| Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար __________________ Վ. Գաբրիելյան 
 | 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _____________________ Գ. Խաչատրյան 11 հունվարի 2013 թ. N 1 | 
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնում 01.01.2013 թ-ից: Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվելու «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները:
Մինչև 01.01.2013 թ-ը գործող`
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ պետական եկամուտների նախարարության 16.04.2001 թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 22-րդ և 25-րդ կետերի,
Մինչև 01.01.2013 թ-ը գործող «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 30.05.2005թ. N 1-05/05-Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի,
01.01.2013 թ-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 07.06.2012թ. N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն`
1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է՝ վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
2. Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով:
3. Այն դեպքում, երբ ձևակերպվում է վարձու աշխատողի հերթական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախորդ տարվա չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացման ենթակա եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքների փոխարեն 01.01.2013 թ-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
2012 թ-ին առաջացած և 2013 թ-ին շարունակվող վարձու աշխատողի ամենամյա արձակուրդի դեպքերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված արձակուրդի գումարները հարկվում են հետևյալ կերպ`
1) 2012 թ-ին կատարվում է հետևյալ հաշվարկը`
ա) 2012 թ-ին վերաբերող ամսվա աշխատավարձին գումարվում է այդ ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը:
Այդ դեպքում եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի հաշվարկում (հաշվետվությունում):
բ) Վարձու աշխատողի փաստացի արձակուրդային գումարը հաշվարկելու և վճարելու նպատակով 2013 թ-ին համապատասխան ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարից նախնական կարգով հաշվարկվում է եկամտահարկը` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
2) Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013 թ-ին վերաբերող ամսվա եկամուտը հաշվեգրելիս`
ա) Վերահաշվարկվում է 2013 թ-ին բաժին ընկնող արձակուրդային գումարը` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) (2013 թ-ի խմբագրությամբ) սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը:
բ) 2013 թ-ին վերաբերող ամսվանը բաժին ընկնող վերահաշվարկված արձակուրդային գումարին գումարվում է ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման կարգի համաձայն որոշվող այդ ամսվա աշխատավարձը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտային հարկը:
Այդ դեպքում եկամտային հարկի գումարը արտացոլվում է 2013 թ-ի եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ(ներ)ում:
գ) Հաշվի առնելով վարձու աշխատողի 2013 թ-ին բաժին ընկնող արձակուրդային գումարից 2012 թ-ին պահված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև 2013 թ-ի հարկվող եկամտից պահված եկամտային հարկի գումարները` որոշվում է վարձու աշխատողի 2013 թ-ին վճարման ենթակա փաստացի աշխատավարձի չափը:
Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և վարձու աշխատողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր: Վարձու աշխատողի համար 2012 թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2013 թ. հունվարի 29-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ: Աշխատանքային պայմանագրի համաձայն յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120000 դրամ:
| (դրամ) | 
| Ցուցանիշը | Գումարը | Հաշվարկը | 
| Արձակուրդային գումարի հաշվարկը | ||
| միջին ամսական աշխատավարձը | 120000 | 120000 x12:12 | 
| միջին օրական աշխատավարձը | 5714 | 120000:21 | 
| արձակուրդային գումարը | 114280 | 5714x20 | 
| 2012 թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկը | ||
| աշխատավարձը | 90000 | 120000:20x15 | 
| արձակուրդային գումարը | 28570 | 114280:20x5 | 
| ԱՎՈՒՄ (ընդամենը) | 118570 | 90000+28570 | 
| վարձու աշխատողի սոցիալական վճարը | 3557 | 118570x3% | 
| գործատուի սոցիալական վճարը | 19928 | 19000+(118570-100000)x5% | 
| սոցիալական վճարներ (ընդամենը) | 23485 | 3557+19928 | 
| անձնական նվազեցումը | 32500 | |
| եկամտահարկը | 8503 | 8000+((118570-(3557+ 32500))-80000)x20% | 
| 2013 թ. հունվար ամսվա արձակուրդային գումարից եկամտահարկի և վարձու աշխատողի սոցիալական վճարի նախնական հաշվարկը | ||
| արձակուրդային գումարը | 85710 | 114280:20x15 | 
| վարձու աշխատողի սոցիալական վճարը | 2571 | 85710x3% | 
| անձնական նվազեցումը | 32500 | |
| եկամտահարկը | 5064 | (85710-2571-32500)x10% | 
| Վճարման ենթակա 2012 թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձի և 2013 թ-ի հունվար ամսվա արձակուրդային գումարը | 184585 | 118570-(3557+ 8503)+85710-(2571+5064) | 
2012 թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները (23485 դրամ) արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ 2012 թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և եկամտահարկի (8503 դրամ) գումարները արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում:
Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013 թ-ին կատարվում է հաշվարկ (վերահաշվարկ): Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման պահանջը` 2013 թ. ամսական դրույքաչափը սահմանվել է 143000 դրամ:
| դրամ | 
| 2013 թ. հունվարի հաշվարկը (վերահաշվարկը) | ||
| Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս 2012 թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը | 20000* | 19000+(120000-100000)x5% | 
| միջին ամսական աշխատավարձը | 140000 | (120000+20000) x11:11 | 
| միջին օրական աշխատավարձը | 6667 | 140000:21 | 
| արձակուրդային գումարը | 100005 | 6667x15 | 
| աշխատավարձը | 16823 | 143000:17x2 | 
| ԱՎՈՒՄ (ընդամենը) | 116828 | 100005+16823 | 
| Եկամտային հարկը | 28506 | 116828x24.4% | 
| Վերահաշվարկման արդյունքում վճարման ենթակա 2013 թ. հունվար ամսվա վճարման ենթակա աշխատավարձը | 10247 | 116828-28506-(85710-2571-5064) | 
* Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս 2012 թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը որոշվել է հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջը:
2013 թ. հունվար ամսվա համար վարձու աշխատողին վճարման ենթակա աշխատավարձը կազմում է 10247 դրամ:
2013 թ. հունվար ամսվա համար հաշվարկված հարկվող եկամտի (116823 դրամ) և եկամտային հարկի (28506 դրամ) գումարները արտացոլվում են 2013 թ-ի հունվար ամսվա եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում:
 
                