիվ 50700/07, կետ 48, 2009թ. հոկտեմբերի 15): Դա հատկապես վտանգավոր է` հաշվի առնելով ոստիկանների վերոնշյալ այցելությունները: Դատարանը նաև գտնում է, որ հաստատված է, որ դիմողին 2001 թվականի փետրվարին թույլ չեն տվել տեսակցել իր հարազատների հետ (տես վերը` կետ 32):
113. Փաստը, որ դիմողը հրաժարվել է պաշտպան Դ.-ի ծառայություններից, մատնանշում է հստակորեն, որ դիմողն ունեցել է խնդիրներ իրավաբանական ներկայացուցչության հետ:
Երբ դիմողը հրաժարվել է պաշտպան Դ.-ից, քննիչները, այդուհանդերձ, բավարարվել են նրանով, որ այդ պաշտպանը պատշաճորեն կներկայացնի դիմողի շահերը քննության ընթացքում: Քննության ընթացքի և դիմողի խոստովանությունների միջոցով այլ հանցագործությունների բացահայտմամբ քննիչների շահագրգռվածությունը նրանց չի մղել պաշտպանության արդյունավետությանն ուշադրություն դարձնելուն:
114. Դատարանի կարծիքով` նշված հետևությունները բացահայտում են մի շարք լուրջ հետևանքներ` կապված դիմողի կողմից մինչդատական վարույթում իրավաբանական օգնության իրավունքի իրականացման հետ:
(ii) Ապացույցների օգտագործումը դատարանում
115. Դատարանը նաև նկատել է դիմողի կողմից բարձրացված մեծ դժգոհությունները: Դրանք առնչվում են հիմնականում հավաքված ապացույցների` իր դեմ օգտագործման, ներառյալ` իր մինչդատական խոստովանությունների օգտագործումը դատարանում: Դատարանը կրկնում է այդ առթիվ, որ իր գործառույթը չէ փաստի իրավունքի սխալներին անդրադառնալը, որոնք ենթադրաբար գործադրվում են ներպետական դատարանների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կարող են խախտել Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և ազատությունները: Թեև 6-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը, այն չի նախատեսում որևէ կանոն` կապված ապացույցների թույլատրելիության հետ, որը, նախևառաջ ներպետական օրենսդրության կարգավորման խնդիրն է (տես` վերը նշված Յալոհի գործը, կետ 94 և Թիքսեյրա դե Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի, 1998թ. հունիսի 9, կետ 34, Զեկույցներ 1998-IV): Ուստի Դատարանի խնդիրը չէ որոշել` արդյոք ապացույցների հատուկ տեսակներ, օրինակ` ներպետական օրենսդրության ներքո ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցները, կարող են լինել թույլատրելի, կամ արդյոք դիմողը մեղավոր է, թե` ոչ: Պետք է պատասխանել հարցի, արդյոք դատավարությունն ընդհանուր առմամբ, ներառյալ ապացույցներ ձեռք բերելու ճանապարհը, արդարացի է, թե` ոչ:
116. Այդպիսով, Դատարանն արդեն որոշել է` այն հարցը պարզելիս, թե արդյոք դատավարությունն ընդհանուր առմամբ եղել է արդարացի, թե`ոչ, պետք է հաշվի առնել` արդյոք իրականացվել է պաշտպանության իրավունքը, հատկապես` արդյոք դիմողին տրվել է հնարավորություն վիճարկելու ապացույցների ոչ կեղծ լինելը և առարկելու դրա դեմ (տես` վերը նշված պանովիչի գործը, կետ 82): Վերջապես, պետք է հաշվի առնել ապացույցի որակը, ներառյալ այն հարցը` արդյոք հանգամանքները, որոնցում դրանք հավաքվել են, կասկած են հարուցել դրանց վերաբերելիության կամ թույլատրելիության առումով: Իսկապես, երբ վիճարկվում է ապացույցի վերաբերելիությունը` ապացույցի թույլատրելիությունը քննելու արդարացի գործընթացը` նույնիսկ առավել կարևոր է (տես` Ալանն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 48539/99, կետ 47, ՄԻԵԴ 2002‑IX):
117. Տվյալ գործով դիմողին մեղավոր ճանաչելով` դատարանը հիմնվել է նրա մինչդատական խոստովանությունների և որոշ այլ ապացույցների վրա, ներառյալ` տարբեր ֆիզիկական ապացույցներ, որոնք ստացվել են 2001 թվականի փետրվարին դիմողի կողմից տրամադրված տեղեկությունների օգտագործման միջոցով (տես վերը` կետեր 34-39): Դատարանն արդեն քննարկել է այն հանգամանքները, որոնցում դրանք ստացվել են, և որոշել է, որ դրանք կասկած են հարուցում իրենց թույլատրելիության հարցում: Այն նաև նկատում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները գործ են ունեցել մինչդատական վարույթում դիմողի` պաշտպանության իրավունքի վիճելի խախտման հետ, ինչպես նաև վատ վերաբերմունքի և ճնշման տակ խոստովանություններ ստանալու առթիվ բողոքների հետ (տես վերը` կետեր 32, 33 և 40): Նշվել է, այդուհանդերձ, որ դիմողը չի ներկայացրել առանձնահատուկ բողոքներ` կապված դատավարության հետ, որով դատարանները կայացրել են իրենց դատավճիռները` կապված ապացույցների ընդունելիության հետ, ներառյալ` իր սեփական խոստովանությունները (Բիկովի գործը [GC], կետ 95): Նա չի ներկայացրել նաև այլ հատուկ փաստարկներ` կապված մյուս ապացույցների ընդունելիության կամ բավարարության հետ, ինչպիսիք են` փորձագետների եզրակացությունները կամ վկաների ցուցմունքները:
118. Ցանկացած դեպքում, տվյալ գործով չեն պահանջվում այդ առթիվ այլ հետևություններ, քանի որ գտնելով, որ մինչդատական վարույթում դիմողի` պաշտպան ունենալու իրավունքի խախտումը չի ունեցել որևէ արդարացում, Դատարանը կարիք չունի քննելու, թե ինչ հետևանք է այդ խախտումն ունեցել դիմողի դեմ քրեական գործի ողջ քննության արդարացիության վրա (տես` վերը նշված Պիսչալնիկովի գործը, կետ 81 և Յունգյունն ընդդեմ Թուրքիայի, թիվ 15737/02, կետեր 34 և 35, 2009թ. հունիսի 23):
(iii) Եզրակացություն
119. Այդպիսով, չնայած դատարանում մրցակցային քննության ժամանակ դիմողն ունեցել է հնարավորություն վիճարկելու իր դեմ ապացույցների թույլատրելիությունը` ստանալով իրավաբանական խորհրդատվություն, Դատարանը կրկնում է իր հետևությունները` կապված մինչդատական վարույթում իրավաբանական օգնության հետ և եզրակացնում է, որ այդ փուլում իրավաբանական օգնության թերությունները լրջորեն խարխլել են պաշտպանության դիրքերը դատական քննության ժամանակ:
120. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դրա 3 (c) կետի հետ մեկտեղ:
IV. Կոնվենցիայի այլ ենթադրյալ խախտումներ
121. Դիմողը բողոքել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո առ այն, որ իրեն մի քանի անգամ ծեծել են քննիչները և իր բանտակիցները: Վերջապես, դիմողը բողոքել է, որ նախնական կալանքի վայրում իր երկարատև մնալը, ինչպես նաև իր բնակարանի խուզարկությունն ու իրերի առգրավումը կատարվել են ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների խախտումով:
122. Դատարանը քննել է մնացած գանգատները, ինչպես որ դրանք ներկայացվել են դիմողի կողմից: Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը` Դատարանը գտնում է, որ դրանք չեն վերհանում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով նախատեսված իրավունքների և ազատությունների խախտումների ինչ-որ հատկանիշներ: Հետևաբար, գանգատի այս մասը պետք է մերժվի` ակնհայտ անհիմն լինելու պատճառով, համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
V. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
123. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընդունում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարան որոշում է անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
124. Դիմողը պահանջել է 100,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի դիմաց:
125. Կառավարությունն առարկել է այդ պահանջը` չափազանցված լինելու պատճառով:
126. Հաշվի առնելով վնասների բնույթը և հիմնելով իր գնահատականների վրա` Դատարանը տրամադրում է դիմողին 3,000 եվրո` ոչ նյութական վնասի դիմաց, ներառյալ հնարավոր հարկերը:
127. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3(c) կետերին` Դատարանը նաև կրկնում է, որ եթե դիմողը դատապարտվել է, չնայած Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտումներին, նա պետք է դրվի, որքանով որ հնարավոր է, այնպիսի վիճակի մեջ, որում այդ դրույթի պահանջները չեն անտեսվի, և որպես համաչափ փոխհատուցում, ըստ էության, պետք է պահանջ լինելու դեպքում վերսկսվի գործի քննությունը (տես` Սոմոգինն ընդդեմ Իտալիայի, թիվ 67972/01, կետ 86, ՄԻԵԴ 2004-IV և Բոկոս Կեստան ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 54789/00, կետ 82, 2005թ. նոյեմբերի 10): Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ քրեական գործով քննությունը կարող է վերսկսվել, եթե Դատարանը հայտնաբերում է Կոնվենցիայի խախտում:
B. Ծախսեր և ծախքեր
128. Դիմողը պահանջել է նաև 51,930 եվրո ներպետական դատարաններում կրած ծախսերի դիմաց, և 1,105 եվրո` Դատարանում առաջացած ծախսերի և ծախքերի դիմաց, ներառյալ դիմողի մոր կողմից պարոն Պրոկոֆևի աշխատանքի դիմաց վճարված գումարը, ինչպես նաև փոստի, պատճենահանումների և թարգմանությունների համար վճարված գումարները:
129. Կառավարությունն առարկել է այդ պահանջները` անհիմն լինելու կամ համապատասխան քննության հետ առնչություն չունենալու պատճառով:
130. Համաձայն Դատարանի նախադեպերի` դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այն դեպքում, եթե ցույց է տվել, որ դրանք փաստացիորեն և անհրաժեշտաբար են կատարվել և ըստ էության հիմնավոր են: Հաշվի առնելով առկա տեղեկատվությունը, վերոնշյալ չափանիշը և այն փաստը, որ 850 եվրո արդեն վճարվել է որպես իրավաբանական օգնություն` Դատարանի Կանոնների 92-րդ կանոնի ներքո, Դատարանը գտնում է, որ հիմնավոր է տրամադրել 1,600 եվրո` ներառյալ ցանկացած հարկ, որը կարող է կիրառվել դիմողի նկատմամբ:
C. Տուգանային տոկոսներ
131. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական Զանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է անընդունելի մինչդատական փուլում վիճելի խախտումները, այն է` 2002 թվականի հունիսի 7-27-ը կալանքի պայմանները և թույլատրելի արդյունավետ միջոցների բացակայությունը և բողոքի մնացած մասը:
2. Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3(c) կետերի խախտում:
5. Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի 3,000 եվրո (երեք հազար եվրո)` ներառյալ ցանկացած կիրառելի հարկ` ոչ նյութական վնասի դիմաց, և 1,600 եվրո (մեկ հազար վեց հարյուր եվրո)` ներառյալ դիմողի նկատմամբ կիրառելի ցանկացած հարկ` ծախսերի և ծախքերի դիմաց, երկու գումարներն էլ պետք է վճարվեն ռուսական ռուբլով վճռի կայացման օրվա դրությամբ փոխարկելի արտարժույթին համապատասխան:
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական Զանկի սահմանած
6. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ գանգատի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր` 2010 թվականի ապրիլի 1-ին` համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Անրե Վոմփաչ Քարտուղար |
Խրիստոս Ռոզակիս
Նախագահող |
