ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «ա» կետը «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» կետով.
«ա.1) Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձինք.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.
«դ.1) անձինք, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձինք, որպես վարկային կազմակերպության ղեկավար, չեն կարող պատշաճորեն կառավարել վարկային կազմակերպության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրանց գործողությունները կարող են հանգեցնել վարկային կազմակերպության սնանկացման, ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմաստով իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի։ Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմաստով ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում այն մասնակցությունը, որով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում տվյալ մասնակցի մասնակցությունը կազմում է 10 և ավելի տոկոս:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմաստով անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
1) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված, այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.
2) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.
3) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն.
4) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:».
3) 2-րդ մասի «ա» կետը «ունի» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերով.
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» կետով.
«ա.1) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.2» կետով.
«ա.2) անձը կամ այդ անձի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես վարկային կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել վարկային կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.»․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո՝ մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը, սույն մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. | Նշանակալից մասնակցության դադարեցումը |
1. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «ա.2», «բ», «գ» կամ «դ» կետերով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե վարկային կազմակերպության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել վարկային կազմակերպության հետ կապված անձանց (իսկ վարկային կազմակերպության հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի վարկային կազմակերպությունում իր ունեցած ներդրումները կամ վարկային կազմակերպության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել վարկային կազմակերպության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է վարկային կազմակերպության ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները կամ համապատասխան պահանջի իրավունքը չօտարվելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Վարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին։ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա․1» կետով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը, ապա վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերած մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում։ Վարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»։
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում վարկային կազմակերպության համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով նախատեսված ժամկետում վարկային կազմակերպության կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկն ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «ա․2», «բ», «գ» կամ «դ» կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի վարկային կազմակերպությունում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։ Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Վարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա․1» կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Վարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-273-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
