ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 2. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքացիական աշխատանք կատարող անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։
3. Հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:
Հոդված 3. |
Հանրային ծառայությունը, հանրային ծառայության պաշտոնը, հանրային ծառայողը |
1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։
2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը։
3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:
4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:
5. Հանրային ծառայության պաշտոնն արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով:
6. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձը համարվում է հանրային ծառայող:
7. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի անվանում, որը հնարավորին չափ ճշգրիտ արտացոլում է տվյալ պաշտոնի հիմնական գործառույթները և չի կրում ընդհանրական բնույթ:
(3-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-11-Ն)
(21.01.20 ՀՕ-11-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)
(հոդվածը 24.03.21 ՀՕ-162-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-206-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 4. |
Հանրային պաշտոնները |
1. Հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային:
3. Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական:
4. Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական և հայեցողական:
Հոդված 5. |
Քաղաքական պաշտոնները |
1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:
2. Պետական քաղաքական պաշտոններն են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների և նրանց տեղակալների պաշտոնները:
3. Համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:
4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով։
5. Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի տեղակալի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ:
6. Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը: Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:
(5-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-11-Ն)
(21.01.20 ՀՕ-11-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)
Հոդված 6. |
Վարչական պաշտոնները |
1. Վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
2. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով։
3. Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Պետական վարչական պաշտոններն են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների և նրանց տեղակալների, դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոնները:
5. Համայնքային վարչական պաշտոններն են Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները:
6. Վարչական պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:
7. Օրենքով սահմանված դեպքերում պետական վարչական պաշտոններն զբաղեցվում են պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով:
8. Վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը:
(6-րդ հոդվածը լրաց. 10.07.19 ՀՕ-144-Ն)
Հոդված 7. |
Ինքնավար պաշտոնները |
1. Ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախատեսված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
2. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։
3. Ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի և դատախազների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները։
4. Ինքնավար պաշտոն կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:
5. Ինքնավար պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոններն զբաղեցնելու համար օրենքով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ։
Հոդված 8. |
Հայեցողական պաշտոնները |
1. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների կատարման համար:
2. Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը: Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:
3. Պետական հայեցողական պաշտոններ են Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնները, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի և օգնականի պաշտոնները, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի պաշտոնները, վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը, նախարարների, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, Կառավարությանը, վարչապետին ենթակա պետական մարմինների ղեկավարների, անկախ պետական մարմնի, ինքնավար պետական մարմնի նախագահների, մարզպետի խորհրդականի, օգնականի պաշտոնները, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնները, նախարարությանը ենթակա պետական մարմնի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի պաշտոնները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի, Ազգային ժողովի խմբակցության փորձագետի, Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնները, վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարի պաշտոնը, վարչապետի արարողակարգի պատասխանատուի, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավարի, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնները, դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի), գլխավոր դատախազի տեղակալի, քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, նախարարի տեղակալի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմինների ղեկավարների տեղակալների, անկախ պետական մարմնի նախագահի տեղակալի, ինքնավար մարմնի նախագահի տեղակալի, մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնները և անկախ պետական մարմնի, ինքնավար մարմնի անդամի օգնականի պաշտոնները:
3.1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:
4. Համայնքային հայեցողական պաշտոններն են համայնքի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, համայնքների ղեկավարի տեղակալի օգնականի, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետների պաշտոնները:
5. Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 25 տարին լրացած անձինք:
6. Սույն հոդվածով նախատեսված օգնականի, ռեֆերենտի, վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարի, վարչապետի արարողակարգի պատասխանատուի, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
7. Նախարարություններում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող է զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
8. Խորհրդականի պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր, որի համար չափանիշներ սահմանում է այն պաշտոնատար անձը, որի անմիջական ենթակայությամբ աշխատելու է խորհրդականը: Պաշտոնի անձնագիրը, ներկայացված չափանիշներին համապատասխան, հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը):
9. Խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի է նշանակվում առանց մրցույթի՝ բավարարելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:
10. Հանրապետության նախագահը և վարչապետը կարող են ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հանրապետության նախագահի՝ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը չի կարող գերազանցել երկուսը: Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները և նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ: Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականները կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները:
11. Այն մարմիններում, որտեղ սահմանված չէ մամուլի քարտուղարի պաշտոն, և առկա չէ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանում, մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը մարմնի ղեկավարի հրամանով կարող է վերապահվել մարմնի ղեկավարի օգնականին: Այս դեպքում սույն հոդվածով սահմանված չափանիշները պարտադիր չեն:
12. Պետական կառավարման համակարգի մարմիններում հայեցողական պաշտոնների թիվը, ըստ մարմինների, սահմանում է վարչապետը:
(8-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-35-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-1-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-11-Ն, 01.07.21 ՀՕ-291-Ն)
(21.01.20 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 9. |
Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը |
1. Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
2. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմինների:
3. Տեսչական մարմնի ղեկավարին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:
4. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
7. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
8. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը:
9. Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
10. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ և 14.1-ին մասերով նախատեսված դեպքերի:
11. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը:
12. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:
13. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
14. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան փոխվարչապետը: Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
14.1. Դատավորի օգնականին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի օգնականին՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը՝ համապատասխան դատավորի առաջարկությամբ:
15. Համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
16. Փոխվարչապետին, նախարարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, տեսչական մարմնի ղեկավարին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին, մարզպետին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:
17. Նախարարի տեղակալին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, մարզպետի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:
18. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան նախարարը, իսկ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:
19. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
20. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Հանրապետության նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:
21. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Ազգային ժողովի նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:
22. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
23. Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան փոխվարչապետը:
24. Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
25. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:
26. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:
27. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցվելիս նրան պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակում է պարտականությունները կատարող, եթե օրենքով նրա պարտականությունները կատարելու վերաբերյալ այլ բան նախատեսված չէ:
(9-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-35-Ն, 10.07.19 ՀՕ-144-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-11-Ն, լրաց. 25.03.21 ՀՕ-135-Ն)
(21.01.20 ՀՕ-11-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)
Հոդված 10. |
Քաղաքացիական աշխատանքը հանրային իշխանության մարմիններում |
1. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:
2. Կառավարության սահմանած կարգով և դեպքերում պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:
Հոդված 11. |
Տեխնիկական սպասարկում իրականացնելը |
1. Տեխնիկական սպասարկում իրականացնելը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև քաղաքական, վարչական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը:
2. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. |
Հանրային ծառայության հիմնական սկզբունքները |
1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝
1) իրավունքի գերակայությունը,
2) հանրային ծառայության արդյունավետությունը,
3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը,
4) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը,
5) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան,
6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից,
7) հանրային ծառայողի արհեստավարժությունը:
2. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով՝ օրենքով կարող են սահմանվել կազմակերպման և գործունեության լրացուցիչ սկզբունքներ:
Հոդված 13. |
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքը |
1. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող և պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ համայնքային ծառայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։
2. Եթե հանրային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված է բարձրագույն կրթության պահանջ, ապա քաղաքացին պետք է ունենա ինստիտուցիոնալ և (կամ) համապատասխան մասնագիտության ծրագրով հավատարմագրված բուհի շնորհած որակավորում և դիպլոմ:
Հոդված 14. |
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը |
1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը՝ հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները:
Հոդված 15. |
Հաստիքների առավելագույն քանակը, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը), հաստիքացուցակը |
1. Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը:
2. Պետական ծառայության յուրաքանչյուր տեսակ և համայնքային ծառայություն ունեն պաշտոնների անվանացանկ:
3. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր):
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսվում է հաստիքացուցակ: Հաստիքացուցակում ներառվում են տվյալ մարմնի բոլոր պաշտոնները, այդ թվում` քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:
5. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենց համար նախատեսված քանակից ավելի հաստիքներ չեն կարող ունենալ, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
6. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
Հոդված 16. |
Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններում |
1. Հանրային ծառայության պաշտոնները դասակարգելու, դասային աստիճաններ (կոչումներ, աստիճաններ) սահմանելու և շնորհելու (զրկելու) դեպքերի, պաշտոնները զբաղեցնելու, վերապատրաստման, կատարողականի (աշխատանքի) գնահատման, շարժունության, կադրերի ռեզերվում գրանցվելու, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու և այս հարաբերություններից բխող այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով։
2. Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 17. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը նրանց ծառայողական գործունեության (պաշտոնավարման) մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը վարվում է էլեկտրոնային եղանակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 18. |
Հանրային ծառայողի հիմնական իրավունքները |
1. Հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ տալը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը.
5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.
6) իրավական պաշտպանությունը:
Հոդված 19. |
Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները |
1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝
1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.
4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հայտարարագիր ներկայացնելը.
5) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
6) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
7) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը:
Հոդված 20. |
Հանրային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները |
1. Հանրային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են։
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին կամ նրա անմիջական ղեկավարին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե հանձնարարական տվող պաշտոնատար անձը գրավոր վերահաստատում է իր հանձնարարականը, ապա հանրային ծառայողը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, պարտավոր է կատարել այդ հանձնարարականը և այդ մասին գրավոր տեղեկացնել իրեն հանձնարարական տվող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը։
3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել հանձնարարականներ տալու այլ կարգ:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 21. |
Բարեվարքության համակարգի տարրերը |
1. Բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը:
Հոդված 22. |
Վարքագծի սկզբունքները |
1. Վարքագծի սկզբունքներն են հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը:
Հոդված 23. |
Հանրությանը ծառայելու գիտակցումը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հանրության բարօրության ապահովմանը՝ պետության քաղաքականության նպատակների արդյունավետ իրագործման միջոցով:
Հոդված 24. |
Հավատարմությունը հանրային շահին |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորությունները գործադրում են ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հանրության:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները մշակված հանրային քաղաքականության կենսագործման գործընթացում դրսևորում են հավատարմություն և հուսալիություն՝ անկախ համոզմունքից և դիրքորոշումից:
Հոդված 25. |
Բարեկրթությունը և հարգալիրությունը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հարգում են իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվությունը:
Հոդված 26. |
Բարեխղճությունը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս գործում են ազնիվ և բարեխիղճ:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հանրային ռեսուրսներն օգտագործում են արդյունավետ և խնայողաբար:
Հոդված 27. |
Օբյեկտիվությունը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս դրսևորում են անկողմնակալություն՝ բացառելով որևէ խտրականություն:
2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է:
3.
(հոդվածը 07.05.21 ՀՕ-206-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
Հոդված 27.1. |
Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը |
(հոդվածը 07.05.21 ՀՕ-206-Ն օրենքի լրացամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
Հոդված 28. |
Վարքագծի կանոնները |
1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով:
2. Պատգամավորի, դատավորի, դատախազի, քննիչի վարքագծի կանոնները սահմանվում են այլ իրավական ակտերով:
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պահպանել սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները:
4. Հանրային ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
5. Քաղաքացիական ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանում է քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
6. Այլ հանրային ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները կարող է սահմանել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմինը՝ ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում: Դրանց չսահմանման դեպքում գործում են քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները:
7. Հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա՝ կանոնագրքերով:
8. Հանրային ծառայողի վարքագծի կանոնների պահպանման կառուցակարգեր կարող են սահմանվել տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտերով։
9. Վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:
(28-րդ հոդվածը փոփ. 15.04.20 ՀՕ-212-Ն)
(15.04.20 ՀՕ-212-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)
Հոդված 29. |
Նվերներ ընդունելու արգելքը |
(վերնագիրը փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն)
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է ընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տան:
2. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար թույլատրելի նվերներ են՝
1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը.
2) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները.
3) սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
4) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
5) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով.
6) օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները:
4. Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ կետերով նախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 60 000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին:
5. Սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:
6. Հանրային ծառայության առանձնահատկություններից ելնելով` ոլորտային օրենքներով կարող են սահմանվել այլ կարգավորումներ։
(29-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն)
Հոդված 30. |
Նվերների հաշվառումը |
(վերնագիրը փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն)
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են Կառավարության սահմանած կարգով հայտնել սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի նվերների ստացման մասին:
2. Նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:
(30-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն)
Հոդված 31. |
Անհամատեղելիության պահանջները |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
2. Հայաստանի Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
3. Կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ:
4. Հանրային ծառայողը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարել ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանք։
5. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը:
6. Սույն օրենքի իմաստով` առևտրային կազմակերպությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների) պաշտոն զբաղեցնելու ներքո հասկացվում է՝
1) առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինելը.
2) առևտրային կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելը.
3) առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը.
4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերից բացի, որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, պատգամավորի, Կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի:
7. Սույն օրենքի իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`
1) անհատ ձեռնարկատեր լինելը.
2) առանց պետական գրանցման կամ հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում.
3) առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման:
8. Սույն օրենքի իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`
1) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.
2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.
3) առևտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքն ստանալը.
4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.
5) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր ունենալը.
6) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.
7) փոխառության դիմաց տոկոսներ և այլ հատուցում ստանալը.
8) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը.
9) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը։
9. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները համարվում են ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջը խախտած, եթե նրանք այդ առնչությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ենթարկվել են վարչական կամ քրեական պատասխանատվության:
10. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:
11. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առևտրային կազմակերպությունը:
12. Սույն օրենքի իմաստով` գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական աշխատանքներ կատարելը։
13. Սույն օրենքի իմաստով` կրթական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (ասիստենտ) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը։
14. Սույն օրենքի իմաստով` ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը։
15. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի հանդեպ:
16. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
17. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:
(31-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-11-Ն)
(21.01.20 ՀՕ-11-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)
Հոդված 32. |
Այլ սահմանափակումներ |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է`
1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.
2) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
3) իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.
4) հոնորար ստանալ պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
6) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
7) պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում։
2. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող օրենքներով կարող են սահմանվել լրացուցիչ սահմանափակումներ։
3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:
4. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից սույն հոդվածով նախատեսված սահմանափակումը խախտելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասը կիրառելի է վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
(հոդվածը 07.05.21 ՀՕ-206-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
Հոդված 33. |
Շահերի բախումը |
1. Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:
2. Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը։
3. Պաշտոն զբաղեցնող անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա։
4. Շահերի բախում առկա չէ, եթե անձնական շահը պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների պատշաճ իրականացման վրա ունի թվացյալ ազդեցություն, որը փաստացի բացակայում է:
5. Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց:
Եթե պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունի) ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ: Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունն ստանալը անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց:
Վերադաս անձը կամ անմիջական ղեկավարը ձեռնարկում է կամ առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր:
Վերադաս անձը կամ անմիջական ղեկավարն իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարելու պաշտոն զբաղեցնող այլ անձի, եթե դա օրենքով արգելված չէ:
6. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը կարող է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ:
7. Սույն հոդվածի դրույթները տարածվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա:
8. Սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:
9. Շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը կամ որոշում ընդունելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:
10. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի առնչությամբ շահերի բախման իրավիճակի առկայության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այդ կապակցությամբ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում:
11. Սույն հոդվածի 10-րդ մասը կիրառելի է վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
(33-րդ հոդվածը փոփ. 15.04.20 ՀՕ-212-Ն)
(15.04.20 ՀՕ-212-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 6
ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՇԱՀԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 19.01.21 ՀՕ-51-Ն)
Հոդված 34. |
Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականությունը |
(վերնագիրը խմբ. 19.01.21 ՀՕ-51-Ն)
1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր:
3. Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր:
4. Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։
4.1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելիս ծախսերի հայտարարագիր չեն ներկայացնում:
5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում՝ գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ:
5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:
5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության և ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագրում ներառվում են հայտարարագրման ենթակա գործարքին նախորդող տարվա կամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու որոշման ընդունմանը նախորդող՝ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ։ Իրավիճակային հայտարարագիրը ենթակա չէ հրապարակման: Իրավիճակային հայտարարագրի ձևը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
5.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:
6. Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ: Տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:
7. Հայտարարատու պաշտոնատար անձն իր հայտարարագրում լրացնում է նաև իր ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաև իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ իրեն հայտնի տվյալները և պատասխանատու է դրանց իսկության համար:
8. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ և հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալները, պատասխանատու են դրանց իսկության համար:
9. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:
10. Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:
11. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի, ինչպես նաև սույն հոդվածի 5.1-ին կետով սահմանված դեպքերում հայտարարագրերը սույն օրենքի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
12. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի անդամը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:
13. Հայտարարագրի ձևանմուշը սահմանում է Կառավարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ:
(34-րդ հոդվածը փոփ. 15.04.20 ՀՕ-212-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-200-Ն, 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(15.04.20 ՀՕ-212-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 35. |
Հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին ծանուցելը |
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում ծանուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տրամադրելով համապատասխան ակտի պատճենը: Ծանուցման ձևը և կարգը սահմանում է հանձնաժողովը:
Հոդված 36. |
Հայտարարագրման ժամկետները |
(վերնագիրը փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն)
1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։
2. Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքին համապատասխան պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:
3. Եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:
(36-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 37. |
Հայտարարագրում փոփոխություն կատարելը |
1. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո՝ քառօրյա ժամկետում: Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն այլ կերպ բացահայտված է: Դիմումը բավարարվելու դեպքում հայտարարագրում անհամապատասխանությունը վերացնելու ժամկետը չի կարող գերազանցել յոթ աշխատանքային օրը: Փոփոխված տվյալով հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագիրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի հիման վրա անհամապատասխանությունը սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում:
3. Հայտարարագրում փոփոխություն է կատարվում նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի արդյունքով հանձնաժողովը հայտարարագրում արձանագրում է տվյալների անհամապատասխանություն, որը վերացնելու համար տրամադրվում է եռօրյա ժամկետ:
(37-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 38. |
Հայտարարագիրը լրացնելու և ներկայացնելու եղանակը |
1. Հայտարարագիրը լրացվում և ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
2. Հայտարարագիրը ոչ էլեկտրոնային եղանակով (թղթային) կարող է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած բացառիկ դեպքերում:
Հոդված 39. |
Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները |
1. Հայտարարագրում նշվում են`
1) հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը, պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, այն մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները.
2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), քաղաքացիությունը, հասցեն, պաշտոնը (աշխատանքային գործունեությունը).
3) հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ:
2. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք են հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը:
Հոդված 40. |
Գույքի հայտարարագրի բովանդակությունը |
1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`
1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք.
2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, կամ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) բաժնային արժեթղթերը, այլ ներդրումը հավաստող փաստաթղթերը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), ինչպես նաև պարտքային արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ, բացառությամբ բանկային վկայագրի).
4) հանձնված, վերադարձված փոխառությունը.
5) բանկային ավանդը.
6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք).
7) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկային հաշիվներում առկա):
1.1. Հայտարարագրում ներառվում է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:
1.2. Փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի), թանկարժեք գույքը:
2. Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից)։
3. Գույքը հայտարարագրելիս նշվում են՝
1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, գույքի հաշվառման համարը, մակերեսը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը.
2) տրանսպորտի միջոցի դեպքում՝ տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին և եղանակը.
3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), արժույթը, ձեռք բերելու տարին, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը, ումից է այն ձեռք բերվել՝ նշելով նրա անվանումը կամ անունը, ազգանունը և հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.
4) հանձնված, վերադարձված փոխառության դեպքում՝ փոխառության գումարը (չափը), արժույթը, փոխառության հանձնելու տոկոսադրույքը, պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.
5) բանկային ավանդի դեպքում՝ հաստատության անվանումը, գտնվելու վայրը (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է), բանկային ավանդի չափը.
6) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը, գործարքի գինը (արժեքը), արժույթը.
7) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը։
3.1. Սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված գույքի դեպքում ներառվում են նաև գույքի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը:
4. Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հայտարարագրման ենթակա անշարժ գույք, տրանսպորտի միջոց, թանկարժեք գույք ձեռք բերելու կամ օտարելու գործարքները՝ նշելով գույքի տեսակը, ձեռք բերելու կամ օտարելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն:
5. Արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը՝ նշելով արժեթղթի տեսակը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն:
6. Փոխառության դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն: Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, եթե նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:
6.1. Բանկային ավանդի դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ավանդի չափը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա ավանդի դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:
7. Դրամական միջոցի դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը և արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը։
(40-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-200-Ն, խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 40.1. |
Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը |
1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը։
2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հետևյալ ծախսերը.
1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը.
2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.
3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.
4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.
5) վարկի մարմանն ուղղված վճարումները.
6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.
7) ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
4. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են՝
1) ծախսի տեսակը.
2) կատարված ծախսի բովանդակությունը.
3) ծախսի չափը (գումարը).
4) ծախսի արժույթը:
5. Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրը կատարած ծախսերը:
(40.1-ին հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 41. |
Եկամուտների հայտարարագրի բովանդակությունը |
1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները։
2. Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ։
3. Եկամուտները հայտարարագրվում են առանց հարկերի և (կամ) պարտադիր այլ վճարների:
4. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.
1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.
3) ստացված փոխառությունները.
3.1) ստացված վարկերը (այդ թվում՝ հիպոտեկային).
4) տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.
5) շահաբաժինները.
6) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).
7) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
8) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված).
9) ժառանգության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները).
10) ապահովագրական հատուցումները.
11) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
12) գույքը (նաև հայտարարագրման ոչ ենթակա) օտարելուց ստացված եկամուտը.
13) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում.
14) միանվագ վճարները.
15) գույքային իրավունքներից ստացված եկամուտը.
16) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
17) կենսաթոշակը.
18) գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտը:
5. Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի 4-րդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները։
6. Եկամուտը հայտարարագրելիս նշվում են՝
1) եկամտի տեսակը.
2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն.
3) եկամտի չափը (գումարը).
4) եկամտի արժույթը։
6.1. Ստացված փոխառությունը հայտարարագրելիս նշվում են նաև տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ փոխառության մնացորդի չափը, ինչպես նաև ստացված փոխառության տոկոսադրույքը, նպատակային նշանակությունը:
6.2. Վարկը հայտարարագրելիս նշվում են նաև վարկի նպատակային նշանակությունը, տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը, իսկ հիպոտեկի դեպքում՝ նաև հիպոտեկի առարկան և դրա գտնվելու վայրը:
7. Հայտարարագրման ենթակա չէ հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամուտը կամ նույն տեսակի եկամտի հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների:
8. Պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրն ստացված եկամուտները:
9. Ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով:
(41-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 42. |
Շահերի հայտարարագրի բովանդակությունը |
1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն կամ որի իրական շահառու են հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, կազմակերպությունում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) չափը, մասնակցությունը ձեռք բերելու կամ իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարին, կամ որի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց իրավասու են նշանակելու կամ ազատելու հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն: Սույն մասի իմաստով իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը։
2. Հայտարարագրի` «Ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, որի կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված է հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև այդ կազմակերպությունում անձի կարգավիճակը:
3. Հայտարարագրի՝ «Պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, որում հայտարարատու պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման, կամ հավատարմագրային կառավարչի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, պայմանագրի գործողության ժամկետը:
4. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, կազմակերպությունում անձի կարգավիճակը:
5. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են կուսակցության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է, կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, կուսակցությունում անձի կարգավիճակը:
6. Հայտարարագրի՝ «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը, նրանց հասցեները, տվյալներ պայմանագրի կնքման գործընթացի մասին, պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, ինչպես նաև գինը (արժեքը):
7. Սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերում նշված պայմանագրերի առնչությամբ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ գործող պայմանագրերը, իսկ տարեկան հայտարարագրերում` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կնքված պայմանագրերը:
(42-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.04.19 ՀՕ-26-Ն, խմբ. 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 43. |
Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը |
1. Հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը: Անշարժ գույքի գտնվելու վայրը կարող է հրապարակվել՝ առանց դրա հասցեն և այն նույնականացնող տվյալները հրապարակելու:
3. Անչափահասի հայտարարագրի տվյալները, բացառությամբ նրա անվան, հայրանվան և ազգանվան, հրապարակման ենթակա չեն:
4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։
5. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարագիրը մնում է հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում հայտարարագիրն արխիվացվում է: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագիրը վերականգնվում և հրապարակվում է:
6. Հայտարարագրի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
(43-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 7
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Հոդված 44. |
Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները |
1. Պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար ստեղծվում են էթիկայի առանձին հանձնաժողովներ։
2. Հանրային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետևում են պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության մասին օրենքներով ստեղծված էթիկայի հանձնաժողովները, որոնց գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության մասին օրենքներով:
Հոդված 45. |
Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների լիազորությունները |
1. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները՝
1) քննում և լուծում են հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները.
2) հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ են ներկայացնում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձին:
Հոդված 46. |
Բարեվարքության հարցերով կազմակերպիչը |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի հանրային ծառայության պաշտոն:
2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝
1) հանրային ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.
2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.
3) համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.
4) մշակում է հանրային ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում տվյալ մարմնում հաստատման.
5) վարում է հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վիճակագրություն:
3. Պետական ծառայության առանձին տեսակները և համայնքային ծառայությունը կարգավորող օրենքների համաձայն ձևավորված էթիկայի հանձնաժողովները, որոնք գործում են մշտական հիմունքներով, իրականացնում են սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված գործառույթը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 47. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների երաշխիքներն են`
1) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար անվտանգ, առողջության համար անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.
2) վարձատրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները.
3) ամենամյա վճարովի արձակուրդը.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.
5) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
7) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը։
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար կարող են սահմանվել նաև այլ սոցիալական երաշխիքներ։
Հոդված 48. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական ապահովությունը |
1. Յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ և հանրային ծառայող առանց որևէ խտրականության ունի օրենքով սահմանված չափով վարձատրության իրավունք։
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողն ստանում են վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում։
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի սոցիալական (նաև կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 49. |
Հանրային ծառայության ստաժը |
1. Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։
2. Հանրային ծառայության ստաժը ներառում է նաև պետական և համայնքային պաշտոններում աշխատանքը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները:
3. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության և (կամ) պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։
Գ Լ ՈՒ Խ 9
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ
Հոդված 50. |
Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը |
1. Հանրապետության նախագահին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
2. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
3. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Դատական դեպարտամենտի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
5. Բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մարմինների հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
Հոդված 51. |
Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը |
1. Ազգային ժողովի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:
2. Սահմանադրական դատարանի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:
3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և դատական դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ:
4. Վարչապետը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ղեկավարների առաջարկությունների հիման վրա:
5. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների ղեկավարներն առաջարկությունը ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները՝ համապատասխան նախարարի միջոցով:
6. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր:
7. Միջնորդությանը կցվում են`
1) բարձրագույն դասային աստիճանի շնորհման հիմնավորումը.
2) բարձրագույն դասային աստիճանի շնորհմանը ներկայացված անձի կենսագրությունը.
3) բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
8. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է գրավոր, որին կցվում են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի:
9. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին՝ մատնանշելով համապատասխան թերությունները:
10. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:
Հոդված 52. |
Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու կարգը |
1. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:
2. Հանրապետության նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է հրամանագրի ընդունմամբ։
3. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմին չվերադարձնելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն է տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ:
Հոդված 53. |
Բարձրագույն դասային աստիճաններից զրկելը |
1. Բացառությամբ հանցագործության համար որպես պատիժ նշանակելու դեպքի, բարձրագույն դասային աստիճանից զրկում է Հանրապետության նախագահը:
2. Բարձրագույն դասային աստիճաններից զրկելու վերաբերյալ միջնորդությանը կցվում են՝
1) բարձրագույն դասային աստիճանից զրկելու հիմնավորումը.
2) բարձրագույն դասային աստիճանից զրկելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
3. Բարձրագույն դասային աստիճանից զրկումը կատարվում է սույն գլխով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 54. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ 31-33-րդ հոդվածների, 34-րդ հոդվածի 1-12-րդ մասերի, 35-40-րդ հոդվածների, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի երկրորդ նախադասության, 3-5-րդ մասերի:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքը, բացառությամբ 23-24-րդ, 28-րդ, 30-37-րդ հոդվածների, 38-րդ հոդվածի 3-րդ մասի, 4-րդ մասի առաջին նախադասության, 38.1-40-րդ, 41-րդ հոդվածի 1-ին մասի, 41.1-44-րդ հոդվածների, 52-րդ հոդվածի 5-րդ մասի:
3. Սույն օրենքի 31-33-րդ հոդվածները, 34-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ են մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 23-24-րդ, 30-31-րդ հոդվածների, 32-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
4. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերը, 35-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները:
5. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում հիշատակված վարքագծի կանոնագիրքը, ինչպես նաև հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններն ընդունվում (սահմանվում) են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը: Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները սահմանվում են մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները:
6. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասի առաջին նախադասությունը, 39-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-ին մասը, 41.1-44-րդ հոդվածները, 52-րդ հոդվածի 5-րդ մասը շարունակում են գործել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:
7. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 38.1-ին և 38.2-րդ հոդվածները շարունակում են գործել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի ձևավորումը:
(54-րդ հոդվածը փոփ. 14.03.19 ՀՕ-3-Ն)
Հոդված 55. |
Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցումը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը եռամսյա ժամկետում սահմանում է անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման ժամանակացույց և կարգ:
Հոդված 56. |
Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրերի հաստատումը |
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, հաստատվում են հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնների անձնագրերը:
Հոդված 57. |
Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքից բխող այլ օրենքներում փոփոխությունները կատարել վեց ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, ընդունել սույն օրենքի կիրառումն ապահովող Կառավարության որոշումները:
Հոդված 58. |
Պաշտոնավարման առանձնահատկությունները |
1. Այն նախարարություններում, որտեղ համալրված են և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, և մամուլի քարտուղարի պաշտոնը, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թափուր դառնալը: Թափուր դառնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այդ պաշտոնը հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն:
2. Այն նախարարություններում, որտեղ չկա մամուլի քարտուղարի պաշտոն, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եռամսյա ժամկետում հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն, և զբաղեցվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի կողմից նույն օրը:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջները տարածվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու դեպքում:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնավարող աշխատակազմի ղեկավարների վրա:
5. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կառավարման համակարգի մարմիններում և մարզպետարաններում խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Նրանք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից: Մյուս պետական մարմիններում, որտեղ խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձինք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները, և չկա օրենքով նախատեսված պաշտոնից ազատման այլ հիմք, շարունակում են զբաղեցնել պաշտոնը: Այն պետական մարմիններում, որտեղ սահմանված են խորհրդականի պաշտոններ, և այդ պաշտոնները սահմանված չեն սույն օրենքով, այն զբաղեցնող անձինք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից:
Հոդված 59. |
Հայտարարագրման ժամկետները |
(հոդվածն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-200-Ն)
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 7-րդ գլխում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» բառերը կարդալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»՝ համապատասխան հոլովաձևերով:
2. (մասն ուժը կորցրել է 14.03.19 ՀՕ-3-Ն)
(60-րդ հոդվածը փոփ. 14.03.19 ՀՕ-3-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 29
Երևան
ՀՕ-206-Ն |
|