ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՐԱՆՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին և սկզբունքներին,
Կարևորելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,
Կարևորելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,
Ընդգծելով ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանձնառությունը,
Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձևը, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝
Հայտարարում է, որ՝
Ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանությունը,
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից նրանց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում, ելնելով էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից, եզդի ժողովրդի նկատմամբ այդ խմբավորումների իրականացրած թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական և հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական և պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը,
Հայտնում է այս կապակցությամբ իր համերաշխությունն Իրաքի ժողովրդին և պետությանը,
Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,
Կոչ է անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում կանխելու, բացառելու և վերացնելու մարդու իրավունքների նման խախտումները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաբլոյան |
2018 թ. հունվարի 16 Հ-001 |
