Ն.-Ն ԸՆԴԴԵՄ ՇՎԵԴԻԱՅԻ
2010թ. հուլիսի 20-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
A. Շվեդիայի իշխանությունների և դատարանների կողմից իրականացված վարույթը
6. Դիմողը ծնվել է 1970 թվականին և ապրում է Ֆագերստայում:
7. 2004թ. օգոստոսի 13-ին դիմողը և նրա ամուսինը՝ X-ը, ժամանել են Շվեդիա, 2004թ. օգոստոսի 16-ին նրանք ապաստան և կացության կարգավիճակ տալու խնդրանքով դիմել են Միգրացիոն հանձնաժողովին (Migrationsverket): Դիմողի հետ հարցազրույց է անցկացվել 2004թ. հոկտեմբերի 4-ին և 2005թ. մարտի 8-ին: Դիմողը չուներ անձը հաստատող փաստաթուղթ և չէր կարող ապացուցել իր ինքնությունը: Նա նշել է, որ ծնվել և մեծացել է Քաբուլում, որտեղ ապրել է իր ծնողների, երկու եղբայրներից մեկի, հորաքրոջ և հորեղբոր հետ: Նրա մյուս եղբայրը վաղուց մեկնել էր Աֆղանստան: Նա նաև հորեղբայր ուներ Մազար-է-Շարիֆում: Դիմողը Քաբուլում տասներկու տարի դպրոց է գնացել, ինչպես նաև սովորել է համալսարանում:
8. Դիմողը և նրա ամուսինը նշել են նաև, որ 1996 թվականից սկսած հետապնդումների են ենթարկվել այն պատճառով, որ X-ը հանդիսացել է կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ, ինչի պատճառով երկու անգամ ձերբակալվել է: Երկրորդ ձերբակալումից ազատ արձակվելուց հետո նրանք տեղափոխվել են Քաբուլ, սակայն, նրանց պնդմամբ` արմատականներից (ֆունդամենտալիստներից) ոմանք, հավանաբար սպանելու նպատակով, փնտրել են X-ին: Դիմողը նշել է, որ կանանց դասավանդող ուսուցիչ աշխատելով՝ ինքը ևս ցույց է տվել իր քաղաքական կողմնորոշումը, ինչը դուր չի եկել Քաբուլի ղեկավար վերնախավի անդամներին: Ուստի նրանք փախել են երկրից: Բնակության վայրը թողնելուց հետո` նրանք ապրել են Մազար-է-Շարիֆում՝ դիմողի հորեղբոր մոտ, և վերջինս էլ օգնել է իրենց և մաքսանենգներին 24000 ԱՄՆ դոլար վճարելով՝ ֆինանսավորել դեպի Շվեդիա ճանապարհորդությունը: Ի վերջո, X-ը վկայակոչել է իր թույլ հոգեկան առողջությունը` նշելով, որ տառապում է անհանգստությունից, անքնությունից և ագրեսիվ վարքագծից:
9. 2005թ. մարտի 29-ին Միգրացիոն հանձնաժողովը մերժել է զույգի դիմումը: Առաջին հերթին այն նշել է, որ անվտանգության վիճակն Աֆղանստանի տարբեր հատվածներում տարբեր է, սակայն Քաբուլում ավելի անվտանգ է, քան երկրի այլ հատվածներում: Ապա Հանձնաժողովը գտել է, որ իր գործունեության վերաբերյալ X-ը տվել է աղոտ տեղեկություն և չի նշել, որ կոմունիստական կուսակցությունում զբաղեցրել է ակնառու կամ ղեկավար դիրք: Ուստի այն կասկածի տակ է դրել նրա դիմումն այն առումով, որ նրա կյանքը վտանգի տակ է եղել այդ կուսակցությանը նրա անդամակցելու պատճառով: Հետևաբար, Հանձնաժողովը գտել է, որ ոչ X-ը, ոչ դիմողը չեն հիմնավորել, որ Աֆղանստանում հետապնդումների են ենթարկվել, կամ որ վերադառնալուց հետո կարող են հետապնդումների ենթարկվել: Ուստի, անգամ հաշվի առնելով X-ի թույլ հոգեկան առողջությունը` Հանձնաժողովը գտնում է, որ որևէ հիմք չկա Շվեդիայում նրա մնալը թույլատրելու համար:
10. Դիմողը և նրա ամուսինը սույն որոշումը բողոքարկել են Օտարերկրացիների հարցերով վերաքննիչ հանձնաժողով, որը հետագայում գործն ուղարկել է Միգրացիոն դատարան (Migrationsdomstolen): Դիմողը պնդել է իր հայցը և հավելել, որ իրեն և X-ին սպառնացող վտանգը բխում է X-ի նախկին քաղաքական գործունեությունից և կանանց դասավանդման` իր նախկին գործունեությունից, և որ իշխանություններն անգամ Քաբուլում ի վիճակի չեն պաշտպանել իրենց: Ապա դիմողը նշել է, որ 2005թ. հունիսին X-ից բաժանվել է, մենակ է ապրել և նպատակ ուներ ամուսնալուծվել, թեև X-ը դեմ էր: Այդ պատճառով իրեն քննադատել են X-ի ընկերները, անվանել «վատ կին» և մի քանի այլ աֆղան իր մասին սուտ լուրեր են տարածել: X-ից բաժանվելով` ինքը հրաժարվել է աֆղանական ավանդույթներից, ինչը նշանակում է, որ ինքը լուրջ հետապնդումների կարող է ենթարկվել, եթե իրեն ստիպեն վերադառնալ հայրենիք: Այս կապակցությամբ նա նշել է, որ չի կարողանա ամուսնալուծվել Աֆղանստանում, և որ Շվեդիայում փորձելով ապահարզան ստանալ` ինքն անարգանքի է ենթարկել ինչպես իր, այնպես էլ X-ի ընտանիքը: Հետևաբար, իր ընտանիքը հրաժարվել է իրենից, և ինքը կարող է բռնաճնշումների ենթարկվել X-ի ընտանիքի կողմից: Նրա համար անհնարին կլինի նաև աշխատանք գտնել, և, քանի որ ինքն ու X-ը զավակներ չունեն, նա դուրս կմղվի հասարակությունից: Ապա նա նշել է, որ Աֆղանստանում ամուսնական հավատարմության խախտումը պատժվում է քարկոծմամբ: Ի վերջո, նա նշել է, որ ունի հոգեբանական խնդիրներ և Շվեդիայում բուժվելու կարիք ունի:
11. Միգրացիոն հանձնաժողովը վիճարկել է բողոքը և, inter alia, նշել, որ նրա հայրը կուսակցությունում ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել, քանի ինքը, սակայն նրան վտանգ չի սպառնացել: Այն նաև նշել է, որ հաշվի առնելով X-ի թույլ հոգեկան առողջությունը` դիմողը կարող է ապահարզան ստանալ: Բացի դրանից, կարծես X-ը կհամաձայնի ամուսնալուծվել: Ի վերջո, անվիճելի է, որ դիմողի ընտանիքը բավարարված չէ իր ամուսնուց բաժանվելու` նրա որոշմամբ, սակայն ակնհայտ չէ, որ նրանք հրաժարվել են նրանից:
12. 2007թ. մարտի 19-ին տեղի ունեցած բանավոր լսումներից հետո Միգրացիոն դատարանը մերժել է բողոքը: Այն առաջին հերթին գտել է, որ ակնհայտ չէ, որ X-ն իր նախկին քաղաքական գործունեության պատճառով հետաքրքրություն չի ներկայացնի Աֆղանստանի որևէ ընդդիմադիր խմբի համար: Ապա այն գտել է, որ բավական շատ ժամանակ է անցել այն պահից, երբ դիմողն իր հայրենիքում դասավանդել է կանանց: Ավելին, դատարանը նշել է, որ նախկին Թալիբանը, որն արգելում էր կանանց կրթությունը, փոխարինվել է կանանց համար փոխհատուցման գործողություններով, և որ Սահմանադրությունն ամրագրում է, որ Պետությունը պետք է ակտիվորեն աջակցի կանանց կրթությանը: Հետևաբար, դատարանը գտել է, որ դիմողը ցույց չի տվել, որ նրա մոտ առկա է հիմնավոր վախ առ այն, որ նախկին գործունեության՝ կանանց դասավանդելու համար կարող է ենթարկվել հետապնդումների: Ինչ վերաբերում է դիմողի անձնական կյանքին, ապա դատարանը գտել է, որ նա պաշտոնապես չի ամուսնալուծվել X-ից, չնայած որ նրանք առանձին են ապրում: Նրա կարծիքով, գործով որևէ տվյալ չկա այն մասին, որ դիմողն Աֆղանստանի ավանդույթներից հրաժարվելու համար ենթարկվել է կոնկրետ և անհատական հետապնդումների: Ապա այն նշել է, որ դիմողի պնդմամբ` նա արտամուսնական կապեր չունի, ուստի որևէ վտանգ չկա առ այն, որ նա կարող է մեղադրվել ամուսնական անհավատարմության մեջ և դատապարտվել մահվան: Այս կապակցությամբ դատարանը գտնել է, որ դիմողը չի հիմնավորել, որ իր մասին ենթադրյալ սուտ լուրերն Աֆղանստանի իշխանություններին են հասել: Անդրադառնալով նրա այն փաստարկին, որ Աֆղանստանում նա հասարակական կապերից դուրս կմնա, դատարանը գտել է, որ դիմողը չի հիմնավորել, որ Աֆղանստանում գտնվող իր ընտանիքը հրաժարվել է իրենից, ուստի նա այնտեղ հասարակական կապեր ունի: Ապա դատարանը, հաշվի առնելով այն, որ դիմողը լավ կրթություն է ստացել, եզրակացրել է, որ նա չի հիմնավորել, որ առկա է իրեն հետապնդումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու իրական վտանգ: Հետևաբար, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը գտել է, որ դիմողի կողմից ներկայացված այլ պատճառները բավարար չեն նրան մնալու հատուկ թույլտվություն տալու համար, բողոքը մերժվել է:
13. Դատարանի փոքրամասնությունը ցանկություն էր հայտնել թույլատրել դիմողի` Շվեդիայում մնալն այն պատճառաբանությամբ, որ նշելով, որ զավակներ չունի և բաժանվել է իր ամուսնուց՝ դիմողը հիմնավորել է, որ հայրենիք վերադառնալուց հետո կարող է նվաստացնող վերաբերմունքի արժանանալ:
14. Դիմողը վերոնշյալ դատավճիռը բողոքարկել է Միգրացիոն վերաքննիչ դատարան (MigrationsՓverdomstolen), որը 2007թ. սեպտեմբերի 4-ին մերժել է բողոքը: Սույն որոշումը վերջնական էր և դրա կայացումից հետո դիմողի արտաքսման (դեպորտացիայի) կարգադրությունն ուժի մեջ է մտել:
15. 2007թ. հոկտեմբերի 27-ին, վկայակոչելով նոր հանգամանքների առկայությունը, դիմողն Օտարերկրացիների մասին օրենքի 12-րդ գլխի 18-րդ բաժնի հիման վրա կացության կարգավիճակ տալու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որը Միգրացիոն հանձնաժողովի կողմից մերժվել է:
16. 2008թ. հունվարի 28-ին դիմողն Օտարերկրացիների մասին օրենքի 12-րդ գլխի 18-րդ բաժնի հիման վրա կացության կարգավիճակ ստանալու համար նոր դիմում է ներկայացրել, որը Միգրացիոն հանձնաժողովի կողմից մերժվել է:
17. 2008թ. փետրվարին դիմողը X.-ից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել Վաստմանլանդի շրջանային դատարան (tingsrՊtten): Վերջինս 2008թ. հուլիսի 17-ին շրջանային դատարանին տեղեկացրել է, որ դեմ է ամուսնալուծությանը: Դիմողը փաստարկել է, որ բաժանվել է իր ամուսնուց 2005 թվականին և այդ ժամանակվանից սկսած՝ նրան միայն մեկ անգամ է տեսել: Ավելին, նա մտադրված է ամուսնալուծությունը ներկայացնել որպես իր արտաքսումը դադարեցնելու հիմքերից մեկը:
18. 2008թ. նոյեմբերի 19-ի որոշմամբ դատարանը մերժել է նրա հայցը այն հիմքով, որ նա իրավասու չէ լուծելու իր ամուսնությունը, քանի որ Շվեդիայում մնալու իրավական հիմքեր չունի:
19. Տվյալ ժամանակահատվածում՝ 2008թ. հոկտեմբերի 17-ին, դիմողը խնդրել է Միգրացիոն հանձնաժողովին վերանայել իր գործը և դադարեցնել իր արտաքսումը: Ի հիմնավորումն իր խնդրանքի՝ նա նշել է, որ Միգրացիոն հանձնաժողովի նախկին որոշման կայացումից հետո Քաբուլում իրավիճակն էականորեն վատացել է: Ապա նա փաստարկել է, որ առկա է հիմնավոր վախ, որ Աֆղանստան վերադառնալուց հետո նա հետապնդումների կենթարկվի, քանի որ շվեդ տղամարդու հետ հարաբերությունների մեջ է մտել: Այսպիսով, նա փաստացի ամուսնական անհավատարմության համար Աֆղանստանում կարող է մահապատժի ենթարկվել:
20. Նա նաև ներկայացրել է Բալթյան և Հյուսիսային երկրների վերաբերյալ UNHCR-ի շրջանային գրասենյակի 2008թ. հոկտեմբերի 2-ի նամակը, որում, inter alia, նշված էր հետևյալը.
«Ապաստան փնտրող Աֆղանստանի կանանց շահերի պաշտպանության վերաբերյալ UNHCR-ի տեսակետը շարադրված է «Ապաստարան փնտրող Աֆղանստանի կանանց միջազգային պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ կիրառական ուղեցույցում» (Eligibility Guidelines for Assessing the International Protection needs of Afghan Asylum-seekers)… Աֆղանստանի կապակցությամբ UNHCR-ը կցանկանար ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ապաստան փնտրող աֆղան կանանց՝ փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայցի քննության ժամանակ պետք է հաշվի առնել այն առանձնահատուկ խոցելի վիճակը, որում գտնվում են աֆղան կանայք, այդ թվում՝ ճնշումներն ընտանիքի, համայնքի և հասարակության կողմից, որոնք ուղղված են նրանց վարքը վարքագծի կոնկրետ կանոնների համապատասխանեցնելուն: Այս կապակցությամբ, բաժանումը և/կամ ամուսնալուծությունը, որոնք տեղի են ունեցել ապաստան տված երկրում, կարող է նշանակել, որ կինն ընդունել է կյանքի «Արևմտացված» ձևը և ընկալվել որպես հասարակության մեջ գերիշխող բարոյական նորմերի իրական խախտում, և այդպիսով դիտվել որպես Փախստականների մասին 1951թ. կոնվենցիայի 1 A (2) հոդվածի իմաստով՝ կրոնական և/կամ քաղաքական կարծիքի հիմքերի հետ կապված sur place խիստ հետապնդումների վտանգ:… UNHCR-ը նշում է, որ ապաստան փնտրող աֆղան կանանց՝ համապատասխան սոցիալական, մշակութային կամ տնտեսական ազատությունը բացառապես կախված է տղամարդու (ամուսին, հայր, եղբայր կամ գերդաստանի անդամ) հովանավորությունից, և որ նման կապերի բացակայությունը կարող է լրջորեն խարխլել հայրենիք վերադարձած կնոջ ֆիզիկական, տնտեսական և հուզական անվտանգությունը»:
21. 2008թ. հոկտեմբերի 24-ին Միգրացիոն հանձնաժողովը հրաժարվել է վերանայել դիմողի գործն այն հիմքով, որ նա չի ներկայացրել որևէ նոր կարևոր հանգամանք: Այն գտել է, որ դիմողը պարզապես զարգացրել և հստակեցրել է այն հիմքերը, որոնք արդեն քննվել են իր և միգրացիոն դատարանների կողմից: Հանձնաժողովը նաև գտել է, որ արտաքսման կարգադրությունը կատարելու որևէ խոչընդոտ չկա:
22. Վերոնշյալ որոշումը դիմողը բողոքարկել է Միգրացիոն դատարան՝ նշելով այն հիմքերը, որոնք ներկայացվել են Հանձնաժողովին, և պնդելով, որ դրանք կարևոր նոր հանգամանքներ են: 2008թ. դեկտեմբերի 4-ին դատարանը մերժել է բողոքը՝ ամբողջությամբ վերահաստատելու Հանձնաժողովի որոշումը և պատճառաբանությունը:
23. 2009թ. հունվարի 21-ին Միգրացիոն վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը և 2009թ. փետրվարի 17-ին գործն ուղարկվել է Ոստիկանության մարմիններին արտաքսման կարգադրությունը կատարելու համար:
24. Ի վերջո, 2009թ. ապրիլի 17-ին դիմողն Օտարերկրացիների մասին օրենքի 12-րդ գլխի 18-րդ բաժնի հիման վրա կացության կարգավիճակ ստանալու համար երրորդ դիմումն է ներկայացրել, որը մերժվել է Միգրացիոն հանձնաժողովի կողմից:
B. Վարույթը Դատարանում և ներկայացված նոր փաստարկները
25. 2009թ. ապրիլի 28-ին դիմողը Դատարան դիմում է ներկայացրել և 2009թ. մայիսի 11-ին Պալատի նախագահը որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը և տեղեկացնել Կառավարությանը, որ կողմերի և վարույթի պատշաճ իրականացման շահերից ելնելով՝ ցանկալի է, որ դիմողն արտաքսման չենթարկվի մինչև հետագա ծանուցումը:
26. 2009թ. նոյեմբերի 4-ին ներկայացված իր փաստարկներում դիմողը նշել է, որ դեռևս նախքան Աֆղանստանից մեկնելը նա հայտնել է իր մորն իր ամուսնու հետ ունեցած խնդիրների մասին: 2005թ. հոկտեմբերին դիմողը զանգահարել է տուն և ասել իր մորը, որ ինքն ու իր ամուսինը բաժանվել են: Մայրը խիստ բարկացել է և ասել նրան, որ դա սխալ է, և որ դիմողը պետք է վերադառնա իր ամուսնու մոտ: Դրանից հետո նա խոսել է իր հոր հետ, ով խիստ բարկացել է և բղավել, որ նա անարգանքի է ենթարկում իր ընտանիքը: Խոսակցությունը դադարել է այն պատճառով, որ սպառվել է դիմողի հեռախոսային քարտի գումարը: Հայրը հաջորդ օրը զանգահարել է իրեն և փորձել համոզել նրան փոխել մտադրությունը և խոսել է հարգանքի, ամոթի և այն մասին, որ նա անարգում է իր ընտանիքը: Վերջում նա բղավել է, որ դիմողը պետք է վերադառնա իր ամուսնու մոտ, հակառակ դեպքում ընտանիքն այլևս ոչինչ չունի անելու նրա հետ: Նա այլևս իր դուստրը չէ: Խոսակցությունից հետո դիմողը զանգահարել է Քաբուլում և Մազար-է-Շարիֆում բնակվող իր հորեղբայրներին, որպեսզի ստանա նրանց աջակցությունը, սակայն նրանք երկուսն էլ կրկնել են նրա հոր խոսքերը: Դա դիմողի և նրա հարազատների վերջին խոսակցությունն է եղել:
27. 2009թ. նոյեմբերի 4-ի իր փաստարկների հետ մեկտեղ, դիմողը ներկայացրել է 2009թ. հոկտեմբերի 31-ի նամակը՝ ըստ պահանջի ներկայացնելու համար, որը գրվել էր շվեդ մի տղամարդու կողմից, ով հաստատել է, որ դիմողի հետ հարաբերության մեջ է գտնվում: Նա, inter alia, նշել է, որ իրենք առաջին անգամ հանդիպել են 2007թ. աշնանը, որ իրենց հարաբերություններն սկսվել են 2008թ. փետրվարին, և որ իրենք 2009թ. ապրիլից սկսած միասին ապրում են իր բնակարանում:
28. 2010թ. հունվարի 15-ին ներկայացված պատասխանում Կառավարությունը նշել է, որ դիմողի փաստարկներում ներկայացված հանգամանքները երբևէ չեն ներկայացվել Շվեդիայի իշխանություններին, չնայած որ դրանք վերաբերում են ապաստան տրամադրելու վերաբերյալ նրա դիմումին: Դիմումի կապակցությամբ հատկանշական է այն, որ դիմողը և նշված շվեդ տղամարդը 2009թ. ապրիլից սկսած բնակվել են համատեղ, սակայն Կառավարությունը նշել է, որ դիմողը դեռևս չի փոխել իր Ֆագերստայի փոստային հասցեն, չնայած որ նրա նոր բնակարանը դրանից ակնհայտորեն շատ հեռու է:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
29. Սույն գործով կիրառելի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են օտարերկրացիների՝ Շվեդիա մուտք գործելուն և Շվեդիայում բնակվելուն, ամրագրված են Օտարերկրացիների մասին 2005թ. օրենքում (UtlՊnningslagen, 2005:716 – այսուհետ՝ «2005թ. օրենք»), որը 2006թ. մարտի 31-ին փոխարինել է Օտարերկրացիների մասին հին օրենքը (UtlՊnningslagen, 1989:529): Ինչպես օտարերկրացիների մասին հին, այնպես էլ 2005թ. օրենքը սահմանում են այն պայմանները, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է արտաքսվել կամ վտարվել երկրից, ինչպես նաև այն ընթացակարգերը, որոնք կապված են նման որոշումների կատարման հետ:
30. 2005թ. օրենքի 5-րդ գլխի 1-ին բաժինը սահմանում է, որ օտարերկրացին, ով ենթադրվում է, որ փախստական է կամ այլ կերպ պաշտպանության կարիք ունի, որոշակի բացառություններով, իրավունք ունի Շվեդիայում կացության կարգավիճակ ստանալ: Համաձայն 2005թ. օրենքի 4-րդ գլխի 1-ին բաժնի՝ «փախստական» եզրույթը կիրառվում է այն օտարերկրացու նկատմամբ, ով իր հայրենի երկրից դուրս է գտնվում, քանի որ նրա մոտ առկա է հիմնավոր վախ առ այն, որ նա ռասայի, ազգության, կրոնական կամ քաղաքական հայացքների, սեռի, սեռական կողմնորոշման կամ որոշակի հասարակական խմբերին պատկանելու հիմքով հետապնդումների կենթարկվի, և ով ի վիճակի չէ կամ նման վախի առկայության պայմաններում չի ցանկանում իր պաշտպանությունն այդ երկրին վստահել: Օրենքը կիրառվում է և՛ այն դեպքում, երբ հետապնդումներն իրականացվում են երկրի իշխանությունների կողմից, և՛ երբ այդ իշխանությունները չեն կարող ապահովել պաշտպանությունը մասնավոր անձանց հետապնդումներից: «Այլ կերպ` պաշտպանության կարիք ունեցող օտարերկրացի» ասելով, inter alia, հասկացվում է, որ անձն իր հայրենիքը լքել է այն պատճառով, որ նրա մոտ առկա է եղել հիմնավոր վախ առ այն, որ ինքը կարող է ենթարկվել մահապատժի, մարմնական պատժի, խոշտանգման կամ այլ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի (2005թ. օրենքի 4-րդ գլուխ, բաժին 2):
31. Ինչ վերաբերում է արտաքսման կամ վտարման կարգադրության կատարմանը, ապա անհրաժեշտ է հաշվի առնել այն, թե արդյոք առկա չէ վտանգ, որ տվյալ անձը կարող է ենթարկվել մահապատժի կամ խոշտանգման և այլ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: Արտաքսման կամ վտարման կարգադրության կատարմանը խոչընդոտող պայմանները սահմանող հատուկ դրույթի համաձայն՝ օտարերկրացին չպետք է ուղարկվի այն երկիր, եթե առկա են ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ նա այնտեղ կարող է ենթարկվել մահապատժի, մարմնական պատժի, խոշտանգման կամ այլ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (2005թ. օրենքի 12-րդ գլուխ, բաժին 1): Բացի դրանից, օտարերկրացին սկզբունքորեն չպետք է ուղարկվի այն երկիր, որտեղ նա կարող է հետապնդումների ենթարկվել (2005թ. օրենքի 12-րդ գլուխ, բաժին 2):
32. Որոշակի պայմաններում օտարերկրացին կարող է կացության կարգավիճակ ձեռք բերել, եթե անգամ արտաքսման կամ վտարման կարգադրությունն ուժի մեջ է մտել: Դա բխում է 2005թ. օրենքի 12-րդ գլխի 18-րդ բաժնից, որի համաձայն՝ եթե ի հայտ են եկել նոր հանգամանքներ, ապա առկա են ողջամիտ հիմքեր, inter alia, ենթադրելու, որ արտաքսման կամ վտարման կատարումն օտարերկրացուն մահապատժի կամ մարմնական պատժի, խոշտանգման կամ այլ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու վտանգի մեջ կդնի կամ առկա են արտաքսման կամ վտարման կատարմանը խոչընդոտող բժշկական կամ այլ հատուկ պատճառներ: Եթե այս դրույթի հիման վրա չի կարող կացության կարգավիճակ շնորհվել, ապա Միգրացիոն հանձնաժողովը կարող է հարցը վերանայելու մասին որոշում կայացնել: Նման վերանայումը պետք է իրականացվի այն դեպքում, երբ փախստականի կողմից ներկայացված նոր հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ առկա են 2005թ. օրենքի 12-րդ գլխի, 1-ին բաժնի իմաստով՝ արտաքսման կամ վտարմանը խոչընդոտող` շարունակվող հանգամանքներ, և այդ հանգամանքները նախկինում ներկայացված չեն եղել, կամ օտարերկրացին հիմնավորում է, որ նա հարգելի պատճառներով չի ներկայացրել այդ հանգամանքները: Եթե կիրառելի հանգամանքներն առկա չեն, Միգրացիոն հանձնաժողովը պետք է որոշում կայացնի գործը չվերանայելու մասին (2005թ. օրենքի գլուխ 12, բաժին 19):
33. 2005թ. օրենքի իմաստով` Շվեդիա մուտք գործելու և Շվեդիայում բնակվելու՝ փախստականների իրավունքին վերաբերող բոլոր հարցերը քննարկում են երեք ատյաններ՝ Միգրացիոն հանձնաժողովը, Միգրացիոն դատարանը, Միգրացիոն վերաքննիչ դատարանը (2005թ. օրենքի 14-րդ գլուխ, բաժին 3 և 16-րդ գլուխ բաժին 9): Ուստի 2006թ. մարտի 31-ին 2005թ. օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օտարերկրացիների հարցերով վերաքննիչ հանձնաժողովը դադարել էր գոյություն ունենալ:
III. ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
34. Այնքանով, որքանով վերաբերելի է, Ապաստան փնտրող աֆղանների միջազգային պաշտպանության գնահատման վերաբերյալ UNHCR-ի 2009թ. հուլիսի կիրառելի ուղեցույցը, որով փոխարինվել է 2007թ. դեկտեմբերին ընդունված նախորդ ուղեցույցը, ամրագրում է հետևյալը.
Մարդու իրավունքների լուրջ և համատարած խախտումների, ինչպես նաև երկրի բոլոր հատվածներում շարունակվող զինված հակամարտությունը հաշվի առնելով` UNHCR-ը գտնում է, որ բազմաթիվ ապաստան փնտրողներ աֆղաններ միջազգային պաշտպանության կարիք ունեն: Աֆղան` ապաստան փնտրող անձանց դիմումները պետք է քննարկվեն անհատական հիմքով` փախստականի կարգավիճակի սահմանման արդարացի և արդյունավետ ընթացակարգին համապատասխան, որը ներառում է բողոքարկման իրավունքը: Արտոնյալ մոտեցում պետք է ցուցաբերվի սույն Ուղեցույցում նշված հատուկ խմբերին` ներառելով, սակայն չսահմանափակվելով (i) այն անձանց, ովքեր ընկալվում են որպես Շարիաթը խախտող կամ կրոնական փոքրամասնության խմբերի ներկայացուցիչներ, (ii) էթնիկ փոքրամասնությունների խմբերը, (iii) այն անձինք, ովքեր զուգորդվում կամ ընկալվում են որպես Կառավարությանն օժանդակող անձինք, այդ թվում` քաղաքացիական հասարակության անդամները, (iv) հակակառավարական զինված խմբերին իրական կամ ենթադրյալ աջակցություն ցույց տվող անձինք, (v) լրագրողները, (vi) անձինք, ովքեր զուգորդվում են Աֆղանստանի ժողովրդի դեմոկրատական կուսակցության կամ այլ ձախաթեքման քաղաքական կուսակցությունների հետ, (vii) կանայք, (viii) երեխաները և (ix) անձինք, ովքեր գտնվում են արյան վրեժի զոհ դառնալու վտանգի տակ:
Ապա UNHCR-ը գտնում է, որ ներքին թռիչքը կամ այլընտրանքային տեղափոխումը (IFA/IRA) մի շարք գործոնների պատճառով Աֆղանստանի որոշակի հատվածներում հնարավոր չէ: Եթե, սակայն, IFA/IRA-ի հասանելիությունը դիտվի ազգային ընթացակարգի պահանջ, այն պետք է յուրաքանչյուր գործով մանրամասն քննության առնվի` պատշաճ ու ողջամիտ վերլուծության պահանջի լույսի ներքո` հաշվի առնելով յուրաքանչյուր գործի անհատական հանգամանքները և հիշելով սույն Չափորոշիչների պահանջները: Անգամ այնպիսի բացառիկ դեպքերում, երբ հասանելի վայր տեղափոխելով հնարավոր է բացառել առկա վերաբերմունքը, նման վայր տեղափոխելը կարող է ողջամիտ այլընտրանք լինել այն դեպքերում, երբ հայցվորն ունի ամուր ընտանիք, հասարակական կամ տոհմային կապեր այն վայրում, ուր նրան տեղափոխում են, ինչի արդյունքում տեղափոխումը տեղի կունենա առանց անցանկալի տնտեսական և սոցիալական դժվարությունների:…
(g) Կանայք
Կանայք վատ վերաբերմունքի արժանանալու հատկապես մեծ վտանգի տակ են հայտնվում, եթե ընկալվում է, որ նրանք չեն կատարում հասարակության, ավանդույթի և անգամ իրավական համակարգի կողմից նրանց վերապահված դերը: Վատ վերաբերմունքը դրսևորվում է տարբեր ձևերով և կարող է կիրառվել տարբեր անձանց, այդ թվում` ընտանիքի անդամների կողմից: Նման վերաբերմունքը ներառում է ընտանեկան բռնությունը, անհամաչափ ազատազրկման դատապարտումը և նվաստացնող և անմարդկային վերաբերմունքը: Քանի որ շատ քիչ թվով կանայք են հասարակական պաշտոններ զբաղեցնում, կանանց իրավունքները շարունակում են կրճատված, սահմանափակված մնալ և պարբերաբար խախտվում են: 2009թ. ապրիլին, օրինակ, Պառլամենտի կողմից ընդունվեց և նախագահ Կարզաիի կողմից ստորագրվեց Շիիթի անձնական կարգավիճակի մասին օրենքը: Օրենքը, inter alia, սահմանում է, որ կանայք պետք է կատարեն իրենց ամուսինների սեռական պահանջները և տանից դուրս գալու թույլտվություն խնդրեն՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: Օրենքը դեռևս պետք է կիրառվի և միջազգային հանրության ճնշումների հետևանքով տվյալ պահին վերանայվում է:
Աֆղանստանում կանանց և աղջիկների նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնության դեպքերը 2007թ. մարտից մինչև 2008թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ավելացել են մոտ 40%-ով: Գոյություն ունեցող ցուցանիշների համաձայն` աֆղան կանանց մոտ 80%-ը ենթարկվում է ընտանեկան բռնության: Մարդու իրավունքների կազմակերպություններն արձանագրում են ինքնահրկիզման և ինքնասպանության այլ ձևերի համընդհանուր աճ: Կանանց ինքնահրկիզվելը, որպես կանոն, կապված է կանանց նկատմամբ առկա համատարած հասարակական խտրականության հետ: Սեռական բռնության զոհերը, որպես կանոն, զրկված են աջակցության այնպիսի հիմնարար կառուցակարգերից, ինչպիսիք են ստացված վնասվածքների վերաբերյալ խորհրդատվությունը և բժշկական օգնությունը, ինչպես նաև դատաբժշկական հետազոտություն կատարելու` օրինական հնարավորությունից: Սեռական պատկանելության հիմքով կատարվող բռնության վերաբերյալ հաղորդում տալու համար Աֆղանստանում դրվող հասարակական խարանը հաճախ խոչընդոտում է տուժողներին դիմելու բժշկական կամ հոգեբանական օգնության:
Աֆղան այն կանայք, ովքեր Իրանից կամ Եվրոպայից վտարված կանանց նման նվազ ավանդապաշտ կենսակերպ ունեն, շարունակում են ընկալվել որպես ամրապնդված սոցիալական և կրոնական նորմերը խախտողներ և դրա արդյունքում կարող են ենթարկվել ընտանեկան բռնության և տարբեր ձևերի պատժի՝ սկսած մեկուսացումից և խարանումից մինչև «պատվի հանցագործությունների» կատարում այն անձանց նկատմամբ, ովքեր անարգանքի են ենթարկել իրենց ընտանիքը, համայնքը կամ տոհմը: Հասարակական վարքագծի կանոնների իրական կամ ենթադրյալ խախտումները ներառում են ոչ միայն ընտանիքում կամ հասարակությունում դրսևորված հասարակական վարքագիծը, այլ նաև սեռական կողմնորոշումը, պրոֆեսիոնալ կարիերայով զբաղվելը և պարզ անհամաձայնություններն այն կենսակերպի հետ, որը վարում է ընտանիքը:
Միայնակ կնոջ կամ այն կնոջ համար, ով զրկված է տղամարդու «խնամակալությունից» (մահրամ), շարունակում են առկա լինել բնականոն սոցիալական կյանք վարելու սահմանափակումներ: Նման կանանց շարքին են դասվում ամուսնալուծված, ոչ կույս չամուսնացած կանայք, ինչպես նաև այն կանայք, ում նշանադրությունը խախտվել է: Մինչև նրանց ամուսնանալը, ինչը շատ դժվար է՝ հաշվի առնելով այդ կանանց հետ զուգորդվող հասարակական խարանը, նրանց նկատմամբ հասարակական մերժողական վերաբերմունքն ու խտրականությունը շարունակում են առկայել: Շատ աֆղան կանանց արգելվում է լքել ընտանիքի զբաղեցրած տարածքը՝ առանց փարանջայի և տղամարդու ուղեկցության, ով պետք է լինի նրա ամուսինը կամ մերձավոր ազգականը: Առանց տղամարդու աջակցության և պաշտպանության կանայք, որպես կանոն, զրկված են գոյության հնարավորությունից՝ հաշվի առնելով միայնակ ապրող կանանց նկատմամբ դրված հասարակական սահմանափակումները, այդ թվում՝ տեղաշարժվելու ազատության սահմանափակումը: Դա արտացոլված է նրանում, որ այն քիչ թվով կանանց համար, ովքեր ընտանեկան բռնությունից ապաստան ստանալու հնարավորություն ունեն, նշված խնդրի լուծում չի տրվում: Անկախ ապրելու հնարավորություն չունենալով՝ նրանք տարիներ շարունակ քվազի կալանքի տակ են գտնվում, իսկ շատերն էլ ստիպված վերադառնում են դաժան ընտանեկան իրավիճակին: Նման «հաշտեցման» արդյունքները, որպես կանոն, չեն վերահսկվում, ինչը հնարավորություն է տալիս, որ վերադառնալուց հետո նրանց նկատմամբ անպատժելիորեն դաժանություն դրսևորվի կամ «պատվի հանցագործություններ» կատարվեն:
Հարկադիր և երեխաների ամուսնությունները շարունակում են լայնորեն կիրառվել Աֆղանստանում և կարող են դրսևորվել տարբեր ձևերով: Վիճակագրության համաձայն` Աֆղանստանում աղջիկների մոտ 60%-ն ամուսնանում է նախքան 16 տարին լրանալը: Ամուսնություններից շատերի կապակցությամբ շարունակում են պայմանավորվածություններ ձեռք բերել ընտանիքները: Սակայն առավել հարկադրական ձևերն են «վաճառված» ամուսնությունը, որի դեպքում աղջիկը վաճառվում է ապրանքի, փողի կամ պարզապես ընտանիքի պարտքերի դիմաց, վատ դադանը, որը հանդիսանում է քննարկումների տոհմային ձև, որի դեպքում հանցանք կատարած ընտանիքի անդամներն առաջարկում են ամուսնության նպատակով մի աղջիկ տալ տուժող ընտանիքին, օրինակ` արյան վրեժը լուծելու համար, և բադալը, որի դեպքում երկու ընտանիքներ փոխանակում են իրենց աղջիկներին` ամուսնության ծախսերը նվազեցնելու նպատակով:
Բացի դրանից, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները բախվում են սպառնալիքների և ահաբեկումների հետ, հատկապես եթե խոսում են կանանց իրավունքների, Իսլամի դերակատարության կամ հրամանատարների վարքագծի մասին: Զինված հակակառավարական խմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաբերյալ առկա են աճող ցուցանիշներ, որոնք վկայում են կանանց` պարբերաբար սոցիալական խտրականության ենթարկվելու մասին: Օրինակ` բժշկական բուհեր ավարտած մեծ թվով կանանց պարբերաբար արգելվում է աշխատել գյուղական վայրերում, քանի որ առկա է վտանգ, որ նրանք բռնության կենթարկվեն հեղափոխականների կողմից: Նման զարգացումներն անհամաչափորեն ազդում են կանանց համար առողջապահության մատչելիության վրա:
Աղջիկների համար կրթության իրավունքը ևս խիստ սահմանափակ է: Համաձայն Կրթության նախարարության և օժանդակ գործակալությունների տվյալների` մոտ հինգ միլիոն դպրոցահասակ երեխաներ (նրանցից երեք միլիոնը` աղջիկներ) ավանդույթի, աղքատության, կրթության կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների բացակայության և սեռական խտրականության ավանդույթի պատճառով զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից:
Անվտանգության ապահովման վիճակի վատթարացումը ևս վնասակար ազդեցություն է ունեցել կրթության վրա: Զինված հակակառավարական խմբերը շարունակում են իրենց պարբերական հարձակումները դպրոցների, ուսուցիչների, աշակերտների (հատկապես աշակերտուհիների) և նրանց ծնողների վրա: Աֆղանստանի կրթության նախարարության (MoE) տվյալներով` ավելի քան 600 տարրական, միջնակարգ և բարձրագույն դպրոցներ փակվել են նման հարձակումների պատճառով: Հարավային չորս շրջանների` Հեմլանդի, Կանդահարի, Զաբուլի և Ուրոզգանի դպրոցների մոտ 80%-ը փակվել է` հաշվի առնելով այն, որ Հելմանդի շրջանն ունի միայն առավելապես տղաների համար գործող 54 դպրոց` այն 223 դպրոցների համեմատ, որոնք բացվել են 2002 թվականին: Հետևաբար, MoE-ի պաշտոնատար անձանց տվյալներով` 12 շրջանների 230.000-ից 300.000 ուսանողներ զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից: Աղջիկների դպրոցները գնալով ավելի ու ավելի շատ են ենթարկվում հարձակումների: Երկրի դպրոցներում տեղի ունեցած` անվտանգության հետ կապված միջադեպերի 50%-ն ուղղված է եղել հատկապես աղջիկների դպրոցների դեմ, չնայած որ դրանք կազմում են երկրի տարրական, միջնակարգ և բարձրագույն դպրոցների ընդհանուր թվի միայն 14.8%-ը: Բացի դրանից, կին ուսուցիչները հատկապես խոցելի են և ավելի բարձր պարգևատրումներ են առաջարկվում նրանց սպանելու համար: 2008թ. նոյեմբերին, Կանդահարի վրա կատարված հարձակման արդյունքում, որի մասին լայնորեն զեկուցվել է, 12 կին ուսանողի և չորս ուսուցչի վրա թթու է լցվել և նրանց լուրջ վնասվածքներ են պատճառվել:
Հաշվի առնելով տարածվող սոցիալական խտրականությունը և սեռական ու գենդերային հիմքով կիրառվող համատարած բռնությունը` աֆղան կանայք և աղջիկները, հատկապես նրանք, ովքեր ապրում են զինված ընդհարման տարածքում կամ այն տարածքում, որը գտնվում է զինված հակակառավարական խմբերի փաստացի վերահսկողության տակ, իրենց անհատական բնութագրի և հանգամանքների պատճառով կարող են գտնվել հետապնդման վտանգի տակ: Կոնվենցիոնալ դերը չկատարելու կամ սոցիալական և կրոնական նորմերից շեղումներ թույլ տալու համար Աֆղանստանում կանայք և աղջիկները կարող են ենթարկվել բռնության, հետապնդումների կամ խտրականության: Որպես այդպիսին` կանայք, ովքեր որոշակի բնութագիր ունեն, այդ թվում` ընտանեկան կամ բռնության այլ լուրջ ձևերի զոհերը, միայնակ կամ տնային տնտեսությունը միայնակ վարող կանայք, այն կանայք, ովքեր այնպիսի տեսանելի սոցիալական կամ մասնագիտական դերակատարություն ունեն, ինչպիսին է լրագրությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակական աշխատանքը, կարող են ենթարկվել հետապնդումների այն հիմքով, որ հանդիսանում են որոշակի սոցիալական խմբի անդամ: Այն դեպքում, երբ ավանդական դերին չհամապատասխանելը դիտվում է որպես ավանդական իշխանական համակարգին հակառակվել, հետապնդման ենթարկվելու վտանգը կարող է կապված լինել կրոնական և/կամ քաղաքական հիմքի հետ: Ավելին, հետապնդում են հանդիսանում նաև ապրուստի միջոց վաստակելու` անձի հնարավորության սահմանափակումը, ինչի արդյունքում վտանգի տակ է դրվում նրա գոյությունը, ինչպես նաև այդ անձի համար կրթության կամ առողջապահության մատչելիության առումով նախատեսված խիստ սահմանափակումները:
35. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների` Աֆղանստանի վերաբերյալ 2008թ. զեկույցում, որը հրապարակվել է 2009թ. փետրվարի 25-ին, inter alia, նշված էր, որ.
Կանայք
Օրենքը քրեականացնում է բռնաբարությունը, որը պատժվում է մահվամբ, սակայն Շարիաթով, որից բխում են երկրի օրենքները և որին դրանք չեն կարող հակասել, քրեականացումը չի տարածվում ամուսնու կողմից կատարված բռնաբարության վրա: Շարիաթի իմաստով` բռնաբարության դեպքում պահանջվում է, որպեսզի կինը ներկայացնի դեպքին ականատես բազմաթիվ վկաներ, մինչդեռ տղամարդու համար բավարար է պարզապես վիճարկել, որ դա փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցած սեռական հարաբերություն է, դրա արդյունքում հաճախ տուժողը դատապարտվում է ամուսնական անհավատարմության համար: Ամուսնական անհավատարմությունը սահմանված է Քրեական օրենսգրքում և հանցագործություն է հանդիսանում, նախքան ամուսնությունը տեղի ունեցած սեռական կապը հանցագործություն չի համարվում, սակայն տեղական իշխանությունների կողմից հաճախ դիտվում է որպես «բարոյական» հանցագործություն»: Թեև Տեղեկատվության նախարարության (MOI) զեկույցի համաձայն` տարվա ընթացքում գրանցվում է բռնաբարության 226 դեպք, սակայն դեպքերի թիվն իրականում, որպես կանոն, ավելի մեծ է: Նշված դեպքերից 28-ի համար մեղադրանք է առաջադրվել կանանց, իսկ 198-ի համար` տղամարդկանց: MOI-ի տվյալներով` բռնաբարության դեպքերի հետ կապված 172 ձերբակալություն է կատարվել: Դատապարտումների թիվը մատչելի չի եղել: Բռնաբարությունների դեպքերը դժվար է փաստաթղթավորել հասարակական խարանի առկայության պատճառով: Տուժող կանայք բախվում են խիստ հասարակական բռնաճնշումների, որոնք տատանվում են ամուսնության համար պիտանի չլինելուց մինչև ազատազրկման դատապարտվելու միջև: Հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն` բանտային աշխատողները գիշերը բանտում հաճախ բռնաբարում են ազատազրկված կանանց:
Աֆղանստանի քրեական օրենսգիրքը քրեականացնում է բռնության սպառնալիքը, և դատարաններն ընտանեկան բռնություն կատարած անձանց նկատմամբ դատավճիռ են կայացնում այս դրույթի հիման վրա: Հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն` հարյուր հազարավոր կանայք շարունակում են տառապել իրենց ամուսինների, հայրերի, եղբայրների, զինված անձանց, պետությանը զուգահեռ գործող այնպիսի իրավական համակարգերի և ինստիտուտների կողմից կիրառվող բռնությունից, ինչպիսիք են ոստիկանությունը և արդարադատության համակարգը: Հասարակության շատ անդամներ հանդուրժում են կանանց նկատմամբ բռնությունը և կիրառում են այն: Քաբուլի կանանց ապաստանի զեկույցի համաձայն` այն MOWA-ի կողմից ուղարկված անձանցից մեկ ամսվա ընթացքում ստանում է 50 նոր գործ ընտանեկան բռնության զոհերի վերաբերյալ: Ապաստանի զեկույցի համաձայն` թույլ տնտեսությունը և անվտանգության վատ ապահովումը հանգեցնում են ընտանեկան բռնության միջադեպերի դրսևորման: Իշխանությունները հազվադեպ են դատապարտում բռնություն կիրառող անձանց և միայն առանձին դեպքերում են քննության առնում կանանց նկատմամբ բռնությունների, նրանց բռնաբարությունների կամ սպանությունների կամ կանանց ինքնասպանությունների վերաբերյալ բողոքները: Եթե գործերը հասնում են դատարան, մեղադրյալները հաճախ ազատ են արձակվում կամ մեղմ են պատժվում: Քաբուլի կանանց ապաստանի տնօրենը նշել է, որ ընտանեկան բռնություն կիրառվում է շատ տներում, սակայն դրանք հասարակության մեջ ընդունած են, այդ պատճառով դրանք առավելապես անհայտ են մնում: Ընտանեկան բռնությունը սովորաբար դրսևորվում է կանանց և երեխաներին ծեծելու, ավելի հազվադեպ` կանանց այրելու ձևով: Տարվա ընթացքում AIHRC-ը լրացուցիչ ջանքեր է գործադրել կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ վիճակագրական տվյալներ հավաքելու նպատակով:
Համենայնդեպս, երկրում առկա էր կանանց 19 ապաստան: Քաբուլում գտնվող հինգ ապաստանն ավելի քան 100 կանանց և աղջիկների համար տուն է դարձել: Կանանց հարցերով նախարարությունը (MOWA) և այլ գործակալություններ ընտանեկան բռնությունից խուսափող և ընտանեկան թշնամանքից պաշտպանվելու կարիք ունեցող կանանց ուղարկում են իրավական օգնություն հայցող կանանց պաշտպանություն, ապաստան, սնունդ, ուսուցում ապահովելու և բժշկական օգնություն ցույց տալու համար նախատեսված կենտրոններ: MOWA-ի տվյալների համաձայն` ավելի քան 20 կին և աղջիկ դիմել են MOWA-ի իրավական բաժին, սակայն նախատեսված ապաստաններում տեղերը սահմանափակ են: Քաբուլում կանանց ապաստանում տեղ չգտած կանանց մեծ մասը հայտնվում է բանտերում:
Հասարակության մեջ կանանց ապաստանները լայն տարածում չեն գտել, քանի որ մեծ մասն անվստահություն ունի դրանց նկատմամբ կամ չի ընդունում վերջիններիս օգտակարությունը: Այսպիսի ապաստաններից մեկի տնօրենը հաճախ «ապաստան» բառի փոխարեն օգտագործում է միջնորդ կենտրոն արտահայտությունը, քանի որ «ապաստան» բառն ինքնին բացասական իմաստ է արտահայտում: Կին ոստիկանները, որոնք մասնագիտացված են ընտանեկան բռնությունից տուժած կանանց օգնություն ցուցաբերելու հարցում, նշում են, որ իրենց կարգադրել են ոչ թե փնտրել, ի հայտ բերել ընտանեկան բռնությունից տուժած կանանց, այլ ուղղակի սպասել, թե երբ այդ կանայք կհայտնվեն ոստիկանության բաժնում: Նշված հանգամանքը լուրջ խոչընդոտ է հանդիսացել նրանց աշխատանքի համար, քանի որ հասարակության մեջ ընդունված չէ ընտանեկան բռնության մասին հաղորդում ներկայացնելը: UNAMA-ն նշում է, որ ոստիկանական ղեկավարությունը հաճախ կին ոստիկաններին համապատասխան միջոցներ չի տրամադրում նման գործերով քննություն իրականացնելու համար:
Հերաթում գործող հասարակական կազմակերպությունը, ինչևէ, նշում է, որ նորանշանակ կին ոստիկանները բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերում ընտանեկան բռնության վերաբերյալ գործերը քննելիս: Տարվա ընթացում երկրում գործած մի հասարակական կազմակերպություն ընտանեկան բռնության վերաբերյալ գործերն արդյունավետ քննելու համար Քաբուլի 240 ANP աշխատակիցների, ներառյալ` ANP Ընտանիքի համար պատասխանատու միավորների (Family Response Units) աշխատակիցների շրջանում վերապատրաստում է անցկացրել: Ընտանիքի համար պատասխանատու միավորները (Family Response Units) մեծամասնությամբ կին ոստիկաններ են և քննում են կանանց, երեխաների և ընտանիքների դեմ ուղղված հանցագործությունները: Վերջիններս միջոցներ են տրամադրում կամ որպես միջնորդ են հանդես գալիս ընտանեկան բռնությունը կանխելու համար:
Կանայք շարունակում են ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտման և որոշ դեպքերում նաև տեղեկացված չեն լինում օրենքով սահմանված իրենց իրավունքների մասին: Խտրականությունն ավելի սուր է արտահայտված հատկապես գյուղերում և գյուղական շրջաններում: Քաղաքներում կանայք ակնհայտ արդյունքների են հասնում` ներգրավվում են հասարակական կենսոլորտ, ուսում ստանում, աշխատանք գտնում, սակայն երկրում շարունակվող կռիվների ընթացքում ուսում ստանալը, ինչպես նաև աշխատավայրերի սղությունը շարունակում են լուրջ խոչընդոտ հանդիսանալ կանանց համար իրենց վիճակը բարելավելու ճանապարհին:
Կանանց սոցիալական խտրականությունը համառորեն շարունակվում է և ներառում է ընտանեկան բռնություններ, բռնաբարություններ, հարկադիր ամուսնություններ, վեճերը կարգավորելու համար աղջիկների փոխանակումներ, առևանգումներ և հանուն պատվի կատարվող սպանություններ: Որոշ վայրերում, հատկապես` հարավում, կանանց արգելվում է տնից դուրս գալ առանց տան արական սեռի ներկայացուցչի ուղեկցության:
Womankind-ի ներկայացրած տարեկան զեկույցի համաձայն` կանանց 87%-ը ենթարկվել է ընտանեկան բռնության, մոտ 60%-ը եղել է հարկադիր ամուսնության զոհ, լրացած չի եղել հարսնացուների մոտ 57%-ի 16 տարին` օրենքով սահմանված ամուսնության տարիքը: Զեկույցում նշված է եղել, որ աղջիկների մեծ մասը հանդիսացել է որպես հանցագործության կամ պարտքի փոխհատուցում:
Ներպետական իշխանության մարմինները կանանց բանտարկում են վերջիններիս ընտանիքի անդամների պահանջով` այն բանի համար, որ դեմ եմ կանանց կողմից ամուսնական զույգ ընտրելուն կամ ամուսնական անհավատարմությանը կամ կրկին ամուսնանալուն: Կանայք մեղադրվում են կրկին ամուսնանալու համար նույնիսկ այն դեպքում, երբ առաջին ամուսինը լքել է այդ կնոջը, սակայն կրկին ամուսնանալուց հետո նորից վերադարձել է: Ներպետական իշխանության մարմինները կանանց նաև բանտարկում են այն դեպքում, երբ ընտանիքի մեկ այլ անդամ հանցանք է գործել, սակայն գտնվելու վայրն անհայտ է: Կանանց մի մասն էլ հայտնվում է բանտերում այն պատճառով, որ տնից փախել է ընտանեկան բռնության ենթարկվելու կամ հարկադիր ամուսնանալու ցանկություն չունենալու պատճառով: 17-21 տարեկան շատ աղջիկներ հայտնվում են Պոլ-Է-Չարխի բանտում այն պատճառով, որ փախել են արժանապատվությունը նսեմացնող հարկադիր ամուսնությունից: AIHRC-ն արձանագրել հանուն պատվի կատարված սպանությունների մոտ 76 դեպք, սակայն ենթադրելի է, որ այս թիվն իրականում շատ ավելի մեծ է: Տեղի հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ Կապիսայի շրջանում 18 տարեկան մի կնոջ եղբայրը սպանել է, որովհետև նա չի ցանկացել հարկադիր ամուսնանալ: Ինչպես հայտնում են, Քաբուլի կանանց ապաստան փախած կնոջը Կապիսայի Կառավարիչն ապաստան է տվել, պաշտպանել և հարկադրել, որպեսզի այդ կնոջ մայրը վերադառնա Կապիսա, որտեղ և նրան մահապատժի են ենթարկել:
Կանայք երբեմն ինքնասպան են լինում, երբ զգում են, որ առկա իրավիճակից ի զորու չեն ելք գտնել: Ամբողջ տարվա ընթացում AIHRC-ը, ի տարբերություն 2007 թվականին արձանագրված 110 դեպքի, գրանցել է մահվան 72 դեպք: Նախորդ երկու տարիների ընթացքում կազմակերպությունները նկատել են աննախադեպ աճ: Համաձայն AIHRC-ի տվյալների` նման իրավիճակում հայտնված գրեթե բոլոր կանայք իրենց վրա բենզին են լցրել և ինքնահրկիզվել: Տարվա սկզբի վեց ամսվա ընթացքում Հերատ շրջանի հիվանդանոցն արձանագրել է ինքնասպանության 47 դեպք, որից 40-ը` մահվան ելքով: Ինքնահրկիզվող կանայք հիմնականում հայտնում են իրենց բարեկամներին ինքնասպանության մտադրության մասին…
Հատկապես սեռական հետապնդումն արգելող օրենք չկա:
Կանայք, ովքեր հայտնում են դաժան վերաբերմունքի դեպքերի մասին կամ իրավական օգնություն են խնդրում, դատական համակարգում հանդիպում են խտրական վերաբերմունքի: Ընտանեկան և սեփականության մասին ներպետական օրենքները կանանց նկատմամբ խտրական նորմեր չեն պարունակում, սակայն երկրի տարբեր մասերում, որտեղ դատական համակարգի գործառույթները կամ օրենքի իմացությունը ցածր մակարդակում է, ավագները հիմք են ընդունում Շարիաթը և տոհմային օրենքները, որոնք հիմնականում խտրական են կանանց նկատմամբ: Կանանց մեծ մասը հայտնում է, որ իրենց արդարադատության իրավունքը սահմանափակվում է հատկապես տոհմային խորհուրդների (tribal shuras) իրականացման ընթացքում, որտեղ բոլոր նախագահող ավագները տղամարդիկ են. կանայք որոշ գյուղերում իրավունք չունեն մասնակցելու վիճելի հարցերի քննարկմանը: Կանանց իրավունքների պաշտպանության խմբերը հայտնում են, որ կառավարությանը ոչ պաշտոնական նամակ հղելուց հետո միայն օրենքներն սկսել են մեկնաբանվել հօգուտ կանանց:
36. Աֆղանստանի վերաբերյալ 2009թ. փետրվարի 18-ին կազմված զեկույցում առկա տեղեկությունների սկզբնաղբյուր հանդիսացող պետության` Միացյալ Թագավորության ներքին գործերի գրասենյակն այդ զեկույցի 23.27- 23.30 կետերում ամուսնալուծության մասին նշել է.
«Իսլամական Շարիաթը և երկրի Սահմանադրությունը կանանց և տղամարդկանց համար պատշաճ իրավունքներ են նախատեսում, սակայն գործնականում և՛ տղամարդկանց ու կանանց միջև հավասարության կանոնների կիրառման, և՛ պրակտիկ որոշ դեպքերում այս իրավունքները չեն երաշխավորվում: Գործող օրենսդրությունը կանանց գրեթե ամբողջությամբ անպաշտպան է թողնում: Տղամարդը կարող է առանց պատշաճ ընթացակարգի ամուսնալուծվել իր կնոջից: Ամուսնության և ամուսնալուծության պաշտոնական գրանցման բացակայության պայմաններում կանայք հատկապես ենթակա են չարաշահումների: Կինը կարող է նոր ամուսնության մեջ մտնել ամուսնալուծությունից երեք ամիս հետո (Էդաթ): Սակայն վիճարկման դեպքում նա պետք է ներկայացնի վկաներ, ովքեր դատարանում կապացուցեն նրա` ամուսնալուծված լինելը: Կինը կարող է ամուսնալուծության գործընթաց սկսել, եթե նա դա անելու բավարար պատճառներ ունի, ի թիվս այլնի, ընդունելի պատճառները ներառում են` նրա ամուսնու հիվանդությունը, որը վտանգի տակ է դնում նրան, նրա ամուսնու կողմից ընտանիքի ապրուստը հոգալուց հրաժարվելը, ամուսնու` չորս տարուց ավելի տանից բացակայելը կամ 10 տարի կամ ավելի ժամկետով ազատազրկման դատապարտվելը: Նման դեպքերում դատարանը նրան մահր` ամուսնալուծության արդյունքում վճարվող գումար (ալիմենտ) ստանալու իրավունք կվերապահի, ինչպես նաև նրան կհանձնի դուստրերի խնամքը` մինչև նրանց ինը տարեկան դառնալը, և որդիների խնամքը` մինչև նրանց յոթ տարեկան դառնալը» (Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույց, դեկտեմբեր 2008):
Կանանց վերաբերյալ 2008թ. փետրվարի զեկույցում նշված էր. «Աֆղանստանի քաղաքացիական օրենսդրությունը բովանդակում է բազմաթիվ դրույթներ, որոնք պաշտպանում են կանանց իրավունքներն ընտանիքում, դրանցից է ամուսնալուծվելու իրավունքը, եթե նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել: Չնայած որ հազվադեպ է կիրառվում, սակայն գործող օրենսդրությունը հիմք է հանդիսանում, որը հնարավորություն է տալիս պաշտպանել կնոջը վերապահված մարդու իրավունքները և նրանց ուսուցանել այդ իրավունքների մասին»: Բացի դրանից, «Ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ կանանց ընտրությունը սովորույթի և խտրական օրենքների ուժով շարունակում է սահմանափակված մնալ…» (Freedom House, 2008) UNHCR-ի 2007թ. դեկտեմբերի փաստաթուղթը համընկնում է վերոնշյալ փաստաթղթի հետ, դրա համաձայն. «Կանայք շարունակում են զրկված լինել հիմնարար քաղաքացիական իրավունքներից, այդ թվում` ամուսնալուծության, խնամակալության և ժառանգության իրավունքների կապակցությամբ»:
Կանանց վերաբերյալ զեկույցում նաև արձանագրված էր, որ. «Խարանը և անարգանքը, որոնք շրջափակում են ամուսնալուծված կնոջը… զրկում է նրան ամուսնանալու հնարավորությունից, իսկ հետագայում ֆինանսապես անզոր է դարձնում: Բազմակնությունն ամուսնալուծված կնոջը հասանելի մի քանի տարբերակներից մեկն է, քանի որ նա ցածր սոցիալական կարգավիճակ ունի և նրան ամուսին է անհրաժեշտ ֆինանսական օգնության համար»: Նաև, «Ընտանիքի տղամարդ անդամներից կանանց տնտեսական կախվածությունը խոչընդոտում է նրանց ամուսնալուծվելուն կամ դաժան ամուսնությունը դադարեցնելուն»:
2008թ. հուլիսի 16-ին հրապարակված` IRIN News-ի հոդվածում նշված էր, որ. «Աֆղանստանում տղամարդու և կնոջ միջև առկա արտամուսնական սեռական հարաբերությունը լուրջ հանցագործություն է, և հանցագործները ենթակա են մահապատժի և/կամ երկարաժամկետ ազատազրկման` կախված նրանց ընտանեկան դրությունից և այլ հանգամանքներից… Համաձայն կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների` յուրաքանչյուր տարի հարյուրավոր կին մարմնավաճառներ դատապարտվում են ենթադրաբար «անօրինական սեռական հարաբերության» մեջ գտնվելու համար…»: Սակայն կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ ակտիվիստներ և մարմնավաճառության մեջ ներգրավված մի քանի կին IRIN-ին ասել են, որ սննդամթերքի բարձր գները, երաշտը, գործազրկությունը և սոցիալ-տնտեսական հնարավորությունների բացակայությունը որոշ կանանց և երիտասարդ աղջիկների դրդում են տեղափոխվել Հյուսիսային Աֆղանստան և ներգրավվել առևտրային մարմնավաճառության մեջ…
37. The Human Rights Watch-ի` 2009թ. դեկտեմբերի 6-ին հրապարակված` «Մենք աշխարհին տրված խոստումներ ունենք» զեկույցում Աֆղանստանում կանանց իրավունքների կապակցությամբ ներկայացված է, որ կանանց իրավունքների շարունակական խախտումների խորհրդանշական դեպքեր տեղի են ունենում հետևյալ հինգ ոլորտներում, այն է` հասարակական կյանքում կանանց վերաբերյալ քննադատության առկայություն, կանանց նկատմամբ բռնություն, երեխայի ամուսնություն և հարկադիր ամուսնություն, արդարադատության մատչելիություն, աղջիկների համար միջնակարգ կրթության մատչելիություն: Արդյունքում, inter alia, արձանագրվել է հետևյալը.
Թալիբանի անկումից և Կարզայի կառավարման հաստատումից ութ տարի հետո աֆղան կանայք շարունակում են աշխարհում ամենավատ վիճակում մնալ: Յուրաքանչյուր, այդ թվում` առողջապահության, կրթության, աշխատանքի, բռնությունից պաշտպանության, օրենքի առջև հավասարության և քաղաքական կյանքին մասնակցելու ոլորտում նրանց կարգավիճակը մտահոգիչ է… Աֆղանստանում կանանց իրավունքների մտահոգիչ վիճակի վրա ուշադրություն դարձվեց 2009թ. մարտին, երբ Շիիթի անձնական կարգավիճակի մասին օրենքը, որում առկա էին Թալիբանի ոճի կնատյաց դատողություններ, ընդունվեց Պառլամենտի և ստորագրվեց նախագահ Համիդ Կարզաի կողմից: Օրենքը կարգավորում է Շիա մահմեդականի անձնական կարգավիճակի, այդ թվում` ամուսնալուծության, ժառանգման և ամուսնության նվազագույն տարիքի վերաբերյալ հարցեր, սակայն, ինչպես կտեսնեք ստորև, խիստ սահմանափակման է ենթարկել կնոջ հիմնարար ազատությունները:… վերջնական արդյունքն ակնկալիքներին չէր համապատասխանում, հավանաբար այն պատճառով, որ նախագահ Կարզան ցանկանում էր ընտրությունների ժամանակ ստանալ Շիա արմատականների (ֆունդամենտալիստների) աջակցությունը: Նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ նա ստորագրել է օրենքի փոփոխված տարբերակը, որը ներառում էր այնպիսի հոդվածներ, որոնք խիստ սահմանափակումներ էին դնում Շիա կանանց վրա, այդ թվում` տանից դուրս գալու համար իրենց ամուսինների թույլտվությունը խնդրելը, որից բացառություն թույլատրում էր միայն անորոշ «ողջամիտ իրավական հիմքեր» ձևակերպումը: Օրենքը նաև երեխայի նկատմամբ խնամակալության իրավունքը վերապահում էր հորը և պապին և ոչ թե մորը կամ տատին, և թույլ էր տալիս ամուսնուն դադարեցնել իր կնոջը պահել, եթե նա հրաժարվում է իր ամուսնական, այդ թվում` սեռական, պարտականությունները կատարելուց: Շիա օրենքի շուրջ բարձրացված աղմուկը ցույց տվեց աֆղան կանանց, մարդու իրավունքների պաշտպանների և հեղափոխական քաղաքական գործիչների նվաճումների փխրուն լինելը: Աֆղանստանի քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը Թալիբանի անկումից հետո կանանց բազմաթիվ, այդ թվում` տեղաշարժման ազատության, աշխատանքի ազատության և կրթության իրավունքների վերապահման նկատմամբ գաղափարական թշնամանք է տածում: Այս զեկույցի կազմման ժամանակ հարցման ենթարկված կանանցից շատերը նշել են, որ որպես փոփոխությունների ակտիվիստներ իրենց աշխատանքի սահմանները վերջին մի քանի տարիների ընթացքում նեղացել են, քանի որ կառավարությունն ավելի ու ավելի շատ է հենվում պահպանողական կուսակցությունների վրա` իր քաղաքական վերահսկողությունը պահպանելու նպատակով:
Կանանց նկատմամբ բռնությունը. Աֆղանստանին բնորոշ է կանանց նկատմամբ բռնությունը: 4700 կանանց շրջանում կատարված և 2008 թվականին հրապարակված ազգային հարցման արդյունքում պարզվել է, որ հարցման ենթարկվածների 87.2%-ն իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության կամ հարկադրաբար ամուսնացել են: Բռնությունը դրսևորվել է բռնաբարության, ֆիզիկական բռնության, հարկադիր ամուսնության և «պատվի համար կատարված սպանության» ձևով: Շատ հաճախ այդ բռնությունների նկատմամբ կառավարության և ոստիկանության վերաբերմունքն արտացոլում է կնատյաց մոտեցումները, որոնք արմատավորված են մշակութային ավանդույթներում և ընկած են կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների հիմքում, սակայն այդ մոտեցումները գնալով ավելի ու ավելի հաճախ մերժվում են աֆղանների երիտասարդ սերնդի կողմից: Ինչպես Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի (AIHRC)` կանանց պաշտպանության և զարգացման հարցերով հանձնակատարը` բժիշկ Սորայա Սոբհրանգն է նշում. «Ոստիկանները և դատավորները գտնում են, որ կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը լեգիտիմ է, ուստի նրանք այդ կապակցությամբ վարույթ չեն հարուցում»: Դեպքերի բացարձակ մեծամասնության պարագայում կանայք օգնություն չեն խնդրում, քանի որ վախենում են ոստիկանությունում առկա չարաշահումներից և կոռուպցիայից, կամ այն բանից, որ իրավախախտներն իրենցից վրեժ կլուծեն: Ցածր սոցիալական վիճակը և սոցիալական խարանները կանանց հետ են պահում իրենց ընտանիքներին ընդդիմանալուց և արդարադատություն պահանջելուց` հատկապես ընտանեկան բռնության դեպքերում: Եթե կինը դիմում է ոստիկանություն կամ դատարաններ, նա պետք է անցնի առանց տղամարդու տանից դուրս եկող, հասարակական իշխանություններից պաշտպանություն խնդրող միայնակ թողնված կնոջն սպասվող հասարակական անարգանքի միջով: Կանանց և երեխաների վերաբերյալ իրավական վերլուծության հիմնադրամի (WCLRF) կողմից 2008 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բռնության ենթարկված կանանց միայն 15%-ն է դիմել ոստիկանության օգնությանը: Նրանցից շատերը բախվել են ըմբռնումով մոտեցման բացակայության, եթե ոչ բացահայտ թշնամանքի կամ չարաշահումների հետ: Աֆղանստանի քրեական օրենսգրքի համաձայն` բռնաբարությունը հանցագործություն չէ: Օրենսգրքի իմաստով` բռնաբարություն կատարած անձը կարող է դատապարտվել «հարկադիր» զինայի կամ ամուսնական անհավատարմության համար, որը երբեմն հանգեցնում է զինայի համար նաև կանանց դատապարտման: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կանանց իրավունքների համար պայքարող անձանց մեծագույն նվաճումը նախագահի կողմից Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին օրենքը շրջանառության մեջ դնելն է, որով քրեականացվում է բռնաբարությունը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակելու պահին օրենքը քննարկվում էր Պառլամենտի կողմից…
Արդարադատության մատչելիությունը. հիմնական խնդիրներից մեկը կանանց համար արդարադատության մատչելիության ապահովումն է: Ոստիկանության ուսուցումը կամ ներառում է շատ քիչ թվով դասընթացներ` կապված սեռական հիմքով կատարվող բռնության, կանանց իրավունքների վերաբերյալ, կամ ընդհանրապես նման ուսուցում չի ներառում, պատճառը, մասնավորապես, այն է, որ ուսուցումն առավելապես կենտրոնացած է եղել պատժողական միջոցառումների իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հմտությունների զարգացման և ոչ թե հանցագործությունների կանխման, հանցագործության հետ կապված խնդիրների լուծման և հասարակությանը ոստիկանական ծառայությունների մատուցման վրա: Խորապես ամրապնդված սովորութային նախապաշարումները շատ կանանց համար խոչընդոտ են հանդիսանում ոստիկանություն կամ դատարաններ դիմելու համար, քանի որ նրանք վախենում են «վատ կնոջ» խարանից: Ոստիկանության բաժիններում և դատարաններում կանայք բախվում են խտրական վերաբերմունքի այն պաշտոնատար անձանց կողմից, ովքեր հաճախ չգիտեն օրենքը, սակայն պատժում են կնոջը` ելնելով սովորութային իրավունքից, որը լուրջ շեշտադրում է կատարում կնոջ «հարգանքի» և զսպվածության հասկացությունների վրա: Բանտերում գտնվող կանանց մեծամասնությունը մեղադրվել է արտամուսնական սեռական հարաբերության (զինա) կամ «փախուստի» մեջ գտնվելու համար, ինչը Աֆղանստանի օրենքով կամ Շարիաթով հանցագործություն չի համարվում, սակայն հաճախ պայմանավորված է պահպանողական ավանդական տեսակետի առկայությամբ առ այն, որ կինը հոր կամ ամուսնու սեփականությունն է: Այս կապակցությամբ ողջունելի քաղաքականություն է ոստիկանության բաժիններում կին աշխատակիցներից կազմված «Ընտանիքի համար պատասխանատու միավորների» (Family Response Units (FRUs)) ստեղծումը: Սակայն, ինչպես մանրամասն ներկայացված է սույն զեկույցի մեջ, FRU-ների կիրառման հետ կապված առկա են լուրջ խնդիրներ, այդ թվում` ոչ բավարար թվով կին ոստիկանների առկայությունը և ոչ պատշաճ ուսուցումը, երիտասարդ մասնագետին գործնական հմտություններ փոխանցելը և միջոցները…
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
38. Դիմողը վիճարկել է, որ Աֆղանստան իր արտաքսման ի կատար ածումը կհակասի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որը սահմանում է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Ընդունելիությունը
39. Դատարանը նշում է, որ դիմումը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Ապա այն նշում է, որ դիմումն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ընդունելի ճանաչվի:
B. Հանգամանքները
1. Կողմերի փաստարկները
40. Կառավարությունը նշել է, որ միջազգային զեկույցները հաստատում են, որ Աֆղանստանում կանանց համար ընդհանուր վիճակը շատ բարդ է և որ այն կանայք, ովքեր դուրս են մղվել սոցիալական հարաբերություններից և չունեն ընտանիքի կամ գերդաստանի տղամարդ անդամների հովանավորությունը, հատկապես ենթակա են իրենց հիմնարար իրավունքների խախտմանը, սակայն, ի տարբերություն գյուղական վայրերի, Քաբուլում իրավիճակը բավական լավ է:
41. Սույն գործով, սակայն, նա նշել է, որ դիմողը չի հիմնավորել, որ առկա է իրական և կոնկրետ վտանգ առ այն, որ Աֆղանստան վերադառնալուց հետո նա Աֆղանստանի իշխանությունների կամ մասնավոր անձանց կողմից կենթարկվի վատ վերաբերմունքի:
42. Նրանք նաև նշել են, որ դիմողի ինքնությունը պարզ չէ, և որ նրա պատմությունն անորոշ է, ինչպես նաև ոչ հանգամանալից ու չապացուցված, ուստի դրա արժանահավատությունը կասկածելի է:
43. Մասնավորապես, անորոշ է նրա ենթադրյալ արտամուսնական կապերի մասին պատմությունը, և ներպետական վարույթի ընթացքում նա Շվեդիայի իշխանություններին դրա վերաբերյալ տեղեկություն չի ներկայացրել բացառությամբ այն տեղեկության, որ իր ընկերը շվեդ է: Դա հատկապես տարօրինակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր նոր ընկերոջը հանդիպել է 2007թ. աշնանը և այդ տեղեկությունը ապաստան ստանալու վերաբերյալ նրա դիմումին վերաբերելի է եղել: Նա ներպետական իշխանություններին որևէ բացատրություն չի ներկայացրել այն մասին, թե ինչու է խուսափել կոնկրետ մարդու և նրա հետ ունեցած հարաբերության, այդ թվում 2009թ. ապրիլին նրա հասցեում բնակվելու մասին տեղեկություն ներկայացնելուց: Համենայնդեպս, որևէ նշում չկա այն մասին, որ ենթադրյալ արտամուսնական կապը հայտնի է դարձել Աֆղանստանի իշխանություններին, նրա կամ նրա ամուսնու ընտանիքին:
44. Նմանապես, 2009 թվականին ներկայացված փաստարկներում է միայն դիմողը բացատրել, թե ինչպես է 2005թ. աշնանը տեղի ունեցած մի քանի հեռախոսային խոսակցություններից հետո իր ընտանիքը ենթադրաբար հրաժարվել իրենից: Սակայն դեպքերի ընթացքի վերաբերյալ այդ տարբերակը չի համապատասխանում 2008թ. հոկտեմբերի 13-ին Միգրացիոն հանձնաժողով ներկայացված նրա դիմումին, որի համաձայն՝ նա որևէ կապ չի ունեցել իր ընտանիքի հետ՝ սկսած 2005թ. ամռանից: Ավելին, դիմողի այն փաստարկը, որ իր ընտանիքը հրաժարվել է իրենից, և որ նա իր հայրենիքում որևէ հասարակական կապ կամ տղամարդու հովանավորություն չունի, որևէ ապացույցով հիմնավորված չէ: Ուստի, ինչպես նշվել է Միգրացիոն դատարանի 2007թ. մարտի 19-ի դատավճռում` չհիմնավորված է մնում այն հանգամանքը, որ դիմողի ընտանիքը հրաժարվել է նրանից:
45. Ինչ վերաբերում է Բալթյան և Հյուսիսային երկրների վերաբերյալ UNHCR-ի շրջանային գրասենյակի 2008թ. հոկտեմբերի 2-ի նամակին, ապա Կառավարությունը փաստարկել է, որ դա թույլ ապացուցողական նշանակություն ունի, քանի որ դրա հեղինակն անձնապես չի ճանաչում դիմողին և նամակում նշված է UNHCR-ի տեսակետն առ այն, որ Աֆղանստանի՝ ապաստան փնտրող կանայք, ընդհանուր առմամբ, պաշտպանության կարիք ունեն:
46. Վերջապես, Կառավարության կարծիքով` դիմողը դեռևս ամուսնացած է և որևէ հիմնավորում չկա այն մասին, որ դիմողի ամուսնալուծության փորձերը գրավել են Աֆղանստանի իշխանությունների ուշադրությունը: Ավելին, չի կարելի ասել, որ դիմողը չի կարող ամուսնալուծվել Աֆղանստանում: Դա որոշակի դեպքերում հնարավոր է, օրինակ, եթե ամուսինը հիվանդ է և դա վտանգի տակ է դնում իր կնոջը: Այս կապակցությամբ նա նշել է, որ ներպետական վարույթի ընթացքում պարզվել է, որ դիմողի ամուսինը՝ X-ն ունի այնպիսի հոգեկան խնդիրներ, ինչպիսիք են՝ անհանգստությունը, անքնությունը և ագրեսիվ վարքագիծը:
47. Դիմողը նշել է, որ եթե ինքը Շվեդիայից Աֆղանստան ուղարկվի, ապա իր համար առկա կլինի հետապնդումների կամ անգամ մահապատժի ենթարկվելու իրական վտանգ, քանի որ նա բաժանվել է իր ամուսնուց և կապերի մեջ է գտնվում այլ տղամարդու հետ: Ապա նա նշել է, որ Աֆղանստանում կարող է ենթարկվել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, քանի որ իր ընտանիքը հրաժարվել է իրենից և, հետևաբար, նա չի ունենա որևէ սոցիալական կապ կամ տղամարդու հովանավորություն: Այս կապակցությամբ նա վկայակոչել է Աֆղանստանում կանանց համար վատ պաշտպանության և բարդ մարդկային պայմանները:
48. Դիմողը համոզված է, որ Քաբուլում գտնվող ինչպես իր, այնպես էլ իր ամուսնու ընտանիքը տեղյակ են այն մասին, որ նա Շվեդիայում փորձել է ամուսնալուծվել, քանի որ Շրջանային դատարանը կապվել է իր ամուսնու հետ, և 2008թ. հուլիսի 17-ին վերջինս հայտնել է դատարանին, որ համաձայն չէ ամուսնալուծվել:
49. Ապա նա նշել է, որ անհնարին է ապացուցել, որ իր ընտանիքը հրաժարվել է իրենից: Նրանք չեն ցանկանում կապեր հաստատել իր հետ և դժվար է ասել, թե ինչ հիմնավորում ողջամտորեն կարող է ակնկալվել այս կապակցությամբ իր փաստարկը հիմնավորելու համար:
50. Վերջապես, դիմողը ժխտել է այն հանգամանքը, որ կարող է հաջողությամբ ամուսնալուծվել Աֆղանստանում, քանի որ իր համար անհնարին կլինի գտնել երկու անձ, ովքեր կվկայեն իր օգտին: Այնուամենայնիվ, եթե ինքը վերադառնա առանց իր ամուսնու, ինչպես որ պատրաստվում է անել, վերոնշյալ պատճառներով առկա է վտանգ, որ ինքը կարող է ենթարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի:
2. Դատարանի գնահատականը
51. Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող պետությունն իրավունք ունի վերահսկել օտարերկրացիների մուտքը, բնակությունը և վտարումը՝ որպես միջազգային իրավունքով կարգավորվող խնդիրներ և պայմանագրային, այդ թվում Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների առարկա (Նner v. the Netherlands [GC], գանգատ թիվ 46410/99, կետ 54, ECHR 2006-XII): Սակայն Պայմանավորվող պետության կողմից կիրառվող վտարումը կարող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով խնդիրներ առաջացնել՝ դրանով իսկ հանգեցնելով Պետության՝ Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվության, եթե կան իրական հիմքեր ենթադրելու, որ առկա է իրական վտանգ առ այն, որ տվյալ անձն արտաքսվելու դեպքում կարող է ենթարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Նման դեպքում 3-րդ հոդվածը սահմանում է տվյալ անձին այդ երկիր չարտաքսելու պարտականությունը (Saadi v. Italy [GC], գանգատ թիվ 37201/06, կետ 125, ECHR 2008-...):
52. Դատարանը, ինչպես նշվել է վերը, տեղյակ լինելով Աֆղանստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների արձանագրումներին` չի գտնում, որ դրանք այնպիսի բնույթ ունեն, որ ինքնին հիմնավորեն, որ եթե դիմողը վերադարձվի այդ երկիր, ապա տեղի ունենա Կոնվենցիայի խախտում: Այսպիսով, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք այն իրավիճակը, որում դիմողն անձամբ հայտնվել է, այնպիսին է, որ նրան Աֆղանստան վերադարձնելը կխախտի Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:
53. Դատարանն ընդունում է, որ հաշվի առնելով այն առանձնահատուկ իրավիճակը, որում ապաստան փնտրողները հայտնվում են, նրանց հայտարարությունները և ի հիմնավորումն այդ հայտարարությունների` ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը գնահատելիս հաճախ անհրաժեշտություն է առաջանում նրանց չմեղադրել քիչ ապացույցներ ներկայացնելու մեջ: Սակայն այն դեպքում, երբ այնպիսի տեղեկություն է ներկայացվում, որը լուրջ պատճառներ է տալիս կասկածի տակ դնելու ապաստան փնտրող անձի հայտարարությունները, վերջինս պետք է բավարար բացատրություն ներկայացնի ենթադրյալ անհստակությունների համար (ի թիվս այլ հանգամանքների` տե՛ս Collins and Akasiebie v.Sweden (dec.), գանգատ թիվ 23944/05, 2007թ. մարտի 8-ի վճիռ և Matsiukhina and Matsiukhin v. Sweden (dec.), գանգատ թիվ 31260/04, 2005թ. հունիսի 21): Սկզբունքորեն, դիմողը պետք է ապացույցներ ներկայացնի, որոնց միջոցով հնարավոր կլինի ապացուցել, որ առկա են իրական հիմքեր առ այն, որ վիճարկվող միջոցի կիրառման դեպքում նա կենթարկվի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի (տե՛ս N. v. Finland, գանգատ թիվ 38885/02, կետ 167, 2005թ. հուլիսի 26 և NA. v. the United Kingdom, գանգատ թիվ 25904/07, կետ 111, 2008թ. հուլիսի 17): Եթե նման ապացույցներ ներկայացվել են, ապա դրանց վերաբերյալ ցանկացած կասկած փարատելը Կառավարության խնդիրն է:
54. Պարզելու համար, թե արդյոք առկա է վատ վերաբերմունքի վտանգ, Դատարանը պետք է քննության առնի դիմողին Աֆղանստան ուղարկելու կանխատեսելի հետևանքները՝ չմոռանալով այն ընդհանուր իրավիճակի մասին, որն առկա է այնտեղ, և այն իրավիճակի մասին, որում հայտնվել է դիմողը (տե՛ս Vilvarajah and Others v. the United Kingdom, 1991թ. հոկտեմբերի 30-ի վճիռը, Series A no. 215, կետ 108 ընդհանուր առմամբ):
55. Դատարանն առաջին հերթին գտնում է, որ Աֆղանստանում կանայք հատկապես ենթակա են վատ վերաբերմունքի, եթե ընկալվում է, որ նրանք չեն կատարում այն դերը, որը նրանց վերապահված է հասարակության, ավանդույթի և անգամ իրավական համակարգի կողմից: Ուստի UNHCR-ը գտել է, որ աֆղան այն կանայք, ովքեր Իրանից կամ Եվրոպայից վտարված կանանց նման նվազ ավանդապաշտ կենսակերպ ունեն, շարունակում են ընկալվել որպես ամրապնդված սոցիալական և կրոնական նորմերը խախտողներ և դրա արդյունքում կարող են ենթարկվել ընտանեկան բռնության և տարբեր ձևերի պատժի` սկսած մեկուսացումից և խարանումից մինչև «պատվի հանցագործությունների» կատարում այն անձանց նկատմամբ, ովքեր անարգանքի են ենթարկել իրենց ընտանիքը, համայնքը կամ տոհմը: Հասարակական վարքագծի կանոնների իրական կամ ենթադրյալ խախտումները ներառում են ոչ միայն ընտանիքում կամ հասարակությունում դրսևորված հասարակական վարքագիծը, այլ նաև սեռական կողմնորոշումը, պրոֆեսիոնալ կարիերայով զբաղվելը և պարզ անհամաձայնություններն այն կենսակերպի հետ, որը վարում է ընտանիքը:
56. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ թեև ոչ օրինական, սակայն դիմողը բնակվել է Շվեդիայում սկսած 2004թ. օգոստոսի 13-ից: Դատարանը նշում է, որ արդեն հենց այդ պատճառով կարող է ենթադրվել, որ նա չի համապատասխանում Աֆղանստանի հասարակության, ավանդույթի և իրավական համակարգի կողմից նրան վերապահված կնոջ դերին: Առավել կարևոր է, սակայն, 2008 թվականին Շվեդիայում իր ամուսնու հետ ամուսնալուծվելու նրա ապարդյուն փորձը և այն, որ նա հստակ մտադրություն է հայտնել ամուսնությունը չվերականգնելու վերաբերյալ: Դատարանը նշում է, որ սույն գործին նման գործերով ամուսնալուծվելու մտադրության արտահայտումը կարող է պայմանավորված լինել ի սկզբանե նշված պատճառներով ապաստան տրամադրելուց իշխանությունների նախկին մերժմամբ: Ուստի պետք է ակնկալել, որ դիմողը կարող է համոզիչ կերպով ցույց տալ, որ իր մտադրությունն իրական է և անկեղծ: Դիմողին ներկայացվող պահանջը կարող է որոշակի նմանություններ ունենալ այն դեպքերի հետ, երբ ապաստան փնտրողներն ընդունող երկրում քրիստոնեություն են ընդունել և հրաժարվել մահմեդականությունից, և հայտարարում են, որ մուսուլմանական իրենց հայրենիքի իշխանությունները տեղյակ են այդ մասին, և որ վերադառնալուց հետո դա կարող է հանգեցնել լուրջ բացասական, ճակատագրական հետևանքների (տե՛ս, օրինակ, mutatis mutandis, Reza Mohammasi v. the Netherlands (dec.), գանգատ թիվ 5140/06, 2006թ. հունիսի 1 և Razaghi v. Sweden (dec.), գանգատ թիվ 64599/01, 2003թ. մարտի 11): Սույն գործով դիմողն իր ամուսնուց՝ X-ից, բաժանվել էր 2005թ. հունիսին, այսինքն՝ ամուսինների Շվեդիա գալուց մոտավորապես մեկ տարի հետո, և այն ժամանակահատվածում, երբ Միգրացիոն հանձնաժողովի 2005թ. մարտի 29-ի առաջին մերժումը քննվում էր Միգրացիոն դատարանի կողմից: Չի վիճարկվում, որ նա դրանից հետո իր ամուսնուն միայն մեկ անգամ է տեսել, և ապացուցված է, որ նրանից ամուսնալուծվելու ապարդյուն փորձեր է կատարել 2008 թվականին: Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմողը ցուցադրել է իր ամուսնուց առանձին ապրելու իր իրական և անկեղծ մտադրությունը: Սույն գործը, այսպիսով, տարբերվում է, օրինակ, S.A. v. The Netherlands (dec.), գանգատ թիվ 3049/06, 2006թ. դեկտեմբերի 12-ի գործից, որով դիմողի կինը չէր վիճարկել իր ամուսնությունը, սակայն հայտարարել էր, որ նա ամուսինների՝ Նիդեռլանդներ մուտք գործելուց հետո ընդամենը մեկ տարի հետո ծնված իր երեխայի հայրը չէ և ապաստան էր խնդրել: Այդ գործով Դատարանը գտել է, որ դիմումն ամբողջությամբ անհիմն է և նշել է, որ դա չի հանգեցրել դիմողի ամուսնու կողմից որևէ գործողություն կատարելուն, որը կվկայեր այն մասին, որ նա ցանկանում է բաժանվել, ամուսնալուծվել կամ վիճարկել երեխայի հայրությունը, ինչը կարող էր Աֆղանստան վերադառնալուց հետո վտանգի տակ դնել դիմողին:
57. Դիմողը դեռևս պաշտոնապես ամուսնացած է X-ի հետ: Վերջինս 2008թ. հուլիսի 17-ին տեղեկացրել է Շրջանային դատարանին, որ հակառակվում է ամուսնալուծվելու վերաբերյալ դիմողի ցանկությանը: Ուստի, եթե ամուսինները առանձին-առանձին կամ միասին աքսորվեն Աֆղանստան, X-ը կարող է որոշել վերսկսել դիմողի հետ իրենց ամուսնական կյանքը՝ հակառակ դիմողի ցանկության: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, օրինակ, որ Պառլամենտի կողմից ընդունվել և 2009թ. ապրիլին Նախագահի կողմից ստորագրվել է Շիիթի անձնական կարգավիճակի մասին օրենքը, որը, թեև դեռևս պետք է կիրառվի, inter alia, ամրագրում է, որ կանայք պետք է կատարեն իրենց ամուսինների սեռական պահանջները և տանից դուրս գալու թույլտվություն խնդրեն՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: Դատարանը նաև նշում է այն անհանգստացնող ցուցանիշները, որոնց համաձայն՝ աֆղան կանանց մոտ 80%-ը ենթարկվում է ընտանեկան բռնության (տե՛ս կետ 34): Ավելին, Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի Կանանց պաշտպանության և զարգացման հարցերով հանձնակատարի համաձայն՝ (տե՛ս կետ 37) իշխանությունները կանանց նկատմամբ բռնությունները դիտում են լեգիտիմ և նման դեպքերում քրեական հետապնդում չեն իրականացնում: Դեպքերի բացարձակ մեծամասնության պարագայում կանայք օգնություն չեն խնդրում, քանի որ վախենում են ոստիկանությունում առկա չարաշահումներից և կոռուպցիայից, կամ այն բանից, որ իրավախախտներն իրենցից վրեժ կլուծեն: Ծանր սոցիալական վիճակը և սոցիալական խարանները կանանց հետ են պահում իրենց ընտանիքներին ընդդիմանալուց և արդարադատություն պահանջելուց, հատկապես ընտանեկան բռնության դեպքերում: Եթե կինը դիմում է ոստիկանություն կամ դատարաններ, նա պետք է անցնի առանց տղամարդու տանից դուրս եկող, հասարակական իշխանություններից պաշտպանություն խնդրող միայնակ թողնված կնոջն սպասվող հասարակական անարգանքի միջով:
58. Դատարանը նշում է, որ սույն գործով առկա չէ որևէ առանձնահատուկ հանգամանք, որը հիմք կտար ասելու, որ դիմողը նման վերաբերմունքի է արժանանալու X-ի կողմից, սակայն Դատարանը չի կարող անուշադրության մատնել այն ընդհանուր վտանգը, որի մասին նշվում է վիճակագրության և միջազգային զեկույցների մեջ:
59. Դիմողը նշել է, որ ինքը հետապնդումների և անգամ մահապատժի ենթարկվելու վտանգի տակ է գտնվում, քանի որ ունեցել է արտամուսնական կապ: Դատարանը գտնում է, սակայն, որ դիմողը ներպետական վարույթի ընթացքում Շվեդիայի իշխանություններին դրա վերաբերյալ համապատասխան կամ հանգամանալից որևէ տեղեկություն չի ներկայացրել, և որ հետագայում նա անգամ չի փորձել բացատրել, թե ինչու դա չի արել: Այնուամենայնիվ, ամուսնալուծության վերաբերյալ դիմում ներկայացնելը կամ այլ գործողությունները X-ը կարող է ընկալել որպես արտամուսնական կապ, ուստի Դատարանը նշում է, որ Աֆղանստանի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն (տե՛ս կետ 35)` «ամուսնական անհավատարմությունը նախատեսված է Քրեական օրենսգրքում, մինչ ամուսնանալն ունեցած սեռական կապը հանցագործություն չի հանդիսանում, սակայն տեղական իշխանությունների կողմից այն դիտվում է որպես «բարոյական» հանցագործություն»: Ավելին, «տեղական իշխանությունները երբեմն բանտարկում են կանանց նրանց ընտանիքի անդամների խնդրանքով այն բանի համար, որ նրանք ապագա ամուսնու ընտրության հարցում հակառակվել են ընտանիքի ընտրությանը կամ մեղադրվել են ամուսնական անհավատարմության կամ երկու ամուսին ունենալու համար: Երկու ամուսին ունենալու մեղադրանք կանանց ներկայացնում են նաև նրանց ամուսինները, ովքեր թողել են նրանց, սակայն այն բանից հետո, երբ կինը կրկին ամուսնացել է, վերադարձել են: Տեղական իշխանությունները բանտարկում են կանանց նաև ընտանիքի որևէ անդամի փոխարեն, ով հանցանք է կատարել, սակայն նրան հնարավոր չէ հայտնաբերել: Որոշ կանայք գտնվում են կալանավայրերում այն պատճառով, որ փախել են տնից իրենց նկատմամբ կիրառված ընտանեկան բռնության կամ հարկադիր ամուսնության հեռանկարի պատճառով»: Բացի դրանից, IRIN News-ի հոդվածում, որը տպագրվել է 2008թ. հուլիսի 16-ին, նշված է, որ «Աֆղանստանում տղամարդու և կնոջ միջև առկա արտամուսնական սեռական կապը լուրջ հանցագործություն է, և հանցագործները կարող են մահվան և/կամ երկարատև ազատազրկման դատապարտվել՝ կախված նրանց ընտանեկան դրությունից և այլ հանգամանքներից»:
60. Ինչ վերաբերում է այն հարցին, թե դիմողը կարող է, արդյոք, իր մտադրության համաձայն Աֆղանստանում առանձին ապրել իր ամուսնուց, ապա Դատարանը վկայակոչում է UNHCR-ի նշումն այն մասին, որ «միայնակ կնոջ կամ այն կնոջ համար, ով զրկված է տղամարդու «խնամակալությունից», շարունակում են առկա լինել բնականոն սոցիալական կյանք վարելու սահմանափակումներ: Նման կանանց շարքին են դասվում ամուսնալուծված, ոչ կույս չամուսնացած կանայք, ինչպես նաև այն կանայք, ում նշանադրությունը խախտվել է: Մինչև նրանց ամուսնանալը, ինչը շատ դժվար է՝ հաշվի առնելով այդ կանանց հետ զուգորդվող հասարակական խարանը, նրանց նկատմամբ հասարակական մերժողական վերաբերմունքն ու խտրականությունը շարունակում են մնալ: Շատ աֆղան կանանց արգելվում է լքել ընտանիքի զբաղեցրած տարածքը՝ առանց փարանջայի և տղամարդու ուղեկցության, ով պետք է լինի նրա ամուսինը կամ մերձավոր ազգականը: Առանց տղամարդու աջակցության և պաշտպանության` կանայք, որպես կանոն, զրկված են գոյության հնարավորությունից՝ հաշվի առնելով միայնակ ապրող կանանց նկատմամբ դրված հասարակական սահմանափակումները, այդ թվում՝ տեղաշարժման ազատության սահմանափակումը: Դա արտացոլված է նրանում, որ այն քիչ թվով կանանց համար, ովքեր ընտանեկան բռնությունից ապաստան ստանալու հնարավորություն ունեն, նշված խնդրի լուծում չի տրվում: Անկախ ապրելու հնարավորություն չունենալով՝ նրանք տարիներ շարունակ քվազիկալանքի տակ են գտնվում, իսկ շատերն էլ ստիպված վերադառնում են դաժան ընտանեկան իրավիճակին: Նման «հաշտեցման» արդյունքները, որպես կանոն, չեն վերահսկվում, ինչը հնարավորություն է տալիս, որ վերադառնալուց հետո նրանց նկատմամբ անպատժելիորեն դաժանություն դրսևորվի կամ «պատվի հանցագործություններ» կատարվեն» (տե՛ս կետ 34):
61. Կառավարությունն անհիմն լինելու հիմքով վիճարկել է դիմողի փաստարկն այն մասին, թե նրա ընտանիքը հրաժարվել է նրանից, և որ նա իր հայրենիքում զրկված է սոցիալական կապերից և տղամարդու հովանավորությունից: Դատարանը, սակայն, նշում է, թեև առկա են անհամապատասխանություններ այն առումով, թե դիմողն իր ընտանիքի հետ վերջին անգամ կապ հաստատել է 2005թ. ամռանը, թե 2005թ. հոկտեմբերին, այնուամենայնիվ, որևէ տեղեկություն չի ներկայացվել, որը թույլ կտար կասկածի տակ դնել այն փաստարկի արժանահավատությունը, որ նա գրեթե հինգ տարի որևէ կապ չի ունեցել իր ընտանիքի հետ, և այս հանգամանքը հիմնավորում է նրա այն փաստարկը, որ Աֆղանստանում նա այլևս հասարակական կապեր կամ պատշաճ պաշտպանություն չունի:
62. Հաշվի առնելով սույն գործի վերոգրյալ բոլոր առանձնահատուկ հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ առկա են իրական հիմքեր ենթադրելու, որ Աֆղանստան արտաքսվելու դեպքում դիմողն իր ամուսնու՝ X-ի, նրա ընտանիքի, իր ընտանիքի և Աֆղանստանի հասարակության կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված բռնաճնշումների տարբեր կումուլյատիվ վտանգների կարող է ենթարկվել: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողի վերաբերյալ արտաքսման կարգադրության կատարումը կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
63. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
64. Դիմողը պահանջել է 5000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
65. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը:
66. Վերոգրյալի հիման վրա (տե՛ս կետ 62) Դատարանը մերժում է ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ դիմողի պահանջը:
67. Դիմողը չի պահանջել Դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում, քանի որ իրավական աշխատանքը կատարվել էր pro bono:
III. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ 39-ՐԴ ԿԱՆՈՆԸ
68. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն վճիռը վերջնական չի դառնա մինչև` (a) կողմերը չհայտարարեն, որ չեն պահանջում, որպեսզի գործը վերանայվի Մեծ պալատի կողմից կամ վճռի կայացումից երեք ամիս անց, եթե գործը Մեծ պալատ փոխանցելու վերաբերյալ խնդրանք չի ներկայացվել, կամ` (c) Մեծ պալատի հանձնաժողովը Կոնվենցիայի 43-րդ հոդվածով նախատեսված փոխանցում կատարելը մերժել է:
69. Նա գտնում է, որ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա Կառավարությանը տրված ծանուցումը պետք է ուժի մեջ մնա մինչև սույն վճռի վերջնական դառնալը կամ մինչև Դատարանի Մեծ պալատի հանձնաժողովը Կոնվենցիայի 43-րդ հոդվածի հիման վրա կընդունի գործը Մեծ պալատ փոխանցելու վերաբերյալ կողմերից մեկի կամ նրանց երկուսի պահանջը (տե՛ս F.H. v. Sweden, գանգատ թիվ 32621/06, կետ 107, 2009թ. հունվարի 20):
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ճանաչում է դիմումն ընդունելի.
2. Վճռում է, որ Աֆղանստան դիմողի արտաքսումը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման.
3. Մերժում է ոչ նյութական վնասի վերաբերյալ դիմողի բողոքը:
Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2010թ. հուլիսի 20-ին:
