ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ավուշյանն ընդդեմ Հայաստանի
(Գանգատ թիվ 34684/13)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
31 հունվարի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ավուշյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ, և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]`Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2013 թվականի մայիսի 21-ի Հայաստանի Հանրապետության դեմ գանգատը (թիվ 34684/13) Դատարան է ներկայացրել 1971 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի պրն Մարզպետունի Ավուշյանը (դիմումատու), որը տվյալ պահի դրությամբ պահվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Հայրապետյանը,
Հայաստանի կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի և հետագայում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, դիմումատուի կալանքի տևողության, դիմումատուի կալանքի հիմնավոր և բավարար պատճառների ենթադրյալ բացակայության և դիմումատուի կալանքի օրինականության արագ վերանայման ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքների մասով ծանուցում ներկայացնելու և գանգատի մնացած մասն անընդունելի ճանաչելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2023 թվականի հունվարի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը։
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի կալանքի տակ գտնվելու հիմքերին և տևողությանը և նրա կողմից ներկայացված ազատ արձակվելու վերաբերյալ դիմումի քննության արագությանը։
2. 2010 թվականի փետրվարի 5-ին դիմումատուն ձերբակալվել է, իսկ 2010 թվականի փետրվարի 8-ին Արմավիրի մարզային դատարանի (այսուհետ՝ մարզային դատարան) կողմից երկու ամիս ժամկետով կալանավորվել է կողոպուտ կատարելու կասկածանքով։ Նշվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմումատուն կթաքնվի, կխուսափի քրեական պատասխանատվությունից, կկատարի նոր իրավախախտում և կխոչընդոտի վարույթի իրականացմանը։ Այնուհետև մարզային դատարանը նրա խափանման միջոցը նույն հիմքով երկարաձգել է չորս անգամ՝ երկու ամիսը մեկ անգամ։
3. Չպարզված օրը դիմումատուն բողոք է ներկայացրել 2010 թվականի սեպտեմբերի 27-ի այդ չորս որոշումներից վերջին որոշման դեմ։
4. 2010 թվականի նոյեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը նմանատիպ պատճառաբանությամբ։
5. Միևնույն ժամանակ 2010 թվականի հոկտեմբերի 29-ին՝ հետաքննության ավարտից և գործը դատարան փոխանցվելուց հետո, մարզային դատարանը գործը դատաքննության նշանակելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ դիմումատուի կալանքը պետք է մնա անփոփոխ:
6. 2011 թվականի դեկտեմբերի 27-ին մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել և դատապարտել է նրան ինը տարի ժամկետով ազատազրկման:
7. 2012 թվականի հուլիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դիմումատուի դատապարտման վերաբերյալ ակտը և վերադարձել գործը։
8. 2012 թվականի սեպտեմբերի 4-ին մարզային դատարանը գործը դատական քննության նշանակելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ նշելով, որ դիմումատուի կալանքը պետք է մնա անփոփոխ։
9. 2012 թվականի հոկտեմբերի 30-ին դիմումատուն ազատ արձակելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։է հարցաքննել տուժող կողմին ու վկաներին և ուսումնասիրել բոլոր ապացույցները։
10. Նույն օրը մարզային դատարանը որոշել է հետաձգել այդ դիմումի քննությունը, մինչև «պարզվեն դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ էական հանգամանքները»։ Ըստ դիմումատուի՝ դատավորը նշել է, որ նախքան դիմումը քննելն անհրաժեշտ
11. 2013 թվականի ապրիլի 10-ին մարզային դատարանը քննել է 2012 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը և այն մերժել նույն հիմքով, ինչ նախկինում:
12. 2014 թվականի փետրվարի 6-ին մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել և դատապարտել է նրան ինը տարի ժամկետով ազատազրկման: Նրա դատապարտումն անփոփոխ է թողնվել ավելի բարձր ատյանի դատարանների կողմից։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
13. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով։ Մասնավորապես նա Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական փուլում չէր վիճարկել մարզային դատարանի որոշումները և դատաքննության փուլում ներկայացրել է ազատ արձակելու վերաբերյալ միայն մեկ դիմում։ Ավելին, նա չի ներկայացրել վճռաբեկ բողոք Վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշման դեմ (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը):
14. Ինչ վերաբերում է վերջին պնդմանը, ապա Դատարանն արդեն իսկ գտել է, որ վճռաբեկ բողոքը պաշտպանության արդյունավետ միջոց չի եղել կալանավորման գործերում (տե՛ս, ի թիվս այլ գործերի, Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia] գործը, թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11): Ինչ վերաբերում է Կառավարության առարկության մնացած մասին, ապա Դատարանը գտնում է, որ այն սերտորեն կապված է դիմումատուի բողոքի բովանդակության հետ և պետք է կցվի գործի ըստ էության քննությանը։
15. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:
16. Ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի վերաբերյալ այս գործին առնչվող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Buzadji v. the Republic of Moldova] գործում ([GC], [ՄՊ] թիվ 23755/07, §§ 84-91, 2016 թվականի հուլիսի 5):
17. Այս գործում Դատարանը նշում է, որ ներպետական դատարանները դիմումատուի կալանքի մասին որոշումը կայացնելիս և այն երկարաձգելիս սահմանափակվել են կալանքը հիմնավորող հիմքերը վերացական և կարծրատիպային կերպով կրկնելով՝ առանց նշելու որևէ կոնկրետ պատճառ, թե ինչու են այդ հիմքերը համարել պատշաճ հիմնավորված, կամ փորձելու հերքել դիմումատուի պնդումները (տե՛ս վերևում՝ 2-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ պարբերությունները): Դատարանն արդեն իսկ գտել է, որ սա Հայաստանում հաճախ հանդիպող խնդիր է, որն առաջացնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (տե՛ս Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] գործը, թիվ 629/11, § 58, 2016 թվականի հոկտեմբերի 20): Այս գործում չկան այդ եզրակացություններից շեղում կատարելու հիմքեր։ Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ դիմումատուին կալանավորելու համար: Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանը անհրաժեշտ չի համարում նաև պարզել, թե արդյոք ներպետական մարմինները վարույթն իրականացնելիս չեն դրսևորել «պատշաճ ջանասիրություն», ինչպես պնդում է դիմումատուն:
18. Ինչ վերաբերում է պաշտպանության միջոցները չսպառելու Կառավարության առարկությանը, Դատարանը վերահաստատում է, որ այն անձը, որը պնդում է, որ կատարվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ կապված նրա կալանքի տևողության հետ, բողոքում է շարունակական վիճակից, որը պետք է դիտարկել որպես ամբողջություն և չտարանջատել առանձին ժամանակահատվածների (տե՛ս՝ Լյուբիմենկոն ընդդեմ Ռուսաստանի [Lyubimenko v. Russia] գործը, թիվ 6270/06, § 62, 2009 թվականի մարտի 19, և Պոլոնսկին ընդդեմ Ռուսաստանի [Polonskiy v. Russia] գործը, թիվ 30033/05, § 132, 2009 թվականի մարտի 19): 2010 թվականի փետրվարի 8-ին կալանքի տակ գտնվելուց հետո դիմումատուն շարունակել է մնալ մինչդատական կալանքի տակ: Թեև նա բողոք չի ներկայացրել մարզային դատարանի կողմից տրված կալանքի առաջին երեք որոշումների դեմ, որոնք ենթակա են եղել բողոքարկման (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, նա բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ 2010 թվականի սեպտեմբերի 27-ի՝ երկարաձգման մասին 4-րդ որոշման դեմ (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը): Նա այդպիսով հնարավորություն է տվել Վերաքննիչ դատարանին՝ քննելու, թե արդյոք իր կալանքը համապատասխանում է Կոնվենցիայով նախատեսված՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքին կամ դատաքննության փուլում գտնվող ազատ արձակվելու իրավունքին։ Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր հետագա երկարաձգման անհրաժեշտությունը կալանքի նախորդ ամբողջ ժամանակահատվածի լույսի ներքո՝ հաշվի առնելով, թե որքան ժամանակ է արդեն անցկացվել կալանքի տակ (համեմատե՛ք վերևում հիշատակված՝ Լյուբիմենկոյի [Lyubimenko] գործը, § 62, և վերևում հիշատակված Պոլոնսկիի [Polonskiy] գործը, § 132, տե՛ս նաև Չումակովն ընդդեմ Ռուսաստանի [Chumakov v. Russia] գործը, թիվ 41794/04, §§ 149-51, 2012 թվականի ապրիլի 24)։ Ավելին, եթե դիմումատուն արդեն մոտ ութ ամիս անցկացրել է կալանքի տակ իր բողոքը ներկայացնելու պահին, ապա Դատարանը նշում է, որ այդ բողոքի հիման վրա ընդունված Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչպես նաև մարզային դատարանի որոշումները շարադրված են վերացական և կարծրատիպային ձևակերպումներով՝ չպարունակելով դիմումատուի շարունակական կալանքի տակ պահելու որևէ կոնկրետ պատճառ (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), որը, ըստ երևույթին, սահմանված գործելակերպ է (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Այսպիսով, Դատարանը հիմքեր չունի ենթադրելու, որ եթե դիմումատուն բողոք ներկայացներ կալանքի վերաբերյալ ավելի վաղ կայացրած որոշումներից մեկի դեմ (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), ապա նա կհասներ այլ արդյունքի և կապահովեր ավելի վաղ ազատ արձակումը։
19. Ինչ վերաբերում է դիմումատուի կալանավորմանը դատաքննության փուլում, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուի կալանավորման վերաբերյալ որոշումները, որոնք կայացվել են վարույթի այդ փուլում, ենթակա չեն եղել բողոքարկման (տե՛ս վերևում՝ 5-րդ, 8-րդ և 11-րդ պարբերությունները): Դիմումատուն, այնուամենայնիվ, իրավունք ուներ դիմում ներկայացնելու առաջին ատյանի դատարան՝ հայցելով ազատ արձակվել, և նա օգտվել է այդ իրավունքից՝ նման դիմում ներկայացնելով իր դատաքննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը, և a contrario (հակառակը)՝ Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Martirosyan v. Armenia] գործը, թիվ 23341/06, §§ 45-46, 2013 թվականի փետրվարի 5):
20. Ընդհանուր առմամբ համարվում է, որ դիմումատուն կատարել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները՝ մինչդատական փուլում Վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացնելով և դատաքննության ընթացքում ազատ արձակվելու վերաբերյալ դիմում ներկայացնելով: Ուստի Դատարանը մերժում է իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով Կառավարության պահանջը։
21. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
II. ՄՅՈՒՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
22. Դիմումատուն նաև մեկ այլ բողոք է ներկայացրել, որի վրա տարածվում է Դատարանի պատշաճ ձևավորված նախադեպային իրավունքը։ Այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Համապատասխանաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ գտնվող բոլոր նյութերը, եզրակացնում է, որ այն արձանագրում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ սահմանված նախադեպային իրավունքի լույսի ներքո, որը ներառում է, ի թիվս այլնի, Իլնսեհերն ընդդեմ Գերմանիայի [lnseher v. Germany] գործը, ([GC][ՄՊ], թիվ 10211/12 և թիվ 27505/14, §§ 251-56, 2018 թվականի դեկտեմբերի 4 գործերը)։ Այն նշում է, որ մարզային դատարանից պահանջվել է հինգ ամիս և տասը օր՝ քննելու դիմումատուի ազատ արձակվելու վերաբերյալ դիմումը՝ առանց ներկայացնելու որևէ համոզիչ պատճառ նման բացառիկ երկար ձգձգումը հիմնավորելու համար (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը):
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
23. Դիմումատուն պահանջել է 67,300 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 2,380 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսեր և ծախքեր։
24. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջները։
25. Դատարանը, հետևաբար, դիմումատուին շնորհում է 2,600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
26. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 1,000 եվրո շնորհել Դատարանում վարույթի ծախսերի և ծախքերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Միացնում է Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները սպառելու մասին առարկությունը դիմումատուի բողոքի ըստ էության քննությանը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, և մերժում է այն,
2. Հայտարարում է գանգատն ընդունելի,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, քանի որ դիմումատուի շարունակական կալանքի համար հիմնավոր և բավարար հիմքեր չեն տրամադրվել,
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում, քանի որ դիմումատուի ազատ արձակվելու վերաբերյալ դիմումը արագ չի քննվել,
5. Վճռում է՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 2,600 եվրո (երկու հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1,000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 31-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վալենտին Նիկոլեսկու՝ Անյա Սիբերտ Ֆուա՝ Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Նախագահ
