Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եվ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջեվ համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը (այսուհետ՝ Կողմեր),
ղեկավարվելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Մինսկի Կոնվենցիայի, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Կոնվենցիայի 1997 թ. մարտի 28-ի արձանագրության, 1957 թ. դեկտեմբերի 13-ի Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի և Քրեական գործերով փոխօգնության մասին 1959 թ. ապրիլի 20-ի Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, ինչպես նաև քրեական դատավարության ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ այլ միջազգային պայմանագրերով,
կարևորելով հանցավորության, մասնավորապես, դրա անդրազգային ձևերի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդումը, օրինականության ապահովումը և միջազգային իրավունքի նորմերին և հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
ելնելով Կողմերի փոխադարձ ձգտումից զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով փոխգործակցությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. | Ընդհանուր պարտավորություն |
Կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրին, իրենց երկրների մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության շրջանակներում իրականացնել համագործակցություն:
Հոդված 2. | Համագործակցության հիմնական ուղղությունները |
Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով`
քրեական և այլ գործերով իրավական օգնության ու իրավական հարաբերությունների մասին, այդ թվում՝ հանձնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացման դեմ պայքարի հարցերով միջազգային պայմանագրերի կատարման կազմակերպում և ապահովում.
օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպում և հետաքննության և նախաքննության նկատմամբ հսկողություն.
պատիժների և դատարանի կողմից նշանակվող հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն.
հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգում.
ապօրինի դատապարտված և բռնադատված անձանց արդարացման հարցերի քննարկում.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով գիտաուսումնական գործունեություն:
Հոդված 3. | Համագործակցության ձևերը |
Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթների կատարման նպատակով Կողմերի համագործակցությունն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ ձևերով.
աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում՝ ճանաչողական այցերի, ստաժավորումների, խորհրդատվությունների և խորհրդաժողովների անցկացման միջոցով,
հանցավորության, այդ թվում՝ դրա կազմակերպված ձևերի, ահաբեկչության, կոռուպցիայի, զենքի, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, տնտեսական հանցագործությունների, ապօրինի ներգաղթի և հասարակության համար մեծ վտանգավորություն ներկայացնող հանցատեսակների դեմ պայքարում փորձի փոխանակում,
Կողմերի գործունեության հարցերով, այդ թվում՝ հանցավորության զարգացման միտումների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում,
օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև գերատեսչական ակտերի և մեթոդական նյութերի պարբերաբար փոխանակում,
համատեղ գիտական ուսումնասիրությունների, գիտական և գիտագործնական խորհրդաժողովների անցկացում, գիտական հրապարակումների պատրաստում,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և ֆորումների քննարկմանը ներկայացվող (ՄԱԿ, ԱՊՀ, ԵԽ, ԵԱՀԿ և այլ) հարցերով խորհրդատվությունների անցկացում,
տեղեկատվական-իրավական ապահովման բնագավառում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ իրավական կարգավորման միջազգային փորձի և միջազգային համագործակցության մասին նյութերի տրամադրում,
դատախազության մարմինների և հաստատությունների համար կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, այդ թվում՝ դասախոսությունների և գիտաժողովների անցկացում, գիտական ձեռնարկների համատեղ պատրաստում,
փոխշահավետության հիմքով ուսումնական գրականության և գիտական հրապարակումների փոխանակում:
Հոդված 4. | Համագործակցության զարգացում |
Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին սահմանելու և զարգացնելու փոխադարձաբար ընդունելի այլ համագործակցության ուղղություններ և ձևեր, սույն Համաձայնագրի 1 հոդվածով սահմանված պայմանների պահպանմամբ:
Հոդված 5. | Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումներ |
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմերի հարցումների հիման վրա կամ Կողմի նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվող աջակցությունը կամ համատեղ միջոցառումը մյուս Կողմի համար նույնպես ներկայացնում է հետաքրքրություն:
2. Հարցումը (կամ նախաձեռնող առաջարկությունը) ուղարկվում է գրավոր ձևով, սակայն անհետաձգելի դեպքերում դրանք կարող են փոխանցվել բանավոր, երեք օրվա ընթացքում, դրանց հետագա պարտադիր գրավոր հաստատման պայմանով, այդ թվում՝ տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Հարցման իրական լինելու վերաբերյալ կասկածների դեպքում կարող է պահանջվել դրա հաստատումը:
3. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը պետք է պարունակի.
- աջակցություն հայցող մարմնի և այն մարմնի անվանում, որից ակնկալվում է աջակցություն,
- գործի հանգամանքների շարադրանքը,
- հարցման նպատակի և հիմնավորման մասին նշում,
- հայցվող աջակցության բովանդակության նկարագրություն,
- ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման ապահովման համար:
4. Գրավոր փոխանցված կամ հաստատված աջակցություն ցույց տալու մասին հարցումը ստորագրվում է հարցում անող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:
Հոդված 6. | Աջակցություն ցուցաբերելու մերժումը |
1. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը մերժվում է լրիվ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին, կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Հարցվող Կողմը հնարավորության դեպքում, մինչև աջակցության ցուցաբերման մերժման մասին որոշման ընդունումը, խորհրդատվություն է անցկացնում հարցում անող Կողմի հետ այն հարցի քննարկման նպատակով, թե արդյո՞ք կարող է աջակցությունը ցուցաբերվել այն պայմանների պահպանմամբ, որոնք հարցվող Կողմը համարում է անհրաժեշտ: Առաջադրված պայմանների հետ համաձայնության դեպքում հարցում անող Կողմը ապահովում է դրանց պահպանումը:
3. Հարցում անող Կողմը գրավոր տեղեկացվում է հարցման կատարման լրիվ կամ մասնակի մերժման մասին՝ մերժման պատճառների նշմամբ:
Հոդված 7. | Հարցման կատարումը |
1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս լրիվ կատարումն ապահովելու նպատակով:
Հարցում անող Կողմը անհապաղ տեղեկացվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը էապես ձգձգող հանգամանքների մասին:
2. Եթե հարցման կատարումը չի մտնում հարցվող Կողմի իրավասության մեջ, ապա վերջինս անհապաղ տեղեկացնում է այդ մասին հարցում անող Կողմին և նրա խնդրանքով փոխանցում է հարցումը իր պետության իրավասու մարմնին:
3. Հարցվող Կողմը իրավասու է հայցել լրացուցիչ տվյալներ, որոնք՝ ըստ իրեն, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:
4. Հարցման կատարման ընթացքում կիրառվում է հարցվող Կողմի պետության օրենսդրությունը, սակայն հարցում անող Կողմի խնդրանքով կարող է կիրառվել վերջինիս օրենսդրությունը, եթե այն չի հակասում հարցվող Կողմի օրենսդրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին:
5. Եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր պետությունում ընթացող վարույթին, նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել այն պայմանների պահպանման հետ, որոնք սահմանվել են որպես անհրաժեշտ հարցում անող Կողմի հետ խորհրդատվության արդյունքում: Եթե հարցում անող Կողմը համաձայն է աջակցության ցուցաբերմանը առաջադրված պայմանների պահպանմամբ, ապա ապահովում է այդ պայմանների պահպանումը:
6. Հարցվող Կողմը հարցում անող Կողմի խնդրանքով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հարցման ստացման փաստի, այդ հարցման բովանդակության և ուղեկից փաստաթղթերի, ինչպես նաև՝ աջակցության ցուցաբերման փաստի գաղտնիության ապահովման ուղղությամբ:
Գաղտնիության պահպանմամբ հարցման կատարման անհնարինության դեպքում հարցվող Կողմը տեղեկացնում է դրա մասին հարցում անող Կողմին, որն էլ որոշում է նման պայմաններում հարցման կատարման անհրաժեշտության հարցը:
7. Հարցվող Կողմը հնարավոր սեղմ ժամկետներում տեղեկացնում է հարցում անող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին:
Հոդված 8. | Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները |
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք կրում են փակ բնույթ, և եթե փոխանցած Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիության աստիճանը սահմանում է փոխանցող Կողմը:
2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը, առանց դրանք տրամադրած Կողմի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որոնց համար դրանք հարցվել կամ տրամադրվել են, եթե միայն դրանք տրամադրած պետությունում դրանք համընդհանուր հասանելի չեն:
3. Մի Կողմից ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը որևէ երրորդ պետության տրամադրելու համար չի պահանջվում դրանք տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը, եթե դրանք տրամադրած պետությունում դրանք համընդհանուր հասանելի են և, եթե տրամադրելիս նման պայման չի առաջադրվել:
4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկության կամ փաստաթղթերի օգտագործումը, եթե հարցում անող Կողմի օրենսդրությամբ պարտադիր է այդ ձևի պահպանումը: Հարցում անող Կողմը նախապես տեղեկացնում է հարցվող Կողմին նման տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման կամ հրապարակման մասին:
Հոդված 9. | Ծախսերը |
Կողմերն իրենք են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագած ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքով չի համաձայնեցվի այլ կարգ:
Հոդված 10. | Լեզուները |
Սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցելիս Կողմերը հաղորդակցվում են ռուսերեն և հայերեն լեզուներով:
Հոդված 11. | Փոփոխություններ և լրացումներ |
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ ու փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
Հոդված 12. | Համագործակցության համակարգումը |
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցությանն ուղղված միջոցառումների համակարգումը դրվում է Կողմերի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք կարող են միմյանց հետ հաղորդակցվել անմիջականորեն.
Ռուսական կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչություն,
Հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժին:
2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են սահմանել նաև իրենց այլ կառուցվածքային ստորաբաժանումներ կամ իրենց ենթակայության տակ գտնվող այլ հաստատություններ, որոնք կարող են սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով անմիջական շփումներ իրականացնել:
Նոր կառուցվածքային ստորաբաժանում կամ իրենց ենթակայության տակ գտնվող այլ հաստատություն սահմանելու կամ փոփոխելու դեպքում Կողմերը միմյանց գրավոր ծանուցում են այդ մասին՝ փոխանցելով նաև տվյալները:
Հոդված 13. | Աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ |
Կողմերի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում անցկացնում են աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի քննարկման նպատակով:
Հոդված 14. | Տարաձայնությունների լուծումը |
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված տարաձայնությունները լուծվում են Կողմերի խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 15. | Այլ միջազգային պայմանագրերի հետ փոխհարաբերությունը |
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը:
Հոդված 16. | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցումը ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել է Կողմերից որևէ մեկի՝ այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու օրվանից վաթսուն օր անցնելուց հետո:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 1993 թ. հունվարի 15-ին Մոսկվայում կնքված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև Իրավական օգնության և համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը:
Կատարված է Երևան քաղաքում՝ 2006 թվականի սեպտեմբերի 22-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը ռուսերեն և հայերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի մարտի 2-ին:
