Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),
ցանկանալով էլ ավելի ընդլայնել և ամրապնդել երկու երկրների միջև բարեկամական կապերը,
շահագրգռված լինելով զարգացնել գիտատեխնիկական համագործակցությունը` ի շահ երկու ժողովուրդների,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը պայմանավորվում են աջակցել և խթանել գիտության ու տեխնիկայի բնագավառում համագործակցության զարգացումը:
ՀՈԴՎԱԾ 2
Համագործակցության ձևերն ու պայմանները կճշտվեն Կողմերի լիազոր հաստատությունների և կազմակերպությունների միջև կնքվելիք հատուկ պայմանագրերում` համաձայն սույն Համաձայնագրի դրույթների:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Համաձայնագրով նախատեսված գիտատեխնիկական համագործակցությունը հիմնականում ներգրավում է հետևյալը`
1) փորձագետների, գիտնականների և տեխնիկական պատվիրակությունների փոխանակում,
2) Կողմերի սահմանած պայմանների համաձայն` մասնագիտացման և կատարելագործման նպատակով կրթաթոշակների տրամադրում,
3) երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա ընտրված գիտական և տեխնիկական բնույթի ծրագրերի համատեղ ուսումնասիրում, որոնք կարող են իրականացվել ազգային, պետական կամ մասնավոր հիմնարկությունների կամ միջազգային կազմակերպությունների միջոցով,
4) գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառների մասնագետների փոխանակում և պատրաստում,
5) սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն Կողմերի միջև կնքված հատուկ պայմանագրերում սահմանված գիտատեխնիկական համագործակցության ցանկացած գործունեություն:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի հիման վրա տարբերակման և համակարգված գիտական և տեխնիկական համագործակցությունը երաշխավորելու նպատակով Կողմերը պայմանավորվում են`
1) անմիջականորեն կամ Կողմերի լիազոր հաստատությունների և կազմակերպությունների միջոցով համատեղ մշակել երկու երկրների միջև գիտատեխնիկական համագործակցության ընդհանուր ծրագիր և սահմանել համատեղ նախագծերի իրականացմանը խթանող անհրաժեշտ միջոցառումներ,
2) անմիջականորեն կամ Կողմերի լիազոր հաստատությունների կամ կազմակերպությունների միջոցով մշակել տեխնիկական ծրագրեր և նախագծեր` հաշվի առնելով յուրաքանչյուր Կողմի ազգային նախապատվությունները:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը, համաձայն յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության, կարող են խրախուսել մասնավոր հաստատությունների և կազմակերպությունների մասնակցությունը տվյալ համաձայնագրում նշված հատուկ պայմանագրերով նախատեսված համագործակցությանը:
Վերոհիշյալ մասնավոր հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը իրականացվելու է տվյալ երկրի կառավարության պատասխանատվության ներքո:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերը համաձայնում են հիմնել յուրաքանչյուր Կողմի ներկայացուցիչներից կամ երաշխավորված հաստատությունների և կազմակերպությունների պատվիրակներից բաղկացած գիտատեխնիկական Համատեղ հանձնաժողով: Գիտատեխնիկական համագործակցության Համատեղ հանձնաժողովը կոչված է մշակելու սույն Համաձայնագրում նախատեսված համագործակցության ծրագրերը և Կողմերի հաստատմանը ներկայացնելու երկու երկրների միջև գիտատեխնիկական համագործակցության բոլոր սկզբունքային հարցերը:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով մասնագետների, սարքավորման և նյութերի տեղափոխման ծախսերը հոգում է ուղարկող Կողմը, իսկ կեցության, բժշկական սպասարկման և ներքին տեղափոխությունների ծախսերը` ընդունող Կողմը, եթե տվյալ Համաձայնագրից բխող հատուկ պայմանագրերում այլ կարգ սահմանված չէ:
Սույն Համաձայնագրում նախատեսված ծրագրերի, նախագծերի կամ միջոցառումների իրականացմանը Կողմերի մասնակցության ձևերն ու տարբերակները սահմանվում են հատուկ պայմանագրերի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 8
Ընդհանուր և ֆինանսական պայմանները, ինչպես նաև նշանակված մասնագետների կարգավիճակը կորոշվեն համապատասխան արձանագրությամբ, որը Կողմերը կստորագրեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 9
Նպատակ ունենալով դյուրացնել սույն Համաձայնագրում նախատեսված պայմանավորվածությունների իրականացումը` Կողմերը կարող են ածանցյալ արձանագրություններ, պայմանագրեր ստորագրել կամ հայտագրեր փոխանակել:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան սահմանադրական արարողությունների վերաբերյալ Պայմանավորվող կողմերի` միմյանց գրավոր ծանուցման օրից սկսած` մեկ ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մնում հինգ (5) տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարի ժամկետով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց (6) ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Սույն Համաձայնագրի չեղարկումը չի ազդի դրա գործողության ընթացքում կնքված օժանդակ պայմանագրերի վրա, եթե Կողմերը այլ կարգ չեն նախատեսել:
Կատարված է Բուենոս Այրեսում 1994 թվականի մայիսի 3-ին, 2 օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և իսպաներեն, ընդ որում երկուսն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի մայիսի 7-ից:
