ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1832-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11․ Էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին հրապարակային ծանուցումը կազմակերպչի էլեկտրոնային կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակվում է գույքի աճուրդով վաճառքի և/կամ վարձակալության մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի պահանջներին համապատասխան ներկայացված գույքի աճուրդով վարձակալության տրամադրման դեպքում՝ աճուրդ կայացնելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ աշխատանքային ժամերին։ Էլեկտրոնային աճուրդն անցկացվում է պետական գույքի վարձակալության տրամադրման մասին և պետական շարժական գույքի օտարման մասին հրապարակային ծանուցմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ պետական անշարժ գույքի օտարման մասին հրապարակային ծանուցմանը հաջորդող 45-րդ օրվանից ոչ շուտ։».
2) որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի 9-րդ ենթակետը «մակերեսները,» բառից հետո լրացնել «Քաղաքաշինության կոմիտեի կողմից տրված՝ գույքի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի» բառերով.
3) որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18․ Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել պետական գույքի օտարման և վարձակալության տրման նպատակով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդին սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի մեկնարկից սկսած մինչև ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում: Էլեկտրոնային աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
1) պետական գույքի օտարման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի (ներառյալ) դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով,
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001-1 000 000 դրամի դեպքում` 40 տոկոսի չափով,
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001- 10 000 000 դրամի դեպքում` 30 տոկոսի չափով,
դ․ լոտի մեկնարկային գնի 10 000 001- 100 000 000 դրամի դեպքում` 20 տոկոսի չափով,
ե․ լոտի մեկնարկային գնի 100 000 001- 500 000 000 դրամի դեպքում` 10 տոկոսի չափով,
զ․ լոտի մեկնարկային գնի 500 000 001 դրամից ավելիի դեպքում` 5 տոկոսի չափով.
2) վարձակալության տրամադրման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի (ներառյալ) դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 300 տոկոսի չափով,
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001- 1 000 000 դրամի դեպքում` 100 տոկոսի չափով,
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001 դրամից ավելիի դեպքում` 50 տոկոսի չափով։».
4) որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետում «18-րդ» բառը փոխարինել «18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով.
5) որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետը «հաջորդող» բառից հետո լրացնել «երրորդ» բառով.
6) որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«27․ Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վճարումները կատարելուց հետո (բացառությամբ տրանսպորտային միջոցների օտարման դեպքերի), Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ կնքվում է առուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր և իրականացվում են գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ:».
7) որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, ընդ որում, եթե տեխնիկական անսարքության (ձախողման) պատճառով մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել, ապա կազմակերպիչն անսարքության պատճառների մասին տեղեկանքի հիման վրա կազմում է հաղթող չճանաչելու մասին արձանագրություն, վճարված նախավճարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը՝ կազմակերպչի կողմից վերադարձվում է:» բառերով.
8) որոշմամբ հաստատված հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«36․ Յուրաքանչյուր չկայացած էլեկտրոնային աճուրդից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի աճուրդի դրված լոտի մասին հրապարակային ծանուցումը և աճուրդն անցկացվում է պետական գույքի վարձակալության տրամադրման և պետական շարժական գույքի օտարման դեպքում՝ ծանուցման հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ պետական անշարժ գույքի օտարման դեպքում՝ 45-րդ օրվանից ոչ շուտ: Եթե էլեկտրոնային աճուրդը չի կայանում, ապա լոտի մեկնարկային գինը սահմանվում է հետևյալ կերպ՝
1) պետական գույքի օտարման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կարգով.
2) վարձակալության տրամադրման դեպքում՝ հաջորդ աճուրդը կազմակերպելուց լոտի մեկնարկային գինն իջեցվում է համապատասխան իրավական ակտով սահմանված չափով:».
9) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36․1-ին կետով․
«36.1. Եթե աճուրդը համարվում է չկայացած, հաղթող մասնակցի կողմից վճարումները սույն կարգով սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված տվյալներն ու փաստաթղթերը սխալ լինելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է առանց մեկնարկային գնի նվազման, իսկ նախավճարը սահմանվում է՝ սույն կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սանդղակներով հաշվարկված նախավճարի մեծությունը բազմապատկելով 1.1 գործակցով, որը կարող է կիրառվել մեկ անգամ։»․
10) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36․2-րդ կետով.
«36․2․ Սահմանել, որ սույն որոշման հաղթող մասնակցի կողմից վճարումները սույն կարգով սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու հիմքով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված աճուրդը չկայացած համարվելու դեպքում, հաղթող մասնակիցը կորցնում է գույքի վարձակալության համար տվյալ լոտի բոլոր հաջորդիվ անցկացվող աճուրդներին մասնակցելու իրավունքը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2025 թվական: