ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 2303/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
21 հունիսի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մանուկյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1960 թվականին ծնված և Գյումրիում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Լամարա Մանուկյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 2303/12), որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Մուրադյանը,
Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ հետագայում՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, դիմումատուի որդու մահվան առնչությամբ բողոքների վերաբերյալ ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի ճանաչելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի մայիսի 31-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց այդ վերջին նշված օրը.
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Դիմումատուն պարտադիր զինվորական ծառայության ընթացքում 19 տարեկանում մահացած Ս.Մանուկյանի մայրն է։
2. 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երբ Ս. Մանուկյանը հերթապահում էր պահակակետում, նրա և դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ.Գ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ վիրավորել և բռունցքով հարվածել է Ս. Մանուկյանին։ Նույն օրը՝ ավելի ուշ, զորամասի հրամանատար Գ.Ա.-ն բռունցքով հարվածել է Ս. Մանուկյանի դեմքին, քանի որ վերջինս ժամանակին չի բացել դարպասները Գ.Ա.-ի մեքենայի համար։ Մոտ տասը րոպե անց Ս. Մանուկյանին գտել են մահացած՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նույն օրը՝ դեպքի վայրի զննության ընթացքում, դիակից մոտ տասնվեց մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արյան հետքեր։
3. Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն (ինքնասպանության հասցնելը)։ Քննությամբ պարզվել է, որ Ս. Մանուկյանն ինքնասպանություն է գործել՝ օգտագործելով ծառայողական ատրճանակը։ Պարզվել է, որ 2009 թվականի մայիսի 14-ին Ս. Մանուկյանն արդեն փորձել է ինքնասպանություն գործել այն բանից հետո, երբ Վ.Գ.-ն նվաստացրել, վիրավորել և բռունցքներով հարվածներ է հասցրել նրան։ Վ.Գ.-ն այնուհետև մյուս զինվորներին հրամայել է ոչ ոքի չպատմել կատարվածի մասին։ Հաջորդ օրը տանկային վաշտի հրամանատար կապիտան Մ.Ս.-ն իմացել է դեպքի մասին, սակայն այդ մասին չի զեկուցել։
4. Համաձայն դիահերձման արձանագրության՝ Ս. Մանուկյանի մահվան պատճառը եղել է գլխին հասցված ծակող բալիստիկ վնասվածքը։ Մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք այլ վնասվածքներ, օրինակ՝ կզակի ձախ կողմի կապտուկը, ձախ ուսային հոդի, աջ թիակի, աջ ճաճանչ-դաստակային հոդի և աջ ձեռքի հինգերորդ մատի հատվածներում քերծվածքները։ Հարցաքննության ժամանակ դատաբժշկական փորձագետը նշել է, որ չի կարելի բացառել, որ կզակի ձախ կողմի կապտուկը հասցվել է այն ժամանակ, երբ Գ.Ա.-ն բռունցքով հարվածել է Ս. Մանուկյանին։
Ձգաբանական փորձագիտական եզրակացության համաձայն՝ Ս. Մանուկյանի ծառայողական ատրճանակի և փամփուշտների վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, որոնք հնարավոր է նույնականացնել։
Նախնական հոգեբուժական և հոգեբանական հետմահու դատաբժշկական փորձաքննությամբ եզրակացություն է արվել, որ Ս. Մանուկյանը մինչև ինքնասպանություն գործելը ենթարկվել է հոգեկան ուժեղ տառապանքի։ Վ.Գ.-ի գործողություններն էապես ազդել են Ս. Մանուկյանի հոգեբանական վիճակի վրա, և կարելի էր ենթադրել, որ դրանց միջև պատճառահետևանքային կապ է եղել։ Առկա տեղեկությունները բավարար չէին եզրակացնելու համար, թե արդյոք պատճառահետևանքային կապ է եղել նախքան ինքնասպանությունը Ս. Մանուկյանի հոգեբանական վիճակի և Գ.Ա.-ի գործողությունների միջև, կամ պարզելու, թե կոնկրետ ում գործողություններն են Ս. Մանուկյանին հասցրել ինքնասպանության։
Լրացուցիչ հոգեբանական հետմահու դատաբժշկական փորձաքննությամբ եզրակացություն է արվել, որ Ս. Մանուկյանն ինքնասպանություն է գործել Վ.Գ.-ի անօրինական գործողություններից սկզբնապես առաջացած, ապա Գ.Ա.-ի անօրինական գործողությունների հետևանքով սրված հոգեկան ուժեղ տառապանքի արդյունքում։
Դիակից մոտ տասնվեց մետր հեռավորության վրա հայտնաբերված արյան նմուշների դատաբժշկական փորձաքննությունը (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը) հաստատել է, որ դրանք պատկանում են այն նույն արյան խմբին, որն ուներ Ս. Մանուկյանը, ուստի դա կարող էր լինել նրա արյունը։
5. 2010 թվականի ապրիլին Վ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ծայրահեղ ծանր հոգեբանական տառապանքի ենթարկելով Ս.Մանուկյանին ինքնասպանության հասցնելու համար։ Վ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև 2009 թվականի սեպտեմբերին մեկ այլ զինվորի մի քանի անգամ ֆիզիկական բռնության ենթարկելու համար։ Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ 2009 թվականի մայիսի 14-ին կատարված դեպքի մասին նկատողությունից վախենալով վերադաս զինվորական հրամանատարությանը չհայտնելու և իր ղեկավարության ներքո գտնվող զորամասում ժամկետային զինծառայողների կարգապահության բացակայության և անկայուն հոգեվիճակի համար։
6. 2010 թվականի հունիսին Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով՝ Վ.Գ.-ի կողմից զինվորների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին չզեկուցելու և առանց պահակակետի ղեկավարի թույլտվության կամ առանց վերջինիս ուղեկցության՝ զինվորներին պահակակետի դարպասը բացելու ապօրինի հրաման տալու համար։ Գ.Ա.-ին նաև մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի նոյեմբերի 10-ին Ս. Մանուկյանին բռունցքով հարվածելու համար, ինչը նրա առողջությանը լուրջ վնաս չի պատճառել, սակայն ծանր հետևանք է առաջացրել. րոպեներ անց Ս. Մանուկյանը ինքնասպանություն է գործել։
Գ.Ա.-ն գրավի դիմաց ազատ է արձակվել, որից հետո ազատվել է զորամասի հրամանատարի պաշտոնից և տեղափոխվել այլ պաշտոնի։ Ավելի ուշ քննիչը որոշել է կասեցնել Գ.Ա.-ի ծառայությունն այն ապացույցի հիման վրա, որ նա օգտագործել է իր ծառայողական դիրքը վարույթի մասնակիցների վրա անհարկի ազդեցություն ունենալու համար։ Դատական քննության ընթացքում, որը սկսվել է 2010 թվականի հուլիսին, դիմումատուն մի քանի պահանջ է ներկայացրել՝ հայցելով Գ.Ա.-ի կալանավորումը։ Ի վերջո, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի դատարանը Գ.Ա.-ին կալանավորելու մասին որոշում է կայացրել։
7. 2010 թվականի դեկտեմբերի 20-ի վճռով, որն ամբողջությամբ անփոփոխ է թողնվել բողոքի հիման վրա, Մարզային դատարանը Վ.Գ.-ին, Մ.Ս.-ին և Գ.Ա.-ին մեղավոր է ճանաչել՝ ներկայացված մեղադրանքին համապատասխան (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները) և նրանց դատապարտել ազատազրկման համապատասխանաբար վեց, երկու և յոթ տարի ժամկետով: Մ.Ս.-ն համաներման կիրառման արդյունքում ազատվել է պատիժը կրելուց։
8. Հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների վրա՝ դիմումատուն բողոքել է ծառայության ընթացքում իր որդու մահվան առնչությամբ, և այն մասին, որ իշխանության մարմիններն այդ հարցի մասով արդյունավետ քննություն չեն իրականացրել։ Նա պնդել է, որ իր որդուն սպանել են։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
9. Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների վրա։ Դատարանը, հանդես գալով որպես գործի փաստերին օրենքով տրված որակավորման մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114, 124 և 126, 2018 թվականի մարտի 20), նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն:
10. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Ա. Ընթացակարգային հայեցակետը
11. Կիրառելի ընդհանուր սկզբունքներն ամփոփված են Մեծ պալատի վճռում Մուստաֆա Թունչը և Ֆեցիրե Թունչն ընդդեմ Թուրքիայի գործով [Mustafa Tunջ and Fecire Tunջ v. Turkey], ([ՄՊ] [GC], թիվ 24014/05, §§ 169-182, 2015 թվականի ապրիլի 14):
12. Հատկանշական է, որ քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Հետաքննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում՝ մեղավորներին ի հայտ բերելու՝ քննության հնարավորությունը (նույն տեղում, §175):
13. Իշխանության մարմիններն արագ քննություն են անցկացրել։ Նրանք ձեռք են բերել դատաբժշկական ապացույցներ և լսել են վկաներին (տե՛ս վերևում՝ 3-րդ և 4-րդ պարբերությունները): Քննությունը հանգեցրել է Ս. Մանուկյանի աստիճանակարգված զինվորական ղեկավարների քրեական հետապնդմանը և դատապարտմանը, թեև նրանցից մեկը համաներում է ստացել (տե՛ս վերևում՝ 6-րդ և 7-րդ պարբերությունները):
14. Սակայն քննությամբ չի հաջողվել պարզել Ս. Մանուկյանի մահվան հետ կապված մի շարք կարևոր հանգամանքներ։ Դիահերձման ժամանակ հայտնաբերված մի քանի այլ վնասվածքների հետ կապված (բացի բալիստիկ վնասվածքից) որևէ պատշաճ բացատրություն չի տրվել։ Քննիչը դատաբժշկական փորձագետին հարցեր է առաջադրել միայն կզակի վնասվածքի առնչությամբ և եզրակացրել, որ այն հասցվել է Գ.Ա.-ի կողմից, երբ վերջինս բռունցքով հարվածել է Ս. Մանուկյանին, իսկ փորձագետը պարզապես չի բացառել, որ հենց դա է եղել պատճառը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Որևէ բացատրություն չի տրվել նաև արյան հետքերի առկայության վերաբերյալ, որոնք պարզվել են, որ համապատասխանում են Ս. Մանուկյանի արյան խմբին (նույն տեղում), որոնք եղել են նրա դիակը հայտնաբերելու վայրից մոտ տասնվեց մետր հեռավորության վրա։ Թեև քննությամբ եզրակացություն է կատարվել, որ Ս. Մանուկյանն ինքնասպանություն է գործել իր ծառայողական ատրճանակի միջոցով, այնուամենայնիվ, զենքի վրա նրա մատնահետքերը չեն հայտնաբերվել (նույն տեղում): Այս հանգամանքներում Դատարանի համար հնարավոր չէ եզրակացնել, որ քննության արդյունքները հիմնված են եղել համապատասխան բոլոր տարրերի մանրակրկիտ վերլուծության վրա (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը):
15. Չնայած այն փաստին, որ քննությունը հանգեցրել է Ս. Մանուկյանի վերադասների դատապարտմանը, այն չի կարողացել ամբողջությամբ լույս սփռել նրա մահվան հետ կապված բոլոր հանգամանքների վրա՝ դրանով իսկ անպատասխան թողնելով մի շարք կարևոր հարցեր (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանը գտնում է, որ իշխանության մարմինները չեն իրականացրել պատշաճ և արդյունավետ քննություն: Հետևաբար քննության մյուս հայեցակետերն ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia], թիվ 32631/09 և 53799/12, §272, 2019 թվականի օգոստոսի 27 և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, §101, 2020 թվականի մայիսի 7):
16. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում:
Բ. Նյութաիրավական հայեցակետը
17. Դատարանը հարցը կքննի համապատասխան ընդհանուր սկզբունքների լույսի ներքո, ինչպես ամփոփված է Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine] (թիվ 52013/08, §§ 90-93, 2013 թվականի հունվարի 17), Պերեվեդենցևն ընդդեմ Ռուսաստանի [Perevedentsevy v. Russia] (թիվ 39583/05, §§ 91-94, 2014 թվականի ապրիլի 24), Մալիկ Բաբաևն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan] (թիվ 30500/11, §§ 64-68, 2017 թվականի հունիսի 1) և վերջերս քննված՝ Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia] գործերում (թիվ 8663/08, §§ 76-80, 2021 թվականի հոկտեմբերի 12, հաջորդող հղումների հետ միասին):
18. Հատկանշական է, որ պետության առաջնային պարտականությունն է ներդնել կյանքին կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող այն վտանգի աստիճանին հարմարեցված կանոններ, որը կարող է առաջանալ ոչ միայն ռազմական գործողությունների և օպերացիաների բնույթից, այլև մարդկային գործոնից, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ պետությունը որոշում է սովորական քաղաքացիներին զորակոչել զինվորական ծառայություն իրականացնելու համար: Այդպիսի կանոններով պետք է պահանջվի ընդունել գործնական միջոցներ, որոնք ուղղված են զինակոչիկներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր այն թերություններն ու սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են կատարվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից (տե՛ս վերևում հիշատակված՝ Մոսենձի գործը, § 91): Ավելին, պետություններից պահանջվում է այն կանոնավոր զինվորների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափանիշներ, որոնց արարքները և բացթողումները, մասնավորապես՝ զինակոչիկների նկատմամբ, կարող են որոշակի հանգամանքներում ներառել նրանց պատասխանատվությունը, ի թիվս այլնի (inter alia), 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի համաձայն (տե՛ս, մասնավորապես, Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz v. Turkey], թիվ 21899/02, §§ 56-57, 2008 թվականի հունիսի 17, տե՛ս նաև, mutatis mutandis, Ստոյանովին ընդդեմ Բուլղարիայի [Stoyanovi v. Bulgaria], թիվ 42980/04, § 61, 2010 թվականի նոյեմբերի 9):
19. Հաշվի առնելով քննության ավելի վաղ բացահայտված զգալի թերությունները (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)՝ Դատարանը զգուշությամբ է դիտարկում իր եզրակացությունները: Միևնույն ժամանակ և մարմինների կողմից տվյալ հարցի վերաբերյալ համարժեք քննություն չանցկացնելու պատճառով Դատարան ներկայացված նյութը թույլ չի տալիս հիմնավորել այն վարկածը, որ Ս. Մանուկյանին դիտավորյալ են կյանքից զրկել (ի հակադրություն Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 45-54, 2009 թվականի մարտի 24, և Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan], թիվ 13527/18, §§ 110-120, 2021 թվականի մայիսի 20, տե՛ս նաև՝ mutatis mutandis, Միժիգարովան ընդդեմ Սլովակիայի [Mižigոrovո v. Slovakia], թիվ 74832/01, § 89, 2010 թվականի դեկտեմբերի 14): Այսպիսով, դիմումատուի որդու սպանության մասին ցանկացած պնդում կկրի զուտ ենթադրական բնույթ (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Աբդուլլահ Յիլմազի գործը, §59, և Դուրդուն ընդդեմ Թուրքիայի [Durdu v. Turkey], թիվ 30677/10, §§ 59-61, 2013 թվականի սեպտեմբերի 3)։
20. Հետևաբար Դատարանը կքննի, թե արդյոք իշխանության մարմիններն իմացել են կամ պետք է իմանային Ս. Մանուկյանի ինքնասպանություն գործելու իրական և անմիջական ռիսկի առկայության մասին, և եթե այո, ապա արդյոք նրանք արել են այն ամենը, ինչ կարելի էր ողջամտության սահմաններում ակնկալել նրանցից՝ այդ ռիսկի նյութականանալուց խուսափելու համար (տե՛ս՝ Կուրտն ընդդեմ Ավստրիայի [ՄՊ] [Kurt v. Austria [GC]], թիվ 62903/15, §§ 157-160, 2021 թվականի հունիսի 15)։
21. Քննությամբ պարզվել է, որ 2009 թվականի մայիսի 14-ին, այսինքն՝ դեպքից վեց ամիս առաջ, Ս.Մանուկյանը Վ.Գ.-ի կողմից վատ վերաբերմունքի արդյունքում ինքնասպանության փորձ է կատարել։ Այնուամենայնիվ, ոչինչ չի վկայում այն մասին, որ զորամասի պատասխանատուները, այդ թվում՝ Գ.Ա.-ն տեղյակ են եղել Ս. Մանուկյանի հանդեպ վատ վերաբերմունքի կամ նախկինում նրա ինքնասպանության փորձի մասին՝ հաշվի առնելով, որ Վ.Գ.-ն և Մ.Ս.-ն չեն զեկուցել դեպքի մասին (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը): Ամեն դեպքում, Ս. Մանուկյանի հերթապահության ժամանակ պահակակետը ղեկավարող դասակի հրամանատար Վ.Գ.-ն, ինչպես նաև տանկային վաշտի հրամանատար Մ.Ս.-ն հստակ տեղյակ են եղել Ս.Մանուկյանի ինքնասպանության նախկին փորձի մասին։
22. Չնայած դրան և Ս.Մանուկյանի կյանքին սպառնացող վտանգից խուսափելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ դեպքի օրը նրա վերադաս Վ.Գ.-ն նրան վիրավորել է և ենթարկել ֆիզիկական բռնության, ինչը, ինչպես ավելի ուշ պարզ է դարձել, զգալիորեն ազդել է նրա հոգեբանական վիճակի վրա։ Մասնավորապես դատահոգեբանական փորձագետի լրացուցիչ եզրակացության մեջ (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը) պարզվել է, որ Ս. Մանուկյանն ինքնասպանություն է գործել Վ.Գ.-ի անօրինական գործողություններից սկզբնապես առաջացած, ապա Գ.Ա.-ի անօրինական գործողությունների հետևանքով սրված հոգեկան ուժեղ տառապանքի արդյունքում։
23. Այստեղից հետևում է, որ ներպետական մարմիններն այն ժամանակ իմացել են իրական և անմիջական այն ռիսկի առկայության մասին, որ Ս. Մանուկյանը կարող էր ինքնասպանություն գործել, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել այդ ռիսկի նյութականանալը կանխելու համար (տե՛ս համանման օրինակով Պերեվեդենցևի գործը, § 100, Բոյչենկոյի գործը, §§ 88-96, և համեմատի՛ր և հակադրի՛ր Մալիկ Բաբաևի գործը, § 75, բոլոր վերևում հիշատակված)՝ դրանով իսկ չկատարելով նրա կյանքը պաշտպանելու իրենց դրական պարտավորությունը։ Ավելին, զորակոչիկներին ռազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետ պաշտպանելու գործնական միջոցներ ընդունելու նրանց պարտավորությանը հակառակ (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)՝ զորամասի պատասխանատուները, այդ թվում՝ դրա հրամանատար Գ.Ա.-ն, չեն կարողացել ապահովել, որ զորակոչիկներին վատ վերաբերվելու դեպքերը փաստացի զեկուցվեն։ Ավելին, Գ.Ա.-ն անձամբ վատ է վերաբերվել Ս. Մանուկյանին, ինչն իր հերթին ազդել է նրա հոգեբանական վիճակի վրա (տե՛ս վերևում՝ 4-րդ և 22-րդ պարբերությունները):
24. Ըստ այդմ, Դատարանը եզրակացնում է, որ իշխանության մարմինները չեն կատարել Ս. Մանուկյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց դրական պարտավորությունն այն ընթացքում, երբ նա գտնվել է իրենց վերահսկողության տակ։
25. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
26. Դիմումատուն պահանջել է 50 000 եվրո (ԵՎՐՈ)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 2 900 ԵՎՐՈ՝ որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում։
27. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջները։
28. Հաշվի առնելով բացահայտված խախտման բնույթը՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 20 000 ԵՎՐՈ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
29. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2 000 եվրո՝ Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
30. Դատարանը նաև նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի և նյութաիրավական հայեցակետի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 20 000 եվրո (քսան հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունիսի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ |
|
Յոլիեն Շուկինգ՝ |
Քարտուղարի տեղակալ |
|
Նախագահ |
