ԳԵՈՐԳԻՈՍ ՊԱՊԱԳԵՈՐԳԻՈՆ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
CASE OF GEORGIOS PAPAGEOGIOU v. GREECE
Դատարանի 2003թ. մայիսի 9-ի վճիռը
Ստրասբուրգ
ՓԱՍՏԵՐ
I.ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողը ծնվել է 1955թ. և ապրում է Ագիոս Ստեֆանոսում (Ատիկա):
8. 1990թ. մայիսի 30-ին Հունաստանի առևտրային բանկը դիմել է իր մի քանի աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելու պահանջով, այդ թվում՝ նաև դիմողի դեմ՝ կապված փաստաթղթերի ոչնչացման, կեղծման, հրապարակման և խարդախության հետ, հանցանքներ որոնք բանկին պատճառել էին ավելի քան 20,000,000 դրախմի կորուստ: Բանկը կասկածել է, որ իր աշխատակիցներն օգտագործել են Հունական Երկաթուղիների (‘’the OSE’’) հաշիվը՝ չեկագրքույկի յոթ չեկերի պարտագրման միջոցով: Չեկագրքույկը թողարկվել էր երկաթուղային ընկերության անվամբ, սակայն փաստացի երբևէ չէր օգտագործվել նրա կողմից: 1990թ. հունիսի 2-ին դատախազը քրեական գործ է հարուցել դիմողի դեմ:
9. 1991թ. մարտի 27-ին դիմողը կանչվել է քննող դատավորի մոտ և վերցվել նախնական կալանքի տակ: 1991թ. ապրիլի 23-ին նա ազատ է արձակվել գրավով` դատական հսկողության պայմանով, կիրառվել է նաև երկիրը լքելու արգելք:
10. 1992թ. հունիսի 26-ի որոշմամբ Աթենքի Վերաքննիչ դատարանի մեղադրական բաժինը մեղադրյալներից ոմանց, այդ թվում՝ նաև դիմողին, կանգնեցրել է Աթենքի՝ երեք դատավորից բաղկացած Վերաքննիչ դատարանի առջև: Վերաքննիչ դատարանը, որպես առաջին ատյանի դատարան, գործը լսել է երեք դատավորի կազմով:
11. 1994թ. մայիսի 27-ին նշանակված դատական նիստն առաջին անգամ հետաձգվել է մինչև 1996թ. հունվարի 26-ը՝ Աթենքի դատապաշտպանների միության անդամների գործադուլի պատճառով և, համապատասխանաբար, մինչև 1996թ. մայիսի 31-ը՝ մյուս ամբաստանյալներից մեկի վատառողջ լինելու պատճառով: Այդ օրը դատալսումը կրկին հետաձգվել է, այս անգամ մինչև 1997թ. հոկտեմբերի 13-ը:
12. 1996թ. հունիսի 4-ին դիմողը, որը մինչև բանկում աշխատելը եղել է առևտրային նավատորմի սպա, դիմել է՝ երկիրը լքելու արգելքը վերացնելու խնդրանքով, որպեսզի կրկին կարողանա աշխատել նավատորմում: Նա բողոքել է, որ իրեն անհրաժեշտ է վճարովի աշխատանք, որպեսզի կարողանա օգնել իր կնոջն ու երեք երեխաներին, և նշել է, որ դատալսումները մի քանի անգամ հետաձգվել են հենց դատարանի կողմից: Այդուհանդերձ, նրա դիմումը մերժվել է դատախազի և, համապատասխանաբար, Վերաքննիչ դատարանի մեղադրական բաժնի, Վերաքննիչ դատարանի կողմից, որն ավելի վաղ մերժել էր նմանատիպ մի դիմում:
13. Վերջապես, դատալսումներն սկսվել են 1997թ. հոկտեմբերի 13-ին՝ մեղադրական բաժնի՝ 1992թ. հունիսի 26-ի որոշումից հետո հինգ տարի, երեք ամիս և տասնյոթ օր անց, և բողոքը ներկայացնելուց ու քրեական գործ հարուցելուց հետո՝ ավելի քան յոթ տարի անց: Դատալսումներն անցկացվել են 1997թ. հոկտեմբերի 13,14,15,21, և 29-ին: Ամբաստանյալներից մեկը միջնորդել է դատարանում ներկայացնել Բանկի համակարգչի ժապավենը (բայց ոչ գործին առնչվող չեկերը): Բանկի փաստաբանը ներկայացրել է Բանկի տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի հայտարարությունը, որը վկայում էր այն մասին, որ համակարգչի ժապավենների պատճեններն իսկական են: Հայտարարությունն ընթերցվել է դատալսման ժամանակ՝ չհարուցելով ամբաստանյալների որևէ հակազդեցություն: Դատական քննության ընթացքում ընթերցվել է առնվազն վաթսունվեց փաստաթուղթ և լսվել է երեք վկայի ցուցմունք:
Վերաքննիչ դատարանը դատավճիռ է կայացրել 1997թ. հոկտեմբերի 29-ին: Դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել և դատապարտել հինգ տարի և չորս ամիս ազատազրկման՝ ներառելով նախնական կալանքի տակ անցկացրած ժամկետը, և որոշում է կայացրել գործով անցնող յոթ չեկերի բռնագրավման և ոչնչացման մասին: Վերջապես, դատարանը որոշել է, որ եթե դիմողը որոշի բողոքարկել դատավճիռը, ապա բողոքարկումը կհետաձգի դատավճռի կատարումը:
14. Դիմողը դատավճիռը բողոքարկել է իրավասու դատարան՝ Աթենքի Վերաքննիչ դատարան, որը գործը քննել է հինգ դատավորի կազմով: 1998թ. փետրվարի 20-ին այդ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, սակայն ազատազրկման ժամկետը նվազեցրել է մինչև չորս տարի և տասն ամիս:
15. Դատական քննության ընթացքում դիմողը միջնորդել է ներկայացնել բանկի համակարգչի լոգ ֆայլերի և չեկերի բնօրինակներից քաղվածքներ և հրավիրել ձեռագրաբան փորձագետ պարոն Խալկիասին, որպեսզի վերջինս խաչաձև հարցաքննման ենթարկվի մեկ այլ ձեռագրաբան փորձագետի ներկայությամբ:
16. Վերաքննիչ դատարանը մերժել է այդ միջնորդությունները՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Բանկի կենտրոնական համակարգչի ձայնագրությունների ճշտությունն ու իսկությունը, որոնք ուղեկցվել են Բանկի գլխավոր կառավարչի հայտարարություններով, կասկածից վեր են, և քաղվածքների ներկայացումն անհրաժեշտ չէ: Կարիք չկա նաև կանչելու և խաչաձև հարցաքննելու պարոն Խալկիասին, քանի որ նա ներկայացրել է մանրամասն հաշվետվություն, որն ընթերցվել է դատաքննության ընթացքում: Վերջապես, համապատասխան չեկերի ֆոտոպատճենները, որոնց իսկության կապակցությամբ կողմերից որևէ մեկը կասկած չի արտահայտել, բավարարում են քննության պահանջները: Այդ պատճառով բնօրինակների տրամադրումը որևէ օգուտ չի տա»:
17. Վերաքննիչ դատարանն ընթերցել է ցուցմունքներ, որոնք արդեն իսկ ներկայացվել էին առաջին ատյանում, և լսել է մեղադրանքի կողմից՝ տասներկու և պաշտպանության կողմից՝ հինգ վկաների ցուցմունք:
18. Այն նշել է, որ հակառակ դիմողի պնդումներին, խնդրո առարկա չեկերի և OSE-ի հաշվի միջև կապը չէին կարողացել հաստատել Բանկի տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի անդամները, որն իրավասու է եղել միայն տվյալներ ներկայացնել մասնաճյուղերից: Այն նկատել է նաև, որ հանցանքը կատարելու օրը դիմողը եղել է համակարգիչն օգտագործող միակ անձը, որով և կատարվել է հանցագործությունը: Ձեռագրաբան փորձագետը եզրակացրել է, որ դիմողի ձեռագրի և ստորագրության հատկանիշները տեսանելի են չեկերի վրա: Վերջապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ դիմողը Բանկի սակավաթիվ աշխատակիցներից մեկն է, ով իմացել է OSE-ի հաշվի համարը և չեկեր դուրս գրելու իրավասություն ունեցող՝ OSE-ի աշխատակիցների անունները:
19. Դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել իրավունքի հարցերով: 1998թ. հոկտեմբերի 20-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է բողոքարկվող դատավճիռը՝ փաստաթղթերի ոչնչացման, կեղծման և հրապարակման մեղադրանքների առնչությամբ, և գործը վերադարձրել է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության՝ միայն խարդախության մեղադրանքի առնչությամբ:
20. Վերաքննիչ դատարանը նիստ է գումարել 1998թ. դեկտեմբերի 2-ին: Դիմողը կրկին պահանջել է ներկայացնել Բանկի լոգ ֆայլի հատվածները և Բանկի կառավարչի հայտարարությունն առ այն, որ վկայում էր, որ չեկերի ֆոտոպատճեններն իսկական են: Վերաքննիչ դատարանը մերժել է այդ պահանջները: Առաջին պահանջի կապակցությամբ այն որոշել է, որ անհնարին է եղել վերականգնել բանկի լոգ ֆայլի հատվածները, քանի որ համապատասխան տեսաժապավենները չեն պահպանվել, և ավելացրել է, որ գործով անցնող փաստաթղթերի իսկությունն ակնհայտ է դառնում փաստաթղթային այլ ապացույցներից: Երկրորդ պահանջը դատարանը մեկնաբանել էր, որպես փորձ պարզելու՝ արդյոք ամբաստանյալն ունեցել է հանցակից, քանի որ նրա մեղավորությունն ակնհայտ էր այլ ապացույցից: Վերաքննիչ դատարանը նաև որոշել է, որ ապացուցված չէ, որ չեկերի ֆոտոպատճենները եղել են կեղծված: Այն եզրակացրել է, որ ամբաստանյալը հանցագործությունը կատարել է նախապես կազմված պլանով, որը նա նպատակ է ունեցել իրագործել մի քանի անգամ՝ Հունական Երկաթուղիներից միջոցներ յուրացնելու նպատակով:
21. 1998թ. դեկտեմբերի 8-ին Վերաքննիչ դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով՝ նշելով, որ բանկի կրած կորուստը տեղի է ունեցել դրա աշխատակիցների խաբեության պատճառով, և որ համակարգիչն օգտագործված կամ չօգտագործված լինելու հարցը եղել է ոչ էական: Դատարանը դիմողին դատապարտել է երեք տարի և վեց ամիս ազատազրկման (հանած քսանութ օր, որը դիմողն արդեն անցկացրել էր նախնական կալանքի տակ եղած ժամանակ) և որոշում է կայացրել կեղծված չեկերը ոչնչացնելու մասին:
22. 1999թ. նոյեմբերի 30-ին Վճռաբեկ դատարանը դիմողի վճռաբեկ բողոքի հիման վրա հաստատել է Վերաքննիչ դատարանի դատավճիռը:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
…
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3(d) ԿԵՏԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
30. Դիմողը վիճարկել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(d) կետի խախտումը, համաձայն որի.
«Քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
...
(d) Հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու՝ իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տվող վկաները: ...»
31. Դիմողը հայտարարել է, որ իր դատապարտումը հիմնված է եղել յոթ կեղծված չեկերի վրա, որոնց բնօրինակները երբևէ Բանկի (դատավարության քաղաքացիական հայցվորի) կողմից չեն ներկայացվել գործի քննությունն իրականացնող դատարաններում: Նա միջնորդել է գործը քննող բոլոր դատարաններին կարգադրել ներկայացնել չեկերի բնօրինակները կամ Բանկի կողմից նույնական ճանաչված պատճենները, բայց նրա միջնորդություններն ամեն անգամ մերժվել են: Ձեռագրաբան փորձագետը եզրակացրել է, որ նա է կեղծման համար պատասխանատու անձը, սակայն դատարանները մերժել են խաչաձև հարցաքննության ենթարկել այդ փորձագետին մեկ այլ ձեռագրաբան փորձագետի ներկայությամբ: Նույն կերպ, դատարանները մերժել են կարգադրել ներկայացնելու Բանկի կենտրոնական համակարգչի լոգ ֆայլի որոշակի հատվածների բնօրինակները կամ դրանց հաստատված պատճենները, որոնք գրանցել են կեղծիքը կատարելու օրն իրականացված գործարքները: Ներկայացված փաստաթղթերը հավաստի և նույնական են ճանաչվել դատարանների կողմից բացառապես Բանկի կառավարիչների հայտարարությունների հիման վրա, որոնք, այդուհանդերձ, եղել են հակասական: Դիմողն առարկել է, որ եթե դատարանները կարգադրեին ներկայացնել չեկերի բնօրինակները, ապա կլիներ ապացույց առ այն, որ ինքը պատասխանատու չէ կեղծման համար: Նա պնդել է, որ դատարաններում ներկայացված փաստաթղթերի ֆոտոպատճենները ենթարկվել են փոփոխությունների:
32. Դիմողը հայտարարել է, որ դատական քննության ընթացքում ներպետական դատարանները դիտավորյալ թույլ չեն տվել, որպեսզի ինքն արդյունավետորեն վիճարկի այն ապացույցը, որն իր մեղադրողների կողմից պահանջվել է ներկայացման: Պետք է տեղի ունենար այդ ապացույցի նույնականության և վերաբերելիության արդյունավետ գնահատում, որպեսզի բավարարվեին արդարացի և հրապարակային դատաքննության պահանջները: Մյուս բոլոր ապացույցները եղել են հակասական և բավարար հիմք չեն եղել դատապարտման համար: Չնայած այն հանգամանքին, որ դատապարտումը սահմանափակվել է խարդախությամբ, դատարանների պատճառաբանություն-ներից պարզ է դառնում, որ հանցագործությունը պետք է, որ կատարված լինի չեկերի կեղծման միջոցով:
33. Հիմնվելով Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի ([GC], համար 30544/96, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 1999-I) գործի վրա` Կառավարությունը հայտարարել է, որ դիմողի՝ 6-րդ հոդվածի 3(d) կետի կապակցությամբ առկա գանգատը գործնականում հանդիսանում է ներպետական դատարանների՝ փաստերի և ապացույցների գնահատման վիճարկում: Կառավարությունը նշել է, որ գործը հինգ անգամ քննության է ենթարկվել բարձր ատյանի դատարանների կողմից (Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից), և որ դիմողը դատապարտվել է միայն մեկ, այլ ոչ թե երեք հանցագործությունների համար, որոնց կապակցությամբ նրան մեղադրանք էր առաջադրվել: Դատարանների գնահատականը հիմնված է ոչ միայն դիմողի գանգատում վկայակոչված ապացույցի վրա, այլ նաև բազմաթիվ փաստաթղթերի և վկաների ցուցմունքների վրա: 1998թ. փետրվարի 20-ին և դեկտեմբերի 8-ին հինգ դատավորի կազմով գործի քննությունն իրականացնող Վերաքննիչ դատարանը համապատասխան դատավճիռ է կայացրել մեղադրանքի և պաշտպանության կողմի մի քանի վկաների լսելուց հետո՝ հիմնավորելով իր եզրակացությունները, համապատասխանաբար, ութսունչորս փաստաթղթերով (առաջին դատավճիռ) և յոթանասունմեկ փաստաթղթերով (երկրորդ դատավճիռ), որոնք ընթերցվել են դատարանում:
34. Կառավարությունն ընդունել է, որ տվյալ գործի փաստերը, մասնավորապես այն փաստը, որ կեղծված չեկերի և Բանկի համակարգչի ժապավենի բնօրինակները չեն ներկայացվել դատարաններում, տարբերվել են Բարբերան, Մեսեգեն և Ջաբարդոն ընդդեմ Իսպանիայի գործից (1988թ. դեկտեմբերի 6-ի վճիռը, Մաս A, համար 146): Այն նշել է, որ Վերաքննիչ դատարանը իր եզրակացությունները հիմնավորել է դատական քննության ընթացքում ընթերցված մեծ թվով փաստաթղթերով, որոնց թիվն ավելի քան վաթսունվեց է եղել առաջին ատյանում, ինչպես նաև մի քանի վկաների հայտարարություններով: Վերաքննիչ բողոքի հիման վրա գործը քննելիս՝ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նույն փաստաթղթային ապացույցները և առաջին ատյանի դատարանից առավել մեծ թվով վկաների ցուցմունքները և իր որոշումը հիմնավորել է մանրամասն ու անվրեպ պատճառաբանությամբ:
35. Դատարանը կրկնել է, որ 6-րդ հոդվածի 3(d) կետով նախատեսված երաշխիքները 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ արդարացի դատաքննության իրավունքի կոնկրետ դրսևորում են: Որպես կանոն, ներպետական դատարանները, մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը պետք է գնահատի իրեն ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որը մեղադրյալը ցանկանում է ներկայացնել: Այդուհանդերձ, Դատարանը պետք է պարզի՝ արդյոք գործի վարույթն ընդհանուր առմամբ, ներառյալ մեղադրանքի և պաշտպանության իրականացման միջոցը, եղել է արդարացի, ինչպես պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով (տես վերը՝ Բարբերան, Մեսեգեն և Ջաբարդոն, էջ 31, կետեր 67-68):
36. Դատարանը կրկնել է նաև, որ արդարացի դատաքննության իրավունքի հիմնարար դրսևորումներից մեկն այն է, որ քրեական գործի քննությունը, ներառյալ ընթացակարգին վերաբերող տարրերը, պետք է լինեն մրցակցային, և որ պետք է առկա լինի կողմերի՝ մեղադրանքի և պաշտպանության հավասարություն: Քրեական գործում մրցակցային դատավարության իրավունքը նշանակում է, որ և' մեղադրանքի, և' պաշտպանության կողմերին պետք է հնարավորություն տրվի՝ տեղեկություն ունենալ և իրենց դիտողություններն արտահայտել մյուս կողմի արտահայտած դիտողությունների և ներկայացրած ապացույցների կապակցությամբ: Բացի դրանից, 6-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է, որպեսզի դատախազության մարմինները պաշտպանությանը ներկայացնեն իրենց տրամադրության տակ եղած՝ հօգուտ կամ ի վնաս մեղադրյալի բոլոր նյութական ապացույցները (տես՝ Ֆիտն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], համար 29777/96, ECHR 2000-II):
37. Դատարանը նշել է, որ, ի տարբերություն վերը բերված Ֆիտի գործի, տվյալ գործը վերաբերում է ոչ թե ապացույցները թաքցնելուն, այլ մերժմանը՝ պահանջելու ներկայացնել մեղադրանքի համար որպես ապացույց օգտագործված փաստաթղթերի բնօրինակները: Քննության ոչ մի փուլում գործի քննությունն իրականացնող դատարանները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Բանկի համակարգչի լոգ ֆայլի հատվածները կամ չեկերի բնօրինակները, կամ ստուգելու՝ արդյոք իրենց ներկայացված պատճենները համապատասխանում են բնօրինակներին, թե՝ ոչ: Ավելին, առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ոչնչացնել կեղծ ճանաչված չեկերը, որոնք կազմում են դիմողի գործով առկա ապացույցների վճռորոշ մասը: Ավելին, կեղծման համար դիմողի դատապարտումը մեծամասամբ հիմնված է եղել գործով առկա չեկերի ֆոտոպատճենների վրա: Վերաքննիչ դատարանի դատավճռից ակնհայտ է նաև, որ կեղծիքն իրականացնելու միջոցներ են եղել չեկերն ու համակարգիչը, որն անհրաժեշտ է եղել Բանկի կենտրոնական համակարգչից ամսաթիվը փոխելու համար: Այդպիսի հանգամանքներում Դատարանը գտնել է, որ չեկերի բնօրինակների ներկայացումը վճռորոշ կլիներ դիմողի պաշտպանության համար, քանի որ դա նրան հնարավորություն կտար, ինչպես նա է նշել, ցույց տալու, որ վճարման ցուցումները տրվել են Բանկի մյուս աշխատողների կողմից, ինչը կդրդեր դատավորներին եզրակացնելու, որ կեղծման համար մեղադրանքը եղել է անհիմն:
38. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից վկայակոչված այլ գրավոր ապացույցներին, Դատարանը, ինչպես և դիմողը, նշել է, որ փաստաթղթերը եղել են շատ տարատեսակ և վերաբերել են մյուս պաշտպանյալներին կամ հիմք չեն հանդիսացել դիմողի դատապարտման համար:
39. Հաշվի առնելով այն փաստը, որ չնայած նրա կրկնվող միջնորդություններին, ապացույցների էական մասերը պատշաճորեն չեն ներկայացվել և չեն քննարկվել դատարանում դիմողի ներկայությամբ, Դատարանը եզրակացրել է, որ դատավարությունը, ընդհանուր առմամբ, չի բավարարում արդարացի դատաքննության պահանջները:
40. Այդ պատճառով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3(d) կետերի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
41. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է , որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը, անհրաժեշտության դեպքում, տուժող կողմին տրամադրում է արդարացի բավարարում»:
A. Վնասը
42. Դիմողը պահանջել է դատավարության ողջ ընթացքում իր եկամուտների կորստի արդյունքում իր կրած վնասների հատուցում: Նա նշել է , որ իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Բանկը դադարեցրել է իր հետ կնքած պայմանագիրը, և ինքը դարձել է գործազուրկ: Գրավի դիմաց ազատվելուց հետո իր ընտանիքը պահելու նպատակով նա միջնորդել է, որպեսզի երկիրը լքելու արգելքը չխոչընդոտի իրեն առևտրային նավատորմում զբաղվելու կապիտանի աշխատանքով, որով նա զբաղվել էր մինչև Բանկում աշխատանքի անցնելը: Նա պնդել է, որ եթե մինչ այդ ժամանակը կարողանար շարունակել իր կարիերան՝ որպես ավագ սպա տանկերի վրա, նա ամսական կստանար 1,600,000 դրախմ (GRD) աշխատավարձ՝ երեսունվեց ամսվա ընթացքում, որից հետո նրան կշնորհվեր կապիտանի կոչում և կստանար ամսական 2,800,000 դրախմ վաթսուն ամսվա ընթացքում: Համապատասխանաբար, այդ շահույթի բացթողման արդյունքում պատճառված վնասը կազմել է 225,600,000 դրախմ (662,069 եվրո):
43. Դիմողը նշել է, որ նվաստացում, սոցիալական բարդ կացություն և բարոյական կերպարի կորուստ է ինքը կրել տասնմեկ տարի շարունակ, որի ընթացքում կրել է հանցագործի դրոշմ, և երկյուղել է, որ մասնագիտության բերումով և հասարակությունից իր ծանոթները կիմանան իր դրության մասին: Այս ամենը նրան և նրա ընտանիքին պատճառել է էական բարոյական վնաս, որը չի կարող վերանալ փոխհատուցման տրամադրումով՝ անկախ գումարի չափից: Նրա մայրը մահացել է ծանր հիվանդությունից՝ տրտմության և իր որդու համար կրած ամոթի զգացման հետևանքով: Նրա քույրը մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել՝ իր դեմ հարուցված գործի պատճառով: Այդ պատճառով նա պահանջել է 3, 000,000 դրախմ կրած բարոյական վնասի համար:
44. Կառավարությունը պնդել է, որ դիմողի մոր մահը և քրոջ վիճակը պայմանավորված են եղել քրոնիկ հիվանդություններով, որոնք ոչ մի պարագայում չեն կարող կապվել նրա դատապարտման հետ: Ըստ Կառավարության՝ եթե Դատարանը գտնի որևէ խախտում, ապա 10,000 եվրոն բարոյական վնասի համար, կլինի բավարար: Ինչ վերաբերում է նյութական վնասին՝ Կառավարությունը պատրաստ է եղել վճարելու 10,000 եվրո: Նա նշել է, որ դիմողի աշխատանքը՝ որպես կապիտան առևտրային նավատորմում, ո'չ երաշխավորված է եղել, ո'չ էլ մշտական, և նախ նշել է, որ նա չի ներկայացրել 1991-2001թթ. ընկած ժամանակահատվածում իր ունեցած եկամտի մասին որևէ տեղեկություն և, երկրորդ՝ 2002թ. նրա եկամուտը չի գերազանցել ամսական 2,935 եվրոն: Ավելին, առաջխաղացումը՝ ավագ սպայից կապիտանի կոչման (1-ին դաս) ինքնաբերաբար չէր, այլ պայմանավորված էր քննության հանձնմամբ:
45. Դատարանը գտնել է, որ տվյալ գործում արդարացի հատուցման տրամադրումը կարող է հիմնվել միայն այն փաստի վրա, որ ներպետական դատարաններում դիմողին չեն տրամադրվել 6-րդ հոդվածի երաշխիքները: Չնայած նա չի կարող հետևություն անել առ այն, թե արդյոք արդար դատաքննություն երաշխավորելու դեպքում դատաքննության ելքն արդար կլիներ, թե՝ ոչ, այն գտնում է, որ դիմողը կրել է բարոյական վնաս՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3(d) կետի խախտման պատճառով: Անկողմնակալորեն տալով իր գնահատականը, ինչպես որ պահանջվում է 41-րդ հոդվածով, Դատարանը դիմողին տրամադրել է 20,000 եվրո:
B. Իրավունքի վերականգնման այլ միջոցներ
46. Դիմողը միջնորդել է Դատարանին պարտավորեցնել Կառավարությանը բեկանել իր դատավճիռը և վերացնել դրա բոլոր հետևանքները, մասնավորապես նրանք, որոնք կապված են նրա դատվածության հետ:
47. Դատարանը կրկնել է, որ ինքը Կոնվենցիայի ուժով իրավասու չէ պարտավորեցնել կատարելու այն, ինչի վերաբերյալ միջնորդում է դիմողը (տես՝ Հիգինսը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի 1998թ. փետրվարի 19-ի վճիռը, Զեկույցներ 1998-I, էջ 62, կետ 50):
C. Ծախսեր և ծախքեր
48. Դիմողը պահանջել է հետևյալ գումարները՝ կապված ներպետական դատարաններում անցկացված դատաքննությունում իր կրած ծախսերի և ծախքերի հետ. (1) 400,000 դրախմ՝ իր նախնական կալանքի համար, (2) 400,000 դրախմ՝ 1991թ. գործի նյութերին ծանոթանալու համար, (3) 300,000 դրախմ՝ իր դատապաշտպանի՝ երկու նիստերի գալու համար, որոնք հետաձգվել էին, (4) 800,000 դրախմ՝ եռանդամ Վերաքննիչ դատարանին ներկայանալու համար, (5) 300.000 դրախմ՝ Վերաքննիչ ատյանում գործի նյութերին մեկ այլ փաստաբանի ծանոթանալու համար, (6) 700,000 դրախմ՝ հնգանդամ Վերաքննիչ դատարանին ներկայանալու համար, (7) 500,000 դրախմ՝ գործի նյութերին մեկ այլ փաստաբանի կողմից ծանոթանալու համար, (8) 1,000,000 դրախմ՝ 1998թ. փետրվարի 20-ին հնգանդամ Վերաքննիչ դատարանին ներկայանալու համար, (9) 600,000 դրախմ՝ դատավճռի կատարման մնացած մասի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար, (10) 600,000 դրախմ՝ Վճռաբեկ դատարանին իր առաջին բողոքը ներկայացնելու համար, (11) 600,000 դրախմ՝ Վճռաբեկ դատարանին իր երկրորդ բողոքը ներկայացնելու համար, (12) 600,000 դրախմ՝ Վճռաբեկ դատարանում իր երկրորդ բողոքը քննելու համար, և (13) 2,100,000 դրախմ՝ գործը Վերաքննիչ դատարան վերադարձվելուց հետո կատարված քննության համար: Այդ գումարները կազմել են ընդամենը 8,900,000 դրախմ (26,119 եվրո): Իր պահանջն ամրապնդելու համար դիմողը ներկայացրել է ընդամենը 2,900,000 դրախմ կազմող հինգ չեկեր:
49. Այնուհետև դիմողը պահանջել է 39,456 դրախմ՝ Դատարանում անցկացված քննությանը պաշտպանի մասնակցելու վճարի համար: Իր պահանջն ամրապնդելու համար նա ներկայացրել է ընդամենը 7,337 եվրո կազմող երեք չեկեր՝ մատուցված ծառայությունների դիմաց, որը նա վճարել էր:
50. Նկատի ունենալով, որ ներպետական դատարաններում առաջացած ծախսերը կապված են եղել դիմողին առաջադրված մեղադրանքների հետ՝ Կառավարությունն առարկել է այդ ծախսերի փոխհատուցմանը: Ինչ վերաբերում է Դատարանում անցկացված դատավարության արդյունքում առաջացած ծախսերին, Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է հատուցել այն չափով գումար, որը համապատասխանում է դիմողի ներկայացրած չեկերին, և որը կազմում է ընդամենը 7,337 եվրո:
51. Համաձայն Դատարանի ձևավորած դատական նախադեպի՝ հատուցվելիք ծախսերն ու ծախքերը տուժող կողմը պետք է կրած լինի՝ Կոնվենցիայի խախտումը կանխելու կամ վերացնելու նպատակով, Դատարանի կողմից խախտումն արձանագրվելու և դրա դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով: Պետք է նաև ցույց տալ, որ ծախսերն իրական են եղել, անհրաժեշտաբար են առաջացել և իրենց չափով ողջամիտ են (տես՝ Ֆիլիսն ընդդեմ Հունաստանի (համար 1), գործով 1991 թ. օգոստոսի 27-ի վճիռը, մաս A, համար 209, էջ 25, կետ 74):
52. Դատարանը գտել է, որ դիմողը հստակորեն միջնորդել է Վերաքննիչ դատարանին, ինչպես առաջին ատյանում, այնպես էլ վերաքննության կարգով, որոշում ընդունել գործով առկա մի շարք ապացույցների բնօրինակները ներկայացնելու վերաբերյալ, և որ դատարանը ամեն անգամ մերժել է այդ միջնորդությունը՝ բերելով ոչ այնքան համոզիչ պատճառաբանություններ: Այդ իսկ պատճառով Դատարանը գտնում է, որ դիմողն իրավունք ունի ստանալու ներպետական դատարաններում իր պաշտպանի մասնակցության համար վճարված գումարները, որոնց կապակցությամբ նա ներկայացրել է համապատասխան չեկեր: Այդ չեկերը կազմում են ընդամենը 2,900,000 դրախմ (8,511 եվրո): Ինչ վերաբերում է Ստրասբուրգում անցկացված դատավարության ընթացքում կատարված ծախսերին, ապա դիմողի կողմից ներկայացված չեկերին համապատասխանող գումարները (ընդամենը 7,337 եվրո) Դատարանի կողմից ընդունելի են, և այն նախատեսում է դրանց լրիվ տրամադրում:
D. Տոկոսներ՝ չվճարելու դեպքում
53. Դատարանը նպատակահարմար է գտել, որ վճարման ենթակա գումարը հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված օրական տոկոսադրույքի վրա, որին պետք է հավելվի ևս երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված քննությունների տևողության հետ,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3(d) կետերի խախտում,
3. Վճռում է՝
(a) որ պատասխանող կողմը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, դիմողին վճարի 20,000 եվրո (քսան հազար եվրո)՝ ոչ նյութական վնասի համար, և 15,848 եվրո (տասնհինգ հազար ութ հարյուր քառասունութ եվրո)` ծախսերի և ծախքերի համար, ներառյալ ցանկացած պահանջվող հարկ,
(b) որ վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալու օրվանից սկսած մինչև պարտքի մարումը վճարման ենթակա գումարը պետք է վճարվի տվյալ ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված օրական տոկոսադրույքին հավասար տոկոսադրույքով՝ ավելացրած երեք տոկոս,
4. Մերժում է արդարացի փոխհատուցման համար դիմողի մնացած պահանջները:
Կատարված է ֆրանսերենով և հրապարակված է գրավոր ձևով 2003թ. մայիսի 9-ին՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Քարտուղար՝ |
Նախագահող՝ |
