Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ոչ առևտրային վճարումների ապահովման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կապահովեն դրամական միջոցների ազատ փոխանցումը Կողմերից մեկի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես գտնվող ֆիզիկական անձանց, ինչպես նաև Կողմերից մեկի տարածքում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձանց` ըստ ոչ առևտրային գործառնությունների հետևյալ տեսակների.
տրանսպորտի և կապի ծառայությունների վճար,
կազմակերպված և չկազմակերպված զբոսաշրջություն,
Կողմերի պայմանավորվածությամբ դիվանագիտական, հյուպատոսական, առևտրական, տրանսպորտային և այլ ներկայացուցչությունների պահպանման ծախսեր, ինչպես նաև պատվիրակությունների գործուղման ծախսեր,
միջազգային վեհաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների, սպորտային և մշակութային միջոցառումների, ինչպես նաև այլ միջազգային հանդիպումների անցկացում,
ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացման հետ կապված վճարումներ, բացառությամբ ազատ փոխարկելի տարադրամներով վճարումների, կապիտալ ներդրումներ և այլ նյութական ծախսեր, որոնց հաշվարկման կարգը սահմանվում է Կողմերի համաձայնությամբ,
դատական, միջնորդական, նոտարական և այլ իրավաբանական ու վարչական մարմինների ծախսերի փոխհատուցման վճարներ, բացառությամբ այն գանձումների, որոնք բխում են առևտրական կազմակերպությունների գծով գանձումների կարգավորման վերաբերյալ որոշումներից,
դատական և այլ իրավազոր մարմինների դատավճիռների, որոշումների և սահմանումների հիման վրա վճարվող գումարներ, վարձ` իրավական օգնության համար,
վճարագրերի, դրամական ակրեդիտիվների ու փոխանցումների վճարից գոյացած դրամական միջոցների մնացորդների, ինչպես նաև ընդունող երկրի ազգային տարադրամի ներբերված առկա գումարի մնացորդների փոխանցումներ,
հասարակական կազմակերպություններին կատարվող մուծումներ,
պետական հիմնարկների կարիքների համար շենքերի ձեռքբերում ու շինարարություն,
դերասանների հյուրախաղերի և կինոնկարների վարձույթի գծով ծախսերի վճարում, ինչպես նաև այդ միջոցառումներից ստացված եկամուտների փոխանցում,
ապահովագրության մուծումներ ու վճարներ, սոցիալական ապահովագրության մուծումներ,
դրամական միջոցների փոխադրումը աշխատավարձից, կենսաթոշակից և խնայողությունից,
կենսաթոշակների, ալիմենտների, պետական նպաստների, լրավճարների և փոխհատուցումների փոխադրում,
ժառանգվող գումարների և ժառանգվող գույքի իրացումից ստացված գումարների փոխադրում,
հեղինակային հոնորարների վճարում և հեղինակային իրավունքների գծով վճարումներ,
աշխատավարձը, կրթաթոշակները, օրապահիկը և մյուս դրամական միջոցները, որ վճարվում են Կողմերի այն քաղաքացիներին, որոնք միջազգային պայմանագրերով եկել են ձեռնարկությունում, հիմնարկությունում, ուսումնական հաստատությունում աշխատելու կամ սովորելու,
մի Կողմի ուսումնական հաստատություններում մյուս Կողմի քաղաքացիների ուսուցման համար վճարումներ,
մի Կողմի բուժհիմնարկներում մյուս Կողմի քաղաքացիների բուժման համար վճարումներ,
անձանց մահվան հետ կապված վճարումներ (տրանսպորտային և հուղարկավորման ծախսեր),
հիմնարկների, կազմակերպությունների, առանձին քաղաքացիների այլ ծախսեր` Կողմերի կառավարությունների համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 2
Ոչ առևտրային գործառնությունների գծով վճարումներն իրականացվում են վճարողի երկրի տարադրամով` Թուրքմենստանի պետական (կենտրոնական) բանկի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով` ըստ առանձին թղթակցային հաշիվների:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերի նախարարություններն ու գերատեսչությունները, Թուրքմենստանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կողմերի կենտրոնական (ազգային) բանկերի համաձայնությամբ, կկնքեն ոչ առևտրային գործառնությունների գծով փոխադարձ հաշվարկներ կատարելու մասին երկկողմ համաձայնագրեր:
ՀՈԴՎԱԾ 4
Ֆիզիկական և իրավաբանական անձանց` ըստ ոչ առևտրային վճարումների դրամական միջոցների փոխանցման չափերը, որոնք սահմանված են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում, կարող են սահմանափակվել Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև առանձին միջպետական համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվելու են բանակցությունների ճանապարհով:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:
Սույն Համաձայնագիրը գործում է մինչև այն օրը, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր ծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագիրն իր ուժը կորցնում է սույն Համաձայնագրին մասնակցելուց հրաժարվելու մասին ծանուցումն ստանալուց երեք ամիս անց:
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, ռուսերեն երկու բնօրինակով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի օգոստոսի 24-ից:
