ՄԱԼԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. մայիսի 4-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմողը ծնվել է 1979 թվականին: Այժմ նա կրում է իր պատիժը բանտում:
A. Մինչդատական վարույթ
5. 1998թ. օգոստոսի 6-ին սկսվել է տաքսու վարորդի սպանության վերաբերյալ քննությունը, որի դին հայտնաբերվել էր մեկ շաբաթ առաջ` անտառում: Նրա մեքենան հրկիզված էր:
6. 1999թ. հունվարի 28-ին քննությունը կասեցվել է հանցագործի ինքնությունը չպարզելու հետևանքով:
7. 1999թ. օգոստոսի 10-ին քննությունը վերսկսվել է, և որում որպես կասկածյալ հանդես է եկել Կ.-ն: Հաջորդ օրը դիմողը հարցաքննվել է որպես վկա: Նա ասել է, որ ինքը 1998թ. մայիսին չի օգտվել տաքսու ծառայություններից Տալլինից մինչև Սիլամայե հասնելու համար և չի վաճառել բջջային հեռախոս Ֆ.-ին, և որ նա Տալլինի տաքսու վարորդի սպանության մասին ոչինչ չի լսել: Հարցաքննությունը տևել է տասը րոպե:
8. 1999թ. օգոստոսի 16-ին քննությունը կրկին դադարեցվել է:
9. 2001թ. ապրիլի 19-ին կարգադրվել է կրկին վերսկսել քննությունը:
10. 2001թ. ապրիլի 19-ին Տալլինի վարչական դատարանի նախագահը (halduskohus) թույլատրել է լսող գաղտնի սարքավորումների տեղադրումը Թ.-ի տանը` խոսակցությունները ձայնագրելու նպատակով: Թույլտվությունը տրված էր տասնօրյա ժամկետով և ուժի մեջ էր մինչև 2001թ. մայիսի 18-ը: Ըստ հետախուզական գործունեության վերաբերյալ զեկույցի` 2001թ. մայիսի 11-ին դիմողը և Թ.-ն խոսել են տաքսու վարորդի սպանության մասին:
11. 2001թ. հուլիսի 30-ին ոստիկանության քննիչը կազմել է արձանագրություն, ըստ որի` հանցագործությունը, որն սկզբում որակվել է որպես մարդասպանություն, հետագայում վերաորակվել է որպես սպանություն: Կ.-ն և դիմողը հանդիսանում էին կասկածյալներ: Քննիչի կարգադրությամբ նրանք պետք է ոստիկանության բաժանմունք տարվեին հաջորդ օրը:
12. 2001թ. օգոստոսի 1-ին քննիչի պահանջով դիմողը և Կ.-ն պետք է կալանավորվեին երկրից հեռանալու փորձ կատարելու դեպքում:
13. 2001թ. օգոստոսի 17-ին ոստիկանությունը փորձել է կալանավորել դիմողին, ով այդ ժամանակ տանը չէր: Նրա հարևանը չէր տեսել նրան մեկ շաբաթ:
14. Նույն օրը քննիչը մեղադրանք է ներկայացրել դիմողի դեմ: Նրան և Կ.-ին մեղադրանք է ներկայացվել սպանություն, կողոպուտ և սեփականության ոչնչացում կատարելու համար: Ըստ մեղադրանքների` հանցագործությունները կատարվել են 1998թ. մայիսի 17-ի գիշերը: Քանի որ դիմողը խուսափում էր քրեական պատասխանատվությունից, նա գտնվում էր փախուստի մեջ և քննությունը կասեցվել էր:
15. Իդա Վիրուի (Ida-Viru) շրջանային դատարանը (maakohus) 2001թ. օգոստոսի 17-ին քննիչի խնդրանքով թույլատրել է դիմողի տասնօրյա կալանքը նրա ձերբակալությունից հետո:
16. 2001թ. հոկտեմբերի 5-ին Թ.-ի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, ով մեղադրվում էր տաքսու վարորդի սպանության վերաբերյալ տեղեկատվություն չհայտնելու մեջ:
17. 2003թ. դեկտեմբերի 1-ին դիմողը ձերբակալվել է:
18. 2003թ. դեկտեմբերի 2-ին նրան ներկայացվել են 2001թ. օգոստոսի 17-ին կազմված մեղադրանքները:
19. 2003թ. դեկտեմբերի 4-ին Նարվայի քաղաքային դատարանը (linnakohus) թույլատրել է նրան կալանավորել մեկ ամսով: Հետագայում դատարանը պարբերաբար երկարաձգել է նրա կալանքը (2003թ. դեկտեմբերի 31-ին և 2004թ. հունվարի 29-ին, մարտի 26-ին, մայիսի 27-ին, հուլիսի 23-ին և օգոստոսի 26-ին):
20. Միևնույն ժամանակ, 2004թ. հուլիսի 23-ին Թ.-ի կողմից հանցանքի մասին տեղեկատվություն չհայտնելու վերաբերյալ քրեական գործը կցվել է այն գործին, որում դիմողը և Կ.-ն հանդես են գալիս որպես մեղադրյալներ:
B. Դատական քննությունը
21. 2004թ. սեպտեմբերի 21-ին կազմվել է մեղադրական եզրակացություն և քրեական գործն ուղարկվել է Նարվայի քաղաքային դատարան:
22. 2005թ. փետրվարի 1-ի որոշմամբ Քաղաքային դատարանին է հանձնվել դիմողի գործը` Կ.-ի և Տ.-ի հետ մեկտեղ: Դիմողը և Կ.-ն մեղադրվում էին սպանության և սեփականության ոչնչացման, իսկ Թ.-ն` հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու մեջ: Քաղաքային դատարանը հաստատել է մեղադրյալների նկատմամբ նախկինում կիրառված կանխարգելիչ միջոցները, այն է` երկարաձգել է դիմողի կալանքը և Կ.-ի` բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ նախազգուշացումը: Թ.-ի նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ նա այդ ժամանակ կրում էր տասը տարվա ազատազրկման իր պատիժը:
23. Նարվայի և Վիրուի քաղաքային դատարաններում, որոնք քննում էին տվյալ գործը դատական համակարգի վերակազմակերպումից հետո, լսումները նշանակվել էին հինգ օրով` 2005 և 2006թթ. ընթացքում: Վարույթի այդ տասը օրերին կայանալիք դատական նիստերը հետաձգվել են հինգ անգամ, հիմնականում դատավորի հիվանդության և վկաների` դատարանում ներկա չգտնվելու պատճառով: 2006թ. գարնանը գործը քննող դատավորը մահացել է: Դատավարությունը վերսկսել է մեկ այլ դատավոր: 2006թ. հոկտեմբերի 18-ին նախագահող դատավորը հրաժարվել է անցկացնել լսումները, քանի որ նա կարգադրել էր դիմողին կալանավորել վարույթի ավելի վաղ փուլում: Նույն օրը մեկ այլ դատավոր կրկին հրաժարվել է միևնույն պատճառով: Այնուհետև գործը քննելու համար նշանակվել է չորրորդ դատավորը, որը իրականացրել է վարույթը մինչև վերջ:
24. 2007 և 2008 թվականներին դատական լսումները նշանակվել էին տասնմեկ օրվա համար: Ի դեպ, լսումներն անցկացվել են հինգ օրերի ընթացքում և մնացած վեց օրերին հետաձգվել են դատավորի, դատախազի և փաստաբանի հիվանդության և երեք անգամ` վկաների ներկա չգտնվելու պատճառներով:
25. 2005թ. ապրիլի 29-ին, 2006թ. մայիսի 31-ին, 2007թ. օգոստոսի 16-ին, 2007թ. նոյեմբերի 27-ին և 2008թ. փետրվարի 6-ին Քաղաքային և Շրջանային դատարանները մերժել են դիմողի` իրեն ազատ արձակելու և կալանքի փոխարեն բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքը: Դատարանները նշել են, որ դիմողը մեղադրվում է լուրջ հանցագործության մեջ, նա երկար ժամանակ թաքնվել է (2001թ օգոստոսի 17-ից մինչև 2003թ. դեկտեմբերի 1-ը), որի ընթացքում նա քաջ գիտակցել է, որ ոստիկանությունը փնտրում է իրեն: Այնուամենայնիվ, նա մեկնել է Ռուսաստան և միայն վեց ամիս անց վերադարձել` անօրինականորեն հատելով սահմանը, քանի որ Ռուսաստանի Դաշնության վիզայի` իր ժամկետն անցել էր: Դատարանները նաև պարզել են, որ դիմողը չուներ ազգակցական կապեր Էստոնիայում, քանի որ նա քաղաքացիություն չունեցող, չամուսնացած և ընտանիք չունեցող անձ էր: Որոշվել էր, որ, դիմողի նկատմամբ կիրառված խիստ պատժի տեսանկյունից, առկա են հիմքեր ենթադրելու, որ նա կարող է կրկին փախչել: Դատարանները նաև գտել են, որ չի բացառվում, որ ազատության մեջ գտնվելու դեպքում դիմողը կարող է ճնշում գործադրել տուժողների և վկաների վրա:
26. 2008թ. սեպտեմբերի 4-ին Վիրուի շրջանային դատարանը կայացրել է իր վճիռը: Դիմողը` Կ.-ի հետ մեկտեղ, դատապարտվել է սպանության և սեփականության ոչնչացման մեղադրանքով: Նա դատապարտվել է ազատազրկման համապատասխանաբար` տասներեք և երեք տարի ժամկետներով, երկու հանցանքների համար ընդհանուր առմամբ վճռվել է տասներեք տարվա ազատազրկում: Կալանքի տակ մնալու ժամանակահատվածը համարվել է վճռի արդեն մարված ժամանակահատված: Դիմողի նկատմամբ կիրառվող կանխարգելիչ միջոցները մնացել են անփոփոխ` նա պետք է գտնվեր կալանքի տակ մինչև վճռի վերջնական դառնալը:
27. Նույն ամսաթվին Քաղաքային դատարանը որոշել է դադարեցնել քրեական վարույթը Թ.-ի նկատմամբ` պատժի անհամապատասխան լինելու պատճառով, քանի որ նա դատապարտվել է մեկ այլ քրեական գործով` տասը տարի ազատազրկման ժամկետով:
28. Դիմողը բողոքարկել է Քաղաքային դատարանի վճիռը` վկայակոչելով, inter alia, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը: Նա նաև նշել է, որ ինքը եղել է կալանքի տակ գրեթե չորս տարի և տասն ամիս:
29. Տարտուի վերաքննիչ դատարանի (ringkonnakohus) 2009թ. հունվարի 27-ի վճռով կարճվել է Քաղաքային դատարանի վճիռը` պատժի համապատասխան լինելու պատճառով: Վերաքննիչ դատարանը վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և նշել, որ քրեական վարույթի ժամկետի ողջամիտ լինելը կամ չլինելը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից: Այն գտել է, որ ողջամիտ ժամկետում քրեական վարույթ չիրականացնելը պարտադիր կերպով չի ենթադրում տվյալ անձի արդարացումը և կախված հանգամանքներից` դրան կարող է հետևել քրեական վարույթի դադարեցումն անհամաչափության կամ վարույթի չհիմնավորված տևողության պատճառներով: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայիս գործի քրեական վարույթը տևել է տասը տարի և վեց ամիս: Այն գտնում է, որ «պակաս կարևոր չէ» այն, որ դիմողը գտնվել է կալանքի տակ գրեթե հինգ տարի և երկու ամիս: Այն վճռել է, որ վարույթը չի կատարվել ողջամիտ ժամկետում: Հաշվի առնելով վերը նշվածը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ նպատակահարմար է նվազեցնել դիմողի վճիռը: Նա դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` սպանության համար, և մեկ տարվա ազատազրկման` սեփականության ոչնչացման համար. վճիռն ընդհանուր առմամբ սահմանվում է ութ տարի:
30. 2009թ. ապրիլի 22-ին Գերագույն դատարանը (Riigikohus) հրաժարվել է քննել դիմողի բողոքը:
II. Համապատասխան օրենսդրություն և պրակտիկա
31. Քրեական դատավարության օրենսգրքի (Kriminaalmenetluse seadustik) 385-րդ հոդվածը նախատեսում է, որ նախնական կալանքի վերաբերյալ դատարանի հիմնավորված վճիռը ենթակա չէ առանձին դատավարական բողոքարկման: Օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նման վճիռը կարող է բողոքարկվել հիմնական վարույթի ընթացքում:
32. 2008թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ (գործ թիվ 3-4-1-12-08) Գերագույն դատարանի սահմանադրական վերանայման պալատն իր վճիռը կայացրել է քրեական վարույթի ձգձգվածության մասին բողոքի վերաբերյալ: Այն մերժել է բողոքը` համարելով, որ դիմողն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու հնարավորություն: Գերագույն դատարանը վճռել է`
«21. Պալատի կարծիքով, [դիմողի] ողջամիտ ժամկետում վարույթներն իրականացնելու իրավունքը խախտվել է և [դիմողն] իրավասու է ներկայացնել համապատասխան բողոք որպես Տարտուի քաղաքային դատարանում գտնվող վարույթի կողմ: Դատարանն ունի պարտավորություն նման բողոքը քննելու վարույթի ցանկացած փուլում, ոչ միայն վճիռը կայացնելուց հետո: Անհրաժեշտության դեպքում, դատարանը պետք է առաջնորդվի Կոնվենցիայով և պրակտիկայով, ինչը համապատասխանում է Քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետին` համարվելով քրեական դատավարության օրենքի աղբյուր: Կոնվենցիան Ռիջիկոգուի (Riigikogu) կողմից վավերացված միջազգային պայմանագիր է, որը համաձայն Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետի` ունի գերակայություն Էստոնիայի օրենքների կամ այլ իրավական ակտերի նկատմամբ (տե՛ս Գերագույն դատարանի en banc վճիռը, 2004թ. հունվարի 6-ի գործը, թիվ 3-1 - 3-13-03 - RT III-2004թ., 4, 36, կետ 31):
22. Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` վարույթի ոչ ողջամիտ երկարաձգումը պետք է գնահատվի դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո, Դատարանում ամրագրված նախադեպի չափանիշներին համապատասխան, մասնավորապես, գործի բարդությունը, դիմողի և իրավասու մարմինների գործողությունները (տե՛ս, օրինակ, Պելիսիեր և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [GC], no. 25444/94, կետ 67, ՄԻԵԴ 1999-II): Գերագույն դատարանը նաև նշել է, որ գնահատելիս, թե արդյոք ողջամիտ ժամկետը գերազանցվել է` դատարանը պետք է հաշվի առնի քրեական հանցանքի ծանրությունը, քրեական գործի բարդությունն ու ծավալը և այլ կոնկրետ հանգամանքներ, այդ թվում` վարույթի ընթացքը (տե՛ս Գերագույն դատարանի քրեական պալատի 2004թ. փետրվարի 27-ի վճիռը, թիվ 3-1-1-3-04 - RT III-2004, 8, 86, կետ 19):
23. Եթե դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ խախտվել է [դիմողի] ողջամիտ ժամկետում վարույթներն իրականացնելու իրավունքը, ապա դատարանը կարող է բոլոր հանգամանքների լույսի ներքո Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա դադարեցնել քրեական վարույթը որպես անհամապատասխան` վկայակոչելով արդարացնող վճիռը կամ այն փաստը, որ ողջամիտ ժամկետը գերազանցվել է:
Ինչ վերաբերում է նշված հնարավորություններին` Գերագույն դատարանի քրեական պալատը նշում է, որ քրեական վարույթի ողջամիտ ժամկետի երկարաձգումը պարտադիր չէ, որ հանգեցնի անձի արդարացմանը: Կախված հանգամանքներից` քրեական վարույթի ողջամիտ ժամկետն սպառվելու հետևանքը կարող է, օրինակ, լինել քրեական վարույթի դադարեցումը համապատասխան չլինելու պատճառով (տե՛ս Գերագույն դատարանի քրեական պալատի 2004թ. փետրվարի 27-ի վճիռը, թիվ 3-1-1-3-04 - RT III-2004թ., 8, 86, կետ 22): Հաշվի առնելով վարույթի չհիմնավորված երկարաձգումը վճիռ կայացնելիս` քրեական պալատը նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա և Քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն դատարաններն իրավունք ունեն ավելի մեղմ պատժի ենթարկել, քան օրենքով նախատեսված նվազագույն ժամկետն (տե՛ս Գերագույն դատարանի քրեական պալատի 2008թ. նոյեմբերի 7-ի վճիռը, թիվ 3-1-1-28-08 - դեռևս չհրատարակված RT, III, կետ 17):
...
25. Հիմնարար իրավունքների խախտմամբ պայմանավորված` [դիմողի] վնասի փոխհատուցման պահանջը որոշելիս Պալատը համաձայնում է վարույթի մասնակիցների գրավոր կարծիքին, որ [դիմողը] կարող է պահանջել վնասի փոխհատուցում ցանկացած վարչական դատարանում` Պարտավորությունների մասին պետական ակտում սահմանված կարգի համաձայն»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
33. Դիմողը պնդել է, որ իր նախնական կալանքի տևողությունը չափազանց երկարաձգված էր և, հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, որը սահմանում է`
«Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալվել կամ կալանավորվել է սույն հոդվածի 1 (c) կետի դրույթներին համապատասխան... ունի ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննությանը ներկայանալու երաշխիքներով»:
34. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
A. Ընդունելիություն
1. Կողմերի փաստարկները
35. Կառավարությունը պնդել է, որ դիմողը չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, քանի որ նա չի բողոքարկել Նարվայի քաղաքային դատարանի 2003թ. դեկտեմբերի 4-ի վճիռը, որով թույլատրվել էր նրա կալանքը կամ հետագա որոշումները, որոնցով դատարանը երկարաձգել էր նրա կալանքը: Կառավարությունը նաև նշել է, որ վերջին որոշումը, որով դիմողի կալանքը երկարաձգվել է (2004թ. օգոստոսի 26) կայացվել է ավելի քան վեց ամիս առաջ` նախքան դիմողի կողմից Դատարան գանգատ ներկայացնելը (2007թ. հուլիսի 11): Նրա կարծիքով, 5-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառելի չէ դատական վարույթի ընթացքում կալանքի տակ մնալու ժամանակահատվածի նկատմամբ, ավելին` դիմողն իր կալանքի երկարաձգման հարցը չի բարձրացրել 2008թ. սեպտեմբերի 4-ին Քաղաքային դատարանի որոշման դեմ ներկայացրած իր բողոքում, և ամեն դեպքում, դատական վարույթը դեռ ընթացքի մեջ էր, երբ Կառավարությունը ներկայացրել էր իր դիտարկումները:
36. Ընդհակառակը, Կառավարությունը պնդել է, որ դիմողը կորցրել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով զոհի կարգավիճակը 2009թ. հունվարի 27-ին Տարտուի վերաքննիչ դատարանի վճռից հետո, ըստ որի` դիմողի պատժաչափը կրճատվել է նրա կալանքի երկարաձգման և դատական վարույթի հետևանքով:
37. Դիմողն առարկել է` պնդելով, որ իր գանգատը չի վերաբերում մինչդատական քննության ընթացքում նախնական կալանքի տակ պահվելուն, այլ երկարաձգված դատական վարույթի ընթացքում նրա տևական կալանքին: Քաղաքային դատարանի վճռի դեմ ներկայացրած իր բողոքում դիմողը բարձրացրել է մինչդատական կալանքի և քրեական վարույթի երկարաձգման հարցը:
2. Դատարանի գնահատականը
38. Դատարանը կրկնում է, որ 35-րդ հոդվածի նպատակն է Պայմանավորվող պետություններին հնարավորություն տալ կանխելու կամ վերացնելու իրավունքի խախտումները` նախքան այդ բողոքները կներկայացվեն Կոնվենցիայի հաստատություններին (տե՛ս Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], no. 25803/94, կետ 74, ՄԻԵԴ 1999-V): Այն նկատում է, որ դիմողը ձերբակալվել է 2003թ. դեկտեմբերի 1-ին և հետագայում Քաղաքային դատարանի թույլտվությամբ նա կալանքի տակ է առնվել, որը պարբերաբար երկարաձգվել է մինչև քրեական գործը 2004թ. սեպտեմբերին տեղափոխվել է Քաղաքային դատարան: Այդ ժամանակ դիմողը գտնվել է նախնական կալանքի տակ տասն ամսից պակաս: Նարվայի և Վիրուի քաղաքային դատարանների դատական վարույթների ընթացքում դիմողը բազմիցս պահանջել է, որպեսզի նրան ազատ արձակեն, սակայն այդ պահանջները մերժվել են (տե՛ս վերը` կետ 25): Որևէ դատավարական բողոք չի կարող ներկայացվել սույն որոշման դեմ: Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները հնարավորություն են ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո պարզաբանելու դիմողի` իր իրավունքների խախտման վերաբերյալ պնդումները: Սույն գործի համատեքստում վճռորոշ նշանակություն չունի այն, թե արդյոք դիմողը բողոքարկել է նախնական որոշումը, որով թույլատրվել է նրա կալանքը, թե մինչդատական քննության ընթացքում իր կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ դիմողը պետք է բարձրացներ այս հարցը Վերաքննիչ դատարանի առջև հիմնական վարույթում` Դատարանը նշում է, որ այն ժամանակ, երբ դիմողը իր գանգատը ներկայացրել է Դատարանին` նրա գործը դեռ ընթացքի մեջ էր առաջին ատյանի դատարանում և, հետևաբար, նման բողոքն այդ ժամանակ չի հանդիսացել դիմողի համար առկա միջոց: Հետևաբար, այս առարկությունը մերժվում է:
39. Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ դիմումը չափազանց ուշ է ներկայացվել, Դատարանը նշում է, որ դիմողը 2007թ. հուլիսի 11-ին`, նրա դիմումը Դատարան ներկայացնելու պահին, եղել է նախնական կալանքի տակ: Հետևաբար, պահպանվել է վեցամսյա կանոնը, և այդ առարկությունը նույնպես մերժվում է:
40. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք դիմողը կորցրել է իր` զոհի կարգավիճակը, ինչպես հայտարարել է Կառավարությունը, Դատարանը կրկնում է, որ պատժաչափի կրճատումը վարույթի չափազանց երկարաձգման հիման վրա` սկզբունքորեն չի զրկում անհատին զոհի կարգավիճակից Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով: Այնուամենայնիվ, այս ընդհանուր կանոնը ենթակա է բացառության, եթե ազգային իշխանությունները ընդունեն և թույլատրեն Կոնվենցիայի խախտման համար վնասի փոխհատուցումը (տե՛ս, inter alia, Իքլն ընդդեմ Գերմանիայի, 1982թ. հուլիսի 15, կետ 66, Series A no. 51, Յանսենն ընդդեմ Գերմանիայի (dec), no. 44186/98, 2000թ. հոկտեմբերի 12, և Բեքն ընդդեմ Նորվեգիայի, no. 26390/95, կետ 27, 2001թ. հունիսի 26): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված ողջամիտ ժամկետի պահանջի խախտման վերաբերյալ գործերը քննելիս ազգային իշխանությունները կարող են թույլատրել համարժեք փոխհատուցում, մասնավորապես` նվազեցնել դիմողի պատժաչափը (տե՛ս, ի թիվս այլոց, Կոչիարելլան ընդդեմ Իտալիայի [GC], no. 64886/01, կետ 77, ՄԻԵԴ 2006-V, Սորվիստոն ընդդեմ Ֆինլանդիայի, no. 19348/04, կետ 66, 2009թ. հունվարի 13, վերը նշված Բեքի գործը, և Կալեչն ընդդեմ Գերմանիայի, (dec.), no. 31890/06, 2009թ. հունիսի 23):
41. Ինչ վերաբերում է սույն գործին, Դատարանը նկատում է, որ վերաքննիչ դատարանն իր` 2009թ. հունվարի 27-ի վճռում մանրամասն անդրադարձել է քրեական վարույթի երկարաձգմանը, նաև հիմնվելով Գերագույն դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Թեև Վերաքննիչ դատարանը նշել է, որ դիմողի կալանքը տևել է գրեթե հինգ տարի և երկու ամիս, այն շարունակում է եզրակացնել, որ քրեական վարույթի տևողությունն ողջամիտ չէր: Ստացվում է, որ դիմողի կալանքի ժամկետի տևողությունը ամրապնդում է դատարանի փաստարկն առ այն, որ քրեական վարույթի տևողությունն անհիմն է: Դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դրանով հստակորեն չի ընդունում, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը խախտվել է և չի նվազեցրել դիմողի դատավճիռն այդ պատճառով:
42. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողը չի դադարել զոհ լինելուց Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով:
B. Արդյունքները
2. Ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնվի
43. Այդ ժամանակահատվածը 5-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո պետք է հաշվարկվի 2003թ. դեկտեմբերի 1-ից, երբ դիմողը ձերբակալվել է: Դատարանը` հաշվի առնելով իր նախադեպային իրավունքը (տե՛ս, օրինակ, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], no. 30210/96, կետեր 104-105, ՄԻԵԴ 2000-XI), գտնում է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակներով այդ ժամանակահատվածն ավարտվում է 2008թ. սեպտեմբերի 4-ին, երբ Վիրուի շրջանային դատարանը դիմողի նկատմամբ մեղադրական վճիռ է կայացրել: Դիմողը, համապատասխանաբար, գտնվել է նախնական կալանքի տակ չորս տարի և ինն ամսից փոքր-ինչ ավելի:
2. Կալանքի տևողության ոչ ողջամտությունը
(a) Կողմերի փաստարկները
44. Դիմողը գտել է, որ հարուցված քրեական գործը բարդ չէ և նշում է, որ մինչդատական քննությունը, ընդհանուր առմամբ, ավարտվել էր նախքան դիմողին կալանավորելը:
45. Կառավարությունը պնդել է, որ դիմողի կալանքն արդարացված է այն փաստի տեսակետից, որ նա գտնվել է փախուստի մեջ ավելի քան երկու տարի: Հետևաբար, առկա էր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող էր դիմել փախուստի: Բացի դրանից, դիմողը մեղադրվում էր շատ լուրջ հանցանք կատարելու մեջ, որի համար առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: Այն նաև նշել է, որ դիմողը քաղաքացիություն չունեցող, չամուսնացած, ընտանիք, աշխատանք կամ մշտական եկամուտ չունեցող անձ է. այս գործոնները չեն կապում նրան Էստոնիայի հետ, երկիր, որը նա լքել է Ռուսաստան գնալու համար, որտեղ նա թաքնվում էր: Ավելին` քրեական գործը եղել է բարդ:
(b) Դատարանի գնահատականը
46. Դատարանը կրկնում է, որ «ողջամիտ ժամկետում քննություն անցկացնելու կամ դրա անցկացման ընթացքում ազատ արձակելու» իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքները, ինչպես երաշխավորված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, հաստատվել են նախորդ մի շարք վճիռներում (տե՛ս, ի թիվս այլոց, վերը նշված Կուդլայի գործը, կետ 110 et seq., Մակքեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], no. 543/03, կետ 41 et seq., ՄԻԵԴ 2006-X և Սուլաոջան ընդդեմ Էստոնիայի, no. 55939 / 00, կետեր 61-64, 2005թ. փետրվարի 15, հետագա հղումներով):
47. Դատարանը նկատում է, որ ներկայիս գործում իշխանությունները գլխավորապես հիմնվել են հիմնավոր կասկածի վրա` առ այն, որ դիմողը կատարել է լուրջ հանցագործություն, և որ նա կարող էր դիմել փախուստի, քանի որ նա երկար ժամանակ խուսափել է վարույթից նախքան իր ձերբակալումը: Դատարանները անդրադառնում են նաև ազատության մեջ գտնվելու դեպքում դիմողի կողմից վկաների վրա ճնշում գործադրելու հավանականությանը:
48. Դատարանն ընդունում է, որ կասկածն առ այն, որ դիմողը հանցանք է կատարել և այն, որ անհրաժեշտ է ապահովել վարույթի պատշաճ անցկացումը` արդարացնում են նրա կալանքը: Նրա կալանքը հետագայում արդարացվել էր երկրից հեռանալու և դատաքննությունից երկար ժամանակ խուսափելու փաստով: Այսպիսով, Դատարանի կարծիքով դիմողի կալանքի հիմքերը, համենայնդեպս, սկզբում «համապատասխան» և «բավարար» էին:
49. Այնուամենայնիվ, համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` Դատարանը պետք է նաև բավարարվի նրանով, որ ազգային իշխանությունները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել դատաքննությունն անցկացնելիս: Քննության բարդությունն ու հատուկ հատկանիշներն այն գործոններն են, որոնք հաշվի են առնվել (տե՛ս, օրինակ` Սքոթն ընդդեմ Իսպանիայի, 1996թ. դեկտեմբերի 18, կետ 74, Վճիռների և որոշումների զեկույցներ, 1996-VI, և Ի. Ա.-ն ընդդեմ Ֆրանսիայի, 1998թ. սեպտեմբերի 23, կետ 102, Զեկույցներ 1998-VII):
50. Ներկայիս գործում Դատարանը չի կարող համաձայնել Կառավարության այն փաստարկին, որ քրեական գործը բարդ է: Այն նկատում է, որ գործը վերաբերում է երկու ամբաստանյալների` Կ.-ի և դիմողի կողմից սպանություն և գույքի ոչնչացում կատարելուն: Բացի դրանից, Թ.-ն մեղադրվել է հանցանքի մասին հայտարարություն չտալու համար: Ըստ Քաղաքային դատարանի 2008թ. սեպտեմբերի 4-ի վճռի` դատարանը նախնական քննության ընթացքում լսել է ութ վկայի և տուժողին և հետագայում հիմնվել է երեք վկաների և տուժողի հայտարարությունների վրա: Դատարանի կողմից հետազոտված այլ ապացույցները (հիմնականում գրավոր), որոնք արտացոլված են Քաղաքային դատարանի վճռում, վերաբերել են դատարանի տեսակետին:
51. Դատարանը գտնում է, որ սույն գործով դատական վարույթի և դիմողի կալանքի տևողությունը հիմնականում պայմանավորված էին դատական լսումների բազմաթիվ ընդհատումներով, պաշտոնատար անձանց կողմից վկաների ներկայությունն ապահովելու դժվարությամբ և վարույթի մասնակիցների հիվանդությամբ: Ավելին, դատական վարույթը պետք է վերսկսվեր սկզբից` նախագահող դատավորի մահվան և հետագայում երկու դատավորների պաշտոնանկության պատճառով: Ավելին, եղել են նախատեսված լսումների` զգալի ձգձգումներ: Դատարանին հասանելի տեղեկատվության հիման վրա պարզվում է, որ 2005 թվականից մինչև 2008-ը նշանակվել է դատական լսումների միջինը 5 օր մեկ տարվա համար, որից մոտավորապես կեսը հետաձգվել է: Այսպիսով, մի կողմ թողնելով այն հարցը, թե արդյոք դիմողի կալանքի հիմքերը շարունակում են լինել «համապատասխան» և «բավարար»` ամբողջ ժամանակահատվածում Դատարանը գտնում է, որ իշխանությունները, ամեն դեպքում, չեն ցուցաբերել «հատուկ ջանասիրություն» վարույթներն անցկացնելիս:
52. Հետևաբար, խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
53. Դիմողը պնդել է, որ վարույթի տևողությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված «ողջամիտ ժամկետի» պահանջին, որում ասվում է `
«Յուրաքանչյուր ոք… ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ... որոշելիս, յուրաքանչյուր ոք ունի ... դատարանի կողմից ողջամիտ ժամկետում դատաքննության անցկացման իրավունք ...»:
54. Կառավարությունը վիճարկել է այս փաստարկը:
55. Դատարանը նկատում է, որ կողմերի տեսակետները տարբերվում են: Կառավարությունը գտել է, որ 2003թ. դեկտեմբերի 1-ը` այն օրը, երբ դիմողը ձերբակալվել է, պետք է համարվի նրա դեմ ընթացող քրեական վարույթի սկիզբը: Ըստ դիմողի տեսակետի` 2001թ. օգոստոսի 17-ն այն ամսաթիվն է, երբ իրեն մեղադրանք էր առաջադրվել, ինչն ունի վճռորոշ նշանակություն:
56. Դատարանը կրկնում է, որ քրեական գործերի ընթացքում 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված «ողջամիտ ժամկետը» սկսում է անձին «մեղադրանք» ներկայացնելու պահից, դա կարող է լինել նախքան գործը դատարան ուղարկելը, ինչպես, օրինակ` ձերբակալման օրը կամ սկսած այն օրվանից, երբ անձը պաշտոնապես ծանուցվում է, որ նա հետապնդվում է դատական կարգով, նախնական քննությունն սկսելու օրը: 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «մեղադրանքը» կարող է սահմանվել որպես «իրավասու մարմնի կողմից անձին տրված պաշտոնական ծանուցումն , առ այն, որ նա կատարել է քրեական հանցանք» (տե՛ս վերը նշված Իքլի գործը կետ 73 և Ռեյնհարդը և Սլիման-Քաիդն ընդդեմ Ֆրանսիայի, 1998թ. մարտի 31, կետ 93, Զեկույցներ 1998-II):
57. Ներկայիս գործում մարդասպանության վերաբերյալ քրեական վարույթն սկսվել է 1998թ. օգոստոսի 16-ին: Սակայն այդ ժամանակ դիմողը ներգրավված չի եղել վարույթում: Նա առաջին անգամ հարցաքննվել է 1999թ. օգոստոսի 11-ին: Հաշվի առնելով դիմողի կարգավիճակը որպես վկա և հարցաքննության կարճատևությունը և մակերեսային բնույթը` Դատարանը չի համարում, որ դիմողն այդ պահին նույնպես ներգրավված է եղել վարույթում: Դատարանը նպատակահարմար է գտնում 2001թ. օգոստոսի 17-ն ընդունել որպես դիմողի դեմ ընթացող քրեական գործի սկիզբը: Այդ օրը ոստիկանության քննիչը մեղադրանք է ներկայացրել դիմողի դեմ, նրան հայտարարել են որպես պատասխանատվությունից խուսափող անձ, և դատարանը նրան հայտնաբերելու դեպքում թույլատրել է նրա ձերբակալումը: Դատարանը գտնում է, որ դիմողը պետք է տեղեկացվեր այն փաստի վերաբերյալ, որ ինքը փնտրվել է իշխանությունների կողմից: Այն հաշվի է առնում Կառավարության փաստարկն առ այն, որ դիմողը գտնվում էր հետախուզման մեջ, և նա ձերբակալվել է միայն մոտ երկու տարի և չորս ամիս անց, և այդ պատճառով ժամանակահատվածը` նախքան նրա ձերբակալումը, չի կարող հաշվի առնվել: Դատարանը չի համաձայնում համատեքստում առկա քրեական վարույթն սկսելու ամսաթվի վերաբերյալ սահմանմանը: Այնուամենայնիվ, դիմողի վարքագիծը մի գործոն է, որը պետք է հաշվի առնվի վարույթի երկարաձգման ողջամտությունը գնահատելիս:
Քրեական վարույթն ավարտվել է 2009թ. ապրիլի 22-ին, երբ Գերագույն դատարանը մերժեց դիմողի բողոքը: Վարույթը, այսպիսով, տևել է մոտ յոթ տարի և ութ ամիս` իրավասության երեք ատյաններում:
58. Կառավարությունը պնդել է, որ դիմողը կորցրել է զոհի կարգավիճակը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով, Տարտուի վերաքննիչ դատարանի 2009թ. հունվարի 27-ի վճռից հետո, որով դիմողի պատժաչափը կրճատվել է նրա կալանավորման և դատական վարույթի երկարաձգման պատճառով:
59. Դատարանը, վկայակոչելով վերը նշված իր սահմանված նախադեպային իրավունքն այս հարցի վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 40), նկատում է, որ վերաքննիչ դատարանն իր վճռով գտնում է, որ սույն քրեական գործի վարույթի երկարատևությունը չի եղել ողջամիտ (տե՛ս վերը` կետ 29): Դատարանը գտնում է, որ, այդպիսով, ներպետական դատական մարմինները հստակորեն ընդունում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը:
60. Ինչ վերաբերում է ներպետական իշխանությունների կողմից Կոնվենցիայի խախտմանը` Դատարանը նշում է, որ դիմողը դատապարտվել է տասներեք և երեք տարի ժամկետով ազատազրկման` համապատասխանաբար երկու առանձին հանցանքների համար, որոնց համար նա արդեն դատապարտվել էր Շրջանային դատարանի կողմից: Վերաքննիչ դատարանը կրճատել է վճռի չափը մինչև տասներեք տարի: Վերաքննիչ դատարանը, իր հերթին, նվազեցրել է համապատասխան վճիռները` այն դարձնելով ութ և մեկ տարի և սահմանել ութ տարի որպես վերջնական վճիռ: Վարույթի անհիմն երկարաձգումը հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի համար նվազեցնել վճռի չափը: Ավելին, Դատարանը նշում է, որ վարույթն ավարտվել է 2009թ. ապրիլի 22-ին, երբ Գերագույն դատարանը մերժել է դիմողի բողոքը: Դա Վերաքննիչ դատարանի վճիռը կայացնելուց մոտ երեք ամիս անց էր, այսպիսով, Դատարանի կարծիքով, հետագա վարույթն այն զգալիորեն չի երկարացրել:
61. Դատարանը բավարարված է նրանով, որ ներպետական դատական իշխանությունները ներկայիս գործում համարժեքորեն հաշվի են առել վարույթի երկարատևությունը և կրճատել դիմողի պատժաչափը: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողն ստացել է համապատասխան փոխհատուցում 6-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման համար:
62. Դատարանը եզրակացնում է, որ դիմողը դադարել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման զոհ լինելուց 34-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, այս գանգատն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
63. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
64. Դիմողը չի ներկայացրել արդարացի բավարարման պահանջ: Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ այս առումով նրան գումար տրամադրելու անհրաժեշտություն չկա:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ վարույթի երկարաձգման գանգատն անընդունելի է և դիմումի մնացած մասն ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2010թ. փետրվարի 4-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Նախագահողի տեղակալ |
Սթեֆեն Ֆիլիպս Պիր Լորենսեն |
