Համարը 
ՀՕ-337
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.21/21(196) Հոդ.473
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.05.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

(օրենքը խմբ. 16.12.16 ՀՕ-237-Ն)

Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ., լրաց. 18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Հոդված 2. Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով:

2. Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Միջհամայնքային միավորումների մարմինների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 3. Տեղական ինքնակառավարումը

 

1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

 2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

 3. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

Հոդված 4. Համայնքը և համայնքի բնակիչները

 

1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է և վարչատարածքային միավոր:

 2. Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում:

 3. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է: Համայնքի կարգավիճակի, ինչպես նաև համայնքային կյանքի կազմակերպման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:

 4. Համայնքն ունի հողի, գույքի, ինչպես նաև գույքային այլ իրավունքների նկատմամբ սեփականության իրավունք։

 5. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետության, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփականությունն է։

 6. Համայնքն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

 

Հոդված 5. Համայնքի վարչական տարածքը

 

1. Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:

 2. Համայնքները, դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով:

 2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

 3. Համայնքի ավագանին համայնքի ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ:

 4. Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:

 5. Համայնքի ղեկավարը համայնքի գործադիր մարմինն է, ներկայացնում է համայնքը և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորությունները:

 6. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:

 7. Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն ու ավագանու անդամներն իրենց լիազորություններն ստանձնում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 

Հոդված 7. Տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում: Համայնքի ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը կարող է կազմակերպել այլ վայրում:

 2. Համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում` նաև Հայաստանի Հանրապետության զինանշանը:

 

Հոդված 8. Տեղական ինքնակառավարման սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Տեղական ինքնակառավարումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, ցանկացած գործունեության իրականացման իրավունքն է, եթե օրենքով այլ մարմինների դրանք վերապահված չեն.

2) տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը՝ ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի հիման վրա ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.

3) պետական մարմինների լիազորությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում.

4) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության` օրենքով սահմանված կարգով պաշտպանությունը.

5) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ամբողջականությունն ու բացառիկությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացմանը միջամտության դեպքերն ու կարգը սահմանվում են միայն օրենքով.

6) համայնքների սահմանների փոփոխությունների իրականացումն օրենքով սահմանված կարգով՝ հանրային շահերից ելնելով, լսելով համայնքի կարծիքը.

7) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այլ համայնքների հետ համագործակցելը և միջհամայնքային միավորումներ ստեղծելը.

8) տեղական ինքնակառավարման մարմինների ներքին կառուցվածքների համապատասխանեցումը համայնքային խնդիրների լուծմանը.

9) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության համաչափությունը.

10) տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը.

11) համայնքների բյուջեների ինքնուրույնությունը` տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով սահմանված աղբյուրներից համայնքային բյուջե ձևավորելու և սեփական պատասխանատվությամբ այն տնօրինելու հնարավորությունն է.

12) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցման նպատակով ֆինանսական համահարթեցման միջոցով աջակցությունը.

13) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը.

14) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը:

 

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման և պետական մարմինների փոխհարաբերությունները

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:

2. Համայնքի ղեկավարը հասարակական կարգի պահպանության բնագավառում օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար համայնքի տարածքում գործող ոստիկանությունից կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել համապատասխան աջակցություն, որը ենթակա է պարտադիր կատարման:

3. Ոստիկանությունը համայնքում կատարված իրավախախտումների մասին շաբաթը մեկ տեղեկատվություն է տրամադրում համայնքի ղեկավարին: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով կարող են դիմել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

4. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

 

Հոդված 10. Համայնքի խնդիրների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը

 

1. Համայնքի խնդիրները լինում են պարտադիր և կամավոր:

2. Համայնքի պարտադիր խնդիրները հանրային նշանակության այն խնդիրներն են, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի բնականոն կյանքի ընթացքը:

3. Համայնքի կամավոր խնդիրներն այն խնդիրներն են, որոնցով համայնքային կյանքի բնականոն ընթացքը ուղղակիորեն պայմանավորված չէ և կարող են իրականացվել, միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

4. Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները՝ օրենքով։

5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից օրենքով պատվիրակված՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։

Սույն օրենքի իմաստով սահմանված համայնքի սեփական լիազորություններն ուղղված են բացառապես համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը:

6. Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է օրենքով փոխանցվել համայնքի ղեկավարներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ:

7. Պետության պատվիրակած լիազորություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

8. Պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:

9. Տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով պարտավոր են առաջնահերթությամբ ապահովել համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների կատարումը:

10. Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են ավագանու որոշմամբ:

11. Սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծվում են համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներով:

12. Սույն օրենքով ամրագրված այն լիազորությունները, որոնք սահմանված են որոշակի թվով բնակչություն ունեցող համայնքների համար, մնացած համայնքների դեպքում համարվում են կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորություններ:

13. Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված լիազորությունները, բացառությամբ պետության պատվիրակած լիազորությունների, համայնքները իրականացնում են որպես սեփական լիազորություններ:

(10-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 11. Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը

 

1. Սույն օրենքի իմաստով՝ համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։

 2. Համայնքում տեղական ինքնակառավարմանը օրենքով սահմանված կարգով մասնակցելու իրավունք ունի տվյալ համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:

 3. Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում, նրանց գործունեության բնագավառներում։

 4. Տեղական ինքնակառավարմանը բնակիչները կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:

 5. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ սույն օրենքով և համայնքի ավագանու սահմանած կարգով: Համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն՝

1) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր գործունեության վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը.

2) համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը.

3) համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ծրագրի կատարողականը ու դրա վերաբերյալ հաշվետվությունները.

4) համայնքի բյուջեն, բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները.

5) համայնքի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները.

6) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

7) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, բացառությամբ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման կամ օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկի.

8) համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում տրվող թույլտվությունների դիմումների ձևաթղթերը և տրամադրված թույլտվությունների քանակի և տեսակի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը.

9) համայնքին վերաբերող օրենսդրական և ենթաօրենսդրական նախաձեռնությունների և նախագծերի, այդ թվում՝ համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը.

10) համայնքում բնակիչների հետ հանդիպումների, հանրային լսումների և քննարկումների նյութերը, ընթացակարգը, անցկացման վայրը և ժամը.

11) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ինչպես նաև սույն մասի 9-րդ կետով նախատեսված այլ փաստաթղթերի վերաբերյալ անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքները.

12) համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման և այլ կարգեր.

13) համայնքային խնդիրների վերաբերյալ համապատասխան քաղաքացիական նախաձեռնության մասին տեղեկացումը.

14) համայնքի ավագանու սահմանած այլ տեղեկատվություն.

15) համայնքում առկա համայնքային կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).

16) համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները.

17) համայնքում պետական և համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը.

18) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը:

 6. Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգով:

 7. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը, հաշվի առնելով տվյալ համայնքի առանձնահատկությունները, առնվազն պետք է սահմանի.

 1) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին բնակիչների իրազեկվածության ապահովման անհրաժեշտ պայմանները.

 2) այն բավարար պայմաններն ու չափանիշները, որոնք անհրաժեշտ են գործնականում ապահովելու համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում՝ ապահովելով նաև համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց և սակավաշարժուն խմբերի մասնակցությունը:

8. 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:

(11-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-66-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-78-Ն)

(11-րդ հոդվածի 5-րդ մասը 24.01.20 ՀՕ-78-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:)

(24.01.20 ՀՕ-78-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի նախատեսված դրույթները 2022 թվականի հունվարի 1-ից սկսում են տարածվել բոլոր համայնքների վրա՝ անկախ դրանց բնակչության թվից:)

 

Հոդված 12. Համայնքի պարտադիր խնդիրները

 

1. Համայնքի պարտադիր խնդիրներն են՝

1) համայնքի կայուն զարգացումը.

2) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.

3) համայնքի գույքի կառավարումը.

4) նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը.

5) համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը.

6) համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը.

7) համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը.

8) համայնքում բնակարանային շինարարության խթանումը.

9) համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը.

10) համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը.

11) պետության պաշտպանության իրականացման աջակցումը.

12) աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

13) համայնքներում գյուղատնտեսության զարգացման խթանումը.

14) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը.

15) համայնքներում զբոսաշրջության զարգացման խթանումը.

16) համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը.

17) համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը.

18) համայնքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

19) համայնքի հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.

20) բարեգործության խթանումը` համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

 

Հոդված 13. Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը

 

1. Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն երկու երրորդը:

2. Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որով սահմանվում են ավագանու գործունեության կազմակերպումը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը:

3. Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ:

4. Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:

5. Մինչև ավագանու 9 անդամ ունեցող համայնքներում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար կարող է իր որոշմամբ ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

6. Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ:

7. Ավագանու հանձնաժողովների քանակը, գործառույթները և ձևավորման կարգը սահմանվում են ավագանու կանոնակարգով:

8. Համայնքի անունից համայնքի ավագանին իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ:

 9. Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար:

 10. Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող և օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ, որոնց վերաբերյալ կազմում է արձանագրություններ:

 11. Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ այլ մարմինների և կազմակերպությունների:

 12. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:

 

Հոդված 14. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը

 

1. Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների (այսուհետ՝ վարչական ղեկավար) կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից: Սույն օրենքի իմաստով՝ աշխատակազմ է համարվում համայնքապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

 2. Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, և չորս տոկոսը` մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունն ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։ Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կարող է կրկին ներկայացվել և սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում՝ դրա հերթական (նաև առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

 3. Եթե հարցերի հեղինակներ են համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարը կամ ավագանու անդամը, ապա պետք է ներկայացվեն որոշման նախագծեր, որոնց կցվում են դրանց ընդունման հիմնավորումը, նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը, ինչպես նաև ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների հետևանքով ստացված առարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման պատճառների վերաբերյալ:

 4. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

 5. Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին:

 Եթե մինչև 9 ավագանու անդամ ունեցող համայնքում համայնքի ավագանու որոշմամբ նույնպես ստեղծվել են ավագանու հանձնաժողովներ, ապա ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում, իսկ քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին:

 6. Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

 

Հոդված 15. Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին

 

1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում:

 2. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային ցանցի, այդ թվում՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով:

 3. Ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են հրապարակային նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում, իսկ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում՝ նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:

4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու և օրենքով սահմանված կարգով ստանալու սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:

(15-րդ հոդվածը խմբ. 24.01.20 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 16. Համայնքի ավագանու նիստը

 

1. Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում:

2. Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

3. Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:

4. Համայնքի ավագանու որոշումներն ընդունվում են ավագանու` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը:

6. Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում: Ավագանու նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրություններն ստորագրում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները:

7. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:

8. Համայնքի ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով նախատեսված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր և քննարկումներ:

9. 3000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

10. Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի:

11. Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են աշխատակազմի աշխատողները:

12. Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին կամ ավագանու նախկին որոշումներին:

13. Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:

14. Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:

15. Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին փոփոխելու իր որոշումը:

16. Համայնքի ղեկավարի որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը:

17. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր որոշումը՝ օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին:

18. Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

19. Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:

20. Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

(16-րդ հոդվածը լրաց. 13.06.18 ՀՕ-349-Ն)

(24.01.20 ՀՕ-78-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի նախատեսված դրույթները 2022 թվականի հունվարի 1-ից սկսում են տարածվել բոլոր համայնքների վրա՝ անկախ դրանց բնակչության թվից:)

Հոդված 17. Համայնքի ավագանու արտահերթ նիստը

 

1. Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:

4. Արտահերթ նիստի օրակարգի ձևավորումը, արտահերթ նիստի մասին տեղեկացումն ու անցկացումն իրականացվում են հերթական նիստի համար սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի առանձնահատկությունները:

 

Հոդված 18. Համայնքի ավագանու լիազորությունները

 

1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`

1) ընդունում է իր կանոնակարգը՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է համայնքի ղեկավարին.

3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ.

4) հաստատում է համայնքի զարգացման ծրագրերը.

5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

6) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.

7) սահմանում է համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը` համայնքի ղեկավարի ներկայացմամբ.

8) իր անդամների առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ընդունում է հանրաքվե անցկացնելու մասին որոշում.

8.1) համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշում.

9) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.

10) դատական կարգով կարող է վիճարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումները.

11) որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.

12) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ձևավորելու վերաբերյալ.

13) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.

14) որոշում է կայացնում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ.

15) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

16) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային հիմնարկների ղեկավարների թեկնածուներին.

17) օրենքով սահմանված կարգով և դեպքերում հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների և վերստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն դրանց կազմի թվի կեսից պակաս.

18) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.

19) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

20) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ.

21) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին (ներառյալ՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով նախատեսված դեպքերում), որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաև հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը.

22) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.

23) իր որոշմամբ վավերացնում է համայնքի կողմից Հայաստանի Հանրապետության համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ կնքված պայմանագրերը.

24) որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին.

25) որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ.

26) որոշում է կայացնում համայնքների ավագանիների կողմից, իրենց կանոնակարգերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ.

27) հաստատում է համայնքի զինանշանը.

28) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ: Համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատողների քանակը, կառուցվածքը կամ հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոփոխելու կամ լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմելու մասին: Աշխատակազմի աշխատողների քանակը, կառուցվածքը կամ հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաև փոփոխված կամ լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

29) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

30) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը.

31) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին.

32) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

33) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի կամ համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի անվանափոխության վերաբերյալ.

34) քննարկում և որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

35) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում կամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.

36) սահմանում է համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.

37) քննարկում է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.

38) քննարկում և որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

39) քննարկում և որոշում է կայացնում համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու վերաբերյալ.

40) սահմանում է համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները.

40.1) սահմանում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն).

41) սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները.

41.1) սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.

41.2) որոշում է ընդունում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ.

42) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.17 ՀՕ-94-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-201-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-66-Ն, խմբ. 13.06.18 ՀՕ-349-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-380-Ն, փոփ. 10.09.19 ՀՕ-154-Ն, լրաց. 28.06.19 ՀՕ-116-Ն, 19.12.19 ՀՕ-308-Ն)

 

Հոդված 19. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը

 

1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

 1) զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և համայնքային ենթակայության կազմակերպություններում.

 2) լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար.

 3) աշխատել իրավապահ, ազգային անվտանգության և դատական մարմիններում:

 2. Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:

 

Հոդված 20. Համայնքի ավագանու անդամի իրավունքները

 

1. Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`

1) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցեր, որոշումների նախագծեր.

3) համայնքի ղեկավարից պահանջելու և ստանալու նրա, աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն.

4) վարչական ղեկավարից պահանջելու և ստանալու նրա գործունեության վերաբերյալ տեղեկատվություն.

5) կատարելու համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ ու քննարկումներ.

6) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատարան, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի իրավունքները.

7) ստանալու դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:

 

Հոդված 21. Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

 

1. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:

2. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել ավագանու նիստերին.

2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.

3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող՝ քաղաքացիների ընդունելություններին.

4) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

5) օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.

6) չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) շահերին.

7) անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին.

8) ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը.

9) իրականացնել սույն օրենքով, այլ օրենքներով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 22. Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

 

1. Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում և այլ զորքերում.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից.

8) նա հրաժարական է տվել:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 7-րդ կետի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ավագանու անդամի լիազորության վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն, իսկ 7-րդ կետում սահմանված դեպքում` նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:

 3. Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

 

Հոդված 23. Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

1. Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:

2. Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով համայնքի ղեկավարն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`

1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.

2) օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

 

Հոդված 24.

Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը և գործունեության երաշխիքները

 

1. Համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:

 2. Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև հանրային հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու համար յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ է հատկացնում համայնքի ավագանու անդամին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 25. Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը

 

1. Համայնքի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 26. Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

 

1. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 7-րդ կետի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն, իսկ 7-րդ կետով սահմանված դեպքում նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ կազմում է արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված որոշումը կամ արձանագրությունները համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն և կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը (արձանագրությունը) կամ դադարելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

 

Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

 

1. Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը (արձանագրությունը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու կամ այդ պաշտոնի բացակայության պարագայում համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը, մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

3. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:

(27-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-94-Ն, 18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Հոդված 28. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը

 

1. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով.

1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 42,57 տոկոս.

2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 52,06 տոկոս.

3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 66,55 տոկոս.

4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 71,04 տոկոս.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 85,52 տոկոս:

 

Հոդված 29. Աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կազմավորումը

 

1. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:

2. Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը։ Համայնքի ղեկավարը աշխատակազմի և հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը ավագանու կողմից հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում:

3. Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին:

(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 09.06.17 ՀՕ-94-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը

 

1. Համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներից բացի, համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:

 

Հոդված 31. Վարչական ղեկավարը

 

1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ղեկավար:

2. Վարչական ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:

3. Վարչական ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, իսկ գործառույթները՝ սույն օրենքով և աշխատակազմի կանոնադրությամբ:

4. Վարչական ղեկավարը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:

5. Վարչական ղեկավարը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում:

6. Վարչական ղեկավարի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 7-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:

7. Վարչական ղեկավարի պահպանման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում:

(31-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 32. Վարչական ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

 

1. Վարչական ղեկավարը՝

1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.

2) հետևում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

3) աջակցում և կազմակերպում է իր բնակավայրում սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 33-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով, 37-րդ հոդվածով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացումը.

4) համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

5) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.

6) առաջարկություններ է ներկայացնում ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

6.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ.

6.2) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ.

6.3) համայնքի ղեկավարի կողմից լիազորված լինելու դեպքում համայնքի ղեկավարի անունից տալիս է բնակավայրում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և մատուցելու թույլտվություն.

7) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

2. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ղեկավարի գործունեության համար:

(32-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 33. Աշխատակազմը

 

1. Աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններում նրանց մասնակցությունը:

2. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:

3. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը:

4. Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում, մասնավորապես`

1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.

4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.

6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

7) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության և հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով.

8) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

9) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.

10) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

11) օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների և գործառույթների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

12) իրականացնում է օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

5. Աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

6. Աշխատակազմի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի, Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների աշխատակազմերի) կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն քանակը սահմանում է պետական լիազորված մարմինը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը:

7. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:

8. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին:

(33-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 34. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունը

 

1. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:

2. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները:

3. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի`

1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,95 տոկոսը.

2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65 տոկոսը.

3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,43 տոկոսը.

4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,26 տոկոսը.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14 տոկոսը:

4. Սույն օրենքի իմաստով՝ հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումն է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում:

5. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար:

6. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողներին ծանր և վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:

7. Հավելավճարի կիրառման կարգը և չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

8. Աշխատանքի վարձատրության հետ կապված` սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 35. Համայնքի ղեկավարի ընդհանուր լիազորությունները

 

1. Համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով`

1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը` սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով.

2) համայնքի ղեկավարը նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի ու մատչելի տեղում: Պաշտոնական համացանցային կայք ունեցող համայնքներում սույն կետով նախատեսված նորմատիվ ակտերը երկօրյա ժամկետում տեղադրվում են կայքում.

3) համայնքի զարգացման ծրագրերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.

5) աշխատակազմի և համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքում.

6) համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը և դրանում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

7) աշխատակազմի և համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

8) համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

9) համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ մարմինների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

10) նշանակում և ազատում է համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

11) համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը: Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ: Մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք ամիս ժամկետով.

12) հանդես է գալիս տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ.

12.1) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.

13) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

14) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

15) կնքում է Հայաստանի Հանրապետության համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Ավագանու հաստատմանն է ներկայացնում միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը.

16) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը.

17) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.

18) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու մասին.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.

20) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

21) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).

22) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.

23) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և մատուցելու թույլտվություն, ինչպես նաև համայնքի բնակավայրերում այդ թույլտվության տրամադրումը կարող է լիազորել վարչական ղեկավարին.

24) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ.

25) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում.

25.1) օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր.

26) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության.

27) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

28) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.

29) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև բնածին և տեխնածին աղետների ռիսկերի նվազեցման ու հետևանքների վերացման, սեյսմիկ անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքների կազմակերպմանը և այդ ուղղությամբ ձեռնարկում համապատասխան միջոցներ.

30) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-26-րդ կետերով նախատեսված լիազորությունները համարվում են համայնքի ղեկավարի սեփական լիազորություններ, իսկ 27-29-րդ կետերով նախատեսվածները` պետության պատվիրակած լիազորություններ:

3. Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

(35-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-54-Ն, փոփ. լրաց. 09.06.17 ՀՕ-94-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-175-Ն, խմբ., լրաց. 13.06.18 ՀՕ-349-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-154-Ն, 21.01.20 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-169-Ն, 25.03.20 ՀՕ-191-Ն)

(35-րդ հոդվածում  19.12.19 ՀՕ-308-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացումը հնարավոր չէ կատարել, քանի որ 35-րդ հոդվածը 14-րդ մաս չունի:)

 

Հոդված 36. Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների հանրագրերը, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է համապատասխան միջոցներ.

2) իր լիազորությունների շրջանակում կայացնում է որոշումներ, որոնցով խթանում է համայնքում տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի և նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացումը.

3) կանոնակարգում է հավաքների անցկացումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով.

4) կազմակերպում է համայնքի արխիվային գործի վարումը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ սույն բնագավառին վերաբերող լիազորությունները:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սահմանում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը, ապահովում քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան կահավորումը.

2) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.

3) վերացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը.

4) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեությունը համայնքներում.

5) միջոցներ է ձեռնարկում իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.

6) հաստատում է համայնքի բնակիչ համարվող անձանց` վարորդական իրավունք ստանալու, աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար:

(36-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 37. Համայնքի ղեկավարի լիազորությունները տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության).

2) ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար.

3) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարչատարածքային բաժանման ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին.

4) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում կամ ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում:

(37-րդ հոդվածը լրաց. 19.12.19 ՀՕ-308-Ն)

 

Հոդված 38. Համայնքի ղեկավարի լիազորությունները ֆինանսների բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.

2) տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

 4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

 5) համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

6) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վարկերի ձևով միջոցների ներգրավման հարցը.

7) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները.

8) օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը:

 

Հոդված 39. Համայնքի ղեկավարի լիազորությունները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում

 

1. Հանրային է համարվում հավաք չհանդիսացող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային ու մարզական միջոցառումներ և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:

2. Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:

4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու երեք հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին:

5. Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

1) հանրային միջոցառման վայրը.

2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը.

3) մասնակիցների սպասվող թիվը.

4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները.

5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները։

6. Համայնքի ղեկավարը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

7. Եթե համայնքի ղեկավարին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա հասարակական կարգի պահպանության բնագավառի լիազոր պետական մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ։ Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին։

8. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։

9. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելման։

10. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին։

11. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում և վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում տեղեկացումն ավելի ուշ ներկայացրած հանրային միջոցառման հանդեպ կիրառվում են սույն հոդվածով սահմանված սահմանափակումները:

12. Եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հավաքի իրականացման իրազեկում և հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հավաքին:

13. Եթե միևնույն օրը միևնույն վայրում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, ապա նախապատվությունը տրվում է հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, և հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը, կամ

2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, և դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, և հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելման։

14. Համայնքի ղեկավարը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է`

1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.

2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.

3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:

15. Համայնքի ղեկավարը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգները:

16. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։

17. Հանրային միջոցառման կազմակերպիչը`

1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը.

2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար.

3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով.

4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, որոնք կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը.

5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։

 

Հոդված 40. Համայնքի ղեկավարի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև տարածքային պաշտպանության և ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին.

3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) աջակցում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների, հաշմանդամ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը.

2) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումների իրականացմանը:

 

Հոդված 41. Համայնքի ղեկավարի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) իրականացնում է միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.

2) իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը:

2. Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

2) իրականացնում է համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.

3) ստեղծում է համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

4) ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում այդ ուժերի պատրաստականությունը.

5) իրականացնում է վթարային և վերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.

6) կազմակերպում է փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում.

7) իրականացնում է սեյսմիկ ռիսկը նվազեցնելու, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում:

(41-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-54-Ն)

 

Հոդված 42. Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կամ դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների նախագծերը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

 2) սույն օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ).

 3) նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

 4) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները: Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով և հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

 5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.

 6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.

 7) օրենքով սահմանված կարգով ձևակերպում է շինարարության ավարտական ակտ, ինչպես նաև տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն.

 8) կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

9) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

 10) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

 11) մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

 12) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

 13) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

 14) կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն հանդիսացող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.

 15) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.

 16) կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

 17) կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, իրականացնում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

 18) օրենքով սահմանված կարգով աջակցում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ձևավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը հանդիսացող բնակարանների քանակին համապատասխան.

 19) կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերի, որոնց ստորաբաժանված միավորները առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով աջակցում է կառուցապատողի գործառույթների իրականացման համար սեփականատերերի կողմից համապատասխան կազմակերպության ընտրության գործընթացին կամ կառուցապատողի գործառույթների իրականացումը վերապահում է համայնքում գործող՝ բազմաբնակարան շենքի կառավարմանը որևէ մարմնի, որն իրականացնում է կառուցապատողի գործառույթներ առանձնացված միավորների սեփականատերերի միջոցներով.

 20) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

 21) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.

 22) կազմակերպում է հանգստի հանրային վայրերի խնամքը և պահպանությունը:

 

Հոդված 43. Համայնքի ղեկավարի լիազորությունները հողօգտագործման բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

2) մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը.

4) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.

6) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բարելավման աշխատանքներ.

7) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը.

3) օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:

(43-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-75-Ն, 13.06.18 ՀՕ-361-Ն)

 

Հոդված 44. Համայնքի ղեկավարի լիազորությունները տրանսպորտի բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

 2) իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա.

 3) կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.

 4) տալիս է համայնքի տարածքում մարդատար տաքսիների (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվություն:

 2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

 1) իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում և թույլատրում է համայնքային ենթակայության ճանապարհների երթևեկության նշանների տեղակայումն ու հանումը: Երթևեկության այն նշանները, որոնց տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, իրավական ուժ չունեն:

 

Հոդված 45. Համայնքի ղեկավարի լիազորություններն առևտրի և ծառայությունների բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և հանրային սննդի ոլորտում.

2) օրենքով նախատեսված դեպքերում տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրատեսակների իրացման թույլտվություն.

3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք, տոնավաճառներ կազմակերպելու թույլտվություն.

4) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.

5) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.

6) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին.

7) համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն.

8) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.

9) տալիս է համայնքի տարածքում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.

10) Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տալիս է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն.

11) տալիս է համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն:

(45-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-201-Ն, 11.09.18 ՀՕ-380-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 46. Համայնքի ղեկավարի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում

 

1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում.

2) կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների, կրթական, մշակութային և երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.

3) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

4) ստեղծում է պայմաններ երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, անցկացման համար.

5) աջակցում է համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանը:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:

 

Հոդված 47. Համայնքի ղեկավարի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների և մարզական կազմակերպությունների գործունեությունը.

2) կազմակերպում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցույթներ.

3) ըստ բնակության վայրի, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

4) նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է մարզական հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, վերանորոգում, ստեղծում է հանգստի գոտիներ:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման իրականացումը.

2) աջակցում է համայնքի տարածքում իրականացվող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային աշխատանքներին.

3) աջակցում է առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին: 

(47-րդ հոդվածը լրաց. 13.02.20 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 48. Համայնքի ղեկավարի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին.

2) միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ օգնելու հայտնաբերել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները.

3) նպաստում է համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը՝ կազմակերպելով տնային այցելություններ և հնարավորության դեպքում մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ.

4) որպես «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ համագործակցում է վերջինիս մասնակիցների հետ.

5) ապահովում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի կազմումը և իրականացումը՝ որպես առանձին ծրագիր կամ որպես համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ՝ սոցիալական աջակցությունը ցուցաբերելով ըստ անհատական վերականգնման ծրագրի:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք: Համայնքի սոցիալական աշխատողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 4. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

 1) համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրումը և տեղական ինքնակառավարման մարմինների` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը:

(48-րդ հոդվածը 04.03.20 ՀՕ-98-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 23.09.2020 թվականին:)

 

Հոդված 49. Համայնքի ղեկավարի լիազորությունները գյուղատնտեսության բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կատարում է համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.

2) համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

3) իրականացնում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) իրականացնում է գյուղատնտեսական զարգացման ծրագրեր, աջակցում է գյուղատնտեսության ոլորտում պետական միջոցներով և այլ միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը:

 

Հոդված 50. Համայնքի ղեկավարի լիազորությունները անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում

 

1. Համայնքի ղեկավարը անասնաբուժության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.

1) լիազոր մարմնին տրամադրում է կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով:

2. Համայնքի ղեկավարը անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին.

2) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, սահմանազատում է արոտավայրերը և ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.

3) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին.

4) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներին.

5) աջակցում է համայնքի տարածքում բուսասանիտարական հաշվառման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում բուսասանիտարիայի բնագավառի լիազոր մարմնին է տրամադրում հողօգտագործողների վերաբերյալ տվյալներ.

6) աջակցում է համայնքի տարածքում հայտարարված կարանտին գոտում կատարվող աշխատանքներին:

(50-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 51. Համայնքի ղեկավարի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.

1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի և դրանց վրա գտնվող համայնքային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքային անտառների պահպանությունը:

2. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերում բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ.

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, արտադրական և կենցաղային թափոններով աղտոտումից:

 

Հոդված 52. Համայնքի ղեկավարի լիազորությունները զբոսաշրջության բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը զբոսաշրջության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) գույքագրում և վարում է համայնքի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմամշակութային, մարդկային) գրանցամատյանը.

2) ըստ անհրաժեշտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տեղեկատվություն է տրամադրում համայնքի զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ.

3) զբոսաշրջության վարչական ռեգիստրի վարման նպատակով համապատասխան տեղեկատվություն է տրամադրում ռեգիստրը վարող պետական լիազոր մարմնին.

4) համայնքում սահմանում և տրամադրում է հատուկ կայանման և կանգառի վայրեր՝ զբոսաշրջիկների տրանսպորտային փոխադրամիջոցների համար.

5) զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման և զբոսաշրջության կայուն զարգացման նպատակով համագործակցում է պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության հետ.

6) իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումներով խթանում է զբոսաշրջային կառույցների և ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը միտված միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎՈՂ ԱՎԱԳԱՆԻ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

(վերնագիրը փոփ.18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Հոդված 53. Համայնքի պաշտոնական համացանցային կայքը

(հոդվածն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Հոդված 54. Համայնքի ղեկավարի իրավական կարգավիճակը

 

1. Համայնքի ղեկավարը`

1) տեղական ինքնակառավարման մարմին է.

2) ներկայացնում է համայնքը, ավագանին և համայնքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.

3) ղեկավարում է համայնքապետարանի աշխատանքները.

4) ավագանու անդամ է:

 

Հոդված 55. Համայնքի ղեկավարին ներկայացվող պահանջները

 

1. Համայնքի ղեկավար կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող անձը:

2. Համայնքի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 56. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը

 

1. Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից: Ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:

2. Համայնքի ղեկավարն ընտրվում է իրեն ընտրած համապատասխան ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

(56-րդ հոդվածը խմբ. 18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Հոդված 57. Համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը

 

1. Համայնքի ղեկավարն ունի մեկ առաջին տեղակալ, որը ավագանու անդամ է: Համայնքի ղեկավարը կարող է ունենալ ևս մեկ տեղակալ:

2. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փոխարինում է համապատասխան համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:

3. Համայնքի ղեկավարի տեղակալներին համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից:

4. Համայնքի ղեկավարի տեղակալներին պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

5. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրականացնում են համայնքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթներ:

5.1. Համայնքի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:

6. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ գործառույթներ:

7. Համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

8. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ խորհրդականներ, օգնականներ և մամուլի քարտուղար:

9. Համայնքի ղեկավարի խորհրդականների և օգնականների քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

10. Համայնքի ղեկավարի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

(57-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-191-Ն)

 

Հոդված 58. Համայնքի գլխավոր ճարտարապետը

 

1. Համայնքն ունի գլխավոր ճարտարապետ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

 2. Համայնքի գլխավոր ճարտարապետը կարող է ունենալ օգնական, որին գլխավոր ճարտարապետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

 

Հոդված 59. Համայնքի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

 

1. Համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է ավագանու և աշխատակազմի աշխատանքները.

2) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է աշխատակազմի քարտուղարին, համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

3) սահմանում է համայնքի շենքերի և շինությունների համարակալումը.

4) ավագանուն է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը, դրան համապատասխան տնօրինում է համայնքի սեփականություն հանդիսացող գույքը.

5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին.

6) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում.

8) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.

9) օրենքով սահմանված սեփական այլ լիազորություններ:

2. Համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով լուծում է համայնքի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.

2) համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.

3) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն հանդիսացող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների և մարզական կազմակերպությունների կառավարմանը.

4) համայնքի տարածքում իրականացնում է պետական սոցիալական ապահովության ծրագրերը.

5) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքի տարածքում.

6) իրականացնում է օրենքով պատվիրակված այլ լիազորություններ:

(59-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 60. Համայնքի ղեկավարի գործունեության կազմակերպումը

 

1. Համայնքի ղեկավարն իր գործունեությունը կազմակերպում է իր տեղակալի (տեղակալների), համայնքի գլխավոր ճարտարապետի, համայնքի ղեկավարի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, աշխատակազմի միջոցով:

 

Հոդված 61. Ավագանու գործունեության կազմակերպումը

 

1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատասխան` նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքի միջոցով:

 2. Ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

 

Հոդված 62. Ավագանու հերթական նստաշրջանները և նիստերը

 

1. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:

2. Նիստերի օրերը որոշում է ավագանին:

 

Հոդված 63. Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին

 

1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.Azdarar.am կայքում:

2. Ավագանու անդամներին նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը և դրանց կից փաստաթղթերը տրամադրվում են նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ: Նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը և դրանց կից փաստաթղթերը տեղադրվում են համայնքի պաշտոնական կայքում` ներբեռնման հնարավորությամբ:

 

Հոդված 64. Ավագանու նիստերը

 

1. Նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

2. Ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:

3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

4. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

5. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաև պատասխանելու հարցերին։ Ավագանու նիստերին համայնքի ղեկավարի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:

(64-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-178-Ն)

(հոդվածի 10.11.17 ՍԴՈ-1384 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 21.03.18 ՀՕ-178-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

 

Հոդված 65. Ավագանու արտահերթ նիստը

 

1. Ավագանու արտահերթ նիստը գումարում է համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:

3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո` ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

 

Հոդված 66. Ավագանու խմբակցությունների ստեղծման կարգը

 

1. Ավագանու խմբակցությունները ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:

2. Խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:

3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին և համայնքի ղեկավարին:

4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից:

5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման մասին գրավոր տեղեկացվում է համայնքի ղեկավարը կամ ավագանու նիստը վարողը, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:

 

Հոդված 67. Ավագանու խմբակցությունների գործունեության ապահովումը

 

1. Համայնքի նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:

2. Համայնքի նիստերի դահլիճում կամ ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:

3. Խմբակցության գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:

 

Հոդված 68. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը

 

1. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

2. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է համայնքի ղեկավարին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

3. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու:

4. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:

5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը մեկից ավելի են, ապա համապատասխան քանակով թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

6. Համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

7. Գործող համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում` սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

9. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

 

Հոդված 69. Ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե`

1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.

2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.

3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

3. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

4. Ավագանին շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:

5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ավագանին իրավունք չունի նշանակելու տեղական հանրաքվե, անվստահություն հայտնելու համայնքի ղեկավարին, ընդունելու կամ փոփոխելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը:

6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

 

Հոդված 70. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

 

1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարել են ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել համայնքի ղեկավարին.

6) նա հրաժարական է տվել:

2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում տարածքային ընտրական հանձնաժողով:

5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է համայնքի ղեկավարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ համայնքի ղեկավարին ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:

 

Հոդված 71. Ավագանու անդամի թափուր տեղը համալրելը

 

1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

 

Հոդված 72. Ավագանու լիազորությունների ժամկետը

 

1. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Այս դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օրվա ընթացքում:

 

Հոդված 73. Համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը

(հոդվածն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Հոդված 74. Համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը

 

1. Համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում համայնքի բնակիչներին տրված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով (նշվում է համապատասխան համայնքի անվանումը) համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:

2. Համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

(74-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Հոդված 75. Համայնքի ղեկավարի լիազորությունների դադարումը, դադարեցումը

 

1. Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարում են նորընտիր համայնքի ղեկավարի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) համայնքի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

3) հրաժարական է տվել.

4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.

6) մահացել է:

3. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:

 

Հոդված 76. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

(հոդվածն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-335-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 77. Համայնքի սեփականությունը

 

1. Համայնքն ունի սեփականություն, որի իրավունքը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:

2. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով համայնքի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

3. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում:

4. Գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերը ներկայացվում են ավագանու հաստատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

 

Հոդված 78. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը

 

1. Սույն օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոց չհանդիսացող գույքը, որը պատկանում է պետությանը, որպես սեփականություն, անհատույց փոխանցվում է համայնքներին:

2. Համայնքի սեփականություն կարող են դառնալ համայնքի տարածքում գտնվող մանկապարտեզները, կոմունալ տնտեսության և այլ հաղորդակցության ուղիները, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, ջեռուցման, աղբահանության համակարգերը:

3. Համայնքի սեփականություն կարող են դառնալ նաև համայնքի տարածքում գտնվող մասնագիտացված դպրոցները, ակումբները, մշակույթի տները, թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, գրադարանները, ցուցահանդեսները, շուկաները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները և տրանսպորտային կազմակերպությունները, փողոցները, հրապարակները, կամուրջները, բազմաբնակարան շենքերի բնակարանները և ոչ բնակելի տարածքները, ընդհանուր օգտագործման տարածքները, գերեզմանատները, ինչպես նաև վարչական շենքերը, կրթական, մշակութային, մարզական և այլ շենքերն ու շինությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, տրանսպորտային միջոցները, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ներհամայնքային ցանցերը, խմելու և ոռոգման ջրատարները, ինչպես նաև անշարժ ու շարժական այլ գույք:

 

Հոդված 79. Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները

 

1. Համայնքի սեփականությունը գոյանում է`

1) պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.

2) համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունից.

3) համայնքի բյուջեի եկամուտներից և օրենքով չարգելված այլ ֆինանսական մուտքերից.

4) համայնքի բյուջեի հաշվին ձեռք բերված գույքից.

5) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, հիմնարկների և կազմակերպությունների նվիրատվություններից:

Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրա վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է: Տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված կարգով համապատասխան տեղեկությունները համայնքապետարանում ներկայացնելու (նշված տեղում փակցնելու), ինչպես նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով:

Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում Երևանի քաղաքապետը դրա վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է՝ սահմանված կարգով այն Երևանի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով:

Նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի վերաբերյալ տվյալները (կամ տեղեկատվությունը) կարող են հրապարակվել միայն նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի գրավոր համաձայնության առկայության դեպքում.

6) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

(79-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-257-Ն)

 

Հոդված 80. Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը

 

1. Համայնքի սեփականություն հանդիսացող հողերը կարող են օտարվել համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու համայնքի հողերի օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին, հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված դեպքերում:

2. Համայնքի հողի օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները:

3. Գույքի օտարումից ստացվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով և ուղղվում են համայնքի բյուջե:

4. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման այլ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

5. Համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը (տնտեսային և ներտնտեսային ոռոգման համակարգերը) օտարման ենթակա չեն։

 

Հոդված 81. Համայնքի տնտեսական գործունեությունը

 

1. Համայնքը, իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

2. Համայնքային հիմնարկները և կազմակերպությունները կարող են լինել`

1) բյուջետային հիմնարկներ.

2) հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություններ և համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ.

3) համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

 

Հոդված 82. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը

 

1. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը:

2. Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` չորս ամսվա ընթացքում, ներկայացնում ավագանու հաստատմանը:

3. Նոր ձևավորված համայնքի դեպքում, համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և ներկայացնում ավագանու հաստատմանը իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո՝ հինգ ամսվա ընթացքում:

4. Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, անհրաժեշտության դեպքում դրա մեջ կատարում փոփոխություններ կամ լրացումներ և ընդունում է այն նիստին ներկա ավագանու անդամների ձայների կեսից ավելիով: Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի գործողության ժամկետի ընթացքում համայնքի ավագանու անդամների ընտրություն կայանալու դեպքում ավագանու լիազորություններն ստանձնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող են առաջարկվել հնգամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ:

5. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ռազմավարական ծրագրերին:

6. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրում ներառվում են համայնքի հնարավորությունների շրջանակում իրագործելի պարտադիր խնդիրները և դրանց լուծման նպատակով նախատեսվող ծրագրերը:

7. Մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:

8. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած հաշվետվությունից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հնգամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ մշտական հանձնաժողովների կողմից:

 9. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը մշակում և համայնքների ղեկավարներին է ներկայացնում համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման մեթոդական ցուցումները:

 

Հոդված 83. Համայնքի բյուջեն, դրա հաստատումը և կառուցվածքը

 

1. Համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:

2. Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին: Ավագանին համայնքի բյուջեում փոփոխություններ է կատարում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ: Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է ավագանին:

3. Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Համայնքի բյուջեն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 84. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունը

 

1. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին` աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):

2. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

 

Հոդված 85. Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները

 

1. Բյուջետային տարվա համար համայնքի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասով նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:

2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը` բյուջեի դեֆիցիտը (այսուհետ` պակասուրդ):

3. Համայնքի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:

4. Համայնքի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է համայնքի ավագանու` տվյալ տարվա համայնքի բյուջեի մասին որոշմամբ:

5. Բյուջետային գործընթացի նկատմամբ պետական լիազորված մարմինն իրականացնում է իրավական հսկողություն:

6. Համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման նպատակով նախորդ տարիներին ներգրաված չմարված վարկերի, փոխատվությունների, համայնքային արժեթղթերի մարման պարտավորությունների առկայության դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող նշված պարտավորություններն աստիճանաբար մարելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական հսկողությունից, հսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ չմարված վարկերի, փոխատվությունների, համայնքային արժեթղթերի մարման պարտավորությունները մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:

 

Հոդված 86. Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

 

1. Համայնքի բյուջեն ձևավորվում է համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում`

1) հարկային եկամուտներ`

ա. տեղական հարկերից`

- հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,

- գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,

- հյուրանոցային հարկ,

բ. եկամտային հարկից մասհանումներ,

գ. շահութահարկից մասհանումներ,

դ. բնապահպանական վճարներից մասհանումներ,

ե. հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:

Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով.

2) տուրքեր`

ա. պետական տուրքեր, այդ թվում`

- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար,

- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար,

բ. տեղական տուրքեր.

3) այլ եկամուտներ, այդ թվում`

ա. համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ,

բ. համայնքի սեփականություն համարվող հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ,

գ. վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ,

դ. համայնքի սեփականություն համարվող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ,

ե. տեղական վճարներ,

զ. տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարներ,

է. համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները,

ը. պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար համայնքների բյուջեներից` ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ,

թ. տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

ժ. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցները, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է համայնքի համար նման միջոցների առաջացում.

4) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ՝

ա. համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ համայնքի սեփականություն հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները,

բ. համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները.

5) պաշտոնական դրամաշնորհների ձևով ստացվող հատկացումներ, այդ թվում`

ա. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ,

բ. պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ),

գ. այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.

6) համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ, այդ թվում`

ա. վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու կարգը սահմանում է կառավարությունը,

բ. համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը,

գ. իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները, որոնք ուղղվում են`

- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,

- համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված սեփական լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

(86-րդ հոդվածը լրաց. 28.06.19 ՀՕ-116-Ն)

 

Հոդված 87. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները

 

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով հատկացվում են դոտացիաներ: Համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար:

2. Պետական բյուջեից համայնքներին համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` սույն օրենքի 93-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) հաշվարկվում է` հիմք ընդունելով տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը:

 

Հոդված 88. Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները

 

1. Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման, բազմաբնակարան շենքերի սպասարկման և օրենքով սահմանված դեպքերում այլ ծառայությունների իրականացման համար համայնքի ավագանին կարող է սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։

2. Վճարների չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ: Եթե այդ ծառայություններն իրականացնում են համայնքային հիմնարկները, ապա գանձված գումարն ուղղվում է համայնքի բյուջե:

3. Այդ ծառայությունների մատուցումն առևտրային կազմակերպություններն իրականացնում են մրցութային կարգով, որին մասնակցում է նաև համայնքային` այդ ոլորտում ծառայություն մատուցող առևտրային կազմակերպությունը:

4. Համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպության կողմից մրցույթը շահելու դեպքում ծառայությունների իրականացման համար վճարները գանձում է տվյալ կազմակերպությունը և այն ուղղում համայնքի բյուջե:

5. Եթե մրցույթի հաղթող է ճանաչվում համայնքի սեփականություն չհանդիսացող կամ մասնակցություն չունեցող այլ կազմակերպություն, ապա հաղթող կազմակերպության հետ համայնքը կնքում է պայմանագիր, որում, մրցույթի արդյունքներից ելնելով, ամրագրվում են ծառայության իրականացման պայմանները, դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք գանձում է տվյալ կազմակերպությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) և այն ուղղում համայնքի բյուջե:

(88-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-246-Ն)

 

Հոդված 89. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը

 

1. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

2. Համայնքի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների իրականացման հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության պատվիրակած լիազորությունների կատարման և ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների իրականացման հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

4. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից կարող են ֆինանսավորվել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը, եթե դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում:

(89-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-170-Ն)

 

Հոդված 90. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը

 

1. Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների մինչև 20 տոկոսի չափով:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

4. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղման դեպքերի (ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը):

5. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտն ամբողջ ծավալով համայնքի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձնելու դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու մեկ բյուջետային տարվա կտրվածքով ծրագիր, որը համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական հսկողությունից, հսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:

6. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

 

Հոդված 91. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը

 

1. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և տարեկան բյուջեն հրատարակվում են:

2. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

 

Հոդված 92. Համայնքի բյուջեի կատարումը և կատարման սպասարկումը

 

1. Համայնքի բյուջեի կատարման հետ կապված կարգավորումները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանի միջոցով, որտեղ ամեն համայնք ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:

3. Համայնքի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է համայնքի բյուջեն սպասարկող պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են տվյալ համայնքի բյուջեի հաշվում, նախատեսված են համայնքի բյուջեով, և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը պետական լիազորված մարմին ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում:

5. Պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին համայնքի ղեկավարին ներկայացնում է ամենօրյա տեղեկություններ:

(92-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-246-Ն)

 

Հոդված 93. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը

 

1. Տեղական հարկերի, տուրքերի և վճարների, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Եկամտային հարկի, շահութահարկի մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է օրենքով սահմանված կարգով փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի:

 

Հոդված 94. Համայնքի բյուջեի հետ կապված այլ հարաբերություններ

 

1. Համայնքի բյուջեի հետ կապված սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ լիազորությունների իրականացման ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 95. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության հիմնական սկզբունքները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։

 2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:

 3. Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:

 4. Մասնագիտական հսկողությունը իրականացվում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

7. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

8. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտության և հսկողության դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով և պետք է համաչափ լինեն նման միջամտությամբ կամ հսկողությամբ հետապնդվող իրավաչափ նպատակին, և հաշվի առնվի համայնքի բնակիչների հանրային շահը:

(95-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 96. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով՝ իր հաստատած հարցաշարերի հիման վրա:

2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության այն լիազոր մարմինները, որոնց իրավասության մեջ են մտնում այդ լիազորությունները՝ անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` համաձայնեցնելով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան լիազոր մարմինները պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում են իրենց հաստատած հարցաշարերի հիման վրա, որոնք նախապես համաձայնեցվում են իրավական հսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:

3. Իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Սույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական և մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

(96-րդ հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-255-Ն)

 

Հոդված 97. Տեղական ինքնակառավարման մարմիններին խորհրդատվություն և պարզաբանումներ տրամադրելը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով՝

1) խորհրդատվություն մատուցել իրենց սեփական լիազորությունների և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով.

2) սեփական լիազորությունների և պետության պատվիրակած լիազորությունների հետ կապված՝ տալ պարզաբանումներ:

 

Հոդված 98. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները իրավական ու մասնագիտական հսկողությունն իրականացնում են սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

4. Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հսկողության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին: Սույն մասով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի կատարած աշխատանքները պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով, որքանով դրանք կլինեն համաչափ և չեն գերազանցի վտանգը չվերացնելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:

 

Հոդված 99. Իրավական և մասնագիտական հսկողության իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների իրավական երաշխիքները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում համայնքին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով:

 2. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների կատարած գործողությունները կամ ցուցաբերած անգործությունը, ինչպես նաև ընդունած իրավական ակտերը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 100. Միջհամայնքային միավորումը

 

1. Միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորություններ և գործառույթներ:

 2. Միջհամայնքային միավորումներն ունեն հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ:

 3. Միջհամայնքային միավորումների մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, ինչպես նաև գործունեության կարգը սահմանվում են «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 101. Միջհամայնքային միավորումների ստեղծումը և լուծարումը

 

1. Համայնքների ավագանիների կողմից միջհամայնքային միավորումները ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման համար:

 2. Համայնքների ավագանիների նախաձեռնությամբ միջհամայնքային միավորումները ստեղծվում և լուծարվում են համայնքների ավագանիների ընդունած որոշումների հիման վրա:

 3. Օրենքով միջհամայնքային միավորումներն ստեղծվում են պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների իրականացման համար:

 4. Օրենքով միջհամայնքային միավորումներն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ՝ համապատասխան օրենքի ընդունմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 102. Անցումային դրույթներ

 

1. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանսֆերտների ձևով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են մինչև համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:

2. Համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան, Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր, Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Ձորավանք, Մարտունի, Վահան, Վարդենիս, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Շողակաթ, Արտանիշ, Աղբերք, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Լոռու մարզի Տաշիր, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ, Ստեփանավան, Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուռուտ, Ուրասար, Օձուն, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ, Ախթալա, Շամլուղ, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Քարկոփ, Ալավերդի, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս, Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան, Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ, Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ, Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր, Շիրակի մարզի Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ, Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ, Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի, Սյունիքի մարզի Կապան, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սևաքար, Սյունիք, Սրաշեն, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար, Սիսիան, Անգեղակոթ, Ախլաթյան, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Քաջարան, Գեղի, Լեռնաձոր, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Վայոց ձորի մարզի Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Շատին, Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Վարդահովիտ, Քարագլուխ, Տավուշի մարզի Բերդ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր, Նավուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Ծաղկավան (Տավուշի շրջ.), Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները:

3.1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն, Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջան), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները:

4. Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին մասերում նշված՝ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:

5. Սույն օրենքի 68-րդ և 75-րդ հոդվածների դրույթները չեն գործում այն համայնքների մասով, որոնց ավագանին ձևավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով և շարունակում է պաշտոնավարել:

(102-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-94-Ն, լրաց., փոփ. 17.04.20 ՀՕ-228-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-335-Ն)

(Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ընտրությունները նշանակվում են 17.04.20 ՀՕ-228-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
5 հունիսի 2002 թ.
ՀՕ-337