Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով պահպանել և ամրապնդել երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության վաղեմի ավանդույթները,
համոզված լինելով, որ անհրաժեշտ է զարգացնել երկու պետությունների ազգային շահերին համապատասխանող, միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման հիման վրա կառուցված մաքսային հարաբերություններ,
նպատակ ունենալով խթանել երկու Կողմերի տնտեսության զարգացումն ու նրանց ներքին շուկայի պաշտպանությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Պայմանավորվող կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն ձեռնարկությունների, կազմակերպությունների և ֆիրմաների միջև ուղղակի կապեր հաստատելու, մի Կողմի տարածքում մյուս Կողմի քաղաքացիների մուտքն ու տեղաշարժն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 2
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Կողմերի մաքսային տարածքների միջև շրջանառություն կատարող ապրանքները մաքսային հարկերով և այլ տուրքերով չեն հարկվում:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի` միջազգային իրավունքին, ինչպես նաև նրա ներքին օրենսդրությանը համապատասխան այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունքները, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության, իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահպանության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության համար:
ՀՈԴՎԱԾ 4
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չընդունել սույն Համաձայնագրին, միջազգային իրավունքին հակասող և երկու պետությունների իրավունքները ոտնահարող նորմատիվ ակտեր:
ՀՈԴՎԱԾ 5
Պայմանավորվող կողմերը միաբան են նրանում, որ մաքսային համագործակցությունը զարգանալու է առանց միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտման: Կողմերը չեն խոչընդոտի երրորդ երկրների հետ մաքսային հարաբերությունների զարգացմանը:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերի կարգավորման կարգը կորոշվի Պայմանավորվող կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 7
Պայմանավորվող կողմերը նպատակահարմար գտան առանձին համաձայնագրեր կնքել երկկողմ մաքսային հարաբերությունների ամբողջ համալիրի համար:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով: Դրա գործողությունը այնուհետև ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակամիջոցների համար, եթե Կողմերից ոչ մեկը, սույն Համաձայնագրի գործողությունը կամ հերթական հնգամյա ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցման ճանապարհով չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի օգոստոսի 24-ից:
