Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության կառավարության միջԵՎ ապրանքների (աշխատանքների) արտահանման ԵՎ ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման և տնտեսական ինտեգրացման խորացման, տնտեսավարող սուբյեկտների համար հավասար հնարավորությունների հաստատման և բարեխիղճ մրցակցության համար պայմանների ստեղծման,
կողմնորոշվելով միջազգային առևտրի համընդհանուր ընդունված կանոններով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1. |
Ընդհանուր սահմանումներ |
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները՝
«անուղղակի հարկեր» - ավելացված արժեքի հարկ և ակցիզներ (ակցիզային հարկ կամ ակցիզային գանձույթ),
«զրոյական դրույքաչափ» - ապրանքների (աշխատանքների) զրո տոկոս դրույքաչափով հարկում, ինչը հարկատուի համար նշանակում է նախկինում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների համար հաշվանցման կամ բյուջեից փոխհատուցման իրավունք,
«ապրանքներ» - ցանկացած գույք (ներառյալ էներգիայի բոլոր տեսակները), ոչ նյութական ակտիվներ, ինչպես նաև փոխադրամիջոցներ, բացառությամբ այն բոլոր փոխադրամիջոցների, որոնք օգտագործվում են ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումների համար, ներառյալ բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ տրանսպորտային սարքավորումները,
«աշխատանք» - գործունեություն, որի արդյունքներն ունեն նյութական արտահայտություն և կարող են իրացվել կազմակերպության և (կամ) ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարման համար,
«արտահանում» - Կողմերի մաքսային տարածքներից ապրանքների դուրս բերում առանց հետագայում հետ բերելու պարտավորության, մյուս Կողմի պետության մաքսային տարածքում աշխատանքների իրականացում,
«ներմուծում» - Կողմերի մաքսային տարածքներ ապրանքների ներկրում առանց հետագայում դուրս բերման պարտավորության, Կողմերի պետության մաքսային տարածքներում աշխատանքների իրականացում,
«կեղծ արտահանում» - ապրանքների (աշխատանքների) ձևական փաստաթղթային ձևակերպում, որպես մի Կողմի մաքսային տարածքից արտահանվող, որի ժամանակ այդ Կողմի մաքսային տարածքից ապրանքների (աշխատանքների) փաստացի դուրս բերում տեղի չի ունենում,
«նշանակման երկրի սկզբունք» - մի Կողմի պետության մաքսային տարածքից արտահանման ժամանակ ակցիզային հարկով չհարկում և ավելացված արժեքի հարկով հարկելիս զրոյական դրույքաչափի կիրառում (ինչը հավասարազոր է ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ ազատման) և ներմուծման ժամանակ մյուս Կողմի պետության ազգային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափով անուղղակի հարկերով հարկում,
«իրավասու մարմիններ» - հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն, բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե, Բելառուսի Հանրապետության պետական հարկային կոմիտե:
Հոդված 2. |
Գանձման սկզբունքն արտահանման ժամանակ |
Կողմերից ոչ մեկը անուղղակի հարկերով չի հարկի մյուս Կողմի պետության տարածք արտահանվող ապրանքները (աշխատանքները):
Սույն կանոնը նշանակում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկում (ինչը հավասարազոր է ամբողջությամբ ազատման), ինչպես նաև արտահանվող ապրանքների ակցիզային հարկից ազատում:
Հոդված 3. |
Գանձման սկզբունքը ներմուծման ժամանակ |
Մի Կողմի պետության մաքսային տարածք ներմուծված ապրանքները (աշխատանքները), որոնք արտահանված են մյուս Կողմի պետության մաքսային տարածքից, հարկվում են անուղղակի հարկերով, ներմուծողի երկրում՝ ըստ նշանակման վայրի սկզբունքի, նրա օրենսդրության համապատասխան: Անուղղակի հարկերով գանձումը իրականացվում է մաքսային մարմինների կողմից այդ Կողմի պետության մաքսային տարածք ապրանքների ներկրման ժամանակ:
Հոդված 4. |
Ապրանքների (աշխատանքների) տեղաշարժի և անուղղակի հարկերի վճարման նկատմամբ վերահսկողությունը |
Ապրանքների (աշխատանքների) ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի հավաքումը ամբողջությամբ ապահովելու նպատակով, ինչպես նաև կեղծ արտահանումից խուսափելու համար Կողմերի պետության մաքսային և հարկային մարմինները մշակում և գործողության մեջ են դնում Կողմերի պետության մաքսային սահմաններով ապրանքների (աշխատանքների) տեղաշարժի նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ:
Հոդված 5. |
Վիճահարույց հարցերի լուծումը |
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ բոլոր վեճերն ու տարաձայնությունները Կողմերի միջև կլուծվեն իրավասու մարմինների միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով:
Հոդված 6. |
Փոփոխություններ և լրացումներ կատարելը |
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 7. |
Տեղեկության փոխանակումը |
Կողմերը կփոխանակեն սույն Համաձայնագրում նշված հարկերի վերաբերյալ Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններում փոփոխությունների և լրացումների մասին տեղեկությունը:
Հոդված 8. |
Սույն Համաձայնագրի առնչությունը միջազգային պայմանագրերին |
Սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքների ու պարտավորությունների վրա:
Հոդված 9. |
Եզրափակիչ դրույթներ |
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում Կողմերի՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից հետո տասնհինգերորդ օրը:
Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը Կողմերից որևէ մեկի՝ սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի ծանուցումը ստանալուց վեց ամիս անց, եթե միայն այդ ծանուցումը մինչ այդ ժամկետի լրանալը Կողմերի միջև համաձայնությամբ հետ չվերցվի:
Սույն Համաձայնագիրը կկիրառվի ուժի մեջ մտնելուց հետո առաքված ապրանքների (աշխատանքների) նկատմամբ:
Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 20-ից:
