ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2026 թվականի N 1614-Ն
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 13-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.02888) վերանվանել «Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ վերանվանման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»» բառերը փոխարինել ««Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն»» բառերով.
2) 6-րդ կետի «ե» ենթակետում «արգելոց» բառը փոխարինել «հնավայր» բառով.
3) NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1614-Ն որոշման |
|
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման |
«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՎԱՅՐ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
1. «Գառնի» պատմամշակութային հնավայր-թանգարան
2. «Զվարթնոց» պատմամշակութային հնավայր-թանգարան
3. «Մեծամոր» պատմահնագիտական հնավայր-թանգարան
4. «Գլաձորի համալսարան» պատմամշակութային հնավայր-թանգարան
5. «Գոշավանք» պատմաճարտարապետական հնավայր
6. «Արփի» բնապատմական հնավայր
7. «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային հնավայր
8. «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային հնավայր
9. «Ագարակ» պատմամշակութային հնավայր
10. «Ամբերդ ամրոց» պատմամշակութային հնավայր
11. «Բերդ» պատմամշակութային հնավայր
12. «Բջնի-ամրոց» պատմամշակութային հնավայր
13. «Սմբատաբերդ» պատմամշակութային հնավայր
14. «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային հնավայր
15. «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային հնավայր
16. «Աղձք» պատմամշակութային հնավայր
17. «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային հնավայր
18. «Երերույք» պատմամշակութային հնավայր
19. «Հին Խնձորեսկ» պատմամշակութային հնավայր
20. «Բերդկունք ամրոց» պատմամշակութային հնավայր
21. «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային հնավայր
22. «Տափի բերդ» պատմամշակութային հնավայր
23. Հուշարձանների կառավարման Երևանի մարզային ծառայություն
24. Հուշարձանների կառավարման Արագածոտնի մարզային ծառայություն
25. Հուշարձանների կառավարման Արարատի մարզային ծառայություն
26. Հուշարձանների կառավարման Արմավիրի մարզային ծառայություն
27. Հուշարձանների կառավարման Գեղարքունիքի մարզային ծառայություն
28. Հուշարձանների կառավարման Լոռու մարզային ծառայություն
29. Հուշարձանների կառավարման Կոտայքի մարզային ծառայություն
30. Հուշարձանների կառավարման Շիրակի մարզային ծառայություն
31. Հուշարձանների կառավարման Սյունիքի մարզային ծառայություն
32. Հուշարձանների կառավարման Վայոց ձորի մարզային ծառայություն
33. Հուշարձանների կառավարման Տավուշի մարզային ծառայություն»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1614-Ն որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՎԱՅՐ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, գիտալուսավորչական, կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է, որն ստեղծվում է ավանդական և պատմական (մշակութային և բնական) միջավայրում անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև անշարժ հուշարձանախմբերի, պատմական, բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերի (լանդշաֆտի) ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով:
2. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկի, «Գառնի» և «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանների, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի իրավահաջորդն է։
3. Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
4. Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
5. Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր (կամ մասնակից) կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
7. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:
8. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում:
9. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
10. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ՝ «Կառավարման ծառայություն» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` «Служба управления памятниками и археологическими музеями» государственная некоммерческая организация,
ռուսերեն կրճատ՝ ГНО «Служба управления»,
անգլերեն լրիվ՝ “Service for the Management of Monuments and Archaeological Site Museums” State Non-Commercial Organization,
անգլերեն կրճատ՝ “Management Service” SNCO:
11. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թաիրովի 15:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
12. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների (լանդշաֆտների), հնավայր-թանգարանների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը, օգտագործումը և կառավարումը:
13. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան կազմակերպությունը`
1) իրականացնում է հնավայր-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմամշակութային հողերի պահպանությունը և կառավարումը.
2) մշակում և լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում հնավայր-թանգարանների, պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման հեռանկարային զարգացման գլխավոր նախագիծը.
3) որպես պատվիրատու` կազմակերպում է հնավայր-թանգարանների հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և հարմարեցման աշխատանքների իրականացումը.
4) կազմակերպում և իրականացնում է հնավայր-թանգարանների պատմամշակութային ժառանգության օբյեկտների ուսումնասիրումը, հետազոտումը և կառավարումը: Հայտնաբերում և իրականացնում է պատմամշակութային ժառանգության օբյեկտների անձնագրավորումը.
5) հաստատում է հնավայր-թանգարանների տարածքներում գտնվող շենքերի և շինությունների օգտագործման ու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը.
6) քննարկում և իր իրավասության սահմաններում իրականացնում է պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածության մշտադիտարկում, հսկողություն և ուսումնասիրություններ: Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները հաստատված նախագծի, մեթոդաբանական կամ տեխնոլոգիական սկզբունքների խախտումներով իրականացվելու, դրանց անվթարությանը վտանգ սպառնալու, ինչպես նաև քաղաքաշինական կամ տնտեսական այլ ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքերում կազմում է արձանագրություններ և ներկայացնում լիազորված պետական մարմնին՝ օրենքով սահմանված կարգով աշխատանքների դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելու համար։ Հնավայր-թանգարաններին, պատմամշակութային անշարժ հուշարձաններին ու դրանց տարածքներին հասցված վնասի դեպքերում կազմում է ակտեր և արձանագրություններ՝ լիազորված պետական մարմնի միջոցով կամ սահմանված կարգով իրավապահ մարմիններին փոխանցելու և իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու նպատակով.
7) հնավայր-թանգարանների ու պատմամշակութային անշարժ հուշարձանների և դրանց տարածքների պահպանության պայմանակարգն ու կանոնակարգը խախտելու դեպքում հայց է հարուցում հուշարձանն օգտագործողի դեմ.
8) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հայտնաբերում և հավաքում` գիտարշավների, գնումների, նվիրատվությունների, կտակների միջոցով.
9) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանը.
10) կազմակերպում է պատմամշակութային արժեքների վերականգնման, գիտամեթոդական խորհրդի, թանգարանային հավաքածուի գնման հանձնաժողովի աշխատանքները.
11) կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ.
12) պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի, գիտատեղեկատու, քարոզչական և գովազդային նյութեր.
13) կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ ու ցուցահանդեսներ.
14) իրականացնում է պատմամշակութային ժառանգության վերաբերյալ քարոզչական, գիտալուսավորչական և կրթական միջոցառումներ.
15) մշակում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և դրանց տարածքների բարեկարգման գիտանախագծային փաստաթղթեր:
14. Կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝
1) հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.
2) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում.
3) ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում.
4) հրատարակչական գործ.
5) հնավայրի տարածքում զբոսավարի, ուղեկցորդի, էքսկուրսային, մշակութային և հանրային սննդի ծառայությունների մատուցում` սահմանված ռեժիմներին համապատասխան:
15. Կազմակերպությունը, որպես մասնաճյուղեր, ունի հնավայր-թանգարաններ և մարզային ծառայություններ։
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
16. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:
Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվություններն ու հատկացումները:
17. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
18. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
19. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
20. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կողմից:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
21. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է անշարժ և շարժական գույք:
22. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
23. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:
24. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են, բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
25. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
26. Կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:
27. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը:
28. Լիազորված պետական մարմինը`
1) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.
3) հաստատում է կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը.
4) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
6) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
7) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
8) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
9) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
10) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
11) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
29. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի ղեկավարը:
30. Կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելն ու պաշտոնից ազատելը կարգավորվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերն ու այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
31. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
32. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
33. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
34. Կազմակերպության տնօրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.
5) պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվներ.
6) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.
7) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
9) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.
10) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
35. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
36. Կազմակերպության տնօրենի ժամանակավոր բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալներից մեկը, իսկ տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ տեղակալի կողմից իրականացման անհնարինության դեպքում՝ այլ աշխատակից, որին տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարումը, տնօրենի առաջարկության հիման վրա, վերապահվում է լիազորված պետական մարմնի հրամանով: Տնօրենի կողմից նման առաջարկություն ներկայացնելու անհնարինության, ինչպես նաև տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքերում տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում է լիազորված պետական մարմինը՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.7-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:
37. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:
38. Կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտամեթոդական խորհուրդ, թանգարանային հավաքածուների գնման ու որակավորման հանձնաժողովներ:
Գիտամեթոդական խորհրդի, ինչպես նաև թանգարանային հավաքածուների գնման, որակավորման հանձնաժողովների կազմը և կանոնակարգը հաստատում է կազմակերպության տնօրենը՝ համաձայնեցնելով լիազորված պետական մարմնի հետ։
Խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են կազմակերպության տնօրենի հրամաններով:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
39. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կազմակերպության լրացուցիչ ֆինանսական աղբյուրներն են՝
1) հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
2) բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
3) կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան գործունեությունից ստացված միջոցները:
40. Կազմակերպության մասնաճյուղ հանդիսացող հնավայր-թանգարանների և հնավայրերի տարածքներում էքսկուրսիաների, գիտալուսավորչական, մշակութային ու մասսայական միջոցառումների կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է կազմակերպությանը։ Այլ կազմակերպություններ կամ անձինք նշված տարածքներում համանման գործունեություն կարող են իրականացնել բացառապես կազմակերպության հետ կնքված համապատասխան պայմանագրի առկայության դեպքում։
41. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝
1) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
2) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումներով, հավելավճարներով և այլ խրախուսման միջոցներով.
3) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
4) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ լիազորված պետական մարմնի կողմից նախատեսված այլ նպատակներով (ուղղություններով)։
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
42. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
43. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
44. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
45. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
46. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
47. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2026 թվական: