ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ («KFW») ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («ՎԱՐԿԱՌՈՒ»)` ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ «ՀԻԴՐՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԿԱՍԿԱԴ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ («ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ») ՄԻՋԵՎ 25.000.000 ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՐԿ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 ապրիլի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Վերականգնման վարկերի բանկի («KFW») և Հայաստանի Հանրապետության («Վարկառու»)` ներկայացված ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից, և «Հիդրոկայանների Սևան-Հրազդան կասկադ» պետական ձեռնարկության («Ծրագիրն իրականացնող կազմակերպություն») միջև 25.000.000 գերմանական մարկ արժողության վարկի տրամադրման և նախագծի ֆինանսավորման վերաբերյալ (էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության ծրագիր) պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Պայմանագրի նպատակն է Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի երկու բլոկների վերակառուցման շնորհիվ զարգացնել Հայաստանի Հանրապետությունում էներգիայի արտադրության հզորությունները:
Պայմանագրի համաձայն, վարկի միջոցներից ֆինանսավորող մատակարարումները, աշխատանքները և ծառայությունները կատարվելու են այն ձեռնարկությունների կողմից, որոնց նստավայրը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որոնք իրենց տնտեսական գործունեությունը հիմնականում ծավալում են Գերմանիայում, և որոնց կողմից պայմանագրով նախատեսված մատակարարումների ու ծառայությունների ծագման վայրը Գերմանիան է:
Հիշյալ պայմանագրում առկա են դրույթներ` վարկի տրամադրման դիմաց միջնորդավճարի, տոկոսադրույքի և վարկի մարման կարգի վերաբերյալ: Սահմանվում են նաև վարկի միջոցների վճարման կասեցման և վաղաժամկետ մարման կարգը, ինչպես նաև պետական տուրքերից և այլ գանձումներից ազատման վերաբերյալ դրույթներ:
Կողմերի միջև 1997 թվականի օգոստոսի 11-ին կնքվել է նաև Միջնորդ դատարան դիմելու մասին պայմանագիր, որը հանդիսանում է վերոհիշյալ պայմանագրի բաղկացուցիչ մասը և նախատեսում է Կողմերի միջև ծագող վեճերի լուծման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Վերականգնման վարկերի բանկի («KFW») և Հայաստանի Հանրապետության («Վարկառու»)` ներկայացված ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից, և «Հիդրոկայանների Սևան-Հրազդան կասկադ» պետական ձեռնարկության («Ծրագիրն իրականացնող կազմակերպություն») միջև 25.000.000 գերմանական մարկ արժողության վարկի տրամադրման և նախագծի ֆինանսավորման վերաբերյալ (էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության ծրագիր) պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
