ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի ««Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-015-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 30-Ն հրամանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ 3.1.1-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N3.1.1-015-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ՀՀ Առողջապահության նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 30-Ն հրամանի |
«ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ 3.1.1-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ԳԼՈՒԽ 1.
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), ինչպես նաև առողջարանների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (այսուհետ՝ կազմակերպություն) համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:
2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի հայտնաբերմանը, հաշվառմանը և հաղորդմանը, պացիենտների շարունակական բժշկական հսկողությանը, կարմրուկով, կարմրախտով անձի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավոր) բժշկական հսկողությանը, լաբորատոր հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2.
ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
3. Կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության կամ կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողների կողմից:
4. Կարմրուկով, կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով պացիենտների, ինչպես նաև հիվանդության կասկածով անձանց հայտնաբերումն իրականացնում են բժշկական կազմակերպության կամ կազմակերպության ավագ, միջին բուժաշխատողները.
1) արտահիվանդանոցային պայմաններում՝ շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ՝ տնային կանչը),
2) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ),
3) ցերեկային ստացիոնարի պայմաններում (ցերեկային ժամերին բժշկական հսկողություն և բուժում ապահովելու պայմաններով, որոնք չեն պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում),
4) հիվանդանոցային, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում,
5) սույն հրամանի հավելված Ձև 1-ում ներկայացված կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի բնորոշումներին համապատասխանող անձանց լաբորատոր հետազոտություններն իրականացնելիս:
6) Ձև 1-ում ներկայացված կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի բնորոշումներին համապատասխանող անձանց կազմակերպություն դիմելիս:
5. Կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի բնորոշումները ներկայացված են սույն սանիտարական կանոնների Ձև 1-ում:
6. Կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպք ենթակա է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ լաբորատոր հետազոտության` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
ԳԼՈՒԽ 3.
ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
7. Կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր հաստատված կամ կասկածելի դեպքի շտապ հաղորդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:
8. Կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր հաստատված, կասկածելի դեպքի ախտորոշումը փոփոխելու, ժխտելու, հաստատելու կամ մահվան մասին հաղորդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:
9. Կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունն ապահովում է բժշկական կազմակերպության ղեկավարը (տնօրենը):
10. Բոլոր բժշկական կազմակերպություններում յուրաքանչյուր հաստատված կամ կասկածելի դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված «Վարակիչ հիվանդությունների հաշվառման» մատյանում:
11. Կարմրուկով, կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով կասկածելի դեպքերի հոսպիտալացման ուղեգրի ձևաթղթում, բացի անձնական տվյալներից նշվում են նաև հիվանդության առաջնային ախտանշանները, ցանի դրսևորման ժամկետը, կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների, պացիենտի կարմրուկի կամ կարմրախտի առումով անբարենպաստ տարածք (կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքերի գրանցում) մեկնելու կամ ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:
12. Հիվանդանոցային պայմաններում բուժման դեպքում պացիենտի հիվանդության պատմության վերհուշում նշվում են հիվանդության առաջնային ախտանշանները, ցանի դրսևորման ժամկետը, կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների, պացիենտի կարմրուկի կամ կարմրախտի առումով անբարենպաստ տարածք մեկնելու կամ ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:
13. Կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի կամ բնածին կարմրախտային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև Ν Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանի: Դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն և յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:
14. Հաշվետվության կրկնօրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետով:
ԳԼՈՒԽ 4.
ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
15. Կարմրուկով, կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով կասկածելի կամ հաստատված պացիենտներին` կլինիկական ընթացքի բարդությունից կախված ցուցաբերվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:
16. Կարմրուկով, կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով կասկածելի կամ հաստատված հոսպիտալացման ենթակա պացիենտները հոսպիտալացվում են ինֆեկցիոն հիվանդանոցներում, ինֆեկցիոն բաժանմունք ունեցող բժշկական կազմակերպություններում, կլինիկական ցուցումների դեպքում` վերակենդանացման բաժանմունքների բոքս-մեկուսարաններում:
17. Կարմրախտի կասկածով կամ լաբորատոր հաստատված ախտորոշումով հղի կանանց բժշկական հսկողությունն իրականացվում է հղիության ողջ ընթացքում և հղիության ելքը (բնածին կարմրախտային համախտանիշ կամ անախտանիշ բնածին կարմրախտ կամ պտղի մահ բնածին կարմրախտային վարակից կամ ինքնաբեր վիժում կամ նորմալ երեխայի ծնունդ և այլն) գրանցվում է բժշկական փաստաթղթերում (հղիի հսկողության կամ հիվանդության պատմություն, փոխանակման քարտ և այլն):
18. Կարմրախտի կասկածով կամ լաբորատոր հաստատված ախտորոշումով հղի կանանց նորածինները ենթակա են լաբորատոր հետազոտման կարմրախտի և կարմրուկի նկատմամբ:
19. Կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի կասկածելի դեպքերի լաբորատոր հետազոտության համար նմուշառումն իրականացվում է համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
20. Կարմրուկով կամ կարմրախտով հաստատված բոլոր պացիենտներին թույլատրվում է հաճախել աշխատանքի վայր, հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական և այլ կազմակերպություններ` ցանավորման սկզբից հաշված 4 օրից հետո` կարմրուկի, և 7 օրից հետո` կարմրախտի դեպքում, իսկ կարմրուկի բարդությունների (թոքաբորբ) դեպքում` 10 օրից հետո:
21. Կարմրուկով հաստատված պացիենտը մեկուսացվում է կատառալ երևույթների դրսևորումից սկսած՝ ցանի առաջացումից հետո 4 օր տևողությամբ, իսկ բարդությունների (թոքաբորբ) առկայության դեպքում` 10 օր տևողությամբ: Կարմրախտով հաստատված պացիենտը մեկուսացվում է կատառալ երևույթների դրսևորումից սկսած մինչև ցանավորումից հետո 7 օր տևողությամբ:
22. Բնածին կարմրախտային համախտանիշով մինչև 12 ամսական երեխաները մեկուսացվում են մինչև կարմրախտի վիրուսազատման դադարումը (լաբորատոր հետազոտությունները կատարվում են յուրաքանչյուր ամիս):
23. Կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է ամենօրյա բժշկական հսկողություն կարմրուկով պացիենտի հետ վերջին շփումից հետո 21 օր տևողությամբ` իրականացնելով ջերմաչափում, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների զննում:
24. Հիվանդության օջախներում հակահամաճարակային միջոցառումներն (պացիենտների բժշկական օգնություն, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում պատվաստումների իրականացում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ) իրականացվում են բժշկական կազմակերպությունների կամ կազմակերպությունների ավագ, միջին բուժաշխատողների կողմից:
25. Բժշկական կազմակերպությունում կարմրուկի, կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի կասկածելի կամ հաստատված անձանց խնամք, բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող վայրերում օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջները ներկայացված են սույն հրամանի ձև 3-ում:
ԳԼՈՒԽ 5.
ԿԱՐՄՐՈՒԿՈՎ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏՈՎ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
26. Լաբորատոր հաստատված պացիենտի հետ սերտ շփված կոնտակտավորները, կոնտակտավորի կոնտակտավորները և բուժաշխատողները՝ շփումից մինչև 72 ժամվա ընթացքում, ենթակա են պատվաստման համաճարակաբանական ցուցումով, մասնավորապես.
1) կարմրուկով կասկածելի դեպքի կամ լաբորատոր հաստատված դեպքի հետ շփված 6 ամսականից մինչև 12 ամսական կարմրուկով չհիվանդացած երեխաներին, կատարվում է մեկ դեղաչափ պատվաստում, որը համարվում է զրոյական դեղաչափ, հաջորդիվ երեխայի կարմրուկի դեմ պատվաստումները շարունակվում են ըստ Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված տարիքային խմբերի՝ համաճարակաբանական ցուցումով կատարված պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,
2) կարմրուկով կասկածելի դեպքի կամ լաբորատոր հաստատված դեպքի հետ շփված 12 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած մեկ դեղաչափ պատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում՝ նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց, որը կհամարվի Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված երկրորդ դեղաչափը,
3) 12 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրականը չպատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում, որը կհամարվի Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված առաջին դեղաչափը, հաջորդիվ երեխայի կարմրուկի դեմ պատվաստումները շարունակվում են ըստ Պատվաստումների ազգային օրացույցի՝ համաճարակաբանական ցուցումով կատարված պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,
4) 4 տարեկանից 18 տարեկան 1 դեղաչափ պատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում՝ նախորդ դեղաչափից առնվազն 4 շաբաթ անց, որը կհամարվի Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված երկրորդ դեղաչափը,
5) 4 տարեկանից մինչև 18 տարեկան չպատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում, որը կհամարվի Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված առաջին դեղաչափը, հաջորդիվ երեխայի կարմրուկի դեմ պատվաստումների երկրորդ դեղաչափը շարունակվում է նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,
6) 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, ովքեր չունեն փաստագրված պատվաստումային կարգավիճակ կամ կարմրուկով հիվանդացման փաստ, կատարվում է 1 դեղաչափ պատվաստում,
7) բուժանձնակազմին, անկախ կարմրուկով կասկածելի դեպքի կամ լաբորատոր հաստատված դեպքի հետ շփման փաստից, կատարվում է 1 դեղաչափ պատվաստում, ովքեր չունեն փաստագրված պատվաստումային կարգավիճակ կամ կարմրուկով հիվանդացման փաստ:
8) կարմրուկով հիվանդի հետ շփումից հետո հղիներին, մինչև 6 ամսական երեխաներին, իմունային անբավարարություն ունեցող անձանց առաջարկվում է պասիվ իմունականխարգելում՝ հակակարմրուկային մարդկային իմունագլոբուլինով (հակակարմրուկային իմունոգլոբուլինի առկայության դեպքում): Կարմրուկով պացիենտի հետ շփումից հետո մինչև 6 օրվա ընթացքում իրականացման դեպքում այն կարող է կանխարգելել հիվանդությունը կամ նվազեցնել ծանր ձևերի առաջացումը:
27. Կարմրուկի կամ կարմրախտի դեմ կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների:
Ձև 1
ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
1. Կարմրուկի դեպքի սահմանում
Կլինիկական չափանիշներ |
Կարմրուկին բնորոշ նշաններն են՝ - տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային), - ջերմություն, - հազ կամ քթահոսություն կամ կոնյուկտիվիտ: |
Ախտորոշման լաբորատոր չափանիշներ |
Կարմրուկի դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներն են` -կարմրուկի իմունագլոբուլին էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ - կարմրուկի վիրուսի անջատում ԿԱՄ -կարմրուկի վիրուսի ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով - իմունոգլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում: |
Դեպքի դասակարգում |
Կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք: |
Լաբորատոր հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող դեպք: |
Համաճարակաբանորեն կապված դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 7-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք: |
Ժխտված դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք: |
2. Կարմրախտի դեպքի սահմանում
Կլինիկական չափանիշներ |
Կարմրախտին բնորոշ նշաններն են՝
- մակուլոպապուլոզ (բծավոր) ցան,
- պարանոցային՝ հետծոծրակային, հարականջային ավշային հանգույցների մեծացում կամ հոդաբորբ/հոդացավ: |
Ախտորոշման լաբորատոր չափանիշներ |
Կարմրախտի դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներն են`
- կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ
- կարմրախտի վիրուսի անջատում ԿԱՄ
- կարմրախտի վիրուսի ռիբոնոկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,
- իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում: |
Դեպքի դասակարգում |
Կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք: |
Լաբորատոր հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող դեպք: |
Համաճարակաբանորեն կապված դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 12-23 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ հետ համաճարակաբանորեն կապված դեպք: |
Ժխտված դեպք՝
կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք: |
3. Բնածին կարմրախտային համախտանիշի` ԲԿՀ-ի դեպքի սահմանում
Կլինիկական չափանիշներ |
ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներն են`
մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտնաբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ ստորև նշված Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից.
Ա խումբ-նեյրոսենսոր լսողության խանգարումներ, սրտի բնածին արատներ, պիգմենտային ռետինոպաթիա, կատարակտա, բնածին գլաուկոմա, ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ:
Բ խումբ-պուրպուրա, հեպատոսպլենոմեգալիա, միկրոցեֆալիա, զարգացման ուշացում, մենինգոէնցեֆալիտ, ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն: |
Ախտորոշման լաբորատոր չափանիշներ |
ԲԿՀ-ի դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներն են`
-կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ
-կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի(IgG) հակամարմինների առկայություն 6-ից 12 ամսական հասակում առնվազն երկու հետազոտությունների ժամանակ` եթե կատարված չէ պատվաստում ԿԱՄ
-կարմրախտի վիրուսի անջատում ԿԱՄ
-կարմրախտի վիրուսի ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի(ՊՇՌ) մեթոդով: |
Դեպքի դասակարգում |
Կասկածելի դեպք՝
Նորածին, ում մոտ կլինիցիստը առանց որևէ էթիոլոգիկ պատճառի հայտնաբերում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից: |
Լաբորատոր հաստատված դեպք՝
Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ Ա խմբից և համապատասխանում է բնածին կարմրախտային վարակի համար լաբորատոր չափանիշներին: |
Համաճարակաբանորեն կապված դեպք՝
Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ Ա խմբից և մայրը հղիության ընթացքում ունեցել է հաստատված կարմրախտ: |
Ժխտված դեպք՝
Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ Ա խմբից, որը չի համապատասխանում ԲԿՀ-ի դասակարգումների հետ` լաբորատոր հաստատված և համաճարակաբանորեն կապված: |
4. Բնածին կարմրախտային համախտանիշի բնորոշում
Եթե մայրն ունի հաստատված կամ կասկածելի կարմրախտ հղիության ընթացքում, երեխան ունենում է կարմրախտին հատուկ Իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք: ԲԿՀ-ի կլինիկական ախտանշաններ չունեցող նորածինը դասակարգվում է բնածին կարմրախտային վարակակիր, եթե վերջինիս մոտ առկա է կարմրախտային հատուկ Իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք:
Ձև 2
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
1. Ախտորոշիչ թեստերն առավել զգայուն են ցանի ի հայտ գալու 4-ից 28-րդ օրվա ընթացքում, հետևաբար արյան մեկ նմուշը, որը վերցվել է պացիենտից, նշված օրերի ընթացքում, բավարար է կարմրուկի շճաբանական հետազոտության իրականացման համար: Սակայն ցանավորումից սկսած մինչև 72 ժամվա ընթացքում նմուշառված արյան շիճուկի լաբորատոր հետազոտության բացասական պատասխանը պետք է կրկնել՝ պացիենտից պետք է վերցնել արյան ևս մեկ նմուշ: Կարմրուկին բնորոշ Իմունոգլոբուլին-Մ հակամարմիններն արյան մեջ հայտնաբերվում են նվազագույնը 28 օրվա ընթացքում, իսկ հաճախ՝ ավելի ուշ:
2. Նմուշառման տեխնիկա.
1) պացիենտից մանրէազերծված ներարկիչով վերցրած 3-5 մլ երակային արյունը տեղափոխվում է մանրէազերծ փորձանոթի մեջ, պիտակավորվում է՝ նշելով պացիենտի տվյալները, արյուն վերցնելու և ցանի ի հայտ գալու ամսաթվերը,
2) շիճուկի առանձնացման համար արյունը ենթարկվում է ցենտրիֆուգման՝ 1000 շրջապտույտով 10 րոպեի ընթացքում (արյունը չպետք է սառեցնել),
3) լաբորատորիայում ցենտրիֆուգի բացակայության դեպքում արյունը դրվում է թերմոստատ` +37օC 20 րոպե տևողությամբ կամ սենյակային պայմաններում 2 ժամ տևողությամբ` մինչև մակարդուկի անջատումը (շիճուկի առանձնացումն էրիթրոցիտների մակարդուկից), որից հետո զգուշորեն, խուսափելով էրիթրոցիտների վնասումից, շիճուկը տեղափոխվում է մեկ ուրիշ պիտակավորված և վարակազերծված պտուտակավոր կափարիչ ունեցող փորձանոթի մեջ,
4) պիտակի վրա նշվում են պացիենտի տվյալները, կամ նույնականացման համարը (հիվանդության պատմության համարը կամ ամբուլատոր հսկողության քարտի համարը), նմուշառման ամսաթիվը և նմուշի տեսակը,
5) մինչ շիճուկի ուղարկելն այն անհրաժեշտ է պահել սառնարանում՝ +4 օC - +8 օC ջերմաստիճանի պայմաններում:
3. Արյան շիճուկի նմուշների պահպանումը բժշակական կազմակերպությունում, որտեղ վերցվել է արյան նմուշը.
1) եթե թեստավորման համար վերցրած արյան նմուշը հնարավոր է տեղափոխել լաբորատորիա վերցնելու պահից 24 ժամվա ընթացքում, ապա այդ դեպքում արյունը կարելի է պահել սառնարանում +4օC - +8 օC ջերմաստիճանի պայմաններում,
2) եթե արյունը 24 ժամվա ընթացքում հնարավոր չէ տեղափոխել, ապա այն պետք է ցենտրիֆուգել, առանձնացնել շիճուկը և պահել սառնարանում՝+4օC-ից +8 օC ջերմաստիճանային պայմաններում՝ մինչև 3 օր, իսկ 3 օրից ավելի պահելու դեպքում՝ սառցարանում -20 օC ջերմաստիճանային պայմաններում,
3) եթե չկա ցենտրիֆուգ, ապա արյունը պետք է պահել սառնարանում 24 ժամ՝ մինչև մակարդուկի առաջանալը, իսկ հետո շիճուկը հարկավոր է տեղափոխել այլ մանրէազերծ փորձանոթի մեջ՝ տեղափոխման համար,
4) պիտակի վրա նշվում են պացիենտի տվյալները, կամ նույնականացման համարը /հիվանդության պատմության համարը կամ ամբուլատոր հսկողության քարտի համարը/, նմուշառման ամսաթիվը և նմուշի տեսակը,
5) երկարատև պահելու համար շիճուկը կարելի է սառեցնել -20օC, այնուհետև սառեցված սառցե էլեմենտների առկայության պայմաններում տեղափոխել լաբորատորիա (շիճուկի կրկնակի սառեցումը և հալեցումը իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների վրա կարող է ունենալ քայքայիչ ազդեցություն):
4. Արյան շիճուկի նմուշները պետք է տեղափոխել լաբորատորիա հնարավորինս կարճ ժամանակահատվածում` պահպանելով հետևյալ կանոնները.
1) տեղափոխման համար նմուշները փաթեթավորել և պիտակավորել՝ համաձայն գործող ընթացակարգի,
2) պոլիէթիլենային ծրարի մեջ տեղադրած ուղեկցող փաստաթղթերը (լաբորատոր հետազոտության ուղեգիր), դնել թերմոկոնտեյների կափարիչի կամ արկղի մեջ,
3) եթե օգտագործվում են սառցային տարրեր (դրանք պետք է լինեն սառեցված), ապա վերջիններս տեղադրել թերմոկոնտեյների (արկղի) հատակին և կողմնային մասերում, ներսում տեղադրել նմուշը, իսկ վերևից ծածկել սառեցված տարրերով,
4) պայմանավորվել նմուշի տեղափոխման ժամանակացույցի մասին,
5) տեղափոխման նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո տեղեկացնել ընդունողին՝ նմուշի առաքման ժամանակի և տեղափոխման միջոցի վերաբերյալ:
5. Կարմրուկով հաստատված պացիենտներից և կասկածելի դեպքերից վիրուսի անջատման նպատակով՝ ՊՇՌ մեթոդով հետազոտման և գենոտիպավորման համար, իրականացվում է ամբողջական արյան կամ մեզի կամ քիթ-ըմպանի քսուկ/լվացուկ նմուշառում:
6. ՊՇՌ մեթոդով կարմրուկի, կարմրախտի վիրուսի անջատման և գենոտիպավորման համար, որպես կլինիկական նմուշ հանդիսանում են քիթ-ըմպանային քսուկները (լվացուկներ/քերուկներ) և մեզի նստվածքը: Հաջող թեստավորման համար նպատակահարմար է հավաքել նվազագույնը երկու կլինիկական նմուշ՝ մեզ և քիթ-ըմպանային քսուկ:
7. Կարմրուկի, կարմրախտի վիրուսի անջատման և վիրուսի ՌՆԹ-ի անջատման համար կարող է օգտագործվել քիթ-ըմպանի այն քսուկը և մեզի նստվածքը, որոնք վերցվել են ցանը ի հայտ գալու 5 օրից ոչ ուշ, իսկ ԲԿՀ-ի դեպքում՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը: Վիրուսի հայտնաբերման հավանականությունը ավելի բարձր է այն նմուշների հետազոտման ժամանակ, որոնք վերցվել են ցանի ի հայտ գալուց հետո առաջին 3 օրվա ընթացքում: Կարմրախտի վիրուսը կարող է հայտնաբերվել ԲԿՀ ունեցող նորածինների քթի, ըմպանի, մեզի և արյան նմուշներից: ԲԿՀ ունեցող նորածինների մոտ Իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինները կարող են հայտնաբերվել նորածնի պորտալարի արյան կամ շիճուկում և պահպանվում է մոտ 6-12 ամիս:
8. Նմուշներն անհրաժեշտ է տեղափոխել լաբորատորիա 0…+4օС ջերմաստիճանում՝ 48 ժամվա ընթացքում: Եթե հնարավոր չէ տեղափոխել նմուշները նշված ժամկետներում, անհրաժեշտ է դրանք սառեցնել և պահել -70օС -ից ոչ բարձր:
9. ԲԿՀ ունեցող նորածինների մոտ իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինները կարող են հայտնաբերվել 9 ամսական տարիքից հետո, սակայն ԿԿԽ պատվաստանյութով պատվաստումից առաջ: Իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինները ախտորոշելու նպատակով 2-րդ նմուշը վերցվում է 1-ին նմուշից 7-21 օր հետո:
Ձև 3
ՑԱՆԿ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Կարգավորում |
Թիրախային անձնակազմ կամ պացիենտ |
Միջոցառումներ |
ԱՊՄ |
Բժշկական կազմակերպություն |
Բժշկական կազմակերպության բոլոր սենքերում |
Բուժանձնակազմ |
Կարմրուկով, կարմախտով,ԲԿՀ-ով պացիենտի անմիջական խնամք |
1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք 2. Արտահագուստ 3. Ձեռնոց 4. Աչքի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ) | |
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: