Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
հենվելով հանցավորության դեմ պայքարի ոլորտում Անկախ պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության մասին 1992 թվականի ապրիլի 24-ի Համաձայնագրի վրա,
կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանն ու երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և ազատությունների հուսալի պաշտպանության ապահովմանը,
ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմքում ընկած են Կողմերի իրավահավասարության, փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքները,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ներքին գործերի մարմինների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման փոխադարձ ցանկությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, ազգային օրենսդրության համաձայն, իրենց իրավասության շրջանակներում ապահովում են մյուս Կողմի քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների, օրինական շահերի և սեփականության պաշտպանությունը:
Կողմերը պարտավորվում են ապահովել մյուս Կողմի պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց բողոքների և դիմումների անարգել ընդունումն ու քննումը ներքին գործերի մարմինների կողմից` այն հարցերով, որոնք վերաբերում են այդ մարմինների իրավասությանը:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրության հիման վրա, համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասության սահմաններում, հետևյալ ուղղություններով`
ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և սեփականության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,
բ) զենքի ու զինամթերքի, պայթուցիկ, թունավոր ու ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործառնությունների դեմ պայքարի,
գ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,
դ) կեղծ փաստաթղթերի, դրամանիշերի և արժեթղթերի պատրաստման ու իրացման դեմ պայքարի,
ե) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,
զ) մաքսանենգության, ինչպես նաև այն հանցագործությունների դեմ պայքարի, որոնց օբյեկտները մշակութային և պատմական արժեքներ են հանդիսանում,
է) հանցագործների, քննությունից և դատից, պատիժը կրելուց թաքնվողների, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և, ըստ հայցերի, դատարանների որոշումները կատարելուց խուսափող անձանց հետախուզման,
ը) Կողմերից մեկի պետության տարածքում հափշտակված առարկաների, այդ թվում` ավտոտրանսպորտի հետախուզման,
թ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,
ժ) ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,
ժա) տարերային աղետների, աղետների, խոշոր վթարների և հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման ժամանակ օգնություն ցուցաբերելու,
ժբ) ճանապարհային երթևեկության անվտանգության և հակահրդեհային անվտանգության ապահովման,
ժգ) օդանավերի թռիչքների, դրանց անձնակազմերի և ուղևորների անվտանգության ապահովման,
ժդ) Կողմերից մեկի տարածքով անցնող տարանցիկ և փոխանակության բեռների, ինչպես նաև Կողմերից մեկի` մյուս Կողմի տարածքում պահեստավորված բեռների պահպանվածության ապահովման:
Կողմերը նաև համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով`
ա) քրեական գործերով, օպերատիվ-հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների, հանձնարարությունների և խնդրանքների կատարմամբ,
բ) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատու և քրեագիտական, ինչպես նաև արխիվային տեղեկության փոխանակմամբ,
գ) օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների անցկացմանն աջակցելով,
դ) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակմամբ, ինչպես նաև կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում փոխադարձաբար աջակցություն ցույց տալով,
ե) ավտոմոբիլային, քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների, գույքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարմամբ,
զ) հատուկ և այլ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, դատապարտյալների տեղափոխմանը և ուղեկցմանն աջակցելով,
է) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացմամբ,
ը) ծածկագրային կապի կազմակերպմամբ,
թ) մշակութային և մարզական կապերի զարգացմամբ, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժմանը և սանատորաառողջարանային վերականգնմանն աջակցություն ցույց տալով:
Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակել և զարգացնել համագործակցության այլ փոխընդունելի ձևեր, որոնք նշված չեն Համաձայնագրում:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի կառուցվածքային ստորաբաժանումները, այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ, իրենց իրավասության սահմաններում և նախարարությունների ղեկավարների թույլտվությամբ կարող են հաստատել անմիջական կապեր իրենց գործունեության առանձին ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված հարցումները, հանձնարարությունները և խնդրանքները պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինեն և ունեն հետևյալ ռեկվիզիտները`
ա) հարցումը, հանձնարարությունը կամ խնդրանքը ուղարկող ներքին գործերի մարմնի և այն ներքին գործերի մարմնի անվանումները, ում դրանք ուղղված են,
բ) հարցմանը, հանձնարարությանը կամ խնդրանքին վերաբերող գործի կամ նյութի անվանումը,
գ) վկաների, տուժածների, կասկածյալների, ամբաստանյալների կամ դատապարտյալների ազգանունները, անունները և հայրանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը, մշտական բնակության վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները, անունները, հայրանունները և հասցեները,
դ) հարցման, հանձնարարության կամ խնդրանքի բովանդակությունը, ինչպես նաև դրանց էությանը և իրավախախտման հանցակազմի նկարագրությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:
Հարցմանը, հանձնարարությանը կամ խնդրանքին կցվում են նաև պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումները, որոնք անհրաժեշտ են թույլատրված գործողությունները կատարելու համար:
Հարցնող Կողմի պետական լեզվով կազմված հարցումներին, հանձնարարություններին կամ խնդրանքներին կից փաստաթղթերին կցվում են նաև պատշաճ կերպով հաստատված դրանց թարգմանությունները` կատարող Կողմի լեզվով կամ ռուսերենով:
Հարցումները, հանձնարարությունները կամ խնդրանքները պետք է հաստատված լինեն ներքին գործերի մարմնի կամ ներքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
Հարցումները, հանձնարարությունները կամ խնդրանքները կատարելիս Կողմերը օգտվում են ռուսերենից:
Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
ՀՈԴՎԱԾ 6
Հարցումների, հանձնարարությունների կամ խնդրանքների բավարարումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցվող Կողմը գտնի, որ դրա կատարումը կխախտի մարդու իրավունքները, իր պետության անվտանգությունը և այլ կարևոր շահերը: Նման որոշում կայացնելու դեպքում հարցում անող Կողմը տեղեկացվում է գրավոր` մերժման պատճառների նշումով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է մյուս Կողմին հաղորդվող տեղեկությունների գաղտնիությունը, եթե այդ տեղեկությունները կրում են փակ բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը դրանց բովանդակության հրապարակումը համարում է անցանկալի: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից որևէ մեկի ստացած տվյալները և տեղեկությունները երրորդ Կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պահանջվում է այդ տվյալները և տեղեկությունները տրամադրող Կողմի համաձայնությունը:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ:
Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին նրանց վրա դրված խնդիրները կատարելու համար ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն, տրամադրվում են տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, ավտոտրանսպորտ, կապի ուղիներ` տեղեկություն հաղորդելու համար, այդ թվում` փակ բնույթի: Անհրաժեշտության դեպքում աջակցում է գործուղման ընթացքում նրան բնակարան տրամադրելու, անցաթղթեր ձեռք բերելու հարցում: Գործուղված աշխատակիցների խնդրանքով` կարող է ցուցաբերվել նյութական օգնություն` հետագայում ծախսերը հատուցելու պայմանով:
Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին, նրանց պարտականությունները կատարելու ընթացքում ապահովվում է իրավական պաշտպանություն` ընդունող Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը, ներքին գործերի մարմիններում ծառայության ընդունելով մյուս Կողմի նախկին աշխատակիցներին, այդ մարմիններում ծառայություն անցնելու մասին իրենց պետության օրենսդրությանը համաձայն` լուծում են հատուկ կոչումներ շնորհելու համար նրանց ծառայողական ստաժի պահպանման, ծառայած տարիների համար տոկոսային հավելավճարի վճարման, աշխատանքի վարձատրման, կենսաթոշակի ապահովման և նրանց իրավունքներ ու արտոնություններ տալու հարցերը:
ՀՈԴՎԱԾ 10
Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են հայերենից, բելառուսերենից կամ ռուսերենից:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերի լիազորված ներկայացուցիչները հանդիպում են միմյանց` սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի համաձայնեցման համար:
ՀՈԴՎԱԾ 12
Երկու Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանում:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև վեց ամիս լրանալը` սկսած այն օրից, երբ Կողմերից մեկը կստանա դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի գրավոր ծանուցումը:
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1994 թվականի փետրվարի 17-ին, երեք օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, որոնք ունեն միանման ուժ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի փետրվարի 17-ից:
