Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով զարգացնել երկկողմ շահավետ հարաբերությունները կապի ասպարեզում, ապահովել երկու պետություններում էլեկտրական և փոստային կապի անխափան գործունեությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, գործելով սեփական իրավասությունների և հնարավորությունների սահմաններում, համաձայն իրենց օրենսդրության պահանջների` փոխշահավետ և համահավասար պայմաններում կշարունակեն և կընդլայնեն համագործակցությունը արբանյակային կապի ասպարեզում:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կկառուցեն իրենց հարաբերությունները կապի ասպարեզում` համաձայն միջազգային համընդհանուր կանոնների և սկզբունքների` համաշխարհային կանոնադրության հիման վրա: Այն հարցերը, որոնք չեն կարգավորվում սույն Համաձայնագրով, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով, որոնց անդամ են համարվում երկու Կողմերն էլ կամ Կողմերից որևէ մեկը, կլուծվեն փոխադարձ համաձայնությամբ` Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը ճանաչում են երկու պետությունների ցանցերի առկայությունը, որոնք զարգանում են այդ ցանցերի զարգացման գլխավոր պլանի համաձայն, և, եթե հարկ լինի, տեղեկացնում են միմյանց իրենց ցանցերի հետագա զարգացման մասին:
Կողմերը իրականացնում են ռադիոհաճախականության սպեկտրի համակարգումը Կողմերի միջև` հետագայում հզոր ռադիոհեռուստատեսային կայանների կառուցման դեպքում փոխադարձ խանգարումները բացառելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը էլեկտրական և փոստային ծառայություններ հատկացնելու համար փոխհաշվարկները վարում են ազգային փոխհաշվարկային կենտրոնների միջոցով: Էլեկտրական և փոստային կապի կազմակերպման բոլոր փոփոխությունների մասին, ինչպես նաև` կապի ծառայությունների փոխադարձ հաշվարկների, Կողմերը նախօրոք կհայտնեն միմյանց 3 ամիս առաջ, մինչև ենթադրվելիք փոփոխությունների ժամկետը:
Կողմերը երաշխավորում են բոլոր տեսակի փոստային առաքումների և հատուկ կապի, էլեկտրակապի ցանցով հաղորդումների, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ծրագրերի տարանցումը և հաշվարկում են համաձայն ընդունված գների:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը պահպանում են դրամական փոխադրումների առաջացման ուղղությամբ ծառայությունների ցուցաբերումը` իրականացնելով փոխադրումների գործառնությունների միջպետական հաշվարկները և օգտագործելով մեկ դրամական միավոր (ռուբլի):
Պետություններից մեկի կողմից սեփական ազգային դրամ մտցնելու դեպքում դրական փոխադրումների առաքումը կկանոնակարգվի առանձին համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը միմյանց հանդեպ չեն կիրառի (Կողմերի կապի վարչակազմերի գործունեությանը արգելք հանդիսացող կամ դժվարացնող խտրականության միջոցներ) երրորդ երկրներում և միջազգային կազմակերպություններում:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը միմյանց ցուցաբերում են աջակցություն հեռուստատեսային ծրագրերի տարածումը կազմակերպելու և Կողմերի կառավարությունների կամ նրանց համապատասխան գերատեսչությունների համաձայնագրերով սահմանված կարգով գրանցված` մի Կողմի պարբերական հրատարակումների բաժանորդագրման և մանրածախ առևտրի գործը մյուս Կողմի տարածքում:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը պայմանավորվում են ցուցաբերել կապի ծառայություններ սեփական պետություններում մյուս Կողմի քաղաքացիներին` կրելով պատասխանատվություն ժամանակին և որակյալ սպասարկման համար` համաձայն իրենց պետությունների օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը համաձայնեցին համագործակցել կապի միջազգային նախագծերի իրագործմանը: Ֆինանսավորման և բաժնեմասի մասնակցության հարցերը կկարգավորեն հատուկ համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը փոխշահավետ և համահավասար պայմաններով կազմակերպում և իրականացնում են`
- էլեկտրական և փոստային կապի միջոցների ասպարեզում գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական համատեղ աշխատանքներ,
- էլեկտրակապի միջպետական ցանցերի շահագործումն ու օպերատիվ-տեխնիկական ղեկավարումը` համաձայնեցված ալգորիթմով և նորմատիվ ակտերով.
- փոխհամագործակցություն տեխնիկական շահագործման հարցերում, էլեկտրակապին և փոստին ցուցաբերվող ծառայությունների որակի բարձրացում, նշված հարցերում փորձի և տեղեկության փոխանակում:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը արտակարգ իրավիճակներում կապի ցանցերով և միջոցներով ցուցաբերում են փոխադարձ աջակցություն առաջնային հաղորդագրությունների հաղորդմանը:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերը խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով կլուծեն վիճելի հարցերը, որոնք կարող են առաջանալ սույն Պայմանագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում:
Սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կատարելիս առաջացած տարաձայնությունները կդիտվեն և կուսումնասիրվեն հատուկ ստեղծված ժամանակավոր միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած կլինի Կողմերի հավասար քանակ ունեցող անդամներից:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերը որոշեցին ծառայողական տեղեկությունների փոխանակման համար օգտագործել ռուսաց լեզուն:
Փոստային առաքումների հասցեները և հեռագրերը Կողմերի միջև ձևակերպվում են ռուսերենով:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարվում են Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և ուժի մեջ են մտնում Պայմանավորվող կողմերի ստորագրումից հետո:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և կմնա ուժի մեջ 90 օր` այն օրից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կհաղորդի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ իր մտադրությունների մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:
