ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«03» դեկտԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 790-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնական գրասենյակ հարթակի վարման կարգը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը։
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
|
|
Հավելված Արդարադատության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի N 790-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն հավելվածով սահմանվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից սպասարկվող «Անձնական գրասենյակ» հարթակի (այսուհետ՝ նաև Գրասենյակ) վարման կարգը։
2. Գրասենյակը հասանելի է Ծառայության պաշտոնական կայքէջում կամ https://cabinet.harkadir.am հղումով։
3. Գրասենյակը փոխկապակցված է Ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի, ինչպես նաև վճարային համակարգերի հետ։
4. Ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող է մուտք գործել Գրասենյակ «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակով (mID, eID, xID) կամ գրանցման եղանակով՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
5. Յուրաքանչյուր անձի հասանելի է միայն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի նյութերը։
6. Գրասենյակը ներառում է․
1) հարուցված կատարողական վարույթները (կատարողական վարույթի համարը և հարուցման ամսաթիվը, վարույթը իրականացնող հարկադիր կատարողի տվյալները, վարույթի ընթացքը և կատարած գործողությունների պատմությունը, վճարման ենթակա գումարը՝ այդ թվում կատարողական գործողությունների ծախսը, արգելադրված գույքի վերաբերյալ տեղեկություն),
2) վարույթի մասնակցի կողմից դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ և այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը,
3) բռնագանձման ենթակա գումարի վճարման հնարավորությունը՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով։
7․ Ծառայության Գրասենյակում գրանցվելու դեպքում կատարողական վարույթի մասնակիցը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանում է այդ հարթակով։ Գրասենյակում նոր փաստաթուղթ տեղադրվելիս տվյալ անձն այդ մասին անհապաղ ծանուցվում է հարթակում գրանցվելիս իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով, եթե չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից։
8․ Գրասենյակը սույն կարգի 6-րդ կետում չնշված նպատակներով օգտագործումն արգելվում է։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական: