ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ միաժամանակ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես հրետակոծվել են Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկում են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։
Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում։ Բոլոր քաղաքական ուժերին, մեր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ։ Մեր Հայրենիքը միասնական և կուռ պաշտպանության կարիք ունի։
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված՝ տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում։
ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների կատարում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը։
Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության։
Ազգային ժողովի նախագահ |
Ա. Սիմոնյան |
2022 թվական, սեպտեմբերի 13 Երևան Հ-1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 սեպտեմբերի 2022 թվական:
