Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արգենտինյան Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),
ցանկանալով դյուրացնել երկու պետությունների քաղաքացիների ուղևորությունները և ամրապնդել երկկողմ հարաբերությունները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերից մեկի պետության քաղաքացիները, իրենց քաղաքացիության պետության սովորական վավերական անձնագրերով կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցել և մնալ մյուս Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի և մնալ այնտեղ առավելագույնը իննսուն (90) օր ժամկետով՝ պայմանով, որ չի իրականացվելու վարձատրվող գործունեություն:
Հոդված 2
Կողմերից մեկի պետության քաղաքացիները, ովքեր, սույն Համաձայնագրին համապատասխան, մուտք են գործում մյուս Կողմի պետության տարածք, պարտավոր են հարգել ընդունող պետության գործող օրենքներն ու կանոնները:
Հոդված 3
Կողմերը դիվանագիտական ուղիներով և հնարավորինս սեղմ ժամկետներում միմյանց կտեղեկացնեն օտարերկրացիների մուտք գործելու, մնալու կամ դուրս գալու հետ կապված համապատասխան օրենսդրության փոփոխությունների մասին:
Հոդված 4
Կողմերից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում մերժելու մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտք գործելը կամ կրճատելու նրանց մնալու ժամկետը, ովքեր համարվում են անցանկալի անձ կամ թաքցրել են իրենց մուտքի իրական պատճառները:
Հոդված 5
Կողմերից մեկի պետության այն քաղաքացիները, որոնց անձնագրերը կորել են, վնասվել են, կամ դրանք գողացել են մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում, պետք է այդ մասին անմիջապես տեղեկացնեն իրենց քաղաքացիության պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը, ինչպես նաև ընդունող պետության իրավասու մարմիններին:
Կողմերից յուրաքանչյուրի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը իրենց համապատասխան քաղաքացիներին կտրամադրի նոր անձնագիր կամ իրենց քաղաքացիության պետություն վերադարձը արտոնող՝ ժամանակավոր նույնականացման փաստաթուղթ: Այդ դեպքերում Կողմերի պետությունների քաղաքացիներին թույլատրվում է դուրս գալ առանց համապատասխան արտոնագրի:
Հոդված 6
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պահպանման կամ այլ պատճառներով: Այդպիսի կասեցման, ինչպես նաև կասեցման վերացման մասին յուրաքանչյուր Կողմ պետք է դիվանագիտական ուղիներով ծանուցի մյուս Կողմին կասեցման ուժի մեջ մտնելուց և կասեցման վերացումից առնվազն յոթանասուներկու (72) ժամ առաջ:
Հոդված 7
Մի Կողմի պետության այն քաղաքացիները, ովքեր չեն կարող սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված ժամկետներում դուրս գալ մյուս Կողմի պետության տարածքից անհաղթահարելի ուժի (fօrce majeսre) պատճառով, որը կարող է ապացուցվել փաստաթղթերի միջոցով կամ պատշաճորեն հաստատվել այլ միջոցներով, կարող են այդ Կողմի պետության տարածքում իրենց գտնվելը երկարաձգելու թույլտվություն խնդրել այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ կլինի տարածքից հեռանալու համար՝ համաձայն ընդունող պետության օրենսդրության:
Հոդված 8
Կողմերը կփոխանակեն սույն Համաձայնագրում նշված անձնագրերի նմուշները ստորագրման պահից երեսուն (30) օրվա ընթացքում:
Եթե Կողմերից մեկը թողարկի նոր անձնագիր կամ փոփոխություններ կատարի իր վավերական անձնագրերում, այդ փոփոխությունների մասին դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի մյուս Կողմին դրանք գործածության մեջ դնելուց երեսուն (30) օր առաջ՝ տրամադրելով նոր անձնագրերի նմուշները:
Հոդված 9
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ կատարել, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը մյուս Կողմից ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցումով: Համաձայնագիրը կդադարի գործել մյուս Կողմին գրավոր ծանուցումը հանձնելուց իննսուն (90) օր հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, հայերեն և իսպաներեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 19-ին
