Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Էկոլոգիական մոնիտորինգի բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),
գիտակցելով էկոլոգիական մոնիտորինգի կարևորությունը էկոլոգիական անվտանգության խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման գործում,
ընդունելով միջպետական էկոլոգիական մոնիտորինգի հատուկ նշանակությունը շրջակա բնական միջավայրի վիճակի ուսումնասիրման, կանխատեսման և գնահատման ազգային, տարածաշրջանային և գլոբալ համակարգերի գործունեության համաձայնեցման համար,
հաշվի առնելով, որ շրջակա բնական միջավայրի վիճակի մասին լրիվ և ստույգ տեղեկատվության առկայությունը հանդիսանում է բնապահպանական գործունեության կառավարման և բնական համալիրների պահպանման մասին որոշումներ ընդունելու անհրաժեշտ պայման,
ելնելով ընդհանուր տեղեկատվական տարածքի նպատակների փոխկապակցվածությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները՝
«Էկոլոգիական անվտանգություն»` անհատի, հասարակության պաշտպանվածության վիճակ և պետությունների շրջակա բնական միջավայրի պաշտպանություն բնական և մարդածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգից և հետևանքներից,
«Էկոլոգիական մոնիտորինգ»` շրջակա բնական միջավայրի վիճակի դիտարկումների, կանխատեսումների և գնահատման, մարդածին ազդեցությունների աղբյուրների և էկոհամակարգերի փոփոխման միտումների ժամանակին հայտնաբերման համակարգ՝ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման բնագավառում որոշումների ընդունման ապահովման համար:
Հ ո դ վ ա ծ 2
Էկոլոգիական մոնիտորինգի բնագավառում համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով.
շրջակա բնական միջավայրի վիճակի նկատմամբ հսկողության միջպետական համակարգի ստեղծում՝ աերոտիեզերական և երկրային դիտարկման միջոցների օգտագործման, ինչպես նաև առկա ենթակառուցվածքային հաղորդակցության հիման վրա,
աջակցություն էկոլոգիական մոնիտորինգի ազգային և տարածաշրջանային համակարգերի ձևավորմանը,
իրավական, նորմատիվ-մեթոդական, տեխնոլոգիական և ծրագրաապարատային ապահովման ներդաշնակեցում,
անբարենպաստ էկոլոգիական իրավիճակների ժամանակին հայտնաբերում,
Կողմերի տարածքներում շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության վերլուծություն, համակարգում և ներկայացում կառավարման ազգային մարմիններին և միջպետական կազմակերպություններին,
աջակցություն Կողմերի էկոլոգիական անվտանգության և կայուն զարգացման ռազմավարության մշակմանը և իրագործմանը,
էկոլոգիական մոնիտորինգի բնագավառում համատեղ գիտատեխնիկական ծրագրերի մշակում և իրագործում, ներառյալ հողերի մոնիտորինգը և գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության ծրագրավորումը,
էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում,
բյուջետային և արտաբյուջետային, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների միջոցների ներգրավում էկոլոգիական մոնիտորինգի միջպետական ծրագրերի նախապատրաստման և իրագործման համար:
Համատեղ գործունեության ուղղությունների ցանկը հետագայում կարող է ճշտվել Կողմերի առաջարկությամբ:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը միջոցներ են ձեռնարկում էկոլոգիական մոնիտորինգի միջպետական համակարգի (այսուհետ՝ ԷՄՄՊՀ) ստեղծման ուղղությամբ, որի խնդիրներն են.
էկոլոգիական մոնիտորինգի ազգային և տարածաշրջանային համակարգերի փոխազդեցության ապահովում,
էկոլոգիական տեղեկատվության հավաքման, մշակման և փոխանցման ընդհանուր համակարգերի ձևավորում՝ գործող և ստեղծվող հաղորդակցության համակարգերի և տվյալների բանկերի հիման վրա,
էկոլոգիական տեղեկատվության հավաքման, մշակման և փոխանցման նորմատիվ-մեթոդական բազայի ընդհանուր մեթոդական և ծրագրային ապահովվածության մշակում,
առանձին տարածաշրջաններում էկոլոգիական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության կանխատեսման ուղղությամբ առաջարկությունների պատրաստում և ներկայացում շահագրգիռ կազմակերպություններին,
շրջակա բնական միջավայրի վիճակի կանխատեսում՝ հաշվի առնելով վնասակար նյութերի անդրսահմանային տեղափոխումների, էլեկտրամագնիսական ճառագայթումների և ձայնային տատանումների, կենսաբանական օբյեկտների տարածման, էկոլոգիական վտանգի աղբյուրների և այլ բնական անոմալիաների հետևանքները,
էկոլոգիական մոնիտորինգի բնագավառում համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացում,
արտակարգ իրավիճակների մոդելավորում և էկոլոգիական վտանգի աղբյուրների բացահայտում,
բնական և տեխնածին բնույթի վթարների և աղետների բացահայտում և կառավարման մարմիններին ժամանակին նախազգուշացում դրանց մասշտաբների, տարածման ուղղությունների և ընդգրկած տարածքների մասին,
շրջակա բնական միջավայրի աղտոտվածության հետ կապված բնակչության հիվանդությունների ուսումնասիրում,
առաջարկությունների ներկայացում կառավարման մարմիններին՝ բնակչության նախազգուշացմանն ու վթարների և աղետների հետևանքներից պաշտպանությանն ուղղված օպերատիվ միջոցառումների ընդունման համար,
թայֆունների և փոթորիկների առաջացման, դրանց շարժման ուղղությունների ժամանակին բացահայտում և կառավարման մարմիններին առաջարկությունների ներկայացում՝ բնակչության և ժողտնտեսության պաշտպանության անհրաժեշտ միջոցների մասին,
գլոբալ և տարածաշրջանային բնույթի էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանն ուղղված հանձնարարականների պատրաստում,
շրջակա միջավայրի պահպանության բոլոր ազգային ծառայությունների համար տվյալների գլոբալ բանկ մուտքի ապահովում,
աջակցություն ազգային և միջպետական Կարմիր գրքերի վարմանը,
էկոլոգիական մոնիտորինգի միջպետական համակարգի շահագործման համար կադրերի որակավորման բարձրացում,
էկոլոգիական տեղեկատվության անօրինական տարածման կանխում:
Հ ո դ վ ա ծ 4
ԷՄՄՊՀ-ն ձևավորվում է շրջակա միջավայրի վիճակի դիտարկման և հսկողության գոյություն ունեցող համակարգերի, էկոլոգիական իրավիճակների հավաքման, ընդհանրացման և մոդելավորման տեխնոլոգիաներ ունեցող գործող կառույցների հիման վրա:
ԷՄՄՊՀ-ի հիմքը կազմում են էկոլոգիական մոնիտորինգի ազգային և տարածաշրջանային համակարգերը՝ Կողմերի տարածքներում տեղակայված իրենց դիտարկման և հսկողության ծառայություններով:
ԷՄՄՊՀ-ի գործունեությունը համակարգում է Միջպետական էկոլոգիական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)՝ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի և Բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի մասնակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերն աջակցում են էկոլոգիական մոնիտորինգը չափիչ սարքերով և սարքավորումներով, ինչպես նաև մեքենայացման միջոցներով, հաշվիչ տեխնիկայով, վերլուծական նյութերի ընդհանրացման, կանխատեսումների պատրաստման և դրանց փոխանցման համար հաղորդակցության միջոցներով ապահովելուն և մշակելուն:
ԷՄՄՊՀ-ի ֆինանսավորումն իրականացվում է շահագրգիռ կազմակերպությունների միջոցների հաշվին:
Խորհուրդը որոշում է ԷՄՄՊՀ-ի ստեղծման, գործունեության մեխանիզմը և փոխհարաբերությունները շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Հ ո դ վ ա ծ 6
Գիտատեխնիկական ռեսուրսների համախմբման և մոնիտորինգի ազգային և գերատեսչական համակարգերի համաձայնեցված փոխգործողության, գլոբալ և տարածաշրջանային էկոլոգիական իրավիճակների մոդելավորման և կանխատեսման նպատակով, ինչպես նաև տեխնոլոգիական, նորմատիվ-մեթոդական և ծրագրային ապահովման համար Խորհրդին կից ստեղծվում է Էկոլոգիական մոնիտորինգի միջպետական կենտրոն՝ «Կոմետա» Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն) ստորաբաժանման հիմքի վրա՝ Կողմերի շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը սահմանում են իրավասու մարմիններ, որոնք միջոցներ են ձեռնարկում հետևյալ ուղղություններով.
տվյալների փոխանակման ապահովում էկոլոգիական մոնիտորինգի ազգային և տարածաշրջանային համակարգերի միջև,
Կողմերի տարածքներում դիտարկման օբյեկտների համաձայնեցում,
համատեղ դիտարկումների անցկացում համաձայնեցված օբյեկտներում,
համատեղ վարման տակ գտնվող շրջակա միջավայրի վիճակի համալիր դիտարկման կայանների ստեղծում,
հաղորդակցության և մեքենայացված միջոցների, հաշվիչ տեխնիկայի և չափիչ սարքավորումների ապահովում,
էկոլոգիական տեղեկատվության փոխանցման, դրա բովանդակության և ձևի կանոնակարգի սահմանում,
էկոլոգիական տեղեկատվության տարածման և աղավաղումից պաշտպանման կարգի հաստատում:
Հ ո դ վ ա ծ 8
Չափումների ներդաշնակեցման բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական համագործակցության զարգացման, միջազգային մակարդակով էկոլոգիական տեղեկատվության համաձայնեցված հավաքման և փոխանակման և մոնիտորինգի միջազգային համակարգերում ինտեգրացման համար Կողմերն աջակցում են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի գծով Գլոբալ էկոլոգիական մոնիտորինգի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության ազգային կենտրոնների ցանցի ստեղծմանը՝ հաշվի առնելով և պահպանելով միջազգային չափանիշները:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերն ինքնուրույն ներգրավում են ֆինանսական միջոցներ սույն Համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարման համար:
Սույն Համաձայնագրի շրջանակներում ցանկացած գործունեություն իրականացվում է Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու ազգային մարմինների միջև փոխգործունեությունն իրականացվում է առանձին պայմանավորվածությունների հիման վրա, որոնք չեն հակասում սույն Համաձայնագրի դրույթներին:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները, որոնք նրանք ստանձնում են սույն Համաձայնագրում ընդգրկված հարցերի վերաբերյալ գործող միջազգային համաձայնագրերով կամ այն ապագա միջազգային համաձայնագրերով, որոնք կարող են կնքվել սույն Համաձայնագրի առարկային և նպատակներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար, այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:
Հ ո դ վ ա ծ 15
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից այդ մասին դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի համաձայնությամբ բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ նման միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից այդպիսի միացման համաձայնության մասին վերջին հաղորդագրությունը ստանալու օրվանից:
Կատարված է Սարատով քաղաքում 1999 թվականի հունվարի 13-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 19-ից:
