ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
 ՀՈԴՎԱԾ 1. 
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 
Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
 ՀՈԴՎԱԾ 2. 
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ 
Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:
 ՀՈԴՎԱԾ 3. 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ 
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 ՀՈԴՎԱԾ 4. 
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ 
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն`
ա) պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար երթևեկել քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի (անկախ սեփականության ձևից) բոլոր տեսակներով (բացի տաքսիներից):
Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև`
ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանի կամ հանգստյան տան ուղեգիր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի վարձի և կոմունալ ծախսերի (գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձ), իսկ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում` նաև սահմանված նորմաների շրջանակներում վառելիքի ձեռքբերման համար.
գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանն ստանում է 1750 դրամ ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
 ՀՈԴՎԱԾ 5. 
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 
Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:
 ՀՈԴՎԱԾ 6. 
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ 
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
 ՀՈԴՎԱԾ 7. 
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ 
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 ՀՈԴՎԱԾ 8. 
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ 
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2000 թվականի հունվարի 1-ից հավասարեցնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված բազային կենսաթոշակի կրկնապատիկին, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի մեկուկեսապատիկից:
 ՀՈԴՎԱԾ 9. 
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության | Ռ. Քոչարյան | 
| Երևան | 
 
                