ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
22 նոյեմբերի 1996 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ`
Հանրապետության Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչներ Շ. Քոչարյանի, Հ. Խաչատրյանի, Տ. Ջանոյանի,
Հանրապետության Նախագահի թեկնածու Աշոտ Մանուչարյանի ներկայացուցիչներ Ա. Արշակյանի, Ս. Զոլյանի, Հ. Ասրյանի,
պատասխանող կողմի` կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Խ. Բեզիրջյանի, Տ. Մուկուչյանի, Վ. Նազարյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով և 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 25 հոդվածի 3 կետով և 57 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «1996 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ են հանդիսացել Հանրապետության Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքները և դրանց հիման վրա կայացված որոշումը` Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, անվավեր ճանաչելու վերաբերյալ, և Հանրապետության Նախագահի թեկնածու Աշոտ Մանուչարյանի սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը` Հանրապետության Նախագահի ընտրության քվեարկությունների արդյունքները վիճարկելու մասին:
Սահմանադրական դատարանը, 1996 թ. հոկտեմբերի 28-ի նիստում քննարկելով Հանրապետության Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի դիմումը, աշխատակարգային որոշում է կայացրել` գործն ընդունել քննության: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով սահմանված կարգով գործը քննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար զեկուցողներ են նշանակվել սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանը, Հ. Խաչատրյանը և Վ. Հովհաննիսյանը:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40 և 57 հոդվածներով, սահմանադրական դատարանի որոշմամբ սույն գործով պատասխանող կողմ է ճանաչվել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը «Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի համաձայն ամբողջ հանրապետությունում ընտրությունները կազմակերպող և վերահսկող մարմինն է, և գործով վիճարկվում է նրա կայացրած որոշումը:
Սահմանադրական դատարանը, 1996 թ. հոկտեմբերի 30-ի նիստում քննարկելով Հանրապետության Նախագահի թեկնածու Աշոտ Մանուչարյանի դիմումը, աշխատակարգային որոշում է կայացրել գործը քննության ընդունելու վերաբերյալ: «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով սահմանված կարգով գործը քննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար զեկուցողներ են նշանակվել սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանը, սահմանադրական դատարանի անդամներ Մ. Սևյանը և Վ. Սահակյանը:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 45 և 65 հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանը 1996 թ. նոյեմբերի 7-ի նիստում որոշել է միավորել և դատարանի նույն նիստում քննել Վ. Մանուկյանի և Ա.Մանուչարյանի դիմումների հիման վրա սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերը:
Լսելով սույն գործով զեկուցողներ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումները, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, միջնորդությունները և առաջարկությունները, գործով վկաների բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվել է 1996 թ. սեպտեմբերի 22-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածում նախատեսված ժամկետում, «Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 և 8 հոդվածներին համապատասխան ձևավորված թվով 1598 ընտրական տեղամասում: Ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքը վերահսկելու նպատակով հանրապետության տարածքում, «Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով, կազմավորվել և գործել են թվով 930 համայնքային և 11 մարզային ընտրական հանձնաժողովներ: Ընտրության ողջ գործընթացը կազմակերպել և վերահսկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի կազմը, օրենքով նախատեսված կարգով, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. հունիսի 25-ի թիվ 190 որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով Հանրապետության Նախագահի ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման գործընթացին դիտորդի կարգավիճակով մասնակցել են ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհուրդը, ԵԱՀԿ Ժողովրդավարական օրենքների ու մարդու իրավունքների գրասենյակը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանը ներկայացնող 100 դիտորդներ: Նրանց` ընտրության գործընթացում օտարերկրյա դիտորդի համար «Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 26, 29, 30 հոդվածներով նախատեսված գործառույթների իրականացման հնարավորություն է տրվել:
«Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 22 հոդվածներում նախատեսված կարգով Հանրապետության Նախագահի ընտրության օրը քվեաթերթիկում ընդգրկված են եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված` Հանրապետության Նախագահի թեկնածուներ Սերգեյ Բադալյանը, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 1996 թ. սեպտեմբերի 29-ին պաշտոնապես հրապարակված` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներին համապատասխան հանրապետությունում ընտրություններին մասնակցել է 1333204 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը կազմել է 1249893, որից 79.347-ը քվեարկել է Հանրապետության Նախագահի թեկնածու Սերգեյ Բադալյանի օգտին (6,34%), 516.129-ը` Հանրապետության Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին (41,29%), 7529-ը` Հանրապետության Նախագահի թեկնածու Աշոտ Մանուչարյանի օգտին (0,6%), 646.888-ը` Հանրապետության Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին (51,75%):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ (16 կողմ, 2 դեմ) 1996 թ. սեպտեմբերի 29-ին ընդունված որոշմամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հանրապետության Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը 1996 թ. հոկտեմբերի 24-ին սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով այդ որոշումը համարում է անընդունելի: Դիմող կողմը գտնում է, որ ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում խախտվել է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքը և քվեարկության գաղտնիությունը, որը ուղղակիորեն ազդել է ընտրության արդյունքների վրա:
Ըստ դիմող կողմի, նման խախտումների առկայությունը հիմնավորվում է իր կողմից ներկայացվող փաստաթղթերով, ընտրական հանձնաժողովների արձանագրություններում և պաշտոնապես հրապարակված արդյունքներում թվային տվյալների անհամապատասխանություններով, առանձին տեղամասերում ընտրողների քվեարկության մասնակցության տոկոսի արհեստական բարձրացումով, ականատեսների գրավոր բացատրություններով, ինչպես նաև օտարերկրյա դիտորդների արձանագրած փաստերով:
Հանրապետության Նախագահի թեկնածու Աշոտ Մանուչարյանը 1996 թ. հոկտեմբերի 25-ին սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում, որով վիճարկում է Հանրապետության Նախագահի ընտրության քվեարկությունների արդյունքները` հիմք ընդունելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության 1996 թվականի հոկտեմբերի 16-ի վերջնական հայտարարությունում բերվող փաստարկները, և սահմանադրական դատարան է ներկայացրել այդ հայտարարությունից քաղվածքներ:
Համարելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական հայտարարությունում բերված փաստարկները բավարար հիմք են տալիս եզրակացնելու, որ հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին, Աշոտ Մանուչարյանը խնդրում է Հանրապետության Նախագահի 1996 թ. սեպտեմբերի 22-ի ընտրության քվեարկությունների արդյունքները ճանաչել անվավեր:
Գործով պատասխանող կողմը առարկում է դիմողներին և գտնում, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփել է «Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի պահանջին համապատասխան` մարզերում քվեարկության արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, իսկ դիմողների նշած իրավախախտումները կարող են ապացուցված համարվել միայն վերադաս ընտրական հանձնաժողովի որոշման կամ ընդհանուր իրավասության դատարանների համապատասխան վճիռների առկայության պայմաններում, սակայն դիմողներն այդ մարմիններին, որպես կանոն, չեն դիմել և նման որոշումներ, վճիռներ չկան:
Սահմանադրական դատարանի պահանջով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
Հանրապետության Նախագահի 1996 թ. սեպտեմբերի 22-ի ընտրության ամփոփիչ արձանագրության և դրա հիման վրա ընդունված որոշման պատճենները,
կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքների պատճենները,
կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1996 թ. սեպտեմբերի 29-ի նիստի արձանագրության պատճենը,
մարզերում քվեարկության վերջնական ամփոփ արդյունքների արձանագրությունների պատճենները և մարզային ընտրական հանձնաժողովների անդամների հատուկ կարծիքների պատճենները,
տեղեկանքներ` օրենքով նախատեսված կարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովում և մարզային հանձնաժողովներում ստացված գանգատների ու դրանց քննարկման մասին,
կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները «Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ անցնող ՀՀ քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու և այդ ցուցակներով քվեարկություն անցկացնելու կարգի մասին» և «Մարզային ընտրական հանձնաժողովներում ստուգումների կազմակերպման կարգի մասին»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել և ստացվել են նաև Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների մասին տվյալները` ըստ 930 համայնքների, և 1155 տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալները (այդ թվում Երևանի բոլոր ընտրական տեղամասերի տվյալները):
Սահմանադրական դատարանի կողմից նշված նյութերը հետազոտվել են, իսկ դրանց մի մասի կապակցությամբ կողմերից և հրավիրված վկաներից պահանջվել են բացատրություններ և պարզաբանումներ:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանից և արդարադատության նախարարությունից ստացվել են տեղեկանքներ այն մասին, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարաններում դիմումներ չեն եղել:
Սահմանադրական դատարանի պահանջով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական օրենքների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից ստացված 1996 թվականի հոկտեմբերի 16-ի` Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրության վերաբերյալ վերջնական հայտարարության ամբողջական տեքստը` անգլերեն, և դրա հայերեն թարգմանությունը:
Հանրապետության նախագահի թեկնածու Վ. Մանուկյանի կողմից ներկայացվել են հետևյալ բնույթի փաստաթղթեր. առաջին` վստահված անձանց ու հանձնաժողովների անդամների հատուկ կարծիքներ, արձանագրություններ և տարբեր բնույթի այլ գրություններ, երկրորդ` դրանց հիման վրա դիմողի ներկայացուցիչների կողմից պատրաստված տեղեկանքներ և վերլուծություններ, երրորդ` ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների պատճեններ:
Առաջին խումբ փաստաթղթերը, որոնք արտացոլում են դիմող կողմի հիմնական փաստարկներն առանձին տեղամասերում և հանձնաժողովներում իրենց կողմից մատնանշված օրինախախտումների մասին, ստորագրել են ընտրության արդյունքները վիճարկող կողմից ընտրությունների կազմակերպմանը, անցկացմանը և վերահսկմանը մասնակցած անձանց մոտ երեք տոկոսը:
Այդ փաստաթղթերի հետազոտությունը ցույց տվեց, որ դրանց զգալի մասը ենթադրություններ, տպավորություններ, չստուգված լուրեր են, ուստի ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող:
Հիշյալ փաստաթղթերում բերված գանգատների մոտ 14 տոկոսն է վերաբերում ընտրության արդյունքների ամփոփմանը: Մնացածը վերաբերում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլերին:
Բերված փաստարկների հավաստիությունն առանձին տեղամասերի օրինակով ճշտելու, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարության մեջ բերված փաստերի հետազոտման նպատակով սահմանադրական դատարանը կազմակերպեց 162 ընտրական տեղամասերի բոլոր փաստաթղթերի հատուկ ուսումնասիրություն: Այդ տեղամասերի թվում ընդգրկվել են գլխավորապես դիմող կողմերի մատնանշած` ստուգման ենթակա ընտրական տեղամասերը:
Արդյունքում պարզվեց, որ Երևանի 8/18, 8/21, 6/37, 7/8, 7/25, 7/33, 11/3, 11/23, 5/7, 5/13, 5/15, 5/20, 5/27, 5/33, 5/19, 7/20, 3/25, 4/4, 1/12 տեղամասերում քվեարկության հիմքերն ամբողջությամբ համապատասխանում են պաշտոնական տվյալներին:
Նման համապատասխանություն առկա է նաև Կոտայքի 23/1, 22/1, 17/1, 12/1, 45/1, 27/1, 67/1, Արագածոտնի 47/1, 58/1, 91/1, 53/1, 2/1, 2/2, 16/2, 110/1, 3/1, 51/1 և 68/1, Արարատի 68/1, 81/1, 44/1, 40/1, 20/1, 52/1, 50/1, 56/1, 45/1, 4/1, 4/2, 4/3, Արմավիրի 27/1, 29/1, 40/1, 47/1, 56/1, 70/1, 83/1, 76/1, 52/1, 7/1, 85/1, 80/1, 75/1, 1/9, 2/13, Տավուշի 45/1, 37/1, 44/1, 24/1, 13/1, 21/1, 55/1, Վայոց ձորի 32/2, 29/1, 6/1, 12/1, Լոռու 12/1, 29/1, 27/1, 38/1, 52/1, 95/1, 69/1, 104/1, 107/1, 102/1, 6/8, Գեղարքունիքի 44/1, 44/2, 68/1, 23/1, 27/1, 28/3, 39/1, 31/1, 31/2, 54/1, 11/1, 11/2, 45/1, 45/4, 45/6, 37/1, Շիրակի 3/2, 29/1, 43/1, 73/1, 64/1, 50/1, 17/1, 1/7 ընդհանուր թվով 110 տեղամասերում:
Թվով 41 տեղամասերում նկատվել են ամփոփիչ արձանագրությունների տվյալների մասնակի շեղումներ քվեարկության հիմքերից` 3-5 ձայնի կամ թվային նիշի տարբերությամբ:
Երևանի 3/28 ընտրական տեղամասում կտրոնների փաստացի և արձանագրված թվերի միջև տարբերությունը կազմել է 88, իսկ Գեղարքունիքի 28/1 տեղամասում Վ. Մանուկյանի ձայները պակաս են արձանագրվել 101-ով:
Երևանի 3/33, 6/2 տեղամասերում վիճելի է համապատասխանաբար 292 և 183 քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու հանգամանքը:
Երևանի 5/31 և 5/11 տեղամասերի հիմնական ու լրացուցիչ ցուցակներում կրկնվում են համապատասխանաբար 8 և 3 ընտրողների անուններ, իսկ 7/4 տեղամասում զինվորականների հետ միասին ցուցակներում ընդգրկվել է 28 սպա, որոնցից 9-ը չի մասնակցել քվեարկությանը:
Ուսումնասիրման արդյունքներով Երևանի 6/22 ընտրական տեղամասում` քվեատուփի հափշտակման, Երևանի 6/30, Արարատի 17/1 և Վայոց ձորի 42/1 ընտրական տեղամասերում ընտրական փաստաթղթերը կեղծելու փաստերի առիթով Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր:
Քրեական գործեր են հարուցվել նաև Վայոց ձորի 3/1 և Գեղարքունիքի 28/1 ընտրական տեղամասերից քվեարկության թերթիկներ հափշտակելու և ընտրական փաստաթղթերում կեղծիքներ թույլ տալու փաստերի առիթով:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետության դատախազությունը քննության առնի նաև Երևան քաղաքի մարզային ընտրական հանձնաժողովի աշխատանքներում տեղ գտած թերացումների վերաբերյալ փաստերը, ինչպես նաև Երևանի 11/6, 11/30, Արագածոտնի մարզի 21/1, 48/1, Արմավիրի մարզի 59/2 և 93/1 ընտրական տեղամասերում դիմող կողմի ներկայացրած ամփոփիչ արձանագրությունների և պաշտոնական տվյալների անհամապատասխանության հանգամանքները:
Հանրապետության Նախագահի թեկնածու Վ. Մանուկյանի վստահված անձանց կողմից ձեռք բերված և սահմանադրական դատարան ներկայացված թվով 1035 ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների և նույն տեղամասերում քվեարկության արդյունքների պաշտոնական տվյալների համեմատությունից պարզվեց, որ մասնակի անհամապատասխանություններ կան ընդամենը 9 տեղամասի տվյալներում:
Հանրապետության Նախագահի ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ դիմող կողմերի կոնկրետ փաստարկների հանգամանքների քննությունը դուրս է սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների և նրանց վստահված անձանց կողմից ընտրությունների նախապատրաստման ու անցկացման, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում ծագած վեճերի լուծման վերաբերյալ օրենքի ընձեռած հնարավորություններն անբավարար են օգտագործվել:
Այսպես, «Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (9, 10, 11, 13, 18, 19, 21, 30 հոդվածներ) հնարավորություն է ընձեռել գանգատարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, իսկ ընտրական հանձնաժողովներին պարտավորեցնում է վերանայել և վերացնել ստորադաս ընտրական հանձնաժողովների անօրինական որոշումներն ու գործողությունները: Օրենքի 13 հոդվածը, որն ամբողջովին նվիրված է ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների գանգատարկման կարգին, նախատեսում է, որ ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման և կտրոնների հաշվման վերաբերյալ որոշումները գանգատարկվում են վերադաս` մարզային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները (բացառությամբ ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումների) և գործողությունները կարող են գանգատարկվել գերագույն դատարան:
Չնայած գանգատների քննարկման նման կարգի գոյությանը, սահմանադրական դատարանում գործի քննությամբ ձեռք բերված ապացույցները վկայում են, որ դիմող կողմերի իրավասու անձինք գրեթե չեն իրացրել այս հարցում օրենքով նախատեսված իրենց իրավունքները:
Իրենց հերթին կենտրոնական ընտրական հանձնաժողովը և մարզային ընտրական հանձնաժողովները թերացել են տեղամասերում և համայնքներում քվեարկության արդյունքների ստուգումների արդյունավետ կազմակերպման գործում, որը մեծացրել է անվստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ, չնայած ընտրությունների մասին օրենսդրության ակնհայտ բարելավմանը, ընտրությունների կազմակերպման, անցկացման և քվեարկությունների արդյունքների ամփոփման վրա լուրջ բացասական ազդեցություն են ունեցել «Հանրապետության Նախագահի ընտրության մասին» և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները:
Սահմանադրական դատարանը համարում է, որ արդարացված չէ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 8, 9 և 10 հոդվածներով ամրագրված կուսակցական ներկայացուցչության սկզբունքի հիման վրա ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը:
Թերի կամ ոչ լրիվ են լուծված զինվորականների քվեարկությունների կազմակերպման, քվեարկությունների արդյունքների ստուգումների, արձանագրությունների տվյալների անճշտությունների գնահատման հարցերը: Պարզեցման ու հստակեցման կարիք ունի քվեարկության արդյունքների ամփոփման և արձանագրությունների կազմման կարգը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ 1996 թվականի սեպտեմբերի 22-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվել է օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան:
Ուսումնասիրելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը, սահմանադրական դատարանը գտավ, որ ամբողջական հաշվեկշռվածություն գոյություն ունի մարզային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ տվյալների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության տվյալների, ինչպես նաև վերջինիս տարբեր ցուցանիշների միջև: Դա վկայում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների թվային որևէ աղավաղում տեղի չի ունեցել և ընտրության արդյունքների վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովների տվյալներն ամփոփվել են ճշգրիտ:
Միաժամանակ, նկատի ունենալով հատկապես Երևան քաղաքում ընտրությանը մասնակցածների և առկա կտրոնների ու քվեաթերթիկների արձանագրված թվային մեծ տարբերությունը, սահմանադրական դատարանը համադրեց Երևան քաղաքի բոլոր 303 տեղամասային հանձնաժողովների ու 12 համայնքային հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների տվյալները: Պարզվեց, որ տեղ են գտել մի շարք թվաբանական անճշտություններ ու շեղումներ: Մասնավորապես, քաղաքային հանձնաժողովը ընտրողների թիվը պակաս է հաշվարկել 14570-ով, ընտրությանը մասնակցածների թիվն ավելի է հաշվարկել 21836-ով: Ինչ վերաբերում է Երևանում քվեարկությանը մասնակցածների ու քվեատուփերում առկա քվեաթերթիկների ամփոփ թվերի իրական տարբերությանը, ապա այն ընդամենը հավասար է 1114-ի: Ընտրությանը մասնակցածների ու կտրոնների թվային տարբերությունը 919 է:
Եթե նախագահական ընտրության արդյունքների ամփոփման համար հիմք ընդունվի Երևան քաղաքի 303 ընտրական տեղամասերի` ստուգման կարգով ամփոփված տվյալները, ապա պարզվում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների որակական փոփոխություն տեղի չի ունենում` Նախագահի թեկնածուների օգտին տրված ձայների հարաբերակցությունը գրեթե մնում է անփոփոխ:
Մարզային ընտրական հանձնաժողովների կողմից Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփման ճշգրտությունն ստուգելու նպատակով սահմանադրական դատարանն ուսումնասիրեց 1996 թ. հոկտեմբերի 22-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված և ապա դատարանի պահանջով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված` ըստ համայնքների ամփոփված ընտրության արդյունքների ամբողջական տվյալները: Այս դեպքում նույնպես Նախագահի թեկնածուների օգտին տրված ձայների հարաբերակցությունը համապատասխանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ տվյալներին:
Թեկնածուների օգտին տրված ձայների վրա քվեատուփերում առկա քվեաթերթիկների ու կտրոնների թվի կամ ընտրությանը մասնակցածների ու կտրոնների, կամ քվեաթերթիկների թվի տարբերության ազդեցությունը գնահատելիս, ինչպես նաև հաշվի առնելով արձանագրությունների տվյալների անհամապատասխանությունները, պարզվում է, որ այս դեպքում էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ Հանրապետության Նախագահ ընտրված թեկնածուի օգտին տրված ձայները թեկնածուների օգտին տրված ընդհանուր ձայների կեսից ավելին են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածով, 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հանրապետության Նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Աշոտ Մանուչարյանի պահանջը` Հանրապետության Նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 22-ի ընտրության արդյունքները և Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1996 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին, մերժել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ |
Գ. Հարությունյան |
22 նոյեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-26 |