Ոչ պաշտոնական թարգմանություն
ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ, ԿԱՄԱՅԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԱՔՆՆՄԱՆ
Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ը
ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ԵՆ ՄԱԿ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի 1989/65 ԲԱՆԱՁԵՎՈՎ
Տնտեսական ու սոցիալական խորհուրդը,
հիշեցնելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3 հոդվածը հռչակում է յուրաքանչյուրի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը,
ուշադրության առնելով, որ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (114) 6-րդ հոդվածի 1 կետում նշվում է, որ կյանքի իրավունքը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունք է, որ այդ իրավունքը պահպանվում է օրենքով, և ոչ ոք չի կարող կամայականորեն զրկել կյանքից,
ուշադրության առնելով նաև Մարդու իրավունքների կոմիտեի ընդհանուր դիտողությունները կյանքի իրավունքի վերաբերյալ, ինչպես դա նախատեսված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6 հոդվածում,
ընդգրկելով, որ օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում են,
հաշվի առնելով, որ հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսը օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժների մասին 11 բանաձևում բոլոր կառավարություններին կոչ է արել անհետաձգելի ու վճռաբեկ ջանքեր գործադրել` հետաքննելու նմանօրինակ արարքները, որտեղ էլ որ դրանք տեղի ունեցած լինեն, նպատակ ունենալով պատժել նրանց, ովքեր մեղավոր կճանաչվեն, ինչպես նաև ձեռնարկել մյուս բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են այդ գործելակերպը կանխելու համար,
հաշվի առնելով նաև, որ Տնտեսական ու սոցիալական խորհուրդը 1986 թվականի մայիսի 21-ի իր 1986/10 բանաձևի 1 բաժնում Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեին խնդրել էր իր տասներորդ նստաշրջանում քննարկել օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժների հարցը` նման գործելակերպի արդյունավետ կանխման և հետաքննման սկզբունքների մշակման նպատակով,
հիշեցնելով, որ Գլխավոր ասամբլեան 1978 թվականի դեկտեմբերի 20-ի իր 33/173 բանաձևով խոր մտահոգություն էր հայտնել աշխարհի տարբեր մասերից ստացվող այն հաղորդումների առթիվ, որոնք վերաբերում էին մարդկանց բռնի կամ ոչ կամովին անհետացմանը, և կառավարություններին կոչ էր արել, նման հաղորդումներ ստանալիս, համապատասխան միջոցներ ձեռնարկել նման անձանց փնտրելու համար և անհետաձգելի ու անաչառ հետաքննություն անցկացնել,
երախտագիտությամբ նշելով հետաքննություն անցկացնելու համար ստանդարտներ (115) մշակելու ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերը,
ընդգծելով, որ Գլխավոր ասամբլեան 1987 թվականի դեկտեմբերի 7-ի իր 42/141 բանաձևում կրկին վճռականորեն դատապարտել է մեծ թվով ընդհանուր կամ կամայական մահապատիժները, ներառյալ անօրինական մահապատիժները, որոնք տակավին տեղ են գտնում աշխարհի տարբեր մասերում,
նշելով, որ այդ նույն բանաձևով Գլխավոր ասամբլեան ճանաչել է Մարդու իրավունքների կենտրոնի, Սոցիալական զարգացման ու մարդասիրական հարցերի կենտրոնի, Հանցագործությունների կանխման և քրեական արդարադատության սեկտորի և Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեի ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը ընդհանուր կամ կամայական մահապատիժներին վերջ դնելու նպատակով ձեռնարկվող ջանքերում,
գիտակցելով, որ օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժների արդյունավետ կանխման և հետաքննման համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսներ,
1. հանձնարարում է, որ օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժների արդյունավետ կանխման ու հետաքննման սկզբունքները, որոնք բովանդակում է սույն բանաձևի հավելվածը, հաշվի առնվեն և կիրառվեն կառավարությունների կողմից` ազգային օրենսդրության ու գործելակերպի շրջանակներում, և հասցվեն ի գիտություն իրավակարգը պաշտպանող մարմինների և քրեական արդարադատության համակարգի աշխատակիցների, զինծառայողների, իրավաբանների, կառավարության գործադիր և օրենսդիր մարմինների անդամների և, ամբողջությամբ վերցված, հասարակայնությանը.
2. Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեին խնդրում է մշտապես հետևել վերը նշված հանձնարարականների իրականացմանը, ներառյալ Սկզբունքների իրականացումը, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային տարբեր պայմանները, որոնցում տեղ են գտնում օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժներ.
3. այն անդամ պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել կամ չեն միացել օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժներն արգելող միջազգային փաստաթղթերին, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (114), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից կամընտիր արձանագրությունը (114) և Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան (116), առաջարկում է դառնալ այդ փաստաթղթերի մասնակիցներ.
4.Գլխավոր քարտուղարին խնդրում է սույն սկզբունքները զետեղել Միավորված ազգերի կազմակերպության «Մարդու իրավունքները. Միջազգային պայմանագրերի ժողովածու» վերնագրով հրատարակության մեջ.
5. հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվեցողության Միավորված ազգերի կազմակերպության տարածաշրջանային ու միջտարածաշրջանային հաստատություններին խնդրում է գիտական հետազոտությունների և կադրերի պատրաստման իրենց ծրագրերի շրջանակներում առանձնակի ուշադրություն դարձնել Սկզբունքներին, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին (114), Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի (116) դրույթներին, Իրավակարգը պաշտպանող անձանց վարվեցողության կանոնագրքին, Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնարար սկզբունքների հռչակագրին և մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք վերաբերում են օրենքից դուրս կամայական և ընդհանուր մահապատիժների հարցին:
15-րդ լիագումար նիստ, 24 մայիսի 1989 թվականի |
Հ ա վ ե լ վ ա ծ |
Օրենքից դուրս կամայական ԵՎ ընդհանուր մահապատիժների արդյունավետ կանխման ու հետաքննման սկզբունքները
Նախազգուշացում
1. Կառավարությունները օրենսդրական կարգով արգելք են սահմանում օրենքից դուրս, կամայական և ընդհանուր բոլոր մահապատիժների նկատմամբ և ապահովում, որպեսզի ամեն տեսակ նման մահապատիժները հանցագործություն ճանաչվեն` իրենց քրեական օրենսդրությանը համապատասխան, և որպեսզի դրանց կատարման համար նախատեսվեն պատշաճ պատժամիջոցներ, որոնք հաշվի կառնեն նման հանցագործությունների լրջությունը: Բացառիկ հանգամանքները, այդ թվում պատերազմական վիճակը կամ պատերազմի սպառնալիքը, ներքին քաղաքական անկայունությունը կամ պետությունների ցանկացած այլ արտակարգ իրավիճակները չեն կարող հիմք հանդիսանալ նման մահապատիժների համար: Նման մահապատիժները չեն կատարվում ոչ մի հանգամանքում, ներառյալ մասնավորապես այն իրավիճակները, որոնք կապված են ներքին զինված բախման, պետական պաշտոնատար անձի կամ պաշտոնապես գործող այլ անձի կամ հրահրմամբ գործող անձի կամ նման անձի ակնհայտ կամ լռելյայն համաձայնությամբ գործող անձի կողմից ուժի չափից ավելի կամ անօրինական գործադրմամբ, և այնպիսի իրավիճակում, երբ մահը վրա է հասնում կալանքի տակ գտնվելու ժամանակ: Այս արգելքը առավելություն ունի գործադիր իշխանության կողմից արձակվող որոշումների նկատմամբ:
2. Օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժների կանխման նպատակով կառավարություններն ապահովում են խիստ վերահսկողություն, ներառյալ ենթակայության հստակ համակարգը, այն բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց պարտականության մեջ մտնում է կալանումը, ձերբակալումը, կալանքի տակ պահելը և բանտարկումը, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, օրենքի համաձայն, լիազորություններ ունեն ուժ և հրազեն գործադրելու:
3. Կառավարությունները արգելում են վերադաս պաշտոնատար անձանց կամ պետական մարմինների կողմից այնպիսի հրամաններ արձակելը, որոնք ուրիշ անձանց լիազորում են կամ հրահրում կատարել ցանկացած` նման օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատիժներ: Բոլոր պաշտոնատար անձինք իրավունք ունեն և պարտավոր են չկատարել նման հրամանները: Իրավակարգը պաշտպանող մարմինների աշխատակիցներ պատրաստելիս առանձնակի ուշադրություն է դարձվում վերը շարադրված դրույթներին:
4. Առանձին անձանց և խմբերի, որոնց օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատիժներ են սպառնում, այդ թվում հաշվեհարդարի սպառնալիքներ ստացած անձանց, երաշխավորվում է արդյունավետ պաշտպանություն դատական կամ այլ միջոցների օգնությամբ:
5. Ոչ ոք չի կարող բռնությամբ հանձնվել կամ տրվել որևէ երկրի, երբ ծանրակշիռ հիմքեր կան կարծելու, թե այդ անձը կարող է օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատժի զոհ դառնալ այդ երկրում:
6. Կառավարությունները ապահովում են ազատազրկված անձանց պահելը պաշտոնապես ընդունված կալանավայրերում և նրանց ազգականներին ու դատապաշտպաններին կամ վստահված այլ անձանց անհապաղ ստույգ տեղեկություն են տրամադրում նրանց ձերբակալվելու և գտնվելու վայրի, այդ թվում` նրանց այլ վայրեր տեղափոխելու մասին:
7. Որակյալ տեսուչները, այդ թվում` բուժաշխատողներ կամ համարժեք անկախ մարմին, կանոնավոր հիմքի վրա տեսչական ստուգումներ են անցկացնում կալանքի տակ պահելու վայրերում և լիազորվում են չհայտարարված տեսչական ստուգումներ անցկացնել սեփական նախաձեռնությամբ` այդ գործառույթը կատարելիս ապահովելով անկախության լիակատար երաշխիքներով: Այդ տեսուչներն օգտվում են նման կալանավայրերում գտնվող բոլոր անձանց մոտ անսահմանափակ մուտք ունենալու, ինչպես նաև նրանց վերաբերվող փաստաթղթերին առնչվելու իրավունքից:
8. Կառավարությունները ամեն ջանք գործադրում են կանխելու օրենքից դուրս կամայական և ընդհանուր մահապատիժները այնպիսի միջոցների իրականացմամբ, ինչպես դիվանագիտական միջամտությունը, գանգատներով միջկառավարական ու դատական մարմիններին դիմելու հնարավորությունների ընդլայնումը և նմանօրինակ գործելակերպի հրապարակային դատապարտումը: Ցանկացած նման մահապատիժների մասին հաղորդումները հետաքննելու և նմանօրինակ գործելակերպի կասեցման նպատակով արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար օգտագործվում են միջկառավարական մեխանիզմներ: Կառավարությունները, այդ թվում այն երկրների կառավարությունները, որտեղ, ինչպես կասկածվում է, տեղի են ունենում օրենքից դուրս կամայական և ընդհանուր մահապատիժներ, ապահովում են լիակատար օժանդակություն նմանօրինակ գործելակերպի միջազգային հետաքննությունների անցկացմանը:
Հետաքննություն
9. Մանրակրկիտ, օպերատիվ և անաչառ կերպով հետաքննվում են օրենքից դուրս, կամայական և ընդհանուր մահապատիժների բոլոր կասկածելի դեպքերը, ներառյալ այն դեպքերը, երբ ազգականների գանգատներում կամ այլ հավաստի հաղորդումներում ասվում է վերոհիշյալ հանգամանքներում անբնական մահվան վրա հասնելու մասին: Կառավարություններն ապահովում են հիմնարկների և ընթացակարգերի առկայությունը` նման հետաքննություններ անցկացնելու համար: Հետաքննության նպատակն է պարզել մահվան պատճառները, բնույթը և վրա հասնելու ժամանակը, պատասխանատու անձին և ցանկացած համակարգը կամ գործելակերպը, որը կարող էր մահվան պատճառ դառնալ: Հետաքննությամբ նախատեսվում է պատշաճ դիահերձում կատարել, հավաքել և վերլուծել բոլոր իրեղեն ու փաստական ապացույցները և վկաների ցուցմունքները: Հետաքննությունը սահմանում է մահվան բնույթը` բնական մահ, դժբախտ պատահարի հետևանքով վրա հասած մահ, ինքնասպանություն և սպանություն:
10. Հետաքննող մարմինն իրավունք ունի պահանջելու հետաքննության անցկացման համար բոլոր տեղեկությունները: Հետաքննություն անցկացնող անձինք իրենց տրամադրության տակ ունեն հետաքննության արդյունավետ անցկացման համար բոլոր անհրաժեշտ բյուջետային ու տեխնիկական միջոցները: Նրանք նաև լիազորություն ունեն ցանկացած նման մահապատիժների հետ, ինչպես ենթադրվում է, առնչված պաշտոնական անձանց պարտավորեցնել ներկայանալու, որպեսզի վկայի ցուցմունքներ տան: Դա վերաբերում է նաև ցանկացած վկայի: Այդ նպատակով նրանք լիազորված են վկային, ներառյալ այն պաշտոնական անձանց, որոնք, ինչպես ենթադրվում է, առնչություն ունեն ցանկացած նման մահապատիժների հետ, կանչելու ծանուցագրեր տալ և պահանջել, որ նրանք ապացույցներ ներկայացնեն:
11. Այն դեպքերում, երբ հետաքննության սահմանված ընթացակարգերը չեն բավարարում պահանջները` անբավարար իրավասության կամ անաչառության հետևանքով, հարցի կարևորության և պարբերաբար չարաշահումների ակներև առկայության հետևանքով, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ թերությունների դեմ գանգատներ են ստացվում զոհի ընտանիքից, կամ էական այլ պատճառներով, կառավարությունները հետաքննություն են անցկացնում հետաքննող անկախ հանձնաժողովի միջոցով կամ համանման ընթացակարգով: Նման հանձնաժողովի անդամներ են ընտրվում իրենց անաչառությամբ, ձեռնհասությամբ և անձնական անկախությամբ հայտնի անձինք: Մասնավորապես նրանք պետք է անկախ լինեն ցանկացած կազմակերպությունից, հիմնարկից կամ անձից, որոնք կարող են հետաքննության օբյեկտ հանդիսանալ: Հանձնաժողովն իրավունք ունի պահանջելու հետաքննության համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, և հետաքննությունն անցկացնում է սույն Սկզբունքներին համապատասխան:
12. Վախճանվածի մարմինը չի թաղվում մինչև պատշաճ դիահերձումը բժշկի կողմից, որը, ըստ հնարավորին, պետք է լինի դատաբժշկական փորձաքննության պաթոլոգաանատոմ: Դիահերձում կատարող անձինք իրավունք ունեն առնչվելու հետաքննության բոլոր տվյալներին, մուտք ունենալու դիակի հայտնաբերման վայրը և այնտեղ, որտեղ ենթադրաբար վրա է հասել մահը: Եթե դիակը թաղվել է, իսկ հետագայում անհրաժեշտություն է առաջանում հետաքննություն անցկացնելու, ապա դիակը, անհապաղ և անհրաժեշտ պահանջների կիրառմամբ, գերեզմանից հանվում է դիահերձման համար: Եթե հաջողվում է հայտնաբերել միայն կմախքի մնացորդները, ապա աճյունը խնամքով հանվում է և մանրակրկիտ ուսումնասիրվում սիստեմային մարդաբանական տարրալուծման եղանակներով:
13. Հանգուցյալի դիակը դիահերձում կատարող անձանց տրամադրության տակ է մնում բավականաչափ ժամանակ, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու: Դիահերձման ընթացքում փորձ է արվում առնվազն պարզելու հանգուցյալի անձը և մահվան պատճառն ու բնույթը: Ըստ հնարավորության, պարզվում են նաև մահվան ժամանակն ու վայրը: Դիահերձման եզրակացությանը կցվում են հանգուցյալի մանրակրկիտ գունավոր լուսանկարները` հետաքննության հետևությունները փաստերով ամրապնդելու նպատակով: Դիահերձման մասին եզրակացության մեջ պետք է նշվեն մահացածի ստացած բոլոր վերքերը, այդ թվում` խոշտանգումների ամեն մի նշան:
14. Օբյեկտիվ արդյունքներ ապահովելու համար դիահերձող անձինք պետք է հնարավորություն ունենան գործել անաչառ և ցանկացած անձանցից, կազմակերպություններից կամ հիմնարկներից անկախ, որոնք կարող են թեկուզ ինչ-որ առնչություն ունենալ տվյալ գործի հետ:
15. Հայցվորները, վկաները, հետաքննությունն անցկացնող անձինք և նրանց ընտանիքները պահպանվում են բռնությունից, բռնության սպառնալիքներից կամ ահաբեկման ցանկացած այլ ձևերից: Այն անձինք, որոնք կարող են կապված լինել օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատիժների հետ, հեռացվում են ամեն տեսակ վերահսկողությունից կամ իշխանությունից` ուղղակի թե անուղղակի, հայցվորների, վկաների և նրանց ընտանիքների, ինչպես նաև հետաքննություն անցկացնող անձանց նկատմամբ:
1. Հանգուցյալների ընտանիքները և նրանց օրինական ներկայացուցիչները ծանուցվում են հետաքննությանը վերաբերող ցանկացած ունկնդրման և ցանկացած տեղեկության մասին և ունեն դրանց մասնակցելու թույլտվություն, ինչպես նաև այլ վկայություններ ներկայացնելու իրավունք: Հանգուցյալի ընտանիքը իրավունք ունի պնդելու, որ դիահերձմանը ներկա լինի բժշկական կամ որևէ այլ որակյալ ներկայացուցիչ: Հանգուցյալի անձը պարզելուց հետո ծանուցում է տրվում մահվան մասին, և հանգուցյալի ընտանիքը կամ ազգականները անհապաղ իրազեկ են պահվում: Հանգուցյալի դիակը նրանց է հանձնվում հետաքննության ավարտից հետո:
17. Խելամիտ ժամկետի ընթացքում գրավոր հաշվետվություն է կազմվում նման հետաքննությունների եղանակների ու արդյունքների մասին: Հաշվետվությունն անհապաղ հրապարակվում է, այն պետք է տեղեկություններ պարունակի հետաքննության շրջանակների, այն ընթացակարգերի և եղանակների մասին, որոնք կիրառվել են ապացույցները, ինչպես նաև` ստացված արդյունքների և կիրառվող օրենսդրության հիման վրա արված հետևություններն ու հանձնարարականները գնահատելիս: Հաշվետվությունը պետք է նաև մանրամասն տեղեկություններ բովանդակի այն կոնկրետ դեպքերի մասին, որոնք, ինչպես պարզվել է, տեղի են ունեցել, ինչպես նաև այն ապացույցները, որոնց հիման վրա ստացվել են այդ արդյունքները, և ցուցմունքները տված վկաների ազգանունները, բացառությամբ նրանց, որոնց անձը չի հրապարակվել` նրանց պաշտպանության նպատակով: Կառավարությունը, խելամիտ ժամկետի ընթացքում, կամ պաշտոնական պատասխան է տալիս հետաքննության մասին այդ հաշվետվությանը, կամ էլ հաղորդում, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այդ կապակցությամբ:
Դատավարություն
18. Կառավարություններն ապահովում են այն անձանց դատի տալը, որոնք, ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, մասնակցել են օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատիժներին` իրենց իրավասության ներքո գտնվող ցանկացած տարածքում: Կառավարությունները կամ դատի են տալիս այդ անձանց, կամ համագործակցում են ցանկացած այդպիսի անձանց այլ երկրների հանձնելու գործում, որոնք ցանկանում են իրականացնել իրենց իրավասությունը: Այս սկզբունքը կիրառվում է անկախ այն բանից, թե ովքեր են մեղավորները կամ զոհերը և որտեղ են գտնվում նրանք` անկախ նրանց քաղաքացիությունից և անկախ այն բանից, թե որտեղ է կատարվել հանցագործությունը:
19. Առանց ի վնաս վերը նշված 3 սկզբունքի` վերադաս պետի կամ պետական իշխանության մարմնի հրամանը չի կարող օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատիժների արդարացում հանդիսանալ: Վերադաս ղեկավարները կամ պետական պաշտոնական այլ անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել իրենց ենթակայության տակ գտնվող անձանց կատարած արարքների համար, եթե խելամիտ հնարավորություն են ունեցել կանխելու նմանօրինակ արարքները: Ոչ մի պարագայում, ներառյալ պատերազմական վիճակը, պաշարողական դրությունը կամ այլ արտակարգ իրավիճակներ, ոչ մի անձի, որն, ինչպես ենթադրվում է, առնչություն ունի օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատիժների հետ, դատական հետապնդումից լիակատար անձեռնմխելիության իրավունք չի տրամադրվում:
20. Օրենքից դուրս, կամայական կամ ընդհանուր մահապատիժների զոհերի ընտանիքներն ու խնամակալները իրավունք ունեն արդարացի և պատշաճ փոխհատուցում ստանալ խելամիտ ժամկետում:
114. Տես Գլխավոր ասամբլեայի 2200 A (XXI) բանաձևը
115. Տես T/FC. 57 /1988/ NC/4
116. Գլխավոր ասամբլեայի 39/46 բանաձև
