Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Մարդկանց, նրանց օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազությունների համագործակցության մասին
Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների գլխավոր դատախազությունները, այսուհետ՝ Կողմեր,
խորը մտահոգություն հայտնելով մարդկանց, նրանց օրգանների և հյուսվածքների առևտրի, հատկապես՝ դրա կազմակերպված ձևերի զարգացման մասշտաբներով և միտումներով,
գիտակցելով մարդու և քաղաքացու, հատկապես կանանց և երեխաների իրավունքների և ազատությունների, հասարակության և պետության շահերի հուսալի պաշտպանության, ինչպես նաև դրանց նկատմամբ կատարվող ոտնձգությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը,
հաշվի առնելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև համաձայն 2005թ. նոյեմբերի 25-ին ընդունված՝ Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը,
առաջնորդվելով միմյանց առավել մեծ աջակցություն ցուցաբերելու և մարդկանց, նրանց օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ձգտումով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Կողմերը, համաձայն սույն Համաձայնագրի, պահպանելով ազգային օրենսդրությունը և իրենց պետությունների կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնում են համագործակցություն մարդկանց, նրանց օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարի ոլորտում (այսուհետ՝ մարդկանց առևտրի դեմ պայքար):
2. Սույն Համաձայնագիրը չի անդրադառնում քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու, հանձնման և քրեական հետապնդում իրականացնելու հարցերին:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը Կողմերը իրականացնում են ուղղակի շփումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված իրենց կենտրոնական և տարածքային մարմինների միջոցով:
Սույն Համաձայնագրի շրջանակներում ուղղակի շփումներ կազմակերպելու իրավասություն ունեցող մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմիններ) համապատասխան ցանկը Կողմերն ուղարկում են ավանդապահին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում: Կողմերը սույն Համաձայնագրի ավանդապահին տեղեկացնում են նաև ցանկերում տեղ գտած փոփոխությունների և լրացումների մասին:
Սահմանապահ շրջանների դատախազական մարմինները՝ ելնելով սույն Համաձայնագրի դրույթները կատարելու նպատակներից, կարող են հաստատել անմիջական աշխատանքային շփումներ՝ համաձայն Կողմերի սահմանած կարգի:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներն են.
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում համագործակցության համաձայնեցված միջոցների մշակում և իրականացում, այդ թվում՝ մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում դատախազությունների գործունեության ուղղությունների, ձևերի և ընթացակարգերի սահմանման վերաբերյալ ընդհանուր մոտեցումների մշակում,
Կողմերի գործունեության համակարգում, առաջին հերթին՝ օրինականության խախտման կանխարգելման և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև մարդկանց առևտրի զոհերի պաշտպանության և սոցիալական վերականգնման ոլորտներում:
Հոդված 3
Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններն են.
համագործակցություն մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում իրավական նորմատիվ բազայի կատարելագործման ուղղությամբ,
փորձի փոխանակում մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում, տուժողների, հատկապես՝ կանանց և երեխաների պաշտպանության վերաբերյալ օրենքների կատարման նկատմամբ հսկողության կազմակերպման և իրականացման ոլորտում,
ազգային փորձի փոխանակում իրենց իրավասությունների շրջանակներում մարդկանց առևտրի զոհերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ,
Կողմերի իրավասությունների շրջանակներում մարդկանց առևտրի հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փորձի փոխանակում,
Կողմերի իրավասությունների շրջանակներում ազգային մակարդակում, մարդկանց առևտրի զոհերի սոցիալական վերականգնման միջազգային առաջավոր փորձի իրականացում,
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում գիտահետազոտական գործունեություն,
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում:
Հոդված 4
Կողմերը համագործակցությունն իրականացնում են հետևյալ հիմնական ձևերով.
նորմատիվ իրավական ակտերի, վիճակագրական, վերլուծական և այլ նյութերի ու տեղեկատվության փոխանակում,
հսկողական գործունեության, ինչպես նաև մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների կանխարգելման, խափանման և բացահայտման վերաբերյալ փորձի փոխանակում,
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում երկկողմանի, բազմակողմանի համակարգող և այլ խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների կազմակերպում,
դատախազների համակարգող (հսկողական) իրավասությունների շրջանակներում համաձայնեցված այցելություններ պրոբլեմատիկ շրջաններ, առաջին հերթին՝ սահմանամերձ շրջաններ` մարդկանց առևտրի դեմ պայքարի միջոցների կատարելագործման նպատակով,
համատեղ գիտական հետազոտությունների իրականացում, գիտագործնական խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում մարդկանց առևտրի դեմ պայքարի թեմայով,
կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, այդ թվում՝ դատախազության աշխատակիցների փորձառնության կազմակերպում, որոնք մասնագիտացած են մարդկանց առևտրի դեմ պայքարում,
հնարավորության դեպքում՝ ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստերի ժամանակ մարդկանց առևտրի դեմ պայքարի արդյունքների և խնդիրների քննարկում:
Հոդված 5
Կողմերը փորձի փոխանակում են իրականացնում և անհրաժեշտության դեպքում համաձայնեցնում են իրենց գործողությունները մարդկանց առևտրի դեմ պայքարի և դրան առնչվող այլ իրավախախտումների ոլորտում իրավապահ մարմինների գործունեության համակարգման վերաբերյալ, առաջին հերթին՝ սահմանամերձ շրջաններում:
Հոդված 6
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում մարդկանց առևտրի դեմ պայքարի առավել արդիական խնդիրներին, այդ թվում.
անհետ կորած անձանց անհետացման փաստերի մասին հայտարարությունների և հաղորդումների թույլտվություններին,
շահագործման նպատակով անչափահասների և այլ կախման մեջ գտնվող անձանց ապօրինի գործողությունների մեջ ներգրավմանը,
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում իրենց ազգային օրենսդրությունների համապատասխանեցմանը:
Հոդված 7
Կողմերը կատարում են փորձի փոխանակում մարդկանց առևտրին առնչվող անձանց քրեական հետապնդման ոլորտում, դատախազների մասնակցության ոլորտում սույն տիպի քրեական գործերի դատական քննությանը, տուժողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում:
Հոդված 8
Կողմերը փոխադարձաբար փոխանակում են գիտական հետազոտությունների արդյունքներ, հրապարակումներ, գիտամեթոդական և այլ նյութեր մարդկանց առևտրի դեմ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտներում:
Կողմերը կազմակերպում են գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ՝ նվիրված մարդկանց առևտրի հակազդեցության խնդիրներին, կատարում են համատեղ գիտական հետազոտություններ:
Հոդված 9
Կողմերը միջոցներ են ձեռնարկում հատուկ իրավաբանական և այլ գրականության մեջ, ԱՊՀ մասնակից-պետությունների ԶԼՄ-ներում, գլխավոր դատախազությունների կայքէջերում, ինչպես նաև ԱՊՀ երկրների տպագիր հրատարակություններում, մարդկանց առևտրի դեմ պայքարի կատարելագործման արդիական խնդիրների լուսաբանման համար:
Հոդված 10
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը տեղի է ունենում իրավասու մարմիններից մեկի հարցման հիման վրա կամ այն իրավասու մարմնի նախաձեռնությամբ, որի կարծիքով այդ համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս իրավասու մարմնի համար:
2. Համագործակցության հարցումը պետք է պարունակի.
ա/ հարցում կատարող և հարցվող մարմինների անվանումները,
բ/ գործի էության շարադրանքը,
գ/ հարցման նպատակը և հիմնավորումը,
դ/ խնդրվող աջակցության բովանդակության նկարագրությունը,
ե/ հարցումը հավուր պատշաճի կատարելուն նպաստող այլ տեղեկատվություն:
3. Աջակցության մասին հարցումը ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է հաղորդվել բանավոր՝ հետագա գրավոր հաստատմամբ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ տեքստը փոխանակելու տեխնիկական միջոցներ օգտագործելով: Հարցման իսկության հետ կապված կասկածների կամ հարցումը ուշացնելու դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ հաստատում:
4. Աջակցություն ցուցաբերելու հարցումը ստորագրվում է հարցումը ուղարկող իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում է այդ մարմնի զինանշանով կնիքով:
Հոդված 11
1. Հարցվող կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս լրիվ կատարման համար:
Հարցում կատարող Կողմը անմիջապես տեղյակ է պահվում հարցումը կատարելուն խոչընդոտող հանգամանքների, ինչպես նաև դրա կատարումը հետաձգող հանգամանքների մասին:
2. Եթե հարցման առարկան չի համապատասխանում հարցվող իրավասու մարմնի իրավասությունների շրջանակին կամ վերջինս ինչ-որ պատճառով չի կարող ապահովել դրա պատշաճ կատարումը, նա այն փոխանցում է այլ իրավասու մարմնի և այդ մասին անմիջապես տեղեկացնում է հարցումը ուղարկող Կողմին:
3. Հարցվող Կողմը իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը լիարժեք կատարելու համար:
4. Եթե հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը պարզում է, որ հարցում կատարելն անհրաժեշտ է, նա անմիջապես այդ մասին տեղեկացնում է հարցվող Կողմի իրավասու մարմնին:
5. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը:
Հոդված 12
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է տեղեկատվության գաղտնիությունը հարցումը ստանալու փաստի առթիվ, դրա բովանդակության և կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցության փաստի մասին, եթե դրանք կրում են փակ բնույթ կամ եթե Կողմերից մեկը խնդրել է ապահովել նմանատիպ գաղտնիություն:
2. Նման տեղեկության գաղտնիության աստիճանը որոշվում է հարցվող կողմի կողմից` համաձայնեցնելով հարցում կատարող Կողմի հետ:
3. Այն դեպքում, երբ անհնար է կատարել հարցումը առանց գաղտնիության ապահովման, հարցվող Կողմը տեղեկացնում է այդ մասին հարցում կատարող Կողմին, որը որոշում է՝ արժե արդյոք կատարել հարցումը նման պայմաններով:
Հոդված 13
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցությունը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակի, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը գտնում է, որ հարցում կատարելը կարող է վնաս հասցնել ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ հակասում է ազգային օրենսդրությանը, միջազգային պարտավորություններին և պետության այլ կենսական շահերին:
2. Հարցում կատարող Կողմին գրավոր տեղյակ է պահվում աջակցության հարցումը ամբողջությամբ կամ մասնակի մերժվելու մասին` նշելով մերժման պատճառները:
Հոդված 14
1. Հարցվող Կողմը հնարավորինս կարճ ժամանակահատվածում տեղեկացնում է հարցում կատարող Կողմին կատարված հարցման արդյունքների մասին:
2. Կատարված հարցման արդյունքները, առանց հարցվող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան նշվածները, որոնց համար դրանք հարցվել կամ տրամադրվել են:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում, հարցում կատարող Կողմի կողմից ստացված տեղեկությունները երրորդ կողմին հաղորդելու համար անհրաժեշտ է այդ տեղեկությունները տրամադրող Կողմի նախնական համաձայնությունը:
Հոդված 15
Սույն Համաձայնագրի շրջանակներում, համագործակցություն իրականացնելիս, Կողմերը կիրառում են ռուսերեն լեզուն: Այլ լեզուներով փաստաթղթեր կազմելու դեպքում կից տրամադրվում է վավերացված ռուսերեն թարգմանությունը:
Հոդված 16
Կողմերը ինքնուրույն են հոգում ծախսերը, որոնք առաջանում են սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որևէ այլ բան համաձայնեցված չէ:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում Կողմերի միջև երկկողմանի համագործակցության զարգացմանը, չի դիպչում Կողմերի իրավունքներին ու պարտականություններին, որոնք բխում են միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցն են համարվում իրենց երկրները:
Հոդված 18
1. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարում սույն Համաձայնագրում` համապատասխան արձանագրությունների ստորագրման միջոցով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Սույն Համաձայնագրի մեկնաբանության և դրույթների կիրառման ընթացքում առաջացող վիճելի հարցերը պարզաբանվում են Կողմերի միջև խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 19
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերն անցկացրել են ավելի ուշ, սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի` համապատասխան ծանուցագիրը ստանալու օրվանից:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Դուրս գալու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից` դուրս գալու մասին ծանուցումը ստանալուց հետո վաթսուն օրվա ընթացքում:
Հոդված 20
1. Սույն Համաձայնագրի ավանդապահ է հանդիսանում ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարությունը:
Ավանդապահը Կողմերին անմիջապես տեղյակ է պահում.
սույն Համաձայնագրի ցանկացած ստորագրման մասին և Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման համար ցանկացած ծանուցում ի պահ հանձնելու մասին,
սույն Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,
Համաձայնագրից դուրս գալու յուրաքանչյուր ծանուցման մասին` սույն Համաձայնագրի 19 հոդվածի 2-րդ կետին համապատասխանությամբ ուղղորդված,
սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ ծանուցման ստացման մասին:
Կատարվել է ք. Աստանայում, 9 դեկտեմբերի, 2009թ., մեկ օրինակով, ռուսերեն լեզվով: Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է ավանդապահի մոտ, որը յուրաքանչյուր Կողմին կուղարկի դրա վավերացված պատճենը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 5-ին
