ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ -ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթա քաղաքում ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ):
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաղդասարյան |
3 հոկտեմբերի 2005 թվականի, քաղ. Երևան Ն-216-3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ -ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԴԵՄ
Հիմք ընդունելով Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին 1969 թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին մասի (d) կետը՝ վերապահում է հանդիսանում ցանկացած ձևակերպումով և ցանկացած անվանումով պետության կողմից արված միակողմանի հայտարարություն: Հետևաբար Ադրբեջանի Հանրապետության արտահայտած հատուկ կարծիքի 4-րդ կետը հանդիսանում է վերապահում:
Հայաստանի Հանրապետությունն առարկում է Համաձայնագրի դրույթների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կատարած հատուկ կարծիքի 4-րդ կետի դեմ՝ Համաձայնագրի առարկային և նպատակին հակասելու հիմքով: Մասնավորապես, Համաձայնագրի նպատակներից են հանդիսանում մասնակից-պետությունների համար միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում համաձայնեցված գործողությունների, միջազգային ավտոմոբիլային փոխադրողների համար հավասար պայմանների և բարեխիղճ մրցակցության ապահովումը, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցությունում խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետության բարձրացումը: Համաձայնագրի առարկան են հանդիսանում հիշատակված նպատակների իրագործման համար կողմերի միջև ծագող և Համաձայնագրի կարգավորմանը ենթակա հարաբերությունները: Ադրբեջանի Հանրապետությունն իր արտահայտած հատուկ կարծիքի 4-րդ կետով անիրագործելի է դարձնում Համաձայնագրի առարկա հանդիսացող հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև անիրականալի է դարձնում սույն Համաձայնագրի նպատակները:
Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է Համաձայնագրի ավանդապահին հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել իր հատուկ կարծիքի 4-րդ կետը:
