Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.273
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.12.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՔԴ/0174/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՔԴ/0174/01/11

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0174/01/11

 
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան  
                 Դատավորներ`  Հ. Տեր-Ադամյան  

                   Մ. Պետրոսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 5-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Արամ Արշավիրի Միքայելյանի և Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի և Ա.Միքայելյանի պաշտպան Կ.Մանուչարյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2008 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 83102208 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշմամբ Արամ Միքայելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նույն օրն Ա.Միքայելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մարտի 11-ի որոշմամբ Ա.Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2011 թվականի հուլիսի 8-ին Ա.Միքայելյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Բելոռուսիայի Հանրապետությունում:

2011 թվականի հոկտեմբերի 17-ին Ա.Միքայելյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և ներկայացվել նախաքննության մարմնին:

2011 թվականի հոկտեմբերի 17-ին Ա.Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Արայիկ Վաղարշակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նույն օրն Ա.Վաղարշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ա.Միքայելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 2-րդ մասերով:

2011 թվականի նոյեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 21-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ա.Միքայելյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում: Ա.Միքայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 5 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի 19.471.815 ՀՀ դրամից: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 5 տարի 3 ամիս ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի 19.471.815 ՀՀ դրամից:

Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ա.Վաղարշակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում: Ա.Վաղարշակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի 800.000 ՀՀ դրամի չափով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ Ա.Վաղարշակյանն ազատվել է պատժի կրումից:

Վճռվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ամբաստանյալների դեմ ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն: Ա.Միքայելյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 19.471.815 ՀՀ դրամ: Քաղաքացիական հայցը մնացած մասով մերժվել է:

3. Մեղադրողի և Ա.Միքայելյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 29-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 21-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը և ամբաստանյալ Ա.Միքայելյանի պաշտպան Կ.Մանուչարյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել:

2012 թվականի նոյեմբերի 21-ին ամբաստանյալ Ա.Վաղարշակյանը և նրա պաշտպան Տ.Գասպարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել օրինական ուժի մեջ:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմինն Ա.Միքայելյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(…) նա, Արմեն Կոնջարովի կազմակերպմամբ և Արայիկ Վաղարշակյանի դրդչությամբ, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, նյութական այլ օգուտներ քաղելու և հարկերից չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, 2009թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում հաշվառելով անհատ ձեռնարկատեր և Արայիկ Վաղարշակյանի դրդչությամբ իր ստորագրության դրոշմակնիքը, Ա/Ձ-ի կնիքն ու հաշվապահական փաստաթղթերը հանձնելով Արմեն Կոնջարովին, ինչպես նաև հետագայում Ա/Ձ-ի` «Արդշինինվեստբանկ» ԲԲ ընկերությունում գտնվող հաշվեհամարին փոխանցված գումարները կանխիկացնելով և Ա.Կոնջարովին հանձնելով` օժանդակել է նրան «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերությանն առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի անունից 267.685.500 դրամի ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր կազմելուն, որոնք Արմեն Կոնջարովը ներառելով «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերության հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում, չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 69.160.028 դրամի հարկերը վճարելուց, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս:

Այսինքն` կատարել է հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Բացի այդ, Արամ Միքայելյանը, Արմեն Կոնջարովի կազմակերպմամբ «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ով իրականացնելով նաև ձեռնարկատիրական գործունեություն, Արսեն Ղազարյանի օժանդակությամբ 2009թ. երրորդ և 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի գործունեության վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 19.471.815 դրամ հարկ վճարելուց:

Այսինքն` կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով»:

Նախաքննության մարմինն Ա.Վաղարշակյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(…) նա, Արմեն Կոնջարովի կազմակերպմամբ համոզելու և նյութապես շահագրգռելու միջոցով Արամ Միքայելյանին դրդել է առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, նյութական այլ օգուտներ քաղելու և հարկերից չարամտորեն խուսափելու դիտավորությամբ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում 2009թ. սեպտեմբերի 18-ին որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու: Որից հետո Ա.Միքայելյանին համոզել է անհատ ձեռնարկատիրոջ կնիքը, Արամ Միքայելյանի ստորագրության դրոշմակնիքն ու հաշվապահական փաստաթղթերը հանձնել Արմեն Կոնջարովին, իսկ հետագայում նաև Արմեն Կոնջարովի մոտ գտնվող փաստաթղթերի օգտագործմամբ «Արդշինինվեստբանկ» ԲԲ ընկերության գլխամասից «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի ընթացիկ հաշվից ստացել է 8.130.318 դրամ և փոխանցելով Ա.Կոնջարովին` օժանդակել է նրան «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերությանն առանց ապրանքների մատակարարման «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի անունից 267.685.500 դրամի ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր կազմելուն և Արմեն Կոնջարովի կողմից դրանք «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերության հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ներառելու միջոցով 69.160.028 դրամի առանձնապես խոշոր չափի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելուն, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս:

Այսինքն` կատարել է հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 99-117):

6. Նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ընկեր Ա.Վաղարշակյանն է առաջարկել առանց գործունեություն իրականացնելու գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և այդ նպատակով ծանոթացրել է Ա.Կոնջարովի հետ: Ա.Վաղարշակյանն ասել է, որ այդ գործից ֆինանսական օգուտ կունենա, իսկ վտանգը կայանում է նրանում, որ հարկեր չի մուծելու: Իր ձերբակալման օրն է իմացել, որ գտնվում է հետախուզման մեջ և զարմացել է, քանի որ, երբ սկսելիս են եղել այդ գործը, Ա.Վաղարշակյանն ու Ա.Կոնջարովն իրեն ասել են, որ հարկեր չմուծելու համար հետախուզում չեն հայտարարի և եթե գործերն ավարտելուց հետո երեք տարի անընդմեջ բացակայի հանրապետությունից, ամեն ինչ բարեհաջող կավարտվի (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 52-53):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճիռը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ Արմեն Կոնջարովի կազմակերպմամբ Արայիկ Վաղարշակյանը նյութապես շահագրգռելու միջոցով Արամ Միքայելյանին դրդել է կեղծ ձեռնարկատիրության: Այսպես` Ա.Վաղարշակյանի առաջարկությամբ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության Արամ Միքայելյանը գրանցել է «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ն, որի նպատակը նյութական օգուտ քաղելն է, այն է` Ա/Ձ-ի հաշվեհամարին փոխանցված գումարները կանխիկացնելու և Ա.Կոնջարովին փոխանցելու դիմաց կանխիկացված գումարից սկզբում 2, բայց հետագայում 1 տոկոս գումարի չափով եկամուտ են ստացել Ա.Միքայելյանը և Ա.Վաղարշակյանը: Ա/Ձ-ն գրանցելուց և հետագա գործունեության ընթացքում Ա.Կոնջարովն Ա.Միքայելյանին և Ա.Վաղարշակյանին ներկայացրել է, որ իր կողմից Ա/Ձ-ի անվամբ սկզբնական շրջանում կատարվելու է շինանյութի առևտուր, իսկ առնվազն 2009թ. դեկտեմբերից սկսած դրա փաստաթղթերով Վրաստանի Հանրապետությունից մշտապես ներկրվելու են ցիտրուսային մրգեր, գործունությունը լինելու է օրինական, իսկ դրանից առաջացող հարկերը վճարվելու են ամբողջությամբ: Դրանից հետո Ա.Միքայելյանն Ա.Կոնջարովի առաջարկությամբ պատրաստել է իր ստորագրության դրոշմակնիքը և այն Ա/Ձ-ի կնիքի և հաշվապահական փաստաթղթերի հետ միասին փոխանցել է Ա.Կոնջարովին: Վերջինս «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերությանն առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի անունից 267.685.500 դրամի ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր է կազմել, որոնք ներառել է «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերության հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ու չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի 69.160.028 դրամի հարկերը վճարելուց, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս: «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի «Արդշինինվեստբանկ» ԲԲ ընկերությունում գտվող հաշվեհամարին Ա.Կոնջարովի` «Էքսպրես Մետալ» ՍՊԸ-ի փոխանցված գումարներից մուտքագրվելուց հետո կարճ ժամանակահատվածում` 16.10.2009-10.03.2010թթ. ընթացքում, Արամ Միքայելյանը կանխիկացրել ու Ա.Կոնջարովին է փոխանցել 266.758.847 դրամ գումար, իսկ Արայիկ Վաղարշակյանը նման եղանակով կանխիկացրել ու Ա.Կոնջարովին է փախանցել 8.130.318 դրամ: Բացի այդ, «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ով իրականացվել է նաև ձեռնարկատիրական գործունեություն և 2009թ. երրորդ ու 2010թ. առաջին եռամսյակների ընթացքում «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի գործունեության վերաբերյալ Արամ Միքայելյանի կողմից օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշիվներ և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու միջոցով` չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի 19.471.815 դրամ հարկ վճարելուց (…):

Տվյալ դեպքում Արայիկ Վաղարշակյանն Արամ Միքայելյանին կեղծ ձեռնարկատիրության դրդելիս, իսկ վերջինս այդ հանցանքը կատարելիս չեն գիտակցել և տվյալ իրադրությունում չէին կարող գիտակցել, որ Կոնջարովի կողմից «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերությանն առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի անունից 267.685.500 դրամի ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր կկազմվեին, որոնք կներառվեին «Էքսպրես Մետալ» ՍՊ ընկերության հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում, ինչը հնարավորություն կտար Ա.Կոնջարովին չարամտորեն խուսափելու առանձնապես խոշոր չափերի 69.160.028 դրամի հարկերը վճարելուց և նույն գումարի չափով պետությանը վնաս պատճառելուց (…): Այսինքն` ամբաստանյալ Ա.Վաղարշակյանը և Արամ Միքայելյանն Արմեն Կոնջարովին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելուն օժանդակելու դիտավորություն չեն ունեցել, և նրանց գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը (…):

Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրանց անձը բնութագրող տվյալները, այն, որ ամբաստանյալները նախկինում դատված և որևէ կերպ արատավորված չեն եղել, (…) բնութագրվում են դրականորեն:

Որպես ամբաստանյալ Արամ Միքայելյանի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դատարանը դիտում է այն, որ վերջինս աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և հանցագործության մյուս մասնակցին հանցանքի կատարման մերկացնելուն:

Ամբաստանյալ Ա.Միքայելյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի հայտնաբերել:

Որպես ամբաստանյալ Արայիկ Վաղարշակյանի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դատարանը դիտում է այն, որ նա տառապում է (…) հիվանդություններով, և նրա խնամքին է գտնվում թոշակառու մայրը:

Ամբաստանյալ Ա.Վաղարշակյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի հայտնաբերել:

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արայիկ Վաղարշակյանն ու Արամ Միքայելյանն իրենց կատարած հանցանքների համար ենթակա են պատժի: Պատժի նպատակներն ապահովելու նպատակով վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով պետք է նշանակվի պատիժ ազատազրկման ձևով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 80-88):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի, ուստի գտնում է, որ Դատարանի դատավճիռն օրինական է ու հիմնավորված և այն բեկանելու, իսկ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 21-30):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, չեն կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, վերլուծության չեն ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցակազմերի բոլոր հատկանիշները և քրեական գործով ձեռք բերված ապացույցների նկատմամբ ցուցաբերելով կանխակալ մոտեցում՝ կայացրել են գործի փաստական հանգամանքներից չբխող դատական ակտեր, ինչի արդյունքում հանցագործություն կատարած անձինք խուսափել են քրեական պատասխանատվությունից և պատժից:

Բողոք բերած անձը, շարադրելով և վերլուծելով մի շարք ապացույցներ, եզրակացություն է արել այն մասին, որ Ա.Միքայելյանը և Ա.Վաղարշակյանն ի սկզբանե տեղյակ են եղել Ա.Կոնջարովի գործողությունների անօրինական բնույթի մասին, իսկ այդ պայմաններում պարտադիր չէ, որ Ա.Կոնջարովի կողմից մանրամասնվեր, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է կատարվեն: Հետևաբար, անհիմն է Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, թե Ա.Վաղարշակյանն Ա.Միքայելյանին կեղծ ձեռնարկատիրության դրդելիս, իսկ վերջինս էլ այդ հանցանքը կատարելիս չեն գիտակցել և տվյալ իրադրությունում չէին կարող գիտակցել, որ Ա.Կոնջարովի կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հաշիվ-ապրանքագրեր կկազմվեն և կներառվեն «Էքսպրես Մետալ» ՍՊԸ-ի հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում:

Ըստ բողոքաբերի` ինչպես Ա.Վաղարշակյանը, այնպես էլ Ա.Միքայելյանը, առանց առևտրային գործունեություն իրականացնելու մտադրության անհատ ձեռնարկատեր հաշվառելիս, Ա.Միքայելյանի ստորագրության դրոշմակնիք պատրաստելիս և այն անհատ ձեռնարկատիրոջ կնիքի և հաշվապահական փաստաթղթերի հետ Ա.Կոնջարովին հանձնելիս, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ հաշվեհամարին փոխանցված գումարները կանխիկացնելիս և Ա.Կոնջարովին փոխանցելիս, կարող էին և պարտավոր էին նախատեսել իրենց գործողությունների հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, իսկ այդ պատճառական կապի բացակայության պայմաններում Ա.Կոնջարովի կազմակերպած հանցագործությունը չէր իրականացվի, հետևաբար հանցակցության սահմանազանցման մասին խոսք լինել չի կարող:

10. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ամբաստանյալներ Ա.Միքայելյանի և Ա.Վաղարշակյանի գործողությունները ցանկացած դեպքում չէին կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, քանի որ նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելու համար: Մինչդեռ Ա.Միքայելյանն Ա.Վաղարշակյանի դրդչությամբ գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, որն «Անհատ Ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն` չի կարող համարվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն անտեսել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունն իրենից ներկայացնում է նյութական հանցակազմ, այսինքն` հոդվածի դիսպոզիցիայով նկարագրված գործողությունների արդյունքում պետք է խոշոր վնաս պատճառվի քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը: Դատարանը, ամբաստանյալների արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, չի նշել նրանց գործողությունների հետևանքով քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը պատճառված վնասի չափը և անտեսելով, որ նյութական հանցակազմերում առաջացած հանցավոր հետևանքները բոլոր հանցակիցների համար ընդհանուր են` անհիմն մերժել է քաղաքացիական հայցը:

11. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի չի առնել կատարված հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը և սխալ գնահատելով գործում առկա՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` ամբաստանյալների նկատմամբ նշանակել է անհամաչափ պատիժներ, մասնավորապես` Ա.Վաղարշակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել է տուգանքի 800.000 ՀՀ դրամի չափով, իսկ Ա.Միքայելյանին նույն հոդվածով դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, Ա.Միքայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ, 205-րդ հոդվածի 2-րդ մասերով, Ա.Վաղարշակյանին մեղավոր ճանաչել 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով և նրանց նկատմամբ նշանակել արդարացի պատիժներ, իսկ քաղաքացիական հայցն ամբողջությամբ բավարարել:

13. Ամբաստանյալ Ա.Միքայելյանի պաշտպանը փաստարկել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ, մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 358-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դրդիչը հանդիսանում է հանցագործություն կատարելուն հակող անձ և ավելի վտանգավոր է, քան կատարողը, քանի որ նա է կատարողի մոտ առաջացնում հանցանք կատարելու դիտավորություն և վճռականություն: Դատարանը, հաստատված համարելով, որ Ա.Վաղարշակյանը դրդել է Ա.Միքայելյանին կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակել տուգանք` 800.000 ՀՀ դրամի չափով, մինչդեռ Ա.Միքայելյանին դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով:

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշումը, Ա.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել տուգանքի ձևով և Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ նրան ազատել պատժի կրումից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակցի սահմանազանցում (էքսցես) հասկացության ճիշտ մեկնաբանման և կիրառության առումով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով արգելված արարքների համար քրեական պատասխանատվության հարցում առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Հանցակցի սահմանազանցումը

16. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցակցի սահմանազանցում է համարվում անձի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որը չի ընդգրկվում մյուս հանցակիցների դիտավորությամբ:

2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները պատասխանատվություն չեն կրում»:

Հանցակցության հատկանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման`

«(…) հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ.

1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից

2. գործողությունների համատեղությունը

3. հանցակցության դիտավորյալ բնույթը:

Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ: Հանցակիցներ կարող են լինել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք: Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը:

Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը՝ հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը: Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում:

Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է: ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը: Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում» (տե՛ս Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-րդ կետը):

17. Նախորդ կետում շարադրված իրավանորմերի, ինչպես նաև Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշման վերլուծությունից հետևում է, որ հանցակցի քրեական պատասխանատվության հիմքում ընկած է ոչ միայն նրա և կատարողի արարքի միջև պատճառական կապի առկայությունը, այլ նաև նրա կողմից կատարողի արարքի և դրա հետևանքների նկատմամբ որոշակի գիտակցական-կամային վերաբերմունք դրսևորելը:

Այսպես` հանցակցության սուբյեկտիվ կողմը նախատեսում է մեղքի բացառապես դիտավորյալ ձև, ընդ որում, որոշակի հանցանքի կատարմանն այլ անձանց հետ համատեղ մասնակցելու դիտավորությունն արտահայտվում է միայն ուղղակի ձևով, իսկ հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորվող դիտավորյալ մեղքի տեսակը կարող է լինել և՛ ուղղակի, և՛ անուղղակի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցության սուբյեկտիվ կողմին բնորոշ է այն, որ յուրաքանչյուր հանցակից պետք է`

1) գիտակցի, որ համատեղ գործում է կատարողի կամ այլ հանցակցի հետ.

2) գիտակցի, որ իր արարքն անհրաժեշտ պայման է մյուս հանցակցի կողմից արարք կատարելու համար և ցանկանա համատեղ մասնակցել հանցագործությանը.

3) նյութական հանցակազմի դեպքում նախատեսի հանրորեն վտանգավոր հետևանքը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրա առաջացումը:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածն ամրագրում է հանցակցի սահմանազանցում (էքսցես) հասկացության քրեաիրավական բնութագիրը, ինչպես նաև սահմանազանցման դեպքում մյուս հանցակիցների պատասխանատվության կարգը: Հիշատակված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ հանցակցի սահմանազանցում ասելով պետք է հասկանալ մի հանցակցի կողմից այնպիսի արարքի կատարում, որը թեպետ մյուս հանցակիցների գործողությունների հետ գտնվում է օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց չի ներառվել նրանց ընդհանուր դիտավորության մեջ, բնութագրվում է առավել բարձր կամ ցածր հանրային վտանգավորությամբ, քան այն արարքը, որը նախապես որոշվել էր, և ենթակա է մեղսագրման միայն դա կատարողին:

Հանցակցի սահմանազանցումը լինում է երկու տեսակ` քանակական և որակական: Քանակական սահմանազանցման դեպքում կատարողը վնաս է հասցնում այն օբյեկտին, որը մյուս հանցակիցների հետ պայմանավորվածության համաձայն ընդգրկված էր նրանց դիտավորության մեջ, սակայն հասցված վնասն այլ է լինում, քան պայմանավորված էր: Որակական սահմանազանցումը բնութագրվում է նրանով, որ կատարողն իրականացնում է կանխորոշվածից բացի մեկ այլ հանցագործություն կամ իր բնույթով բոլորովին այլ հանցանք: Սահմանազանցման դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում միայն այն հանցագործությանը հանցակցելու համար, որն ընդգրկված է եղել նրանց դիտավորությամբ: Իսկ եթե հանցակիցների դիտավորությամբ ընդգրկված հանցանքը չի կատարվել` տեղի է ունեցել որակական սահմանազանցում, ապա հանցակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն պլանավորված հանցագործության նախապատրաստության համար:

19. Սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը համադրելով 18-րդ կետում առկա վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հանցագործությանը երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցության դեպքում հանցակիցներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի ոչ միայն իր, այլ նաև մյուս հանցակիցների վարքագծին վերաբերող հանգամանքները, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ հանցակիցը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայի հատկանիշների ճշտությամբ պետք է բնութագրի այն հանցագործությունը, որի կատարմանը նա մասնակցում է: Օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության («Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը») օժանդակողը կարող է հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելու նպատակով միջոցներ տրամադրել կատարողին, որպեսզի նա հնարավորություն ստանա չարամտորեն խուսափել հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց, սակայն օժանդակողը կարող է չիմանալ նշված հանցագործության կատարման կոնկրետ տեղը, ժամանակը, եղանակը կամ այն վնասի չափը, որը կարող է պատճառվել պետությանը: Նման դեպքում օժանդակողը պատասխանատվության պետք է ենթարկվի փաստացի կատարված հանցագործությանը հանցակցելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակցի սահմանազանցման հարցը քննարկելիս իրավակիրառողը հանցակցության օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները պետք է գնահատի ոչ միայն առանձին-առանձին` երկու և ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու փաստը հաստատելու համար, այլև իրենց օրգանական ամբողջության մեջ, որպեսզի լիարժեք լուծի նշված անձանց պատասխանատվության և պատժի հարցը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցի սահմանազանցում առկա չէ այն դեպքում, երբ հանցակցության օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներն օրգանական ամբողջության մեջ գնահատելու արդյունքում կպարզվի, որ՝

ա) միևնույն հանցանքը կատարող երկու կամ ավելի անձինք փոխադարձաբար տեղյակ են եղել, որ իրենց արարքները գտնվում են պատճառական կապի մեջ (համատեղ են) և ուղղված են միևնույն հանցագործության կատարմանը,

բ) յուրաքանչյուր հանցակից նախատեսել է հանցագործության՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և ցանկացել կամ գիտակցաբար թույլ է տվել դրանց առաջացումը:

 

II. Կեղծ ձեռնարկատիրությունը

20. ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կեղծ ձեռնարկատիրությունը` առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծել[ն] [է], որի նպատակը վարկեր ստանալը, հարկերից խուսափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ արգելված այնպիսի գործունեություն թաքցնելն է, որը խոշոր վնաս է պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու համար, որը խոշոր վնաս է պատճառել:

Մեջբերված իրավադրույթների համեմատական վերլուծությունից երևում է, որ դրանցով նախատեսված հանցակազմերն օբյեկտիվ կողմի հատկանիշներով տարբեր են: Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելով, որը նպատակ է հետապնդել՝ (ա) վարկեր ստանալ, (բ) հարկերից խուսափել, (գ) գերավճարներ առաջացնել, (դ) նյութական այլ օգուտներ քաղել կամ (ե) արգելված գործունեությունը թաքցնել: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է կեղծ ձեռնարկատիրության ինքնուրույն տեսակ, որի օբյեկտիվ կողմը երկընտրելի է, և դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ. (ա) առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրել, (բ) ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմել և ներկայացնել:

21. ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցակազմերը նյութական են, դրանց օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում հանրության համար վտանգավոր հետևանքը` խոշոր վնաս պատճառելը: Այլ կերպ ասած` եթե վերը թվարկված գործողությունների արդյունքում քաղաքացուն, կազմակերպությանը կամ պետությանը խոշոր վնաս չի պատճառվել, ապա քրեական պատասխանատվությունն այդ հոդվածներով որպես ավարտված հանցագործություններ բացառվում է: Ընդ որում, եթե ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը), ապա նույն հոդվածի 2-րդ մասում` խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

22. Հիմք ընդունելով սույն որոշման 20-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող հանցակազմերի օբյեկտիվ կողմերի վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է բացահայտել «ձեռնարկատիրական գործունեություն» և «առևտրային կազմակերպություն» հասկացությունների էությունը:

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն`

«1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

(…)»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն`

«1. Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

2. Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:

(…)»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն`

«1. Տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ են համարվում իրենց հիմնադիրների (մասնակիցների)՝ բաժնեմասերի բաժանված կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ունեցող առևտրային կազմակերպությունները (…):

2. Տնտեսական ընկերակցությունները կարող են ստեղծվել լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության (կոմանդիտային ընկերակցության) ձևով:

3. Տնտեսական ընկերությունները կարող են ստեղծվել սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով:

(…)»:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է»:

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված քաղաքացիաիրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեությունն անձի կողմից իրականացվում է՝ նպատակ ունենալով շահույթ ստանալ գույքի օգտագործումից, ապրանքների վաճառքից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից: Ընդ որում, անձը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել երկու եղանակով՝ (ա) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն ստեղծելով կամ դրա մասնակիցը դառնալով և (բ) առանց իրավաբանական անձ կազմավորելու, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ և 72-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ առևտրային կազմակերպությունները կարող են լինել լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ձևով (տնտեսական ընկերակցություններ) և սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով (տնտեսական ընկերություններ):

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի իմաստով անհատ ձեռնարկատերը ֆիզիկական անձ է, որն իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

24. Ինչպես արդեն նշվեց սույն որոշման 20-րդ կետում, ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեության իրականացման մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելու մեջ: Այսինքն` նշված հանցանքի կատարման մեջ անձին մեղավոր ճանաչելու համար առնվազն անհրաժեշտ է, որ նա ստեղծած լինի թվարկված առևտրային կազմակերպություններից մեկը:

Մինչդեռ, եթե անձն առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման մտադրության գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր` նպատակ հետապնդելով վարկեր ստանալ, հարկերից խուսափել, գերավճարներ առաջացնել, նյութական այլ օգուտներ քաղել կամ արգելված գործունեությունը թաքցնել, և նույնիսկ եթե նշված գործունեության արդյունքում խոշոր վնաս է պատճառվել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը, անձը ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթակա չէ:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին, ապա այստեղ որևէ իրավական նշանակություն չունի, թե առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթերը տրամադրվել կամ ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթերը կազմվել և ներկայացվել են առևտրային կազմակերպության, թե անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

 

III. Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները

25. Սույն գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալներ Ա.Միքայելյանին և Ա.Վաղարշակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում անպարտ ճանաչելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը 189-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

26. Սույն գործով ինչպես մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատարանները հաստատված են համարել, որ Ա.Կոնջարովի կազմակերպմամբ և Ա.Վաղարշակյանի դրդչությամբ Ա.Միքայելյանն առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր, որից հետո պատրաստել է իր ստորագրության դրոշմակնիքը և այն անհատ ձեռնարկատիրոջ կնիքի և հաշվապահական փաստաթղթերի հետ հանձնել է Ա.Կոնջարովին: Վերջինս «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի անունից 267.685.500 ՀՀ դրամի ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր է կազմել, որոնք ներառել է «Էքսպրես Մետալ» ՍՊԸ-ի հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում: Այնուհետև, «Արամ Միքայելյան» Ա/Ձ-ի բանկային հաշվեհամարին «Էքսպրես Մետալ» ՍՊԸ-ի կողմից փոխանցված գումարներն Ա.Միքայելյանը և Ա.Վաղարշակյանը կարճ ժամանակահատվածում կանխիկացրել են, գումարի երկու տոկոսը վերցրել են իրենց, իսկ մնացածը փոխանցել Ա.Կոնջարովին: Նման եղանակով Ա.Միքայելյանը կանխիկացրել և Ա.Կոնջարովին է փախանցել 266.758.847 ՀՀ դրամ, իսկ Ա.Վաղարշակյանը` 8.130.318 ՀՀ դրամ: Արդյունքում Ա.Կոնջարովը չարամտորեն խուսափել է 69.160.028 ՀՀ դրամի հարկերը վճարելուց, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նախաքննության ընթացքում Ա.Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ընկեր Ա.Վաղարշակյանն է առաջարկել առանց գործունեություն իրականացնելու գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և այդ նպատակով իրեն ծանոթացրել է Ա.Կոնջարովի հետ: Ա.Վաղարշակյանն ասել է, որ այդ գործից ֆինանսական օգուտ կունենա, իսկ վտանգը կայանում է նրանում, որ հարկեր չի մուծելու: Ա.Վաղարշակյանն ու Ա.Կոնջարովն իրեն ասել են, որ հարկեր չմուծելու համար հետախուզում չեն հայտարարի և եթե գործերն ավարտելուց հետո երեք տարի անընդմեջ բացակայի ՀՀ-ից, ամեն ինչ բարեհաջող կավարտվի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

27. Սույն որոշման 16-19-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 26-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ա.Միքայելյանն ու Ա.Վաղարշակյանն իրազեկված են եղել, որ իրենց և Ա.Կոնջարովի գործողությունները գտնվում են պատճառական կապի մեջ, համատեղ են և ուղղված են միևնույն հանցագործությունների կատարմանը, այն է` առանց ապրանքների մատակարարման կեղծ փաստաթղթեր տրամադրելուն և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելուն: Ինչ վերաբերում է նշված հանցագործությունների՝ հանրության համար վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալների կողմից դրսևորված վերաբերմունքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ և՛ Ա.Միքայելյանը, և՛ Ա.Վաղարշակյանը նախատեսել են իրենց գործողությունների արդյունքում պետությանը վնաս պատճառելու հավանականությունը և, առանց իմանալու վնասի կոնկրետ չափը, գիտակցաբար թույլ են տվել դրա առաջացումը:

Նման եզրահանգման Վճռաբեկ դատարանը գալիս է ինչպես Ա.Միքայելյանի` սույն որոշման 6-րդ կետում շարադրված նախաքննական ցուցմունքի, այնպես էլ հանցակցության օբյեկտիվ հատկանիշները կազմող՝ Ա.Միքայելյանի և Ա.Վաղարշակյանի գործողությունների ամբողջական գնահատման արդյունքում: Մասնավորապես, Ա.Միքայելյանը, որևէ մտադրություն չունենալով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, եկամուտ ստանալու մտադրությամբ, Ա.Կոնջարովի կազմակերպմամբ և Ա.Վաղարշակյանի դրդչությամբ գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, որից հետո պատրաստել է իր ստորագրության դրոշմակնիքը և այն անհատ ձեռնարկատիրոջ կնիքի և հաշվապահական փաստաթղթերի հետ հանձնել է Ա.Կոնջարովին: Դրանից հետո, երբ Ա.Կոնջարովն անհատ ձեռնարկատիրոջ կնիքի, փաստաթղթերի, ինչպես նաև Ա.Միքայելյանի ստորագրության դրաշմակնիքի օգնությամբ, առանց ապրանքներ մատակարարելու, կեղծ հաշիվ-ապրանքագրեր է կազմել և ներառել «Էքսպրես Մետալ» ՍՊԸ-ի հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում, Ա.Միքայելյանը և Ա.Վաղարշակյանը շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը, այն է` կանխիկացրել են անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվեհամարին փոխանցված գումարները, գումարի երկու տոկոսը վերցրել են իրենց, իսկ մնացածը փոխանցել Ա.Կոնջարովին: Արդյունքում Ա.Կոնջարովը հնարավորություն է ստացել չարամտորեն խուսափել հարկերը վճարելուց և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 69.160.028 ՀՀ դրամի վնաս:

28. Շարադրված հանգամանքների գնահատմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Միքայելյանի, Ա.Վաղարշակյանի և Ա.Կոնջարովի գործողություններն ունեցել են օբյեկտիվ պատճառական կապ և ընդգրկված են եղել նրանց ընդհանուր դիտավորության մեջ, հետևաբար Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, թե տեղի է ունեցել հանցակցի սահմանազանցում, Ա.Վաղարշակյանն Ա.Միքայելյանին կեղծ ձեռնարկատիրության դրդելիս, իսկ վերջինս այդ հանցանքը կատարելիս չեն գիտակցել և տվյալ իրադրությունում չէին կարող գիտակցել, որ Ա.Կոնջարովի կողմից ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր կկազմվեն, որոնք կներառվեն հաշվետվություններում, և նա չարամտորեն կխուսափի հարկերը վճարելուց (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), արհեստական է և չի բխում գործի փաստական տվյալներից:

Փաստորեն, խախտելով ապացույցների գնահատման կարգն ամրագրած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Ա.Միքայելյանի և Ա.Վաղարշակյանի արարքների ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող՝ վերը նշված հանգամանքները, ինչի արդյունքում անհիմն եզրահանգման է եկել նրանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշների բացակայության վերաբերյալ:

29. Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, անտեսելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեության իրականացման մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելու մեջ, իսկ անհատ ձեռնարկատերը չի կարող համարվել առևտրային կազմակերպություն (տե՛ս սույն որոշման 23-24-րդ կետերը), Ա.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճիռ է կայացրել՝ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար, իսկ Ա.Վաղարշակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 1-ին մասով` նշված արարքը կատարելուն դրդելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը նյութական է, դրա օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում հանրության համար վտանգավոր հետևանքը` խոշոր վնաս պատճառելը, իսկ այդպիսի վնասի բացակայությունը բացառում է այդ հոդվածով քրեական պատասխանատվությունը որպես ավարտված հանցակազմ (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը), Ա.Միքայելյանին և Ա.Վաղարշակյանին մեղավոր է ճանաչել նշված հոդվածով` առանց կոնկրետացնելու, թե նրանց գործողությունների արդյունքում ինչպիսի վնաս է պատճառվել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը:

Վերաքննիչ դատարանն իր հերթին անհիմն եզրահանգման է եկել այն մասին, որ սույն գործով թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, դատավճիռն օրինական է և հիմնավորված, ուստի այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

30. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չեն ամբաստանյալներ Ա.Միքայելյանին և Ա.Վաղարշակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում անպարտ ճանաչելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը 189-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Սույն գործով դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները: Արդյունքում չեն կիրառվել քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման, և կիրառվել է այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

31. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերների այն փաստարկի հետ, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալների նկատմամբ նշանակել է անհամաչափ պատիժներ` անտեսելով այն հանգամանքը, որ Ա.Վաղարշակյանն է Ա.Միքայելյանին դրդել հանցանքի կատարմանը (տե՛ս սույն որոշման 11-րդ և 13-րդ կետերը): Ինչպես երևում է սույն գործով կայացված դատավճռի ուսումնասիրությունից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)` Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, այդ թվում` այն, որ Ա.Միքայելյանն աջակցել է հանցագործության բացահայտմանը, առանց որևէ պատճառաբանության, հաշվի չառնելով կատարված հանցագործությանը հանցակիցներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, անհիմն եզրահանգման է եկել առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Միքայելյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով, իսկ Ա.Վաղարշակյանի նկատմամբ` տուգանքի ձևով: Արդյունքում Ա.Վաղարշակյանը ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է տուգանքի 800.000 ՀՀ դրամի չափով, իսկ Ա.Միքայելյանը նույն հոդվածով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերոգրյալ կոպիտ խախտումն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

32. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Արամ Արշավիրի Միքայելյանի և Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 21-ի դատավճիռը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան
 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան