Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերն ընդունում են հրատարակման համար բաց, միջպետական փոխանակման ենթակա, նորմատիվ իրավական ակտերի թեմատիկ ցանկում (կցվում է) նշված հարցերով իրավական ակտերի երկկողմ տեղեկատվական փոխանակման անհրաժեշտությունը:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Կողմին տրամադրել իրավական ակտերի մասին պահանջվող տեղեկատվությունը: Համագործակցության ընթացքում Կողմերից մեկի ստացած տեղեկատվությունը կարող է երրորդ կողմին տրամադրվել միայն այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի համաձայնության դեպքում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը, օգտագործելով ազգային տեղեկատվական ռեսուրսները, իրավական տեղեկատվության փոխանակման համար կազմակերպում են տվյալների սեփական չափանիշային կայաններ:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը, իրականացնելով իրավական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման համաձայնեցված միջոցառումներ, համապատասխանաբար որոշում են.
այն լիազոր մարմինը (նախարարությունը, կոմիտեն, գերատեսչությունը), որն իրականացնում է տվյալների ազգային չափանիշային կայանների ստեղծման և հաղորդակցման միջոցների զարգացման աշխատանքների համակարգումը` իրավական տեղեկատվության միջպետական փոխանակման համար, տեղեկատվությունից օգտվող սուբյեկտների ցանկը, տեղեկատվության իրավական կարգավիճակը` նորմատիվ կարգով սահմանված կանոնները, որոնք որոշում են տեղեկատվության բաց լինելու աստիճանը, փաստաթղթավորման, մատչելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերն ապահովում են համատեղ օգտագործման համար սահմանված իրավական տեղեկատվության ազգային ռեսուրսների (տվյալների չափանիշային կայանների) մատչելիությունը, պահպանում են դրանք այժմեական (հսկիչ) վիճակում և պատասխանատվություն են կրում տեղեկատվական տվյալների ամբողջականության, հավաստիության և ժամանակին տրամադրելու համար:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, փոխանակում են իրավական տեղեկատվություն փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման միջոցով` պահպանելով միջազգային ստանդարտներով բաց համակարգերի համար հաղորդակցությունների և փաթեթների կոմուտացիայի հաստատված ձևերը, կամ իրավական ակտերն օգտագործող սուբյեկտին թղթակիրների վրա` ռուսաց լեզվով տրամադրելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերն անհրաժեշտ են համարում.
տվյալների կայանները փոխանակելիս միմյանց տրամադրել Կողմերի ու դրանց հաստատությունների դասակարգիչները, իրավական տեղեկատվության փոխանակում կատարել, օգտագործելով գործող տեղեկատվական-հաղորդակցական միջոցների համակարգերը, ինչպես նաև գաղտնի կապի նոր ստեղծվող համակարգերը:
ՀՈԴՎԱԾ 8
Իրավական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Համաձայնագրին մասնակցող Կողմերի օրենսդրությանը համապատասխան: Կողմերը կքննարկեն իրենց տարածքում գործող օրենսդրական ակտերի մերձեցման հարցը:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Կողմերն իրավունք ունեն դուրս գալ սույն Համաձայնագրից: Սույն Համաձայնագրին մասնակցելուց Կողմի հրաժարվելը ուժի մեջ է մտնում հրաժարման մասին Կողմի գրավոր ծանուցումը ներկայացնելուց 6 ամիս հետո: Կողմերն իրավասու են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում: Բոլոր փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են արձանագրությամբ, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը բաց է իրավական տեղեկատվության փոխանակման մեջ շահագրգռված ցանկացած այլ պետության կառավարության միացման համար: Սույն Համաձայնագիրը կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի հունիսի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն: Համաձայնագրի բոլոր տեքստերը հավասարազոր են:
ՀԱՎԵԼՎԱԾ |
Թ Ե Մ Ա Տ Ի Կ Ց Ա Ն Կ
Միջպետական փոխանակման ենթակա նորմատիվ իրավական ակտեր
1. Պետական կարգի հիմունքներ
2. Քաղաքացիական իրավունք
3. Ամուսնություն և ընտանիք
4. Քաղաքացիական դատավարության օրենսդրություն
5. Արբիտրաժային դատավարություն
6. Աշխատանքի տեղավորում և բնակչության զբաղվածություն
7. Աշխատանք
8. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն
9. Ֆինանսներ և վարկ
10. Ժողովրդական տնտեսություն (ամբողջությամբ)
11. Ձեռնարկություններ և ձեռնարկատիրական գործունեություն
12. Արդյունաբերություն
13. Կապիտալ շինարարություն և կապիտալ նորոգում
14. Քաղաքաշինություն և ճարտարապետական համալիրներ
15. Գյուղատնտեսություն և ագրոարդյունաբերական համալիրներ
16. Առևտուր
17. Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բնակչության կենցաղային սպասարկում
18. Տրանսպորտ և կապ
19. Կրթություն
20. Գիտություն
21. Մշակույթ
22. Քաղաքացիների առողջության պահպանություն
23. Բնակչության ֆիզիկական դաստիարակություն
24. Շրջակա բնական միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում (ամբողջությամբ)
25. Հողային օրենսդրություն
26. Ընդերքի մասին օրենսդրություն
27. Անտառների պահպանություն և օգտագործում
28. Ջրերի պահպանություն և օգտագործում
29. Կենդանական աշխարհի պահպանություն և օգտագործում
30. Մթնոլորտային օդի պահպանություն
31. Գեոդեզիա և քարտեզագրություն
32. Հիդրոօդերևութաբանություն
33. Պետական ծառայություն
34. Պաշտպանություն
35. Պետական անվտանգություն
36. Մաքսային գործ
37. Հասարակական կարգի պահպանություն
38. Դատարան, արդարադատություն, դատախազություն
39. Քրեական օրենսդրություն
40. Քրեական դատավարության օրենսդրություն
41. Քրեակատարողական օրենսդրություն
42. Վարչական պատասխանատվություն
43. Արտաքին քաղաքականություն և միջազգային հարաբերություններ
44. Միջազգային մասնավոր իրավունք և դատավարություն: Արտաքին տնտեսական հարաբերություններ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ (Ք. ՄՈՍԿՎԱ)
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազոր ներկայացուցիչները համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
1. 3-րդ հոդվածի կապակցությամբ.
Կողմերը աշխատանքներ են տանում գիտամեթոդական, ինֆորմացիոն, լեզվաբանական և տեխնիկական ապահովման միասնական սկզբունքներով ազգային չափանիշային տվյալների կայաններ ստեղծելու համար:
2. 4-րդ հոդվածի կապակցությամբ.
Հայաստանի Հանրապետության կողմից ազգային չափանիշային տվյալների կայանների ստեղծման և իրավական տեղեկատվության միջպետական փոխանակման համար հաղորդակցության միջոցների զարգացման ուղղությամբ աշխատանքները համակարգող կազմակերպություն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանդիսանում է միջպետական փոխանակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի Թեմատիկ ցանկին համապատասխան Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված իրավական ակտերը պահողը` առանց հրապարակման իրավունքի:
Ռուսաստանի Դաշնության կողմից ազգային չափանիշային տվյալների կայանների ստեղծման և իրավական տեղեկատվության միջպետական փոխանակման համար հաղորդակցության միջոցների զարգացման ուղղությամբ աշխատանքները համակարգող կազմակերպություն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության նախագահի պետաիրավական վարչությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի պետաիրավական վարչությունը հանդիսանում է միջպետական փոխանակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի Թեմատիկ ցանկին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված իրավական ակտերը պահողը` առանց հրապարակման իրավունքի:
3. 4-րդ հոդվածի կապակցությամբ.
Կողմերը ինքնուրույն են մշակում տեղեկատվությունից օգտվող սուբյեկտների ցանկը:
4. 8-րդ հոդվածի կապակցությամբ.
Կողմերը մտադրություն հայտնեցին անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ տեղեկատվության բնագավառում օրենսդրությունների մերձեցման հարցում:
5. Բոլոր վիճելի հարցերը Կողմերը լուծում են բանակցությունների միջոցով:
6. Սույն Արձանագրությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին 1994 թվականի հունիսի 1-ի Համաձայնագրի (ք. Մոսկվա) անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի հետ միաժամանակ:
7. Կատարված է 1994 թվականի հունիսի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն:
Համաձայնագիրը և Արձանագրությունը ուժի մեջ են մտել 1994 թվականի հունիսի 1-ից:
