Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչությունը, այսուհետ` Կողմեր,
նկատի ունենալով, որ մշակութային արժեքները հանդիսանում են ժողովուրդների քաղաքակրթության և մշակույթի զարգացման բաղկացուցիչ մասերից մեկը,
նշելով մշակութային սեփականության պահպանման գործում պետությունների իրավասու ծառայությունների կարևոր դերը,
ձգտելով ուժեղացնել պայքարը պետական սահմաններով մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ և ամրապնդել մաքսային համագործակցությունը այդ բնագավառում,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նշված պետություններից մշակութային արժեքները կարող են արտահանվել արտահանման թույլտվության առկայությամբ:
Արտահանման թույլտվությունները տալիս են արտահանվող պետության լիազորված մարմինները: Տրված թույլտվությունները ուղեկցում են արտահանվող մշակութային արժեքները:
Կողմերի մաքսային ծառայությունները միմյանց հետ փոխանակում են թույլտվությունների ձևաթղթերի անհրաժեշտ քանակության օրինակները և թույլտվությունների վավերացման կնիքների դրոշմվածքները:
Հոդված 2
Սույն Համաձայնագրում հասկացությունները նշանակում են.
«նյութական արժեքներ»` Համաձայնագրի մասնակից պետությունների օրենքներով և նորմատիվ այլ ակտերով սահմանված առարկաները,
«ապօրինի փոխադրում»` Համաձայնագրի պետությունների օրենքների և նորմատիվ այլ ակտերի խախտմամբ այդպիսի արժեքների արտահանումը, տարանցումը և ներմուծումը,
«մշակութային արժեքների հետ վերադարձում»` անօրինական փոխադրման պատճառով առգրավված նյութական արժեքների փաստացի փոխանցումը արտահանման պետությանը դրանք ներմուծած կամ տարանցած պետության կողմից:
Հոդված 3
Կողմերը, իրենց պետություններում գործող օրենքներն ու կանոնները պահպանելու պայմանով, սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մշակութային արժեքների ապօրինի փոխադրումների կանխարգելման և հետ վերադարձման նպատակով: Կողմերից մեկում նյութական արժեքների հետ վերադարձման հետ կապված օրենսդրական նորմերի բացակայության դեպքում այդ գործողությունները կիրականացվեն Կողմերի իրավասու մարմինների միջոցով` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փոխադարձ ծանուցմամբ:
Հոդված 4
Կողմերից մեկը նյութական արժեքների ապօրինի փոխադրման բացահայտման դեպքում կառգրավվեն այդ նյութական արժեքները և հնարավորինս կարճ ժամանակամիջոցում մյուս Կողմը կտեղեկացվի այդ մասին:
Տեղեկությունը պետք է բովանդակի առգրավված նյութական արժեքների հնարավորին չափ ամբողջական նկարագրությունը, տվյալներ այն անձանց մասին, որոնք մասնակցել են դրանց ապօրինի փոխադրմանը, ինչպես նաև` այդ նպատակների համար օգտագործված փոխադրական միջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ: Կողմերը, հնարավորության սահմաններում, առգրավված մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկությունները կուղեկցեն դրանց նկարներով և այդ արժեքների ապօրինի փոխադրման փաստի հետ կապված փաստաթղթերի պատճեններով:
Մշակութային արժեքների արտահանման թույլտվության բացակայության դեպքում այն ներկայացնելու համար ժամանակ է հատկացվում, որը չպետք է գերազանցի երկու ամիսը:
Հոդված 5
Կողմերը միջոցներ կձեռնարկեն ապօրինի փոխադրված նյութական արժեքների փոխանցումը ապահովելու համար:
Մշակութային արժեքների ապօրինի փոխադրման համար բռնված անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքում պատասխանատվության մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո մշակութային արժեքների փոխանցումը արտահանման պետությանը իրականացվում է մաքսային կամ իշխանության այլ մարմինների կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչների միջոցով:
Հոդված 6
Կողմերից մեկի հարցման դեպքում մյուս Կողմը վերահսկողություն կսահմանի.
ա) մշակութային արժեքների ապօրինի փոխադրմանը մասնակցելու մեջ կասկածվող անձանց ելքի ու մուտքի նկատմամբ,
բ) տրանսպորտային միջոցների, բեռների և փոստային առաքումների նկատմամբ, եթե դրանք կասկածվում են որպես նյութական արժեքների ապօրինի փոխադրման համար օգտագործվող միջոցներ:
Վերահսկողության արդյունքների մասին հնարավորինս կարճ ժամկետում հայտնվում է հարցում կատարող Կողմին:
Հոդված 7
Կողմերը կփոխանակեն`
ա) տեղեկություններ մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարի մեթոդների մասին,
բ) մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարի հարցերի վերաբերյալ հրապարակումներ, գիտական, մասնագիտական ուսումնական աշխատանքներ,
գ) տեղեկություններ մշակութային արժեքների ապօրինի փոխադրման նոր միջոցների, ինչպես նաև այդ գործողություններով մասնագիտորեն զբաղվող անձանց մասին,
դ) մասնագետների այցելություններ` մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարի փորձ ձեռք բերելու նպատակով:
Հոդված 8
Սույն Համաձայնագրին համապատասխան ներկայացված տեղեկությունը կկիրառվի միայն մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարի նպատակների համար և ստացող Կողմից պաշտոնապես այն կորակվի որպես համանման նյութերի վերաբերյալ սեփական տեղեկություն:
Կողմերը, հնարավորության սահմաններում, սույն Համաձայնագրի կիրառման համար նախատեսված տեղեկությունները չեն տրամադրի զանգվածային լրատվական միջոցներին առանց մյուս Կողմի համաձայնության, եթե դրանց տարածումը կարող է վնաս հասցնել մյուս Կողմի կամ Կողմերի համատեղ գործունեության շահերին:
Հոդված 9
Կողմերը կհրաժարվեն սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հատուցման համար ներկայացված պահանջներից, բացառությամբ մասնագետների հրավիրման ծախսերի, և եթե Կողմերից մեկը անհրաժեշտ համարի հետ վերադարձվող մշակութային արժեքների փոխադրման ծախսերի հատուցումը:
Նշված ծախսերը կրում են արտահանված պետության մաքսային ծառայությունները:
Սույն Համաձայնագրին համապատասխան հետ վերադարձվող մշակութային արժեքները ոչ մի մաքսային կամ այլ վճարումների չեն ենթարկվում:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ Համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:
Հոդված 11
Կողմերը պարբերաբար կխորհրդակցեն սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության հարցերով:
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Կողմերի միջև կլուծվեն բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև գրագրությունը կկատարվի ռուսաց լեզվով, առանց մյուս Կողմի լեզվով թարգմանության, կամ անգլերեն:
Տեղեկությունների փոխանակումը կկատարվի կապի հետևյալ կետերով.
Հայաստանի Հանրապետությունում`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի բաժին,
Ղրղզստանի Հանրապետությունում`
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի վարչություն:
Կապի կետերի հասցեների որևէ փոփոխության դեպքում Կողմերը անհապաղ կտեղեկացնեն միմյանց:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում Կողմերը կկատարեն մշակութային արժեքների փոխադրման հարցերին առնչվող` իրենց պետություններում գործող օրենսդրական ակտերի և մաքսային կանոնների նյութերի փոխանակում և հետագայում` հնարավորինս ավելի կարճ ժամանակամիջոցում, տեղեկություններ կհաղորդեն այդ օրենքներում և կանոններում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի փետրվարի 14-ին, երկու բնօրինակով, ռուսերեն: Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է հայերեն և ղրղզերեն թարգմանությունների համապատասխանությունը բնօրինակին, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:
Հայերեն և ղրղզերեն տեքստերի մեկնաբանման դեպքում տարաձայնություններ առաջանալիս հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 14-ին
