ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 19133/20)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հոկտեմբերի 2024 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Էն Լուիս Բորման [Anne Louise Bormann]` Նախագահ,
Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu],
Մատեյա Դուրովիչ [Mateja Đurović]՝ դատավորներ,
և Վիկտորյա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2024 թվականի հոկտեմբերի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է ,Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2020 թվականի մարտի 23-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ապիկյանը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուի գանգատի առնչությամբ կարևորություն ներկայացնող մանրամասները և տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5. Դիմումատուն բողոք է ներկայացրել ներպետական մակարդակով կայացված որոշումը չկատարելու վերաբերյալ։ Նա նաև այլ բողոքներ է ներկայացրել` Կոնվենցիայի դրույթների համաձայն։
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄներԸ
6. Դիմումատուն հիմնականում բողոք է ներկայացրել իր օգտին ներպետական մակարդակով կայացված որոշումը չկատարելու վերաբերյալ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա:
7. Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է անհատական միջնորդության իրավունքի չարաշահման և ներպետական միջոցները չսպառելու հիմքերով։ Դատարանը, ուսումնասիրելով Կառավարության փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները, բավարար հիմքեր չի տեսնում ընդունելու դրա առարկությունները, որոնք, հետևաբար, պետք է մերժվեն:
8. Դատարանը վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի նպատակներով որևէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումը, այսպիսով, պետք է համարվի ,լսումներիե անբաժանելի մասը։ Այն նաև վկայակոչում է իր նախադեպային իրավունքը, որը վերաբերում է ներպետական վերջնական վճիռների չկատարմանը կամ դրանց կատարումը հետաձգելուն (տե՛ս Հորսնբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v Greece], թիվ 18357/91, կետ 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997II):
9. Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 31761/04, 2009 թվականի դեկտեմբերի 1) և Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի ([Հանձնաժողով], թիվ 75651/11, 2017 թվականի մայիսի 18) հիմնական գործերում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
10. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ սույն գործում իշխանությունները չեն գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` ապահովելու որոշման լիարժեք և ժամանակին կատարումը` հօգուտ դիմումատուի:
11. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը։
II. ԱՅԼ ԲՈՂՈՔՆԵՐ
12. Դիմումատուն նաև բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն: Հաշվի առնելով գործի փաստերը և վերը շարադրված եզրակացությունները՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցերը (տե՛ս վերը նշված 8-ից 11-րդ կետերը), և հետևաբար չկա սույն դիմումը քննելու անհրաժեշտություն (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] գործը [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania] [GC], թիվ 47848/08, ՄԻԵԴ 2014):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
13. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես Խաչատրյանի և Նիկողոսյանի գործերը, երկու վճիռներն էլ հիշատակված են վերևում), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
14. Դատարանը նաև նշում է, որ պատասխանող պետությունն ունի չմարված պարտավորություն՝ ի կատար ածելու վերջնական վճիռը, որը ենթակա է կատարման:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 արձանագրության մասով բողոքները ընդունելի և գտնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը մնացած մասով քննելու անհրաժեշտություն չկա.
2. Վճռում է, որ սույն գանգատով բացահայտվում է Կոնվենցիայի՝ դիմումատուի օգտին ներպետական մակարդակով կայացված որոշումը չկատարելու վերաբերյալ 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումը.
3. Վճռում է, որ պատասխանող պետությունը պետք է համապատասխան միջոցներով երեք ամսվա ընթացքում ապահովի կից աղյուսակում նշված ակնկալվող ներպետական մակարդակով կայացված որոշման կատարումը.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարը, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորյա Մարադուդինա ՝ |
Էն Լուիս Բորման՝ |
Բաժանմունքի քարտուղարի տեղակալի |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Գանգատում բարձրացված են հիմնականում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ (ներպետական մակարդակով կայացված որոշումը չկատարելը կամ դրա կատարումը հետաձգելը)
Գանգատ թիվ Ներկա-յացման ամսա-թիվը |
Դիմու-մատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկա-յացուցչի անունը և գտնվելու վայրը |
Կատարման ենթակա համա-պատասխան ներպե-տական մակարդակով կայացված որոշումը |
Որոշումը չկատարելու ժամանակա-հատվածի մեկնարկի ամսաթիվը |
Որոշումը չկատարելու ժամանակա-հատվածը լրանալու ամսաթիվը Կատա-րողական վարույթի տևողու-թյունը |
Ներպետական կարգը |
Դիմումա-տուներից յուրաքան-չյուրին ոչ նյու-թական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գան-գատի մասով ծախ-սերի և ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)2
|
19133/20 2020 թվականի մարտի 23 |
Վահե ՄՈՎՍԻՍՅԱՆ 1954 |
Ապիկյան Արթուր Երևան |
Երևանի ընդհանուր իրավասության դատարան, 2018 թվականի օգոստոսի 3 |
2019 թվականի մայիսի 22 |
ընթացքի մեջ է 5 տարի և 1 ամիս և 11 օր |
վերականգնել դիմումատուին իր աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի համար |
4,700 |
250 |
________________________________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
