Համարը 
N 451-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.04.25/34(1392).1 Հոդ.606.7
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.04.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
12.01.23 N 51-Ն որոշումն ունի անցումային դրույթ:


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 451-Ն

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. (կետի գործողությունը դադարեցվել է 22.04.22 N 534-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ու 5-րդ կետերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 117-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը.

2) 14-րդ կետում «9-րդ, 11-րդ և 12-րդ կետերում» բառերը փոխարինել «12-րդ կետում» բառերով և կետից հանել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետի, 14 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16 հոդվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու մասին» N 15 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 451-Ն որոշման

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 03.10.19 N 1368-Ն, 22.04.22 N 534-Ն)

3. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում քաղաքացու գործունեությունը հաստատող, ինչպես նաև գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքներ պարունակող (նկարագրող) փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները, իսկ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված օլիմպիադաների, գիտաժողովների, մրցանակաբաշխությունների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին, և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը: Սույն կետով նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման, և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:

(3-րդ կետը փոփ. 01.06.18 N 650-Ն, փոփ., լրաց. 03.10.19 N 1368-Ն, փոփ. 22.04.22 N 534-Ն)

3.1. Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն 2023-2024 ուսումնական տարում և դրանից հետո տարկետում ստացած քաղաքացիները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները:

(3.1-ին կետը լրաց. 12.01.23 N 51-Ն)

4. Մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Քաղաքացին կարող է եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 01.06.18 N 650-Ն, 03.10.19 N 1368-Ն, խմբ. 22.04.22 N 534-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հունիսի 8-ը) ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան օլիմպիադաները, տվյալ տարվա մայիսի 1-ից կամ տվյալ տարվա նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը տեղի ունենալու դեպքերի, որոնց պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվում դրանց մասնակցության արդյունքում քաղաքացու կողմից սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցելու օրվանից ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով: Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում ընդգրկվում են նաև նախկինում դրական եզրակացություն տրված, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում չստացած քաղաքացիները, որոնց վերաբերյալ նոր եզրակացություն չի ընդունում:
       (5-րդ կետը փոփ. 01.06.18 N 650-Ն, 03.10.19 N 1368-Ն, լրաց. 23.01.20 N 44-Ն, փոփ. 22.04.22 N 534-Ն)

5.1. Սույն կարգի համաձայն դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
      (5.1-ին կետը լրաց. 06.08.20 N 1317-Ն, փոփ. 22.04.22 N 534-Ն)

 

II. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ սույն կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:

(6-րդ կետը փոփ. 03.10.19 N 1368-Ն)

7. Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝

ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,

բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,

գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,

դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,

ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,

զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,

է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,

ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,

թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,

ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,

ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,

ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,

2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

(7-րդ կետը փոփ. 03.10.19 N 1368-Ն, 22.04.22 N 534-Ն)

8. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

1) տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում առնվազն մեկ (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու, կամ

2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու, իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 01.06.18 N 650-Ն, փոփ. 03.10.19 N 1368-Ն, խմբ. 22.04.22 N 534-Ն)

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումների համար մագիստրատուրայի կրթական ծրագրով տարկետում ստացած լինելու դեպքում նույն նշանակալի նվաճումները չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքացուն ասպիրանտուրայի կրթական ծրագրով տարկետում տալու համար:

(9-րդ կետը փոփ. 01.06.18 N 650-Ն, փոփ. 03.10.19 N 1368-Ն, խմբ. 22.04.22 N 534-Ն)

9.1. Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների:

(9.1-ին կետը լրաց. 01.06.18 N 650-Ն, փոփ. 03.10.19 N 1368-Ն, լրաց. 22.04.22 N 534-Ն, փոփ. 12.01.23 N 51-Ն, 04.08.22 N 1197-Ն)

10. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:

(10-րդ կետը փոփ. 12.01.23 N 51-Ն)

11. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:

(11-րդ կետը փոփ. 03.10.19 N 1368-Ն, 22.04.22 N 534-Ն)

12. Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը սեպտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 03.10.19 N 1368-Ն, լրաց. 22.04.22 N 534-Ն)

13. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի:

(13-րդ կետը խմբ. 06.08.20 N 1317-Ն, փոփ. 22.04.22 N 534-Ն)

14. Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանությունն իրականացվում է հայտարարված զորակոչի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում, բայց որոնք դեռ չեն ստացել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ընթացքում:

(14-րդ կետը լրաց. 27.08.20 N 1393-Ն, խմբ. 22.04.22 N 534-Ն, փոփ. 12.01.23 N 51-Ն)

15. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած ու տարկետման ժամկետի ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները կարող են մասնակցել զինված ուժերի գիտական ստորաբաժանման համալրման մրցույթին և այլ հավասար պայմանների ապահովման դեպքում՝ օգտվել այդ ստորաբաժանումում ծառայության նշանակվելու նախապատվության իրավունքից:

16. Սույն կարգի համաձայն համապատասխան կրթական ծրագրով քաղաքացուն տրված տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` համաճարակով կամ այլ արտակարգ իրավիճակով (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքեր) պայմանավորված քաղաքացու ուսումնառության ավարտի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացու դիմումում նախապես նշված ժամկետի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու որոշման մեջ նշված ուսումնառության ժամկետը չի համապատասխանում քաղաքացու փաստացի ուսումնառության ժամկետին սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 10-րդ կետում սահմանված տարիքը լրանալու օրը:

(16-րդ կետը լրաց. 27.08.20 N 1393-Ն, փոփ. 22.04.22 N 534-Ն, լրաց. 12.01.23 N 51-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

 

Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

(ձևն ուժը կորցրել է 22.04.22 N 534-Ն)

 

(հավելվածը փոփ., լրաց. 01.06.18 N 650-Ն, փոփ., լրաց., խմբ. 03.10.19 N 1368-Ն, լրաց. 23.01.20 N 44-Ն,  լրաց., խմբ. 06.08.20 N 1317-Ն, լրաց. 27.08.20 N 1393-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.04.22 N 534-Ն, լրաց., փոփ. 12.01.23 N 51-Ն, փոփ. 04.08.22 N 1197-Ն)