ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական և բնօգտագործման վճարների (այսուհետ` վճարներ) հասկացությունները, վճարողների շրջանակը, վճարների տեսակները, հաշվարկման և վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը, կարգավորում է վճարների հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. |
Բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները |
Բնապահպանական վճար` բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող պարտադիր վճարն է:
Բնօգտագործման վճար` պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև տարբեր որակի բնական պաշարներ օգտագործողների համար տնտեսավարման հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այդ պաշարների օգտագործման դիմաց սույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճարն է:
Հոդված 3. |
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողները |
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ:
Հոդված 4. |
Բնապահպանական վճարի տեսակները |
Բնապահպանական վճարի տեսակներն են`
ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար.
բ) արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար.
գ) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:
Հոդված 5. |
Բնօգտագործման վճարի տեսակները |
Բնօգտագործման վճարի տեսակներն են`
ա) ջրօգտագործման համար.
բ) օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար.
գ) կենսապաշարների օգտագործման համար:
Հոդված 6. |
Վճարողների հաշվառման կարգը |
Վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. |
Վճարների դրույքաչափերը |
Բնապահպանական վճարների դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. |
Վճարների հաշվարկման և վճարման կարգը |
Վճարողները վճարների գումարները հաշվարկում են ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ, և պետական բյուջե են վճարում սույն օրենքին համապատասխան:
Հոդված 9. |
Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը |
1. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:
2. Ձկնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:
3. Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված օգտակար հանածոների ծավալների հիման վրա:
4. Կենսապաշարների օգտագործման համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի սույն օրենքին համապատասխան հաշվարկված լինելը:
6. Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքի համաձայն հաշվարկված տույժերի գումարները գանձում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային մարմիններ):
Հոդված 10. |
Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը |
1. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան:
Ֆիզիկական անձինք օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարում են` ելնելով սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժիչավոր փոխադրամիջոցների տեսակից և սահմանված դրույքաչափից:
2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:
3. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում աղբյուսներում և արտադրական հարթակներում տեղադրված արտադրական և սպառման թափոնների ծավալներից և վտանգավորության դասից և վճարվում է սույն օրենքին համապատասխան:
Հոդված 11. |
Վճարների հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները |
1. Վճարների եռամսյակային հաշվետվությունները և դրանց հաշվարկները ներկայացվում են համապատասխան լիազոր և հարկային մարմիններ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
2. Վճարողները հաշվարկված վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:
4. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:
Հոդված 12. |
Վճարների վճարման արժույթը |
Վճարները վճարվում են հայկական դրամով:
Հոդված 13. |
Ավելի վճարված վճարների գումարների վերադարձը |
Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված գումարները վճարողի դիմումի համաձայն հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում են` դիմումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. |
Վճարողների իրավունքները |
Վճարողներն իրավունք ունեն`
ա) վճարներ գանձող մարմիններից պահանջել կատարելու հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` վերահաշվարկ.
բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել վճարներ գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա վճարների գումարները.
դ) ստանալ համապատասխան տեղեկանք` վճարների վճարման մասին:
Հոդված 15. |
Վճարողների պարտականությունները |
Վճարողները պարտավոր են`
ա) սույն օրենքին համապատասխան, սահմանված դրույքաչափերից ելնելով, ինքնուրույն հաշվարկել և ժամանակին վճարել վճարների գումարները.
բ) անհրաժեշտության դեպքում վճարները գանձող մարմիններին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.
գ) ներկայացնել վճարների գծով արտոնության` իրենց իրավունքը հաստատող փաստաթղթերը.
դ) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված` թաքցված կամ պակաս ցույց տրված վճարների գումարների չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառումներում:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. |
Վճարների արտոնությունները |
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար:
2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են`
ա) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.
բ) Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
գ) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:
3. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները:
Հոդված 17. |
Վճարների արտոնությունների սահմանումը |
Բնապահպանական վճարների այլ արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. |
Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են վճարողները, իսկ իրավաբանական անձանց դեպքում` դրանց օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
Անուղղակի եղանակներով վճարի հաշվարկման ժամանակ հարկային մարմինները կարող են կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:
3. Վճարումներն ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,25 տոկոսի չափով:
4. Վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը, ինչպես նաև լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում հաջորդ յուրաքանչյուր 15 օրվա համար գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի այդ վճարի ընդհանուր գումարից:
5. Սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ գործառույթն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են վճարման պարտավորություններ` սույն օրենքով սահմանված կարգով:
6. Վճարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու (սահմանված հաշվետվություններում և հաշվարկներում վճարի գումարը ցույց չտալու, պակաս ցույց տալու կամ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելու) դեպքում գանձվում է սույն օրենքին համապատասխան հաշվարկված` թաքցված կամ պակաս ցույց տրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում վճարը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում նաև տուգանք` վճարի ամբողջ գումարի չափով:
Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև վճարի օբյեկտ հանդիսացող գույք չունենալու դեպքում վճարողը ներկայացնում է հայտարարություն, որը համարվում է լիազոր և հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ամփոփ ձև:
7. Թաքցված կամ պակաս ցույց տրված վճարը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տույժերը և տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 15-օրյա ժամկետում:
8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դիմել դատարան` վճարի բռնագանձման կամ գույքի վրա արգելանք դնելու պահանջով:
9. Եթե բնապահպանական կամ հարկային մարմիններն ունեն փաստեր այն մասին, որ չմարված վճարային պարտավորություններ ունեցող վճարողները վերացնում (լուծարում) են վճարման պարտավորություն առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են դրանք, որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել սույն օրենքով սահմանված վճարները, ապա այդ մարմինները կարող են միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակաշրջանը դրանք գանձելու համար: Այդ դեպքում բնապահպանական կամ հարկային մարմինները կարող են պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվություններ, հաշվարկներ և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր` մինչև դրանք ներկայացնելու ժամկետը լրանալը:
Հոդված 19. |
Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը |
Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 20. |
Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները |
1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես վճարի դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 6 հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը:
Հոդված 21. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ:
Գ Լ ՈՒ Խ 6.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. |
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար 1999 թվականին վճարների հաշվարկման և վճարման կարգը |
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները 1999 թվականին վճարները հաշվարկում և վճարում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 23. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|
Երևան 30 դեկտեմբերի 1998 թ. ՀՕ-270 |
|