Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
նպատակ ունենալով իրենց երկրների միջև զարգացնել և ամրապնդել համագործակցությունը առողջապահության և բժշկագիտության բնագավառում,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը իրենց երկրների քաղաքացիական իրավունքների շրջանակներում, հնարավորության սահմաններում օգտագործելով երկու երկրների ժողովուրդների բազմադարյա համագործակցության պատմական փորձը, ջանքեր կներդնեն առողջապահության և բժշկագիտության ոլորտում երկարաժամկետ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կաջակցեն և կօգնեն երկու երկրների գիտնականներին, բժշկության և դեղագործության ոլորտների աշխատողներին առողջապահության, բժշկագիտության և դեղագիտության բնագավառներում գիտահետազոտական համագործակցություն ծավալելու հարցերում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կխրախուսեն և կաջակցեն երկու երկրների բժշկության և դեղագործության ոլորտների հաստատությունների միջև ուղղակի համագործակցության հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կկատարեն բժշկական և գիտական տեղեկության փոխանակում, մասնագետներ և գիտնականներ կուղարկեն Հայաստանում և Չինաստանում կայանալիք միջազգային կոնգրեսներին, կոնֆերանսներին, գիտական սեմինարներին և ցուցահանդեսներին մասնակցելու համար:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի կիրառման համար Կողմերը կստեղծեն համատեղ, մշտական գործող աշխատանքային խումբ, որը կմշակի և կընդունի երկու տարի ժամկետով իրագործման պլան: Այդ պլանը կընդգրկի համագործակցության կոնկրետ ծրագրերը և ֆինանսական դրույթները: Աշխատանքային խմբի նիստերը հաջորդաբար կանցկացվեն Կողմերի քաղաքներից մեկում:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և կգործի 5 տարի ժամկետով: Այն դեպքում, երբ Կողմերից ոչ մեկը մյուսին գրավոր ձևով չի տեղեկացնում սույն Համաձայնագրի գործողության դադարեցման իր ցանկության մասին, սույն Համաձայնագիրը գործում է անժամկետ:
Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի օգոստոսի 26-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի օգոստոսի 26-ից:
