Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),
ցանկանալով դյուրացնել երկու պետությունների քաղաքացիների ուղևորությունները և ամրապնդել երկկողմ հարաբերությունները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերից յուրաքանչյուրի պետության քաղաքացիները, որոնք կրում են վավեր սովորական անձնագիր, կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցել և մնալ մյուս Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի մեկ տարվա ընթացքում առավելագույնը իննսուն (90) օր ժամկետով՝ վարձատրվող գործունեություն չիրականացնելու պայմանով:
Հոդված 2
Կողմերից յուրաքանչյուրի պետության քաղաքացիները, որոնք, սույն Համաձայնագրին համապատասխան, մուտք են գործում մյուս Կողմի պետության տարածք, պարտավոր են հարգել ընդունող պետության ներպետական օրենսդրությունը:
Հոդված 3
Կողմերը դիվանագիտական ուղիներով և հնարավորինս սեղմ ժամկետում միմյանց կտեղեկացնեն օտարերկրացիների՝ մուտքի, կացության և ելքի հետ կապված իրենց պետության համապատասխան օրենսդրական փոփոխությունների մասին:
Հոդված 4
Կողմերից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում մերժելու մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքն իր պետության տարածք կամ կրճատելու նրանց կացության ժամանակահատվածը, ովքեր համարվում են անցանկալի անձ (persona non grata) կամ թաքցրել են իրենց մուտքի իրական պատճառները:
Հոդված 5
Կողմերից մեկի պետության այն քաղաքացիները, որոնց անձնագիրը կորել է, վնասվել կամ գողացվել է մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում, պետք է այդ մասին անմիջապես տեղեկացնեն իրենց քաղաքացիության պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը, ինչպես նաև ընդունող պետության իրավասու մարմիններին:
Կողմերից յուրաքանչյուրի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը համապատասխան քաղաքացիներին կտրամադրի նոր անձնագիր կամ իրենց քաղաքացիության պետություն վերադարձը արտոնող ժամանակավոր նույնականացման փաստաթուղթ: Այդպիսի դեպքերում Կողմերի պետությունների քաղաքացիներին կթույլատրվի դուրս գալ առանց համապատասխան արտոնագրի:
Հոդված 6
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պահպանման կամ այլ պատճառներով: Այդպիսի կասեցման, ինչպես նաև կասեցման վերացման մասին յուրաքանչյուր Կողմ պետք է դիվանագիտական ուղիներով անմիջապես ծանուցի մյուս Կողմին:
Հոդված 7
Կողմերից յուրաքանչյուրի պետության քաղաքացիները, որոնք չեն կարող սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված ժամկետներում դուրս գալ մյուս Կողմի պետության տարածքից անհաղթահարելի ուժի (force majeure) պատճառով, որը կարող է ապացուցվել փաստաթղթերի միջոցով կամ պատշաճորեն հաստատվել այլ միջոցներով, կարող են այդ Կողմի պետության տարածքում իրենց գտնվելը երկարաձգելու թույլտվություն խնդրել այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ կլինի այդ պետության տարածքից դուրս գալու համար՝ ընդունող պետության օրենսդրության համաձայն:
Հոդված 8
Կողմերը կփոխանակեն սույն Համաձայնագրում նշված անձնագրերի նմուշները ստորագրման պահից երեսուն (30) օրվա ընթացքում:
Եթե Կողմերից մեկը թողարկի նոր անձնագիր կամ փոփոխություններ կատարի իր վավեր անձնագրերում, այդ փոփոխությունների մասին դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի մյուս Կողմին դրանք գործածության մեջ դնելուց երեսուն (30) օր առաջ՝ տրամադրելով նոր անձնագրերի նմուշները:
Հոդված 9
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և նրանց փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններում: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կկազմեն դրա անբաժանելի մասը:
Հոդված 10
Ցանկացած վեճ կամ տարաձայնություն կապված սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կլուծվի Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար Կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից երեսուն (30) օր հետո: Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ:
Հոդված 12
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով՝ գրավոր ծանուցման միջոցով: Համաձայնագիրը կդադարի գործել մյուս Կողմին գրավոր ծանուցումը հանձնելու օրվան հաջորդող 90 (իննսուներորդ) օր հետո:
Կատարված է Մոնտեվիդեոյում 2014թ. հուլիսի 9-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման արդյունքում առաջացած հակասությունների դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տարբերակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. ապրիլի 11-ին
