Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.70
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
04.05.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՀՅՔՐԴ2/0149/01/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ՀՅՔՐԴ2/0149/01/08

 ՀՅՔՐԴ2/0149/01/08

 

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

Դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան

               Ս. Չիչոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 

 

քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ

 Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 

 

 2010 թվականի մայիսի 4-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Կամո Սիմակի Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ Կ.Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2008 թվականի հունվարի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69100108 քրեական գործը` «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Ալավերդի» մասնաճյուղի կառավարիչ Կ.Կիրակոսյանի կողմից յուրացում կատարելու փաստի առթիվ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Կ.Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, նշված բանկի մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետ Կարեն Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, վարկային մասնագետ Յուրի Խալաթյանին, հաշվապահներ Հերմինե Զավարյանին, Կարինե Կարապետյանին, գանձապահ Լուսինե Միքայելյանին, ավագ գանձապահ Արմեն Վերանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի նոյեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան:

2. 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով 2009 թվականի փետրվարի 27-ին Կ.Կիրակոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ ընդդատության փոխանցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացրել Կ.Կիրակոսյանի, Յու.Խալաթյանի, Հ. Զավարյանի, Կ. Կարապետյանի, Ա. Վերանյանի և Լ. Միքայելյանի մասով քրեական գործի վարույթը կարճելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Կ.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: Դատավճռում նշվել է, որ գործով քաղաքացիական հայց չի ներկայացվել:

3. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռի դեմ 2009 թվականի դեկտեմբերի 26-ին վերաքննիչ բողոք է բերել Կ.Կիրակոսյանը:

Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 24-ին որոշում է կայացրել Կ.Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Կ.Կիրակոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է` «Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Կարեն Սահակյանը 29.03.2004 թ-ից աշխատելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Ալավերդի» մասնաճյուղում որպես ոսկերիչ-մասնագետ, օգտվելով մասնաճյուղի աշխատակիցների մոտ իր ձեռք բերած վստահությունից, 2006 թ-ի սեպտեմբեր ամսից մինչև 2007 թ-ի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնաճյուղի նախկին վարկառուների վարկային փաթեթներից պատճենահանել, ստացել է թվով 42 անձի անձնագրերի պատճեններ, դրանցով կազմել է բանկին ուղղված կեղծ դիմումներ այն մասին, որ իբր նշված քաղաքացիները ցանկանում են ոսկու գրավով ապահովված վարկեր ստանալ: Կ.Սահակյանը նախապես տարբեր առևտրի կետերից ձեռք է բերել դեղին գույնի ցածրարժեք մետաղներից պատրաստված 152 կտոր էժանագին տարբեր զարդեր և առարկաներ և դրանք ներկայացրել «Ալավերդի» մասնաճյուղ որպես ենթադրյալ վարկառուների կողմից գրավադրված ոսկյա զարդեր: Ենթադրյալ հաճախորդներին մասնաճյուղի աշխատակիցների մոտ ներկայացնելով իբրև իրական վարկառուներ և գրավատուներ, որոնք իր ընկերներ-բարեկամներ-ծանոթներն են և տարբեր պատճառներով չեն կարող անձամբ ներկայանալ բանկ, բանկի նախկին վարկառուների՝ իր տրամադրության տակ եղած անձնագրերի պատճեների տվյալներով կազմել է գրավի հանձնման և ընդունման կեղծ ակտեր, որոնցում իր կողմից փաստացի գրավադրված տարբեր մետաղներից ցածրարժեք զարդերի և առարկաների փոխարեն նշել է 237 կտոր ոսկյա զարդեր: Ապա ակտերում ենթադրյալ հաճախորդների փոխարեն կեղծ ստորագրություններ է կատարել, նախապես վարկային մասնագետ Յու.Խալաթյանից վերցրած կապարակնիքներով կապարակնքել ոսկու պարկերը: Ենթադրյալ հաճախորդների անունից կազմել թվով 59 վարկային և գրավի պայմանագրեր, դրանցում կատարելով կեղծ ստորագրություններ, պայմանագրերն ու ակտերը Յու.Խալաթյանի կողմից ստորագրվելուց հետո, այդ փաստաթղթերը ներկայացրել է հաշվապահներ Հ.Զավարյանին և Կ.Կարապետյանին, որոնք առանց հաճախորդների ներկայությունը ստուգելու, ենթադրյալ վարկառուների անվամբ հաշիվներ են բացել և կազմել դրամարկղի ելքի օրդերներ, որոնցում նույնպես կատարել է կեղծ ստորագրություններ: Այնուհետև ավագ գանձապահ Ա.Վերանյանին և գանձապահ Լ.Միքայելյանին է հանձնել գրավի առարկա հանդիսացող ոսկու կապարակնքված պարկերը և դրամարկղի ելքի օրդերները և դրամարկղից ստացել բանկին պատկանող 27.138.000 ՀՀ դրամ գումար և այն ամբողջությամբ ծախսել իր անձնական կարիքների համար: Հետագայում ոչ այդ և ոչ էլ դրանից գոյացած 673.200 ՀՀ դրամ վարկային տոկոսները բանկին չի վերադարձրել: 13.09.2007 թ-ին մասնաճյուղի կառավարիչ Կ.Կիրակոսյանը, պարզելով, որ այդ վարկային գործերում առկա է վարկի մարման ժամկետի խախտումով գործ, ստուգել է այդ գործը և գրավադրված ոսկեղենի պարկը: Կ.Կիրակոսյանը ակնհայտորեն պարզել է, որ գրավադրված ոսկեղենը կեղծ է, հրավիրել է մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին, որտեղ խորհրդակցության ընթացքում կասկած է առաջացել, որ կան նմանատիպ այլ գործեր: Հրավիրելով այդ պահին մասնաճյուղից բացակայող ոսկերիչ-մասնագետ Կ.Սահակյանին, Կ.Կիրակոսյանը պարզել է, որ վերջինս կեղծ ոսկեղենի գրավադրմամբ բանկից հափշտակել է շուրջ 85.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կ.Կիրակոսյանը, առանց վերադասին տեղեկացնելու կատարված հանցագործության մասին, իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկել բանկին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Նա իր անձնական միջոցներով վերականգնել է ամբաստանյալ Կ.Սահակյանի մեղքով բանկին պատճառված ամբողջ վնասը, միաժամանակ Կ.Սահակյանից վերցրել է գրավոր փաստաթուղթ 85.000 ԱՄՆ դոլար իրեն պարտք լինելու մասին» (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, 466-467 էջեր):

6. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 28-ի դատական նիստի ժամանակ Կ.Կիրակոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` խնդրելով իրեն ճանաչել քաղաքացիական հայցվոր և կայացվելիք դատավճռով Կ.Սահակյանից հօգուտ իրեն բռնագանձել 26.200.000 ՀՀ դրամ: Առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, 446-447 էջեր):

7. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռի դեմ Կ.Կիրակոսյանը 2009 թվականի դեկտեմբերի 26-ին վերաքննիչ բողոք է բերել: Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշմամբ Կ.Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և քրեական գործը նշանակվել է դատական քննության (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, 449-502, 504 էջեր):

8. Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 24-ին որոշում է կայացրել Կ.Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին` իր որոշումը պատճառաբանելով հետևյալ կերպ. «(…) Բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` բաց է թողնվել առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կանոններով հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից:

Դատական նիստում պարզվեց, որ մինչ օրս բողոքաբերի կողմից դատարանին չի ներկայացվել բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատական ակտը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, էջ 515):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի պահանջները:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ իր վերաքննիչ բողոքն ընդունելով վարույթ և նշանակելով դատական քննության՝ Վերաքննիչ դատարանն այնուհետև թողել է այն առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, ինչից բողոքաբերը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասով, իրավասու էր վերականգնել դատավճռի բողոքարկման ժամկետը, քանի որ գործը գտնվել է իր վարույթում և ըստ էության քննել իր վերաքննիչ բողոքը:

10. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ, այնուհետև փաստարկել է, որ իր կողմից նշված նորմին համապատասխան քաղաքացիական հայց է ներկայացվել Առաջին ատյանի դատարանում ընդդեմ Կ.Սահակյանի, մինչդեռ դատարանը որևէ որոշում ներկայացված քաղաքացիական հայցի մասով չի կայացրել, ինչը հանգեցրել է քաղաքացիական հայցի մասով ոչ ճիշտ դատական ակտի կայացմանը:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք առանց քննության թողնել իր վարույթում գտնվող գործով վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ բողոքաբերի կողմից չի ներկայացվել բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի համապատասխան դատական ակտը:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(…) վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից (…)»:

14. Համեմատական վերլուծության ենթարկելով նախորդ կետում մեջբերված իրավանորմերը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ դրանք բովանդակում են տարբեր իրավական ընթացակարգեր: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա վարույթն իրականացնող վերադաս դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ քննարկել և լուծել բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը քննարկվում է բացառապես իրավասու անձի միջնորդության հիման վրա:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավանորմերը հակասության մեջ չեն, քանի որ գործում են տարբեր հիմնապայմաններում: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնը գործում է այն պարագայում, երբ գործն արդեն իսկ գտնվում է վերադաս դատարանի վարույթում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասը գործում է այն պարագայում, երբ համապատասխան բողոքարկումը դեռ իրականացված չէ:

 15. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Կիրակոսյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ, և քրեական գործը նշանակվել է դատական քննության (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Կ.Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բաց թողնված ժամկետի վերականգնման հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում պարզաբանել է բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգը և նշելով, որ. «(…) բողոքաբերի կողմից դատարանին չի ներկայացվել բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատական ակտը» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), այն թողել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

16. Սույն որոշման 15-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 14-րդ կետում շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանզի քրեական գործը գտնվել է Վերաքննիչ դատարանի վարույթում, ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճռի բողոքարկման ժամկետը վերականգնելու հարցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով եղել է Վերաքննիչ դատարանի իրավասության շրջանակներում: Այս պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր իր որոշման մեջ լուծում տալ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման հարցին:

Հետևաբար, սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր առանց քննության թողնել իր վարույթում գտնվող գործով բերված վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ բողոքաբերի կողմից չի ներկայացվել բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի համապատասխան դատական ակտը:

17. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

18. Առաջին ատյանի դատարանի կողմից քաղաքացիական հայցի մասով սխալ դատական ակտ կայացնելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը) Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանն ըստ էության չի իրականացրել Կ.Կիրակոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Կամո Սիմակի Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ