Համարը 
N 652-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
20.12.2021
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2021 թ.

N 652-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հարկային և մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտի կամ Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

 

 

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի 2021 թվականի

դեկտեմբերի 20֊ի N 652-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հարկային և մաքսային հարաբերություններ կարգավորող՝ սույն կարգի 2-րդ կետում նշված օրենսդրական ակտերի և Կառավարության որոշումների (այսուհետ՝ նորմատիվ իրավական ակտեր) վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են հետևյալ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա.

1) Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև կնքված` եկամուտների և (կամ) գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրեր.

2) Հայաստանի Հանրապետության վավերացված այլ միջազգային պայմանագրեր` հարկերի և վճարների գծով հարաբերությունների մասով.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք.

4) «Մաքսային կարգավորման մասին» օրենք.

5) «Գույքահարկի մասին» օրենք.

6) «Հողի հարկի մասին» օրենք.

7) «Պետական տուրքի մասին» օրենք.

8) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենք.

9) «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենք.

10) «Շահութահարկի մասին» օրենք.

11) «Եկամտային հարկի մասին» օրենք.

12) հարկերի և վճարների գծով արտոնություններ սահմանող օրենսդրական ակտեր.

13) սույն կարգի 2-րդ կետի 1-12-րդ ենթակետերում նշված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ընդունված և դրանց կիրառությունն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում սույն կարգի 2-րդ կետում նշված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հարկ վճարողների իրազեկման հետ կապված հարաբերությունների վրա:

4. Պաշտոնական պարզաբանումը տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` պաշտոնական պարզաբանման նախագիծը, սույն կարգին համապատասխան, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ:

5. Պաշտոնական պարզաբանումը տրամադրվում է պարզաբանող մարմնի նախաձեռնությամբ կամ այլ պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ կամ այլ անձի դիմումի հիման վրա:

6. Պարզաբանող մարմնի նախաձեռնությամբ պաշտոնական պարզաբանում տրամադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մշակում է պաշտոնական պարզաբանման նախագիծ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` համաձայնեցման: Այլ պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ կամ այլ անձի դիմումի հիման վրա պաշտոնական պարզաբանում տրամադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը համապատասխան միջնորդությունը կամ դիմումը ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, մշակում է պաշտոնական պարզաբանման նախագիծ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` համաձայնեցման:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի 6-րդ կետում նշված նախագիծը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնական պարզաբանման նախագծի վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն առաջարկություններ և (կամ) առարկություններ ունի պաշտոնական պարզաբանման նախագծի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող դիրքորոշման մեջ նշվում են նաև այդ առաջարկությունների և (կամ) առարկությունների հիմնավորումները: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պաշտոնական պարզաբանման նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, լրամշակում է պաշտոնական պարզաբանման նախագիծը, իսկ պաշտոնական պարզաբանման նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի առաջարկությունները և առարկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընդունելի չհամարվելու դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է համապատասխան հիմնավորումներ և միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով պաշտոնական պարզաբանման տրամադրումը 15 աշխատանքային օրով երկարաձգելու դեպքում սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետները կարող են վերանայվել։

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ստորագրված պաշտոնական պարզաբանումը ստորագրման օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ստորագրում է և վերադարձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

10. Սույն կարգին համապատասխան տրամադրվող պաշտոնական պարզաբանման վրա կատարվում է «Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ» գրառումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2021 թվական: