ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ կետերով.
«17) տալիս է համայնքի տարածքում կենդանիների վաճառքի թույլտվություն.
18) տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1-ին հոդվածով.
| «Հոդված 50.1. | Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում |
1. Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կացարանների և հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն) նախագծումը, կառուցումը և կառավարումը, այդ թվում՝ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափով, եթե համայնքը ներառված է լիազոր մարմնի սահմանած ցանկում.
2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման, կենդանիների կացարաններ տեղափոխման աշխատանքները.
3) սահմանված կանոններին համապատասխան՝ տալիս է համայնքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում.
4) աջակցում է անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը.
5) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվություններ.
6) սահմանում է համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման վայրերը.
7) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն և ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.
8) կենդանի տիրապետողից պահանջում և ստանում է կենդանի պահելուն առնչվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ և փաստաթղթեր:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 50․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ և հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-127-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: